ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0722/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 23.02.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2025

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

ԵԴ/0722/01/21

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

դատավորներ՝ 

 Լ. Աբգարյան

 Գ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. ԹադևոՍՅԱՆԻ

 

 12 օգոստոսի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սևակ Գրիգորի Սուղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի և տուժող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա.Թորոսյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 13763619 քրեական գործը:

2019 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակելու համար 2020 թվականի հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

1.1. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 8-ի որոշմամբ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է տուժող:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 11-ի որոշմամբ Սևակ Գրիգորի Սուղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Սևակ Սուղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

1.3. 2021 թվականի հունիսի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Սևակ Գրիգորի Սուղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ս.Սուղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ դատախազ Ա.Սարգսյանի և տուժողի ներկայացուցիչ Ա.Թորոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը՝ թողնվել է անփոփոխ:

3.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանը հայտնել է հատուկ կարծիք:

4. Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը և տուժող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա.Թորոսյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 1-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

I. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի բողոքի փաստարկները և պահանջը.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։

Բողոք բերած անձի համոզմամբ` ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը, ինչի արդյունքում եկել են ոչ ճիշտ եզրահանգման առ այն, որ Սևակ Սուղյանի արարքում բացակայում է քննարկվող հանցակազմը, բացի այդ, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել ապացույցներին և դրանց թույլատրելիությանը վերաբերող քրեադատավարական օրենքի դրույթները:

5.1. Բողոքաբերը, անդրադառնալով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին ստորադաս դատարանների եզրահանգմանը, նշել է, որ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով անթույլատրելի է ճանաչել «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության եզրակացությունները, որոնք նախաքննական մարմնի կողմից ճանաչվել էին որպես ապացույց՝ այլ փաստաթուղթ։

Բողոքի հեղինակը նշել է, որ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի կողմից փորձաքննությունն իրականացվել է նախքան քրեական գործ հարուցելը, իսկ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ կողմից փորձաքննությունը կատարվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պատվերով (պահանջով)՝ քրեական վարույթի շրջանակներից դուրս (փորձաքննության պատվերը հիմնադրամից ստացվել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ եզրակացությունը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին): Հետևաբար` Առաջին ատյանի դատարանի դիտարկումներն առ այն, որ դրանց իրականացման ընթացքում չեն պահպանվել քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված դրույթները և այդ պատճառով դրանք չեն կարող գնահատվել որպես թույլատրելի ապացույցներ, այլ հանդիսանում են «քողարկված փորձաքննության» եզրակացություններ, ըստ բողոքաբերի` անհիմն են և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներից:

Բողոք բերած անձի համոզմամբ` այդ եզրակացությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, հանդիսանում են այլ փաստաթուղթ և կարող են ճանաչվել որպես ապացույց:

Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների տրամաբանությունն ընդունելի համարելու դեպքում ստացվում է, որ այլ փաստաթղթի կարգավիճակ ստացած յուրաքանչյուր ապացույց անթույլատրելի է, քանի որ այն կազմելու կամ ստեղծելու պահին ինչ որ մեկի կողմից արդեն իսկ «խախտվել են» քրեադատավարական նորմերը, օրինակ՝ ստացական գրողին չի պարզաբանվել նրա լռելու իրավունքը կամ այդ գրառումը հետագայում իր դեմ օգտագործելու հնարավորությունը, և այլն:

5.2. Անդրադառնալով ստորադաս դատարանների հետևություններին առ այն, որ անհասկանալի է, թե ապահովագրական ընկերությունից ենթադրաբար հափշտակվելիք գումարն ուր էր ուղղված լինելու՝ Սևակ Սուղյանի, թե մեքենայի սեփականատիրոջ գույքային զանգվածի ավելացմանը` բողոքաբերը փաստարկել է, որ հիշյալ հանցակազմի վերլուծությունը թույլ է տալիս հանգելու հետևության, որ արարքը խարդախություն որակելու համար ամենևին էլ էական չէ, թե ում էր գումարն անցնելու, քանի որ հիշյալ հանցակազմը ենթադրում է ուրիշի գույքի հափշտակություն և իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելու հնարավորություն:

5.3. Բողոքաբերը նշել է, որ ավտոմեքենայի առջևի դետալներից շարժիչի ծածկոցի ու աջ անվաթևի նախկինում ապամոնտաժված լինելը, որոշակի հատվածների վերաներկված լինելը, վնասվածքների անհամապատասխանությունը, վթարի մեխանիզմի անհնարին լինելը, վազքի ցուցիչի տարբերությունը, ավտոմեքենայի սրահի բոլոր բարձիկների բացված լինելը և այլ հանգամանքներ վկայում են այն մասին, որ Ս.Սուղյանը, իրականությունը խեղաթյուրելով, ապահովագրական պատահարի՝ վթարի ձևացում իրականացնելով, փորձել է ապահովագրական ընկերությունից ստանալ իրականում նման պարտավորություն չպահանջող հատուցում, ինչում էլ արտահայտվել է նրա շահադիտական շարժառիթը և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակը։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

II. Տուժողի ներկայացուցիչ Ա.Թորոսյանի բողոքի փաստարկները և պահանջը.

7. Բողոքաբերը, վկայակոչելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները, գտել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանի դատավճռում, այնպես էլ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման մեջ տեղ գտած վերլուծությունները չեն բխում գործի փաստական հանգամանքներից, կայացված դատական ակտերն իրավաչափ չեն, դրանք քրեական և քրեադատավարական իրավունքի նորմերը յուրովի մեկնաբանելու արդյունք են։

7.1. Բողոքաբերը գտել է, որ մեղսագրված արարքում Սևակ Սուղյանի մեղավորությունը հաստատված է քրեական գործում առկա ապացույցներով:

Բողոքի հեղինակն ընդգծել է վարույթի ողջ ընթացքում Ս.Սուղյանի դրսևորած վարքագիծը՝ կապված ակնհայտ անարժանահավատ և միմյանց հակասող ցուցմունքներ տալու հետ: Բողոքաբերը շեշտել է, որ թեև դատավճռում նշվել է, որ Ս.Սուղյանն իրավասու էր օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը, սակայն դատարանը որևէ կերպ չի հիմնավորել այն հանգամանքը, թե ինչու է Ս.Սուղյանն ի սկզբանե ակնհայտ սուտ տեղեկություններ հայտնել վարույթն իրականացնող մարմնին, և հետագա ցուցմունքներով ևս շարունակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տրամադրել:

7.2. Բողոքաբերը նշել է, որ ավտոմեքենայի սեփականատեր Հովսեփ Հովսեփյանը 2019 թվականի օգոստոսի 14-ին տրված լիազորագրով, ի թիվս այլնի, Սևակ Սուղյանին օժտել է նաև հատուցման գումարը ստանալու լիազորությամբ, հետևաբար, ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ Ս.Սուղյանի կողմից գումարը տնօրինելու հնարավորությունը չի հաստատվել, հիմնավոր չէ:

7.3. Բողոքաբերը, մեջբերելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները, փաստարկել է, որ այն պարագայում, երբ Ս.Սուղյանը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը չէր հայտնել պատահարի իրական վայրը կամ իրական ժամը` «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո հետադարձ պահանջի իրավունք էր ձեռք բերելու ինչպես Սևակ Սուղյանի, այնպես էլ Հովսեփ Հովսեփյանի նկատմամբ, ուստի, ըստ բողոքաբերի, ակնհայտ է դառնում Սևակ Սուղյանի շահադիտական շարժառիթը։

7.4. Բողոքի հեղինակը նշել է, որ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ չեն: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանն առանց հիմնավոր պատճառաբանության անթույլատրելի է ճանաչել նախաքննական մարմնի կողմից, որպես այլ փաստաթուղթ, ապացույցներ ճանաչված «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի չորս փորձագետների կողմից 2019 թվականի հոկտեմբերի 15-ին տրված թիվ 19-1812 եզրակացությունը, ինչպես նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության երեք փորձագետների կողմից 2020 թվականի հունվարի 21-ին տրված պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ եզրակացությունը, մինչդեռ պաշտպանության կողմի ներկայացրած՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի երեք կիլոմետր տարբերության վերաբերյալ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից կազմված գրությունը ճանաչել է որպես այլ փաստաթուղթ և դրա հավաստիության վերաբերյալ հետևություններ արել՝ որևէ կերպ չպատճառաբանելով, որ եթե անգամ տեսականորեն մեքենայի՝ նույն տեղում մնալու պայմաններում անիվների տեղապտույտի արդյունքում վազքի ցուցիչը կարող է փոխվել, ապա կոնկրետ դեպքում ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

Բողոքաբերը նշել է նաև, որ պաշտպանության կողմի ներկայացրած՝ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից տրամադրված փաստաթուղթը չի կարող պատշաճ ապացույց ծառայել, քանի որ կոնկրետ սույն գործով տեղի ունեցած պատահարով նշանակված փորձաքննության եզրակացություն չէ, այլ ընդամենը ընդհանուր բնույթի տեղեկատվական նամակ է։

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել` Սևակ Սուղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու նշանակել արարքին համաչափ պատիժ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Սևակ Սուղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրականությունը խեղաթյուրելու եղանակով, 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ Ն.Ստեփանյան փողոցի կողմից Թոթովենցի փողոցի ուղղությամբ աջ եզրային մասում, ընկերոջը՝ Հովսեփ Կարենի Հովսեփյանին պատկանող «Mercedes-Benz S500 4Matic» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կազմակերպել է վթարի ձևացում, այնուհետև օգոստոսի 14-ին «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերությանը ներկայացրել է 2019 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով «Mercedes-Benz S500 4Matic» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցային դիմում։ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունը, հիմք ընդունելով թիվ 19-1812 եզրակացությունը, 2019 թվականի հոկտեմբերի 23-ին որոշում է կայացրել ապահովագրական հատուցումը մերժելու մասին։ Այնուհետև, ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացվել պահանջ-դիմում՝ ընդհանուր` 10.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրական հատուցում իրականացնելու մասին, որը նույնպես մերժվել է, քանի որ վարորդի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանել տվյալ պատահարի առաջացման իրական մեխանիզմին»1։

10. Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի համաձայն. «(...) Դատարանը, անդրադառնալով պաշտպան Ա.Սարդարյանի միջնորդությանը՝ կապված այլ փաստաթուղթ ճանաչված՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի թիվ 19-1812 եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու հետ, գտնում է, որ այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

(...) [Փ]որձագետի եզրակացությունն ու այլ փաստաթուղթը միմյանցից տարբերվող ապացույցի տեսակներ են, որոնք ունեն տարաբնույթ ձեռքբերման քրեադատավարական ընթացակարգեր և բովանդակություն:

(...) [Փ]որձաքննությունն իրականացվում է այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը, իր մասնագիտական գիտելիքներով և ունակություններով պայմանավորված, իրավասու և/կամ ի զորու չէ քրեական վարույթի ընթացքում ծագած որոշակի հարցերին պատասխանել: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում դիմել հատուկ գիտելիքներ տիրապետող սուբյեկտներին:

Սակայն, հաշվի առնելով այն, որ տվյալ հարցերի պատասխանները տալիս են վարույթն իրականացնող մարմին չհանդիսացող անձինք, օրենսդիրը, տվյալ ապացույցի արժանահավատությունն ու թույլատրելիությունը վտանգի տակ չդնելու նկատառումներից ելնելով, դրանց ձեռքբերմանն ուղղված որոշակի պահանջներ է ներկայացնում: Օրինակ՝ փորձագետները նախազգուշացվում են ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար, վերջիններին հնարավոր է տրված փորձագիտական եզրակացության վերաբերյալ հարցաքննել կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի կարգով փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողը օժտված են որոշակի իրավունքներով: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել նաև այն փաստին, որ փորձաքննությունն իրականացվում է քրեական գործով որևէ շահագրգռվածություն չունեցող մասնագետների կողմից։

Հարկ է նկատել, որ նման պահանջներից և ոչ մեկով օժտված չէ այլ փաստաթուղթ ապացույցի տեսակը: Այն, ըստ էության, ցանկացած բնույթի տեղեկատվություն կարող է պարունակել, բավարար է միայն, որ գտնվի վարույթի շրջանակներից դուրս:

Սույն դեպքում 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնը պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացություն է կատարել, որը 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ է ճանաչվել:

Առաջին հերթին՝ Դատարանն արձանագրում է, որ տվյալ փաստաթուղթը բովանդակային տեսանկյունից համապատասխանում է փորձագիտական եզրակացությանը ներկայացվող պահանջների մեծամասնությանը (ըստ էության փորձագիտական եզրակացություն է):

Մասնավորապես՝ փորձագետներին տրված ելակետային տվյալների և առաջադրված հարցերի հիման վրա վերջիններն իրականացրել են հետազոտություն և արդյունքում հանգել են որոշակի հետևությունների:

Այսինքն՝ տվյալ փաստաթուղթը, առերևույթ, համապատասխանում է դատաավտոտեխնիկական և հետքաբանական փորձագիտական եզրակացություն ապացույցի տեսակին, սակայն դատավարական տեսանկյունից ունի այլ կարգավիճակ:

Արդյունքում՝ մի ապացույցի տեսակը փոխարինվել կամ քողարկվել է մեկ այլ ապացույցի տեսակով, ինչի արդյունքում խախտվել է սկզբնական ապացույցին ներկայացվող պահանջներն ու առհասարակ տվյալ ապացույցի նպատակը: Այլ խոսքով՝ բովանդակային տեսանկյունից «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի կողմից տրված փաստաթուղթը փորձագիտական եզրակացություն է, և անկախ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրան տրված կարգավիճակից՝ ունի միևնույն նպատակն ու խնդիրները, որպիսի պայմաններում այն պետք է ապահովված լիներ օրենսդրի կողմից սահմանված որոշակի պահանջներով:

Ավելի կոնկրետ՝ փորձաքննություն իրականացնելու ժամանակ չի ապահովվել փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման պարտականությունը, օրինակ՝ հանցանքի մեջ կասկածվող անձը չի կարողացել բացարկ հայտնել փորձագետին, լրացուցիչ հարցեր առաջադրել կամ հնարավորության պայմաններում ներկա գտնվել փորձաքննությանը և այլն: Ավելին՝ սույն դեպքում փորձագետները չեն ունեցել քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախություն՝ ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու դեպքում (քանի որ նման պայմաններում կեղծ փորձագիտական եզրակացության համար չեն նախազգուշացվում)։

Բացի այդ, նման պայմաններում Դատարանը ևս հնարավորություն չի ունեցել չպարզաբանված կամ ոչ բավարար չափով հասկանալի հետևությունների վերաբերյալ հարցեր ուղղել փորձագետներին և իրականացնել վերջինների հարցաքննությունը:

Այլ կերպ ասած՝ Դատարանն արձանագրում է, որ անկախ նախաքննության մարմնի կողմից փորձագիտական եզրակացությանը տրված կարգավիճակից, այն միևնույն է իր բնույթով և նպատակային նշանակությամբ փաստացի համապատասխանում է առանձին ապացույցի տեսակ հանդիսացող փորձագիտական եզրակացությանը, որպիսի պայմաններում այն պարտադիր կերպով պետք է համապատասխանի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսված նորմերի պահանջներին:

Հակառակ պարագայում այլ փաստաթուղթը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ խախտվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կանոնը, այն է՝ թույլ է տրվում քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտում: Ընդ որում, տվյալ պարագայում էական խախտումն արտահայտվում է օրինականության, ինչպես նաև կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի և դրա ապահովման քրեադատավարական սկզբունքների խախտմամբ:

Միևնույն ժամանակ, Դատարանը չի բացառում, որ վարույթի շրջանակներից դուրս կատարված փորձագիտական եզրակացությանը կարող է տրվել այլ փաստաթղթի կարգավիճակ: Այսինքն՝ միանշանակ հնարավոր չէ պնդել, որ վարույթն իրականացնող մարմին չհանդիսացող անձի նախաձեռնությամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը չի կարող ապացույց դիտարկվել, մինչդեռ հարկ է նկատել, որ վարույթի շրջանակներից դուրս ստացված փորձագիտական եզրակացությանն ապացուցողական նշանակություն տալու և դրա թույլատրելիությանը ներկայացվող պահանջները բավարարելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ այդ ապացույցը ձեռք բերող սուբյեկտի կողմից ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցներն ապահովելու համար փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձանց և հատկապես կասկածյալին կամ մեղադրյալին օրենքով վերապահված իրավունքները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսված նորմերի պահանջները):

Տվյալ դեպքում Սևակ Սուղյանին չի տրվել հնարավորություն մասնակից դառնալ փորձաքննության կատարմանը, բացարկ հայտնել փորձագետներին, տալ պարզաբանումներ կամ լրացուցիչ հարցեր առաջադրել փորձագետին, որպիսի պայմաններում չի ապահովվել նրա պաշտպանության իրավունքը, որի արդյունքում տվյալ ապացույցը դառնում է խիստ խոցելի:

Հակառակ մոտեցման պարագայում հնարավոր է ստեղծվի իրավիճակ, երբ ցանկացած ապացույց, որի ձեռքբերմանն ու օգտագործմանը հատուկ պահանջներ են ներկայացվում, հնարավոր լինի քողարկել այլ ապացույցի անվան ներքո՝ խուսափելու համար սկզբնապես գոյություն ունեցող ապացույցին ներկայացվող պահանջների պահպանումից: Եվ ի վերջո, այդ դեպքում խախտվում է նաև օրենսդրի տրամաբանությունը՝ կապված ապացույցների ծանրակշռության և կարևորության հետ, քանի որ ինքնանպատակ չէ օրենսդրի կողմից փորձագիտական եզրակացությանը, իր իսկ կարևորությունից, առանձնահատկությունից ելնելով, նման բարձր պահանջներ ներկայացնելն ու դրանց ապահովման ուղղությամբ երաշխիքներն նախատեսելը, քան ապացույցի տեսակ հանդիսացող այլ փաստաթղթին։ Ուստի թույլատրելի չէ փորձաքննության եզրակացությունից ակնկալվող արդյունքները (այլ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանումը) ստանալ ապացույցի այլ տեսակի միջոցով (այսպես ասած՝ քողարկման եղանակով)։

Այլ կերպ ասած՝ համանման իրադրությունում անհամաչափ մեծանում է վարույթն իրականացնող մարմնի լիազորություններն ապացույցների ձեռքբերման կապակցությամբ՝ չհիմնավորված կերպով հնարավորություն ընձեռելով անհրաժեշտության կամ ցանկության պարագայում խուսափել կամ ուղղակիորեն չիրականացնել օրենսդրական մակարդակում կարգավորված ապացույցների ստացմանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ տվյալ ապացույցն անթույլատրելի չճանաչելու դեպքում յուրաքանչյուր անգամ, երբ վարույթն իրականացնող մարմինը չի պահպանի ապացույցի կոնկրետ տեսակին ներկայացվող անհրաժեշտ պահանջները, այն կփորձի քողարկել այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով, ինչն անընդունելի է և ոչ իրավաչափ:

Ուստի հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ պետք է հաստատել 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ այլ փաստաթուղթ ճանաչված՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի` պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը:

Ընդ որում, համանման իրադրություն է առկա նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից 2020 թվականի հունվարի 21-ի` պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության կապակցությամբ:

Մասնավորապես՝ սույն պարագայում ևս Դատարանը, ըստ էության, գործ ունի այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձագիտական եզրակացության հետ, որի կատարման ընթացքում ևս չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսված նորմերի պահանջները, ինչի արդյունքում Սևակ Սուղյանին կրկին չի տրվել հնարավորություն մասնակից դառնալ փորձաքննության կատարմանը, բացարկ հայտնել փորձագետներին, տալ պարզաբանումներ կամ լրացուցիչ հարցեր առաջադրել փորձագետին, որպիսի պայմաններում չի ապահովվել նրա պաշտպանության իրավունքը:

Արդյունքում՝ Դատարանը գտնում է, որ պետք է հաստատել նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից 2020 թվականի հունվարի 21-ի` պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացության որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը:

(...) Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ամբաստանյալ Սևակ Սուղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, թե ոչ.

(...) Դատարանը գտնում է, որ Սևակ Սուղյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը՝ շահադիտական շարժառիթի և նպատակի, ինչպես նաև հափշտակված գույքը տնօրինելու իրական հնարավորության բացակայության հիմքով:

Նախ, անդրադառնալով շահադիտական շարժառիթին և նպատակին՝ Դատարանն ընդգծում է, որ այն կարող է դրսևորվել հանցավորի կամ այլ անձանց համար նյութական որևէ օգուտ ստանալու կամ նյութական որոշակի ծախսերից ազատվելու ձգտումով: Այսինքն՝ սույն դեպքում շահադիտական շարժառիթը կարող էր դիտարկվել երկու հնարավոր եղանակներով.

- Հանցավորն իր գործողությունների միջոցով ձգտում է անձամբ նյութական որևէ օգուտ ստանալ կամ նյութական որոշակի ծախսերից ազատվել, կամ

- Հանցավորն իր գործողությունների միջոցով այլ անձանց նյութական որևէ օգուտ տալու կամ նյութական որոշակի ծախսերից ազատելու նպատակ է հետապնդում:

Անդրադառնալով առաջին նպատակին՝ (...) [ս]տացվում է, որ Սևակ Սուղյանն ուղղակի դիտավորությամբ նպատակ է հետապնդել տիրանալու 10.000.000 ՀՀ դրամի, մինչդեռ թե մեղադրական եզրակացությամբ, թե դրա հիմքում դրված փաստերով չի պարզաբանվում ստացված հատուցման գումարներն ուր էին ուղղված լինելու՝ Սևակ Սուղյանի, թե մեքենայի իրական սեփականատիրոջ գույքային զանգվածի ավելացմանը:

(...) Սույն դեպքով Սևակ Սուղյանը մեղադրվում է «MERCEDES-BENZ S500 4MATIC» ավտոմեքենային պատճառված վնաս հանդիսացող գումարի հափշտակության փորձի մեջ, սակայն ողջամտորեն հարց է ծագում, թե պատճառված վնասի հատուցման ենթակա գումարի նկատմամբ Սևակ Սուղյանն ինչ իրավունքներով էր օժտված և արդյոք վերջինն առհասարակ ուներ հնարավորություն տիրանալու նշված գույքին:

(...) Վերոգրյալի համատեքստում Դատարանն իրավացիորեն արձանագրում է, որ նույնիսկ այն պարագայում, եթե Սևակ Սուղյանի գործողությունները չխափանվեին և վերջինը ենթադրյալ հանցագործությունն ավարտին հասցներ, այնուամենայնիվ, ապահովագրական ընկերության կողմից տրված հատուցման գումարը չէր կարող սեփականացնել, կամ այլ կերպ նշյալ գումարն իրենը դարձներ, այն պատճառաբանությամբ, որ այդ գումարը սեփականության իրավունքով պատկանում է բացառապես մեքենայի սեփականատիրոջը:

(...) [Մ]իայն այն փաստը, որ Սևակ Սուղյանը լիազորված է եղել պատահարի արդյունքում հատուցման ենթակա գումարը ստանալ, չի կարող ենթադրել, որ վերջինն օժտված էր տվյալ գումարը տնօրինելու իրավասությամբ, այն պատճառով, որ վկայակոչված գործարքի ուժով Սևակ Սուղյանը լիազորվում էր ընդամենը հանդես գալ Հովսեփ Հովսեփյանի անունից, սակայն գումարի տնօրինման իրավասությունը փոխանցված չի եղել ամբաստանյալին:

(...) [Մ]եղադրական եզրակացությամբ ներկայացված հանգամանքներում, եթե Սևակ Սուղյանը հափշտակեր «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության կողմից պատահարի արդյունքում հատուցման ենթակա գումարը, ապա այդ հանցագործության հետևանքով տուժող կարող էր ճանաչվել բացառապես մեքենայի իրական սեփականատեր՝ Հովսեփ Հովսեփյանը, քանի որ տրամադրված ֆինանսական միջոցները հատուցման պահից պատկանելու էին մեքենայի իրական սեփականատիրոջը՝ անկախ լիազորագրի առկայությունից:

(...) Սույն գործի շրջաններում Սևակ Սուղյանի մոտ շահադիտական շարժառիթի առկայությունը հնարավոր կլիներ քննության առարկա դարձնել միայն այն համատեքստում, երբ վերջինը մեքենայի սեփականատերերի հետ, համաձայնեցված կարգով գործելով, վթարի ձևացում կազմակերպեր և ապահովագրական հատուցում ստանալու նպատակ հետապնդելով, անձամբ կամ այլ անձանց որոշակի նյութական օգուտ տար, ստանար կամ դրա փորձ կատարեր:

Այսինքն՝ այն պարագայում, երբ մեքենայի իրական սեփականատերը կամ այն շահագործող անձը (փաստացի տիրապետողը) քրեական գործով բացառապես վկայի կարգավիճակ ունեն, Դատարանն իրատեսական չի համարում Սևակ Սուղյանի մոտ շահադիտական նպատակի առկայությունը՝ հաշվի առնելով, որ Սևակ Սուղյանն առանց լրացուցիչ օժանդակության «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության կողմից հատուցված գումարը չէր կարողանա հափշտակել՝ պայմանավորված իր կարգավիճակով:

(...) Բացի այդ, Դատարանի համար հասկանալի չէ, թե ինչպես է որոշվել հափշտակության առարկան կազմող դրամական միջոցների չափը (խոսքը 10.000.000 ՀՀ դրամի մասին է): Մասնավորապես՝ պարզ չէ, թե Սևակ Սուղյանն ըստ մեղադրական եզրակացության նպատակ է ունեցել հափշտակելու «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության կողմից հատուցված ամբողջ գումարը, թե միայն դրա մի մասը՝ հաշվի առնելով այն, որ մեքենան նույնիսկ դիտավորյալ վթարելու պարագայում վերջինը դրա սեփականատիրոջը և/կամ այն շահագործող անձին ենթադրաբար պետք է հատուցեր պատճառված նյութական վնասը, ինչի հետևանքով, ըստ էության, հանցավորը չէր կարողանա յուրացնել հատուցված գումարներն ամբողջ ծավալով:

(...) Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իր հերթին դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չի հիմնավորվում նաև խարդախության օբյեկտիվ կողմի առկայությունը:

(...) Դատարանը գտնում է, որ Սևակ Սուղյանին առաջադրված մեղադրանքում նրա մեղավորությունը հավաստելու համար (...) անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որով հնարավոր կլինի հավաստել նաև հանցագործության օբյեկտիվ կողմի՝ Սևակ Սուղյանի կողմից խաբեության եղանակով խարդախություն կատարելու հանգամանքը, ինչը հիմնավորող բավարար փաստական տվյալները, ըստ էության, առկա չեն (...):

(...) Դատարանն իրավացիորեն փաստում է, որ որոշակի հակասություն առաջանում է մեքենայի հետվթարային դիրքի և լուսանկարներում արտատպված գլորման հետքի միջև, սակայն չի բացառվում, որ ծառին հարվածելուց հետո ինչ-ինչ պատճառներով մեքենան տեղաշարժվի (ընդ որում, խոսքը Սևակ Սուղյանի ցուցմունքներով հայտնած տեղաշարժի մասին չէ, որին առավել մանրամասն գնահատական կտրի ստորև), որպիսի պայմաններում հավանական է, որ մեքենայի անվադողի հետքը կարող է փոփոխվել:

(...) [Հ]արկ է արձանագրել, որ որոշակի հակասություններ իրականում առկա են, ընդ որում հարցերից մի քանիսին, որոնք կարող էին որոշիչ նշանակություն ունենալ գործի ելքի համար, առհասարակ հնարավոր չի եղել պատասխանել՝ անհրաժեշտ ելակետային տվյալների բացակայության հիմքով, մինչդեռ տվյալ եզրակացությունը՝ երեք փորձագետների կողմից տված հետևությունների շրջանակում, առավել հաստատում է Սևակ Սուղյանի կողմից հայտնած տվյալները, քան հակառակը:

Այլ կերպ՝ թեև փորձագետների հետևությունները բացարձակ միանշանակ չեն, սակայն իրենց համակցության մեջ գերակշռում են ավելի Սևակ Սուղյանի անմեղությունը հիմնավորող տվյալները, քան նրա մեղավորությունը հաստատողները: Մասնավորապես՝ ինքնին արդարացի չէ գլորման հետքի կապակցությամբ առաջացած հակասությունները մեկնաբանել ի վնաս ամբաստանյալի այն պայմաններում, երբ երկու փորձագետները պնդել են, որ մեքենան մինչ դեպքի օրը վթարված չի եղել, իսկ մեքենայի վնասվածքներն առաջացել են մեկ ներգործության հետևանքով:

(...) [Ե]թե ելնենք այն կանխավարկածից, որ ամբաստանյալը նպատակ է ունեցել «Կասկո» ապահովագրության տեսակն օգտագործելով, արդեն իսկ վթարված ավտոմեքենան «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերության կողմից տրամադրված միջոցներով վերանորոգել կամ տվյալ եղանակով ֆինանսական միջոցներ ձեռք բերել և գումար վաստակել (այն դեպքում, երբ ապահովագրական հատուցման գումարը գերազանցի մեքենայի վերանորոգման համար ծախսվելիք միջոցները), ապա առաջին հերթին վերոգրյալը քրեական գործի նյութերով չհիմնավորվող ենթադրություն է, և երկրորդ՝ բացակայում են այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին ավտոմեքենայի` մինչ դեպքը վթարված լինելու (...) մասին:

Ինչ վերաբերում է հատուցում ստանալու միջոցով գումար վաստակելու վարկածին, ապա հարկ է արձանագրել, որ բավարար չափով քննություն չի կատարվել և/կամ տվյալներ ձեռք չեն բերվել՝ պարզելու, թե մեքենայի վթարում կազմակերպելով հնարավոր է գումար վաստակել, և արդյոք ապահովագրական ընկերության կողմից տրամադրվելիք գումարը բավարար կլիներ վերանորոգել վթարված ավտոմեքենան և դրանից զատ նաև հավելյալ գումար աշխատել:

Անդրադառնալով Սևակ Սուղյանի կողմից հայտնած տվյալներին, մասնավորապես, որ վերջինը պարբերաբար փոփոխել է ցուցմունքները, ամեն անգամ հայտնելով նոր հանգամանքներ կամ հերքելով նախորդ ասածները՝ պետք է նկատել, որ բացառապես ամբաստանյալի իրարամերժ և հակասական ցուցմունքները չեն կարող մեղադրական դատական ակտի հիմք ծառայել (...):

(...) [Փ]որձագիտական եզրակացությանը համարժեք փոխարինող այլ ապացույցի բացակայության պայմաններում անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ վարույթի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 8-ի փորձագետի՝ թիվ 07452002 եզրակացությունն առանցքային դերով և նշանակությամբ է օժտված՝ համակցության մեջ առավելապես ուղղված լինելով ապացուցելու Սևակ Սուղյանի անմեղությունը:

Ինչ վերաբերում է «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետվթարային լուսանկարի զննությամբ ավտոմեքենայի վազքի ցուցանիշին, ապա դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարներով ավտոմեքենայի վազքի ցուցանիշը կազմել է 89635 կիլոմետր, իսկ ավտոմեքենայի անվտանգության բարձիկները գործարկվել են 89632 կիլոմետր վազքի ժամանակ:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ անվտանգության բարձիկների գործարկման և վթարի պահին լուսանկարված վազքի ցուցիչի երեք կիլոմետր տարբերությունը պաշտպանական կողմի պնդմամբ առաջացել է մեքենան տեղաշարժելու, տեղապտույտ կատարելու փորձերի հիմքով, որի կապակցությամբ պաշտպան Է.Այվազյանի կողմից ներկայացվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից կազմված փաստաթուղթ, որի համաձայն՝ «Փոխանցման տուփը դեպի հետ դիրքում, եթե վարորդը գազի պեդալին սեղմի, սակայն մեքենան տեղից չշարժվի, մեքենայի վազքի ցուցիչի տվյալները կարող են փոխվել: Փոխանցման տուփը դեպի առաջ դիրքում, եթե վարորդը գազի պեդալին սեղմի և արագության ցուցիչը բարձրանա, սակայն մեքենան տեղից չշարժվի, մեքենայի վազքի ցուցիչի տվյալները կարող են փոխվել։ Մեքենայի անիվներից մեկը կամ մի քանիսը կարող են պտտվել, իսկ մյուսները ոչ, եթե մեքենան մնա նույն տեղում վազքի ցուցանիշը ևս կարող է փոխվել: Անիվներից մեկի կամ մի քանիսի օդում պտտվելու կամ տեղապտույտի պայմաններում, եթե մեքենան մնա նույն տեղում, կփոխվի վազքի ցուցանիշը»:

(...) Դատարանն արձանագրում է, որ անկախ նրանից, թե երբ և ինչ հանգամանքներում է ներկայացվել տվյալ փաստաթուղթը, այն ունի ապացուցողական (տեղեկատվական) նշանակություն՝ բացահայտելու զուտ այն փաստը, որ կանգնած դիրքում մեքենայի անիվների պտույտի արդյունքում կարող է վազքի ցուցանիշը փոփոխվել։

(...) Արդյունքում՝ մեղադրանքն ամբողջ ծավալով հիմնված է Սևակ Սուղյանի իրարամերժ ցուցմունքների վրա, մինչդեռ ամբաստանյալը կարող է օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը, որպիսի պայմաններում մեղադրական դատական ակտը չի կարող հիմնվել բացառապես մեղադրյալի ցուցմունքների հակասության փաստի վրա և այն աստիճան սահմանափակել վերջինի իրավունքները, որ դրանից օգտվելը կամ օգտվելուց հրաժարվելը մեկնաբանվի ի վնաս նրա: Նման մոտեցումը խաթարում է անձի արդար դատական քննության և անմեղության կանխավարկածի սկզբունքները:

Բացի այդ, Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նույնիսկ այն պայմաններում, եթե այլ փաստաթուղթ ճանաչված փորձաքննությունները թույլատրելի ապացույց դիտարկվեին և անձի մեղավորությունը խաբեության հարցում հիմնավոր լիներ, միևնույն է Սևակ Սուղյանն ենթակա չէր լինի քրեական պատասխանատվության վերջինի արարքում հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող շահադիտական շարժառիթի և նպատակի բացակայության (չապացուցվածության) հիմքով:

Ուստի՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Սևակ Սուղյանի մեղավորությունը ավտովթարի ձևացում իրականացնելու և դրա արդյունքում նյութական շահ ստանալու նպատակ հետապնդելու կապակցությամբ չի հաստատվում: (...)»2:

11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցները բավարար չեն ամբաստանյալ Սևակ Սուղյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և ապացուցված համարելու նրա կողմից իրեն մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարումը:

(...) [Ա]նդրադառնալով Առաջին բողոքաբերի [դատախազի] այն փաստարկին, որ «ՋԻ-ԷՄ» փորձագիտական կենտրոնի թիվ 19-1812 և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության «Պատահարի առաջացման պատճառների» փորձաքննության եզրակացությունները՝ որպես այլ փաստաթուղթ ապացույցի տեսակ, անթույլատրելի չեն, ապա համաձայնություն հայտնելով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ դրանք, ըստ էության, այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձագիտական եզրակացություններ են, որոնց կատարման ընթացքում չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսված նորմերի պահանջները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այս պայմաններում Առաջին բողոքաբերի պնդումների հետ համաձայնելու հիմքեր առկա չեն:

(...) [Հ]իմնավոր է նաև Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ քննարկվող իրավիճակում շահադիտական շարժառիթը բացակայում է, քանի որ Սևակ Սուղյանը հանդես է եկել բացառապես գույքն օգտագործողի, իսկ գույքի սեփականատիրոջ կողմից լիազորվելուց հետո՝ հատուցումը ստացողի կարգավիճակում, ինչը բացառում է Սևակ Սուղյանի կողմից հատուցման ենթակա գումարը տնօրինելու իրավազորությունը և ըստ այդմ՝ վերջինիս մոտ շահադիտական շարժառիթի առկայությունը։

Անդրադառնալով Երկրորդ բողոքաբերի [տուժողի ներկայացուցչի] այն պնդմանը, որ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից տրամադրված փաստաթուղթը չի կարող պատշաճ ապացույց ծառայել, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն նշել է, որ նման բովանդակությամբ փաստաթուղթը կարող է վկայել այն մասին, որ առհասարակ վազքի ցուցիչը կարող է փոփոխվել կանգնած դիրքում՝ մեքենայի անիվների պտույտի արդյունքում, հետևաբար Առաջին ատյանի դատարանը նշված փաստաթղթի ապացուցողական նշանակությունը գնահատելիս եկել է իրավաչափ հետևության և դրան տրվել է ապացուցողական և տեղեկատվական ընդհանուր բնույթի նշանակություն՝ այլ՝ Ս.Սուղյանի անմեղությունը հիմնավորող ապացույցների հետ համակցության մեջ։

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը: Հետևաբար, բողոքարկված դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքները՝ մերժել: (...)»3։

11.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանը, չհամաձայնելով արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատավորներ Լ.Աբգարյանի և Գ.Հովհաննիսյանի եզրահանգումների հետ, հայտնել է հատուկ կարծիք առ այն, որ. «(...) [Պ]ետք է (...) դատավճիռը բեկանել և գործը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության, հետևյալ պատճառաբանությամբ։

(...) Խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը զգալի չափերով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելն է, եթե հանցավորն իրական հնարավորություն է ունեցել տնօրինելու կամ օգտագործելու այդ գույքը, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է: Հափշտակությունը համարվում է ավարտված հանցագործություն սկսած այն պահից, երբ հանցավորը փաստացի տիրանալով գույքին, իրական հնարավորություն է ստանում այն տնօրինելու որպես իր սեփականությունը հանդիսացող գույք, իր հայեցողությամբ օգտագործելու։ Հափշտակված գույքն օգտագործելու-տնօրինելու իրական հնարավորության բացակայության դեպքում բացակայում է նաև հափշտակության ավարտված հանցակազմի առկայությունը։ Տվյալ դեպքում հանցավորի արարքը ենթակա է որակման՝ որպես ուրիշի գույքի հափշտակության փորձ։ (...):

Վերոգրյալի համատեքստում գտնում եմ, որ այս առումով առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն առ այն, թե նախաքննության մարմինը չի հիմնավորել, թե «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունից ստացվելիք հատուցման գումարներն ուր էին ուղղված լինելու՝ Սևակ Սուղյանի, թե մեքենայի իրական սեփականատիրոջ գույքային զանգվածի ավելացմանը, էական նշանակություն չի կարող ունենալ և որևէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ խարդախության փորձ կատարելու մեջ Սևակ Սուղյանին արդարացնելու համար։

(...) [Գ]տնում եմ, որ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 19-1812 եզրակացությունը, ինչպես նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության 2020 թվականի հունվարի 21-ի՝ պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի եզրակացությունը նախաքննական մարմնի կողմից որպես այլ փաստաթուղթ ապացույց են ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության վերոնշյալ նորմերի պահանջների պահպանմամբ, բացակայում են այդ ապացույցները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված ու վերլուծված հիմքերով որպես անթույլատրելի ճանաչելու իրավական նախադրյալները:

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանություններին առ այն, որ այս դեպքում դատարանը «... գործ ունի այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձագիտական եզրակացության հետ, որի կատարման ընթացքում ևս չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխում նախատեսված նորմերի պահանջները...» [ապա], ինչպես «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի, այնպես էլ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունները նշանակվել և իրականացվել են քրեական վարույթի շրջանակներից դուրս, դրանցից առաջինով փորձագետի եզրակացությունը տրվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ դեռևս քրեական գործ հարուցված չի էլ եղել, երկրորդով՝ 2020 թվականի հունվարի 21-ին՝ քրեական գործի հարուցումից հետո, սակայն այն կատարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի պատվերի հիման վրա, որի ծառայություններին մինչև քրեական գործի հարուցումը դիմել էր հենց (...) մեքենայի սեփականատեր Հովսեփ Հովսեփյանը, ուստի տվյալ եզրակացություններին չեն կարող ներկայացվել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված՝ դրանց ձեռքբերմանն ու օգտագործմանը ներկայացվող հատուկ պահանջները, այլ դրանք պետք է վերլուծվեն և գնահատվեն որպես այլ փաստաթղթերի տեսքով ապացույցներ, ինչն առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն կերպով մերժվել է:

(...) «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության փորձագետների եզրակացություններ[ով] (...) արձանագրվել և հաստատվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող որոշակի տվյալներ, որոնք ենթակա են գնահատման գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված մյուս ապացույցների համակցությամբ:

(...) [Դ]ատարանն առանց հիմնավոր պատճառաբանության անթույլատրելի է ճանաչել նախաքննական մարմնի կողմից որպես այլ փաստաթուղթ ապացույցներ ճանաչված «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի թվով չորս փորձագետների կողմից 2019 թվականի հոկտեմբերի 15-ին տրված թիվ 19-1812 եզրակացությունը, ինչպես նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության թվով երեք փորձագետների կողմից 2020 թվականի հունվարի 21-ին տրված պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ եզրակացությունը, մինչդեռ պաշտպանության կողմի ներկայացրած՝ անվտանգության բարձիկների գործարկման և վթարի պահին լուսանկարված վազքի ցուցիչի երեք կիլոմետր տարբերության վերաբերյալ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից կազմված գրությունը ճանաչել է որպես այլ փաստաթուղթ և դրա հավաստիության վերաբերյալ հետևություններ արել՝ որևէ կերպ չպատճառաբանելով, թե տեսականորեն եթե անգամ անիվների տեղապտույտի և մեքենան նույն տեղում մնալու պայմաններում՝ վազքի ցուցանիշը կարող է փոխվել, ապա կոնկրետ դեպքում ինչպես է դա տեղի ունեցել:

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի դատողությանն առ այն, որ եթե մեղադրանքի կողմը պնդում է, որ վազքի ցուցանիշը մինչ բարձիկների գործարկումը և վթարի պահին տարբերվել է այն պատճառով, որ մեքենան իրականում այլ վայրում է վթարվել, ապա դատարանի համար անհասկանալի է, թե ինչու դրա շուրջ քննություն չի տարվել, կամ հնարավոր երեք կիլոմետր շառավիղով ինչու չի պարզվել այլ վթարների, դեպքերի, պատահարների առկայությունը, ապա (...) հարկ է արձանագրել, որ «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Մոլդովական փողոցում Սևակ Սուղյանի կողմից վթարի ենթարկելու վերաբերյալ գործում առկա են միայն նրա կողմից նախաքննության ընթացքում տված և առաջին ատյանի դատարանի դատավճռում մանրամասնորեն շարադրված ցուցմունքները, որոնք (...) ամբողջովին հակասական, իրարամերժ, որոշակիորեն նաև՝ անտրամաբանական են, գործով ձեռք բերված մյուս ապացույցների համադրությամբ՝ անարժանահավատ, ուստի դրանք ապացուցողական նվազ կարևորություն ունեն և չեն կարող վկայել նրա անմեղութան մասին:

Այսպիսով, գտնում եմ, որ (...) դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Սևակ Սուղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչելով անմեղ և արարքում հանցակազմի բացակայության հիմքով արդարացնելով՝ թույլ է տվել դատական սխալ՝ խարդախության միջոցով հափշտակության փորձ կատարելու մեջ Սևակ Սուղյանի դիտավորության ու դրա շարժառիթների բացակայության, հափշտակվելիք գումարների տնօրինման անորոշության վերաբերյալ հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման, իրենց համակցության մեջ ճիշտ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, թույլատրելի ապացույցները սխալմամբ հանել է գործից, ինչը խոչընդոտել է գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ հետազոտմանը, ուստի (...) վերաքննիչ բողոքները պետք է բավարարել մասնակիորեն և հաշվի առնելով 30.06.2021թ-ի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի իրավակարգավորումները՝ գործի վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության, որի ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցներն իրենց համակցությամբ վերլուծելու և գնահատելու արդյունքում դատարանը պետք է հանգի համապատասխան եզրակացության»4:

12. Սևակ Սուղյանը, 2020 թվականի հունվարի 29-ին որպես վկա հարցաքննվելիս հայտնել է, որ քանի որ ընտանիքով պետք է մասնակցեին մի քանի միջոցառումների, իսկ ինքն անձնական մեքենա չունի, 2019 թվականի օգոստոսի 9-ին կամ 10-ին խնդրել է ընկերոջը՝ Հովսեփ Հովսեփյանին, տրամադրել իր ավտոմեքենան: Հովսեփը համաձայնել է և տրամադրել «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վարել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցով և շրջադարձ կատարելիս դիմացի հատվածում տեսել է ավտոմեքենա, որի մակնիշը և հաշվառման համարանիշը չի հիշում: Նույն պահին իր ավտոմեքենայի առջևով անցնելիս է եղել միջին տարիքի մի աղջիկ, որի արտաքին տեսքն իր մոտ չի տպավորվել, քանի որ դա տևել է մի քանի ակնթարթ: Առջևից ընթացող հիշյալ ավտոմեքենայի լույսերը խանգարել են ճանապարհը լավ տեսնել: Այդ պահին հետիոտնին վրաերթի չենթարկելու համար կտրուկ շրջադարձ է կատարել դեպի ձախ՝ նրան չհարվածելու համար, ինչի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ձախ հատվածում առկա ծառին: Վթարից անմիջապես հետո զանգահարել է ճանապարհային ոստիկանություն և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություն ու հայտնել վթարի մասին: Ապահովագրական ընկերության աշխատակիցը, ժամանելով դեպքի վայր, հայտնել է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» տեսակի ապահովագրությամբ: Ինքն այդ ժամանակ է միայն իմացել, որ ավտոմեքենան նման ապահովագրություն ունի: Անդրադառնալով դեպքի վայրում, ապա նաև ոստիկանությունում իր կողմից տրված բացատրություններում առկա հակասություններին, Ս.Սուղյանը նշել է, որ դեպքի օրն իր հետ են եղել մայրը, քույրը և ընկերը: Քրոջը Հանրապետության հրապարակում իջեցնելուց հետո շարունակել են ճանապարհը դեպի Նոր Նորքի 2-րդ զանգված և այնտեղ՝ Մոլդովական փողոցում, տեղի է ունեցել վթարը: Վթարից անմիջապես հետո մորը և ընկերոջը պատահական տաքսի ավտոմեքենայով ճանապարհել է: Հայտնել է ընկերոջ և մոր տվյալները, իսկ քրոջ վերաբերյալ տվյալներ հայտնել չի ցանկացել, պատճառաբանելով, որ վերջինս դեպքի պահին իրենց հետ չի եղել: Ս.Սուղյանը նշել է նաև, որ ոչ ինքը, ոչ էլ Հովսեփը որևէ մեկից, առավել ևս «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գումար հափշտակելու նպատակ չեն ունեցել, դա եղել է դժբախտ պատահար և տեղի է ունեցել ամբողջությամբ այնպես, ինչպես հայտնել է իր ցուցմունքում: Նշել է նաև, որ մինչև վթարը ավտոմեքենան եղել է իդեալական վիճակում և վնասվածքներ չի ունեցել, իսկ Հովսեփ Հովսեփյանի բջջային հեռախոսահամարն այդ պահին հայտնել չի կարող, քանի որ իր մոտ այն պահպանված չէ5:

12.1. Սևակ Սուղյանը, 2021 թվականի փետրվարի 8-ին որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս հայտնել է, որ 2019 թվականի օգոստոսի 12-ին տեղի ունեցած պատահարի ժամանակ մայրը՝ Կարինե Սուղյանը, քույրը և ընկերը՝ Դավիթ Հայրապետյանը, իր հետ մեքենայի մեջ չեն եղել: Մեքենայի մեջ եղել է մի մարմնավաճառուհի, որի տվյալները չունի, նրա հետ ծանոթացել է Ծերեթելի փողոցում` դեպքից մոտ երկու ժամ առաջ: Այս հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ ամաչել է իրեն հարցաքննող իգական սեռի ներկայացուցիչներից: Բացի այդ, ամուսնացած է և չի ցանկացել, որ այդ հանգամանքն իր ընտանիքի անդամներն իմանան: Հիմա էլ է ամաչում, սակայն փաստաբանի հետ խորհրդակցելով՝ հասկացել է, որ ճիշտը՝ իրականությունը հայտնելն է, որպեսզի իր կամ այլ անձանց համար ավելորդ խնդիրներ չստեղծի: Պատահարից անմիջապես հետո, համոզվելով, որ իր հետ գտնվող աղջիկը որևէ վնասվածք չի ստացել, պատահական տաքսիով նրան արագ ճանապարհել է, ուստի այդ աղջկան այնտեղ ոչ ոք չի տեսել։ Երկար ժամանակ անցնելու պատճառով չի կարող նկարագրել նրա արտաքին տվյալները: Պատասխանելով քննիչի հարցին, Ս.Սուղյանը նշել է, որ նույն պատճառով պատահարի մանրամասները հստակ չի հիշում, սակայն այդ առնչությամբ նախկինում ինչ հայտնել է, նույնը պնդում է: Եթե վթարը տեղի ունենար այլ վայրում կամ այլ հանգամանքներում, ինքն այդ վայրից կզանգահարեր և կհայտներ, ինչպես նաև կներկայացներ այլ հանգամանքներ, քանի որ թաքցնելու որևէ շարժառիթ չի ունեցել, որովհետև մեքենան ունեցել է «Կասկո» ապահովագրություն, և ամեն դեպքում գումարը պետք է փոխհատուցվեր6։

12.2. Սևակ Սուղյանը, 2021 թվականի մարտի 25-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս հայտնել է, որ 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում ընկերոջը` Հովսեփ Հովսեփյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այդ վթարի ժամանակ ղեկին եղել է ինքը, իսկ վարորդի կողքի նստատեղին նստած է եղել մարմնավաճառուհի, ում հետ հենց այդ օրն է ծանոթացել: Երթևեկելու ժամանակ չի նկատել կտրուկ շրջադարձը և քանի որ դիմացից եկող ավտոմեքենայի լույսերն ընկել են իր աչքերին, ինքը մեքենան աջ է քաշել: Աջ քաշելու ժամանակ նկատել է, որ դիմացից հետիոտն է ճանապարհն անցնում, կորցրել է մեքենայի կառավարումը, մի պահ չի հասկացել, թե ինչ է կատարվում, և մեքենայի աջ մասով հարվածել է ճանապարհի եզրին գտնվող ծառին: Հարվածելուց հետո անմիջապես բացվել են անվտանգության բարձիկները: Դրանից հետո իջել է մեքենայից, ցանկացել է կողքին նստած աղջկան իջեցնել մեքենայից: Տեսել է, որ այդ աղջկա կողմի դուռը գտնվում է ծառին կպած վիճակում և հնարավոր չէ այն բացել առանց մեքենան տեղաշարժելու: Նորից նստել է մեքենան և փորձել է մեքենան տեղից շարժել, բայց այն անշարժացած է մնացել: Այդ ընթացքում անծանոթ մարդիկ են հավաքվել մեքենայի մոտ, բրդելով հետ են տարել մեքենան, որից հետո միայն առջևի աջ դուռը բացվել է և ինքն այդ աղջկան դուրս է հանել մեքենայից։ Համոզվելով, որ նա վնասվածքներ չունի՝ պատահական տաքսիով նրան ճանապարհել է, որպեսզի այլ անձինք չտեսնեն, թե ում հետ է եղել: Դրանից հետո, զանգահարել է ճանապարհային ոստիկանություն և ապահովագրական ընկերություն ու հայտնել վթարի մասին: Այդ աղջկա գնալուց հետո մեքենան նորից հրել են, քանի որ հավաքված մարդիկ խորհուրդ են տվել մեքենան ֆիքսել այնտեղ, որտեղ վթարի պահին կանգնած է եղել, որ ապահովագրության հետ կապված խնդիր չլինի: Դրանից հետո եկել են ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները: Ինքը նախկին ցուցմունքներում այսպիսի մանրամասնությամբ չի հայտնել հանգամանքները և չի էլ մտածել, որ իրեն կարող են մեղադրել վթարի ձևացման մեջ7:

13. Վկա Հովսեփ Հովսեփյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է Սևակ Սուղյանին, մի քանի անգամ է տեսել նրան և մոտ հարաբերությունների մեջ չի գտնվում: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի իրական շահագործողն ու սեփականատերն իր եղբայր Թորգոմն է, ով Սևակ Սուղյանի խնդրանքով մեքենան տվել էր նրան, որպեսզի վերջինս ինչ-որ միջոցառման մասնակցի: Դրանից հետո իր եղբորից տեղեկացել է, որ վթար է տեղի ունեցել, որի արդյունքում իրենց մեքենան բախվել է ծառին: Մեքենան գնելու ժամանակ և դրանից առաջ, իր հիշելով, այն վթարված չի եղել: Սևակի հետ չի խոսել դեպքի մասին, քանի որ եղբոր մեքենան է, և եղբայրն է դրանով զբաղվում, ինքը միայն լիազորագիր է տվել Սևակին, քանի որ մեքենան իր անունով է8:

14. Վկա Թորգոմ Հովսեփյանը ցուցմունք է տվել, որ ճանաչում է Սևակ Սուղյանին, նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ: 2019 թվականին՝ կոնկրետ օրը չի հիշում, Սևակը մի քանի օրով խնդրել է իր ավտոմեքենան, քանի որ պետք է մասնակցեր ինչ-որ կարևոր միջոցառման: Սևակը հենց իր մեքենան էր խնդրել, քանի որ այն թանկարժեք էր: Ինքը մեքենան տվել է դեպքից երկու օր առաջ: Հստակ չի հիշում` դեպքի օրը Սևակ Սուղյանը, թե իրենց ընդհանուր մտերիմ ընկերն է զանգահարել և ասել, որ Սևակը մեքենան խփել է ծառին, քանի որ տեսադաշտում ինչ-որ մեքենա կամ հետիոտն է հայտնվել, որից ուղղությունը շեղելու նպատակով կտրուկ թեքել է մեքենան ձախ և հարվածել ծառին: Ինքը, այդ ամենը լսելով, ճշտել է թե արդյոք զոհեր կան, և երբ իմացել է, որ ոչ ոք չի տուժել, ասել է, որ զանգահարեն ապահովագրական ընկերություն, քանի որ մեքենան «Կասկո» տեսակի ապահովագրություն ունի: Քանի որ բնակվում է Եղվարդում, իսկ դեպքը եղել էր Երևանի Նոր Նորք թաղամասում և ուշ ժամի, չի գնացել դեպքի վայր: Ինչքան հիշում է` Սևակի հետ մանրամասների մասին խոսել է միայն դեպքից հետո՝ հաջորդ օրը, ով իրեն ներկայացրել է ողջ իրողությունը: Ընդ որում, մեքենան նույնպես տեսել է հաջորդ օրը: Մեքենան գնել է 2019 թվականի ամռանը, որի ընթացքում ստուգել է նրա վթարված լինելու փաստը և պարզել, որ այն ամբողջությամբ սարքին է և երբեք վթարված չի եղել: Ինչ վերաբերում է նրան, որ մեքենան վերաներկված է, և որ վազքի ցուցիչը դեպքից հետո երեք կիլոմետր փոփոխվել է, ապա դրա վերաբերյալ տեղեկություն չունի: Թ.Հովսեփյանը հայտնել է նաև, որ ավտոմեքենան ինքն է շահագործում, սակայն դրա սեփականատերն իր եղբայր Հովսեփ Հովսեփյանն է, ուստի ապահովագրական ընկերությունից հատուցում ստանալու և նմանատիպ հարցերով զբաղվելու նպատակով Հովսեփը լիազորագիր էր տվել Սևակին9:

15. Վկա Դավիթ Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ Սևակ Սուղյանը հանդիսանում է իր ծառայակից ընկերը։ Ինքը որևէ վթարի ժամանակ Սևակ Սուղյանի հետ չի եղել, իսկ թե ինչու է Սևակը հայտնել, որ իբրև միասին են եղել, չգիտի10:

16. Այլ փաստաթուղթ ճանաչված՝ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի՝ թիվ 19-1812 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վրա առկա վնասվածքներն ու հետքերն իրենց համակցությամբ չէին կարող առաջանալ վարորդի կողմից նկարագրված պատահարի հանգամանքներում: Ավտոմոբիլի առջևի աջ անկյունային մասում կարող էին առաջանալ վնասվածքներ դեպքի վայրի ծառի բնի, հարակից ճյուղերի ու մյուս էլեմենտների հետ փոխազդեցության արդյունքում, սակայն մինչ այդ ավտոմոբիլի առջևի աջ անկյունային հատվածն արդեն իսկ եղել է վնասված: Տարանջատել կոնկրետ այն վնասվածքները, որոնք կարող էին առաջանալ պատահարի ներկայացված հանգամանքներում դեպքի վայրի ծառի բնի ու հարակից ճյուղերի հետ փոխազդեցության արդյունքում, հնարավոր չէ, դրանց միախառնված լինելու պատճառով: Փորձաքննությանը տրամադրված՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի առջևի դետալներից շարժիչի ծածկոցն ու աջ անվաթևն ամրացնող պտտագամերն ուղեկցվում են ապամոնտաժմանը բնորոշ հետքերով: Սրահի դետալների, այդ թվում` նաև անվտանգության բարձիկների ու դրանք քողարկող դետալների վրա ապամոնտաժմանը կամ փոխարինմանը բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Սույն փորձաքննության շրջանակներում որոշել, թե ավտոմոբիլի անվտանգության բարձիկները հանդիսանում են ավտոմոբիլի գործարանային բարձիկները՝ թե ոչ, և այդպիսիք գործարկվել են տվյալ պատահարի հետևանքով, թե մինչ տվյալ պատահարը արդեն իսկ գործարկված եղել են, հնարավոր չէ, փորձագիտական չափանիշների բացակայության պատճառով: Գործնականում ավտոմոբիլների դիմային հատվածից նմանատիպ հարված ստանալու դեպքում գործարկվում են ավտոմոբիլի սրահի անվտանգության համակարգի առաջամասում տեղադրված հարվածային տվիչները, ինչի արդյունքում գործարկվում են սրահի առաջամասի անվտանգության բարձիկները, տվյալ դեպքում սրահում, ըստ տրամադրված նյութերի` ուղևոր չլինելու պայմաններում, պետք է գործարկվեին միայն վարորդի նստատեղի շրջանի անվտանգության բարձիկները, այնինչ տվյալ դեպքում բացված են սրահի բոլոր բարձիկները, ինչը բնորոշ չէ առանց ուղևորի նման պատահարի արդյունքում առաջանալուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմի վերաբերյալ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված այն հանգամանքը, որ պատահարի ընթացքում իր ավտոմոբիլը, դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է ծառին, այսինքն՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առջևի մասի տարրերի վնասվածքներն առաջացել են ծառին բախվելու արդյունքում, չեն համապատասխանում ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմին, քանի որ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առջևի շրջանի թափքի տարրերի վերը նկարագրված վնասվածքները չէին կարող առաջանալ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի դեպքի վայրում առկա ծառին բախվելու արդյունքում՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված հանգամանքներում։ Այսինքն՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի թափքի տարրերի առկա վնասվածքները չեն հանդիսանում վերջինի վարորդի կողմից ներկայացված ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմի հետևանք: Փորձաքննությանը տրամադրված՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի առջևի վահանը, շարժիչի ծածկոցը, շարժիչի ծածկոցի ներսային ձախակողմյան հատվածը, առջևի աջակողմյան անվաթևը, հետևի աջակողմյան դուռը և անվաթևը՝ ըստ ներկման համակարգի, վերաներկված են: Որոշել տվյալ դետալների վերաներկման վաղեմությունը հնարավոր չէ՝ գիտականորեն մշակված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով։ Չնայած, որ վերը նշված դետալները վերաներկված են, սակայն առջևի վահանից, շարժիչի ծածկոցից, առջևի աջակողմյան անվաթևից, հետևի աջակողմյան դռնից և անվաթևից վերցված ներկածածկույթի նմուշների ներկման համակարգում առկա են գործարանային ներկմանը բնորոշ հատկանիշներ։ Փորձաքննությանը տրամադրված՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի առջևի ձախակողմյան անվաթևը, առջևի աջակողմյան և ձախակողմյան դռները, աջակողմյան և ձախակողմյան մեջտեղի կանգնակները, հետևի ձախակողմյան դուռն ու անվաթևը և բեռնախցիկի ծածկոցն՝ ըստ ներկման համակարգի, կրում են գործարանային ներկմանը բնորոշ հատկանիշներ, այսինքն՝ վերաներկված չեն11:

17. Այլ փաստաթուղթ ճանաչված՝ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետների` 2020 թվականի հունվարի 21-ի թիվ 3394-19 եզրակացություն համաձայն՝ զննության պահին դեպքի վայրի ծառը գրեթե գետնի մակերևույթից կտրված էր և բացակայում էր, և այդ պայմաններում կատարել ավտոմոբիլի վնասվածքների և դեպքի վայրի ծառի և դրա վրա նկատվող վնասվածքների համադրում, հնարավոր չէ: Պարզել, թե փորձաքննությանը տրամադրված՝ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի անվտանգության բարձիկներն արդյոք գործարկվել են տվյալ պատահարի հետևանքով, թե նախկինում եղել են գործարկված, և արդյոք դրանք հանդիսանում են տվյալ ավտոմոբիլի գործարանային անվտանգության բարձիկները, հնարավոր չէ։ Փորձաքննությանը տրամադրված՝ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի առաջամասի աջակողմյան անվաթևի վերին հատվածն ավտոմոբիլի առաջամասի աջակողմյան մետաղյա ցայտապաշտպան թևի վերին եզրային հատվածին ամրացնող բոլոր հեղյուսներն իրենց վրա կրում են քանդման-ձգմանը բնորոշ հետքեր: «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի շարժիչի խցիկի ծածկոցը վերջինիս ծխնիներին ամրացնող մանեկներն իրենց վրա նույնպես կրում են քանդման-ձգմանը բնորոշ հետքեր: Ընդ որում, շարժիչի խցիկի ծածկոցն աջակողմյան ծխնուն ամրացնող մանեկներից մեկը բացակայում է: Փորձաքննությանը տրամադրված վիճակում պարզել, թե «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի սրահի գործարկված անվտանգության բարձիկներն ու դրանք կրող դետալներն իրենց վրա ապամոնտաժմանը, կամ փոխարինմանը բնորոշ հետքեր կրում են, թե ոչ, հնարավոր չէ: Փորձաքննությանը տրամադրված ելակետային տվյալների հիման վրա «Virtual CRASH 3» ծրագրով կատարված մոդելավորմամբ պարզվել է, որ եթե ըստ ներկայացված տվյալների «MERCEDES-BENZ S 500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը դուրս գար ճանապարհի երթևեկելի մասից դրա աջ կողմով և բախվեր այդտեղ առկա ծառին, ապա այդպիսի վնասվածքների դեպքում լուսանկարներում երևացող և ՃՏՊ սխեմայում պատկերված հետվթարային դիրքը չէր ընդունի, որը երևում է մոդելավորման 3394-19-M-1 տեսաֆայլում: Իսկ ներկայացված հետվթարային դիրքը կընդուներ մոդելավորման 3394-19-M-2 տեսաֆայլով երևացող դեպքում։ Այսինքն՝ տվյալ պատահարի առաջացման վերաբերյալ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված հանգամանքները տեխնիկական տեսակետից չեն համապատասխանում պատահարի առաջացման իրական մեխանիզմին, այն է՝ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված պայմաններում և հանգամանքներում ավտոմոբիլի վրա առկա վնասվածքները չէին կարող առաջանալ12:

18. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի` դատահետքաբանական, ավտոտեխնիկական և նյութագիտական համալիր թիվ 07452002 փորձագիտական եզրակացության համաձայն՝ «(...) [Փ]որձաքննությանը ներկա գտնվող` ավտոմոբիլը շահագործող անձը հայտարարեց, որ ավտոմոբիլի աջ կողային մակերեսի վրա նախկինում եղել են վնասվածքներ, մասնավորապես հետազոտման պահին առջևի դռան վրա տեղադրված հայելու, (...) դռան (...) և առջևի անվաթևի վրա առկա (...) քերծվածքներն առնչություն չունեն տվյալ վթարի հետ:

(...) «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի աջակողմյան առջևի և հետևի անվադողերի հետնամասերում առկա են անվադողի հետքեր: Սակայն վերը նշված հետքերն իրենց տեղակայությամբ և բնույթով հակասում են «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից առաջադրված պատահարի առաջացման մեխանիզմին, քանի որ եթե ավտոմոբիլը առջևի աջ մասով ծառին բախվելուց հետո առջևի մասը տեղափոխվել է դեպի ձախ, ապա ավտոմոբիլի հետևի աջակողմյան անվադողի կողմից թողնված հետքը պետք է ունենար կորագիծ տեսք, այլ ոչ թե ուղագիծ, ինչպես դա երևում է դեպքի վայրի լուսանկարներում: Բացի դա, ծառին ավտոմոբիլը բախվելու պահից սկսած ինչպես հետևի աջ, այնպես էլ հետևի ձախ անիվների տեղաշարժը կուղեկցվեր կողատարումով, որի ընթացքում այդ անիվների պահպանաշերտի նախշանկարները ճշտորեն չէին արտատպվի տեղանքի մակերևույթի վրա: Մինչդեռ, տրամադրված գործի նյութերում առկա լուսանկարներում հստակ երևում է ավտոմոբիլի հատկապես հետևի աջ անվադողի հետքը, որն ուղագիծ է և բնորոշ է ազատ գլորվող անիվից թողնվելուն (հետքն ուղեկցվում է անվադողի պահպանաշերտի նախշանկարների հստակ արտատպվածքով): Վերը նշվածից հետևում է, որ տվյալ պատահարը չէր կարող տեղի ունենալ «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի վարորդի ցուցմունքում նշված այն հանգամանքի պարագայում, որ ծառին հարվածելու նախորդող պահին ավտոմոբիլն ընթացել է անկառավարելի վիճակով:

(...) Փորձաքննությանը ներկայացված` «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առաջամասի աջ կիսահատվածի ու առջևի աջ կողային մակերեսի վրա առկա են վնասվածքներ ու հետքեր, որոնք իրենց բնույթով ու համակցությամբ առաջացել են ուռուցիկ կառուցվածք ունեցող օտար կոշտ առարկայի հետ, որպիսին հանդիսանում է ծառը, հարվածային բնույթի փոխազդեցության հետևանքով։ Բացի այդ, ավտոմոբիլի աջ կողային մակերեսի վրա առկա են վնասվածքներ, որոնք առնչություն չունեն տվյալ վթարի հետ (մանրամասն տես «Տրանսպորտային հետքաբանական հետազոտություն» բաժնում): Իսկ վթարի առաջացման հանգամանքին առնչվող հարցին պատասխանել հնարավոր չէ, բավարար փորձագիտական չափանիշների՝ կոնտակտային օբյեկտ հանդիսացող ծառի բացակայության (չլինելու) պատճառով: (...)

(...) Ելնելով դեպքի վայրում «MERCEDES-BENZ 500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի հատկապես հետևի աջ անվադողից թողնված գլորման հետքի բնույթից ու տեղակայումից, տվյալ պատահարը չէր կարող առաջանալ այդ ավտոմոբիլի վարորդի ցուցմունքում նշված պատահարի մեխանիզմի հանգամանքներում: Այդ հանգամանքի հաշվառումով և հետազոտության ավտոտեխնիկական մասում նշված ելակետային տվյալների անբավարարության պատճառով հնարավոր չէ կատարել պատահարի մեխանիզմի համակողմանի վերլուծություն և պատասխանել առաջադրված հարցին:

(...) Առաջադրված պայմաններում տեխնիկական տեսակետից հնարավոր չէ կատարել ՃՏՊ մոդելավորում և վերականգնել տվյալ պատահարի իրական մեխանիզմն ու պարզել դրա համապատասխանելիությունը ներկայացված ելակետային տվյալներին։ (...)

(...) Փորձաքննությանը տրամադրված «MERCEDES» մակնիշի, 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի շարժիչի ծածկոցի առջևի աջակողմյան հատվածի և առջևի վահանի աջ կողային հատվածի վրա հայտնաբերվել են կանաչ գույնի` բուսական ծագում ունեցող նյութի (քլորոֆիլի) քսվածքներ:

Փորձաքննությանը տրամադրված «MERCEDES» մակնիշի, 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի վրա՝ հետազոտման պահին, այլ տրանսպորտային միջոցի կողմից թողնված ներկածածկույթի հետքեր չեն հայտնաբերվել:

(...) Փորձաքննությանը տրամադրված «MERCEDES» մակնիշի, 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի առջևի վահանը, շարժիչի ծածկոցը, առջևի աջակողմյան անվաթևը, հետևի աջակողմյան՝ դուռը և անվաթևն ըստ ներկման համակարգի վերաներկված են: Որոշել տվյալ դետալների վերաներկման վաղեմությունը հնարավոր չէ՝ գիտականորեն մշակված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով: Չնայած, որ վերը նշված դետալները վերաներկված են, սակայն նշված դետալներից վերցված ներկածածկույթի նմուշների ներկման համակարգում առկա են գործարանային ներկմանը բնորոշ հատկանիշներ:

Փորձաքննությանը տրամադրված «MERCEDES» մակնիշի, 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի առջևի ձախակողմյան անվաթևը, առջևի աջակողմյան և ձախակողմյան դռները, աջակողմյան և ձախակողմյան մեջտեղի կանգնակները, հետևի ձախակողմյան դուռն ու անվաթևը, բեռնախցիկի ծածկոցը և հետևի վահանն ըստ ներկման համակարգի կրում են գործարանային ներկմանը բնորոշ հատկանիշներ, այսինքն՝ վերաներկված չեն»13:

18.1. Առաջին ատյանի դատարանում հարցաքննության ժամանակ տրանսպորտային հետքաբանական հետազոտություն իրականացրած փորձագետ Միհրան Հարությունյանը նշել է, որ մեքենայի վրա առկա վնասվածքներն առաջացել են ծառին բախվելու հետևանքով, բայց քանի որ փորձաքննության կատարման ժամանակ ծառը բացակայել է, հիմնովին կտրված է եղել, ուստի հնարավոր չէ պատասխանել, վնասվածքներն առաջացել են կոնկրետ այդ ծառին բախվելու հետևանքով, թե ոչ: Նախագահող դատավորի հարցին պատասխանելիս նշել է, որ մեքենայի վրա առաջացած հետազոտելի վնասվածքները միայն մեկ ներգործության, մեկ գործողության արդյունք են և հնարավոր չէ, որ մեքենան հարվածեին մի օբյեկտի, իսկ հետո հարվածեին այլ օբյեկտի: Այսինքն՝ համադրված վնասվածքներ չկան, դրանք մի բնույթի, մի ներգործության վնասվածքներ են14:

18.2. Առաջին ատյանի դատարանում հարցաքննության ժամանակ ներկածածկույթի հետքերի հայտնաբերման և ներկածածկույթի հետազոտություն իրականացրած փորձագետ Մուշեղ Հարությունյանը նշել է, որ հնարավոր չէ ասել, արդյոք մեքենան վերաներկվել է գործարանում, թե տնայնագործական պայմաններում: Նշել է, որ գործարանային պայմաններում մեքենան չորս շերտով է ներկվում, իսկ հետազոտման ենթակա մեքենայի որոշ դետալներ ներկված էին վեց-յոթ շերտով: Միևնույն ժամանակ պարզաբանել է, որ չի բացառվում, որ վերաներկումը իրականացված լինի գործարանային պայմաններում: Նշել է նաև, որ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է մեքենան վերաներկվել, այն կոսմետիկ բնույթ է կրել, այսինքն՝ մեքենայի համապատասխան հատվածքները ջարդված չեն եղել: Դա հնարավոր է միանշանակ պնդել, քանի որ մեքենայի համապատասխան դետալները ծեփամածիկով պատված չեն եղել, իսկ ծռված դետալները հնարավոր է վերականգնել միայն ծեփամածիկի միջոցով15:

18.3. Դատաքննության ընթացքում դատաավտոտեխնիկական փորձագետ Մուշեղ Մաթևոսյանը հարցերին պատասխանելիս նշել է, որ վարորդի նկարագրած իրավիճակում գլորման հետք չէր մնա, այսինքն` եթե մեքենան, ինչպես վարորդն է նկարագրել` սահելով է գնացել, ապա հետքը կորաձև պետք է լիներ և գլորման հետք պետք է չլիներ: Իսկ եթե հետևի հետքը երկրորդ անգամ մոտենալու հետևանք է, այսինքն՝ մեքենան հետ է տրվել, որ մարդ իջնի, և հետո նորից եկել կանգնել է նույն տեղը, ապա կարող էր երկրորդ անգամ մոտենալու ժամանակ գլորման հետք առաջանալ: Ուստի՝ եթե մեքենան հետընթաց է կատարել և նորից նույն դիրքին է բերվել, ապա գլորման հետք առաջանալու հետ կապված այդ դեպքում ոչ մի տարօրինակ բան չկա16:

19. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Ա.Մելքոնյանի դիմումին կից ներկայացված լազերային սկավառակը և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Գ.Գևորգյանի՝ թիվ ԱՎՄ-Ն-21/012 գրությունը զննելու և արդյունքները համադրելու մասին արձանագրության համաձայն՝ «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետվթարային լուսանկարի զննությամբ ավտոմեքենայի վազքի ցուցիչը կազմում է 89.635 կիլոմետր, մինչդեռ ավտոմեքենայի անվտանգության բարձիկները գործարկվել են 89.632 կիլոմետր վազքի ժամանակ17:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրիք իրավակարգավորումները:

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Սևակ Սուղյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

22. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝

պատժվում է (...)։

3. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

(...)

պատժվում է (...)»:

22.1. Վճռաբեկ դատարանը Լիա Ավետիսյանի գործով կայացված որոշմամբ խարդախության հանցակազմի վերաբերյալ ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է:

(...) [Օ]բյեկտիվ կողմից խարդախությունը կատարվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ինչի արդյունքում մոլորության մեջ ընկած սեփականատերը կամ իրավասու այլ անձը կամավոր կերպով գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները հանձնում է հանցագործին կամ այլ անձի կամ անձանց կամ չի խոչընդոտում վերջիններիս կողմից այդ գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքները վերցնելուն:

(...) Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով:

(...) Խարդախությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորության մեղքի ձևով. հանցավորը պետք է գիտակցի, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև պետք է նախատեսի և ցանկանա դա:

(...) Խարդախության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է նաև շահադիտական նպատակի առկայությամբ, այսինքն` մինչև գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը հանցավորն ի սկզբանե նպատակ է ունենում հափշտակելու այն, չվերադարձնելու գույքը, չկատարելու խոստումը կամ պայմանագրային պարտավորությունները:

Հակառակ դեպքում, երբ գույքը չվերադարձնելու, խոստումը կամ պարտավորությունները չկատարելու դիտավորությունն առաջանում է գույքը վերցնելուց հետո (անկախ շարժառիթից), խարդախության հանցակազմը բացակայում է:

(...) Խարդախության միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և գույքը հափշտակելու շահադիտական նպատակի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն գործով ձեռք բերված ապացույցների համակցության վրա:

Նշված ապացույցների գնահատման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատված համարի, որ անձն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակել ուրիշի գույքը, և եթե ապացուցվի, որ ունեցել է, ապա խարդախության հանցակազմն առկա է»18:

22.2. Վճռաբեկ դատարանը Նելլի Ափոյանի գործով որոշմամբ ընդգծել է, որ խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են` (ա) ուրիշի գույքը հափշտակելը, այսինքն` այն վերցնելը, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, (բ) հանցագործության եղանակը` ուրիշի գույքը հափշտակելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով19:

22.3. Վճռաբեկ դատարանը Սերգեյ Ափոյանի գործով որոշմամբ, անդրադառնալով խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր հանդիսացող շահադիտական նպատակին, արձանագրել է. «(...) [Ա]րարքը որպես խարդախություն որակելու և խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար որևէ նշանակություն չունի շահադիտական նպատակի ուղղվածությունը: Այլ խոսքով` խարդախության հանցակազմն առկա է, եթե հանցավորը մինչև ուրիշի գույքին տիրանալը այն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելու և չվերադարձնելու ուղղակի դիտավորություն է ունենում, իսկ այն, թե գույքը հափշտակելուց (վերցնելուց և չվերադարձնելուց) հետո հանցավորը հետագայում այդ գույքը ինչպիսի եղանակով կամ ուղղությամբ օգտագործելու նախնական դիտավորություն է ունենում, որևէ կերպ չի կարող հիմք ծառայել արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար»20:

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում՝

1) քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի.

2) ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի. (...)»:

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ։

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

Նույն օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով.

2) կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ.

(...)

5) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ.

(...):

2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ:

(...)»:

Նույն օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

Նույն օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

24. Ապացույցի գնահատման չափանիշների վերաբերյալ վերոհիշյալ նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ.

- ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով21,

- ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում` կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով` հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա22:

- «ներքին համոզմունքը», որպես սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա՝ ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ։ Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը։ Ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա23։

24.1. Ապացույցների բավարարության հիմնահարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որ հավաքված ապացույցները որակական կողմից ապահովվեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից՝ այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը24,

- գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում25:

24.2. Խարդախության գործերով ապացույցների բավարարության չափանիշը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Նելլի Ափոյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ քննարկվող գործերով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն հանցագործության դեպքի և այն բնութագրող հանգամանքների (մասնավորապես` ուրիշի գույքը հափշտակելու և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակի) առկայության, դրանում անձի մեղավորության (մասնավորապես` հանցավորի մոտ ի սկզբանե ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության առկայության) վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնելու հիմնավորված ու պատճառաբանված որոշում26:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմինը Ս.Սուղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրականությունը խեղաթյուրելու եղանակով, 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հովսեփ Հովսեփյանին պատկանող «Mercedes-Benz S500 4Matic» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կազմակերպել է վթարի ձևացում, այնուհետև օգոստոսի 14-ին «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը ներկայացրել է ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցային դիմում, որը մերժվելուց հետո ֆինանսական համակարգի հաշտարարին է ներկայացվել պահանջ-դիմում՝ ընդհանուր` 10.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրական հատուցում իրականացնելու մասին, որը նույնպես մերժվել է, քանի որ վարորդի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանել տվյալ պատահարի առաջացման իրական մեխանիզմին27,

- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ս.Սուղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը գտել է, որ Ս.Սուղյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը՝ շահադիտական շարժառիթի և նպատակի, ինչպես նաև հափշտակված գույքը տնօրինելու իրական հնարավորության բացակայության հիմքով: Դատարանը նշել է, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Ս.Սուղյանն ուղղակի դիտավորությամբ նպատակ է հետապնդել տիրանալու 10.000.000 ՀՀ դրամի, մինչդեռ, թե՛ մեղադրական եզրակացությամբ, թե՛ դրա հիմքում դրված փաստերով չի պարզաբանվում ստացված հատուցման գումարներն ուր էին ուղղված լինելու՝ Սևակ Սուղյանի, թե մեքենայի իրական սեփականատիրոջ գույքային զանգվածի ավելացմանը: Դատարանը նշել է, որ նույնիսկ այն պարագայում, եթե Ս.Սուղյանի գործողությունները չխափանվեին և նա ենթադրյալ հանցագործությունն ավարտին հասցներ, այնուամենայնիվ, ապահովագրական ընկերության կողմից տրված հատուցման գումարը չէր կարող սեփականացնել, կամ այլ կերպ այդ գումարն իրենը դարձնել, քանի որ այդ գումարը սեփականության իրավունքով պատկանում է մեքենայի սեփականատիրոջը: Դատարանը նշել է, որ սույն գործով Ս.Սուղյանի մոտ շահադիտական շարժառիթի առկայությունը հնարավոր կլիներ քննության առարկա դարձնել միայն այն համատեքստում, երբ նա մեքենայի սեփականատերերի հետ համաձայնեցված գործելով` վթարի ձևացում կազմակերպեր` ապահովագրական հատուցում ստանալու նպատակ հետապնդելով: Իսկ այն պարագայում, երբ մեքենայի սեփականատերը և փաստացի տիրապետողը քրեական գործով վկայի կարգավիճակ ունեն, դատարանն իրատեսական չի համարել Ս.Սուղյանի մոտ շահադիտական նպատակի առկայությունը՝ հաշվի առնելով, որ նա հատուցման գումարը չէր կարողանա հափշտակել առանց լրացուցիչ օժանդակության: Բացի այդ, դատարանը նշել է, որ պարզ չէ, թե Ս.Սուղյանը նպատակ է ունեցել հափշտակելու հատուցման ամբողջ գումարը, թե միայն դրա մի մասը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ դեպքի վայրի զննության ընթացքում արված լուսանկարներով ավտոմեքենայի վազքի ցուցիչը կազմել է 89.635 կիլոմետր, իսկ ավտոմեքենայի անվտանգության բարձիկները գործարկվել են 89.632 կիլոմետրի ժամանակ` դատարանը, հիմնվելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից կազմված փաստաթղթի վրա, նշել է, որ անվտանգության բարձիկների գործարկման և վթարի պահին լուսանկարված վազքի ցուցիչի երեք կիլոմետր տարբերությունը պաշտպանական կողմի պնդմամբ առաջացել է մեքենան տեղաշարժելու, տեղապտույտ կատարելու փորձերի պատճառով։ Դատարանը որպես այլ փաստաթուղթ ճանաչված՝ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության փորձագետների եզրակացությունները ճանաչել է որպես անթույլատրելի ապացույցներ, պատճառաբանելով, որ այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձաքննության կատարման ընթացքում չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխով նախատեսված նորմերի պահանջները, ինչի արդյունքում Ս.Սուղյանին չի տրվել հնարավորություն` մասնակից դառնալու փորձաքննության կատարմանը, բացարկ հայտնելու փորձագետներին, տալու պարզաբանումներ, լրացուցիչ հարցեր առաջադրելու փորձագետին, որպիսի պայմաններում չի ապահովվել նրա պաշտպանության իրավունքը: Դատարանը նշել է նաև, որ նույնիսկ այն պայմաններում, եթե որպես այլ փաստաթուղթ ճանաչված այդ եզրակացությունները թույլատրելի ապացույց դիտարկվեին և անձի մեղավորությունը խաբեության հարցում հիմնավոր լիներ, միևնույն է, Ս.Սուղյանը ենթակա չէր լինի քրեական պատասխանատվության` նրա արարքում հանցակազմի պարտադիր տարր հանդիսացող շահադիտական շարժառիթի և նպատակի բացակայության (չապացուցվածության) հիմքով: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ Ս.Սուղյանի մեղավորությունը ավտովթարի ձևացում իրականացնելու և դրա արդյունքում նյութական շահ ստանալու նպատակ հետապնդելու կապակցությամբ չի հաստատվում28,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն Ս.Սուղյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և ապացուցված համարելու նրան մեղսագրված հանցագործության կատարումը: Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ «ՋԻ-ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության եզրակացությունները, ըստ էության, այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձագիտական եզրակացություններ են, որոնց կատարման ընթացքում չեն պահպանվել քրեադատավարական նորմերի պահանջները: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նաև Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ քննարկվող իրավիճակում շահադիտական շարժառիթը բացակայում է, քանի որ Ս.Սուղյանը հանդես է եկել բացառապես գույքն օգտագործողի, իսկ գույքի սեփականատիրոջ կողմից լիազորվելուց հետո՝ հատուցումը ստացողի կարգավիճակում, ինչը բացառում է Ս.Սուղյանի կողմից հատուցման ենթակա գումարը տնօրինելու իրավազորությունը և ըստ այդմ՝ վերջինիս մոտ շահադիտական շարժառիթի առկայությունը29:

26. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 22-24.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Սուղյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը` արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելով` ճիշտ չեն մեկնաբանել նյութական իրավունքի նորմերը, պատշաճ գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալները, ավելին` որպես այլ փաստաթուղթ ճանաչված` «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության եզրակացություններն անհիմն կերպով ճանաչվել են անթույլատրելի ապացույցներ:

 

I. Նյութական իրավունք.

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով խարդախության հանցակազմի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները30, հարկ է համարում կրկնել, որ արարքը որպես խարդախություն որակելու և խարդախության մեղադրանքով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար որևէ նշանակություն չունի շահադիտական նպատակի ուղղվածությունը: Այլ խոսքով` խարդախության հանցակազմն առկա է, եթե հանցավորը մինչև ուրիշի գույքին տիրանալն այն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելու և չվերադարձնելու ուղղակի դիտավորություն է ունենում, իսկ այն, թե գույքը հափշտակելուց (վերցնելուց) հետո հանցավորը հետագայում այդ գույքը ինչպիսի եղանակով կամ ուղղությամբ օգտագործելու նախնական դիտավորություն է ունենում, որևէ նշանակություն չունի՝ արարքում խարդախության հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանի հատուկ կարծիքի հետ առ այն, որ Առաջին ատյանի դատարանի այն դատողությունները, որ նախաքննության մարմնի կողմից չի պարզաբանվել, թե ստացված հատուցման գումարներն ու՞ր էին ուղղվելու՝ Սևակ Սուղյանի՞, թե մեքենայի իրական սեփականատիրոջ գույքային զանգվածի ավելացմանը, կամ այն, թե Ս.Սուղյանը նպատակ է ունեցել հափշտակելու հատուցման ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն դրա մի մասը, որևէ կերպ չեն չեզոքացնում (բացառում) շահադիտական նպատակի առկայությունը։

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, որ ապահովագրական ընկերության կողմից տրված հատուցման գումարը Ս.Սուղյանը չէր կարող սեփականացնել, կամ այլ կերպ իրենը դարձնել, քանի որ այդ գումարը սեփականության իրավունքով պատկանում է մեքենայի սեփականատիրոջը և Ս.Սուղյանի մոտ շահադիտական շարժառիթի առկայությունը հնարավոր կլիներ քննության առարկա դարձնել միայն այն համատեքստում, երբ նա վթարի ձևացում կազմակերպեր` մեքենայի սեփականատերերի հետ համաձայնեցված գործելով, ապա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում շահադիտական նպատակի վերաբերյալ վերոնշյալ մեկնաբանությունից:

 

II. Դատավարական իրավունք.

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

(…

3. Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել սույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ»:

Նշված հոդվածի 2-րդ մասով որպես ապացույց թույլատրվում է նաև «այլ փաստաթուղթը», որի բնորոշումը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասում` «Փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները»: Համաձայն տվյալ հոդվածի 3-րդ մասի` «Այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ»:

Վերոգրյալի առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2019 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով սույն քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից տրված հանցագործության մասին հաղորդումը, որին, ի թիվս այլնի, կցված է եղել նաև «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 19-1812 եզրակացությունը: Իսկ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պատահարի առաջացման պատճառների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին, ընդ որում, տվյալ եզրակացության պատվիրատուն հանդիսացել է Ֆինանսական համակարգի հաշտարարը, ում 2019 թվականի նոյեմբերի 21-ին դիմել էր «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Հովսեփ Հովսեփյանը՝ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերությունից 10.000.000 ՀՀ դրամ գումարի չափով ապահովագրական հատուցման վերաբերյալ պահանջ ներկայացնելով։ Նախաքննության մարմնի` 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եզրակացությունները, որպես այլ փաստաթղթեր, ճանաչվել են ապացույց31:

27.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 19-1812 եզրակացությունը, ինչպես նաև «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության 2020 թվականի հունվարի 21-ի եզրակացությունը նախաքննության մարմնի կողմից, որպես այլ փաստաթուղթ, ապացույց են ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի պահանջների պահպանմամբ և բացակայում են այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված իրավական հիմքերը:

27.2. Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին առ այն, որ այս դեպքում այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով քողարկված փորձաքննության կատարման ընթացքում չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ գլխով նախատեսված նորմերի պահանջները, և որ տվյալ ապացույցն անթույլատրելի չճանաչելու դեպքում յուրաքանչյուր անգամ, երբ վարույթն իրականացնող մարմինը չի պահպանի ապացույցի կոնկրետ տեսակին ներկայացվող պահանջները, այն կփորձի քողարկել այլ փաստաթուղթ ապացույցի տեսակով, ինչն անընդունելի է և ոչ իրավաչափ` ապա Վճռաբեկ դատարանը, համաձայնվելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանի հատուկ կարծիքին, արձանագրում է հետևյալը. ինչպես «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի, այնպես էլ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունները նշանակվել և իրականացվել են քրեական վարույթի շրջանակներից դուրս: Դրանցից առաջինով փորձագետի եզրակացությունը տրվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ դեռևս քրեական գործ հարուցված չի էլ եղել, իսկ երկրորդով՝ 2020 թվականի հունվարի 21-ին՝ քրեական գործի հարուցումից հետո, սակայն այն կատարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի պատվերի հիման վրա, որի ծառայություններին մինչև քրեական գործի հարուցումը դիմել էր հենց «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատեր Հովսեփ Հովսեփյանը, ուստի տվյալ եզրակացություններին չեն կարող ներկայացվել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պահանջները: Այդ եզրակացությունները նախաքննության մարմնի կողմից իրավացիորեն ճանաչվել են որպես այլ փաստաթղթերի տեսքով ապացույցներ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով ճանաչել է դրանց` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունն այն պատճառաբանությամբ, որ փորձաքննության կատարման ընթացքում չեն պահպանվել քրեադատավարական նորմերի պահանջները, ինչի արդյունքում չի ապահովվել Ս.Սուղյանի պաշտպանության իրավունքը:

27.3. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի և «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության փորձագետների եզրակացություններով արձանագրվել և հաստատվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող որոշակի փաստական տվյալներ, որոնք ենթակա են գնահատման գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցությամբ:

27.4. «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի չորս փորձագետների կողմից տրված` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 19-1812 եզրակացությամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ.

- «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վրա առկա վնասվածքներն ու հետքերն իրենց համակցությամբ չէին կարող առաջանալ վարորդի կողմից նկարագրված պատահարի հանգամանքներում,

- ավտոմոբիլի առջևի աջ անկյունային մասում կարող էին առաջանալ վնասվածքներ դեպքի վայրի ծառի բնի, հարակից ճյուղերի ու մյուս էլեմենտների հետ փոխազդեցության արդյունքում, սակայն մինչ այդ ավտոմոբիլի առջևի աջ անկյունային հատվածն արդեն իսկ եղել է վնասված: Տարանջատել կոնկրետ այն վնասվածքները, որոնք կարող էին առաջանալ պատահարի ներկայացված հանգամանքներում դեպքի վայրի ծառի բնի ու հարակից ճյուղերի հետ փոխազդեցության արդյունքում, հնարավոր չէ՝ դրանց միախառնված լինելու պատճառով,

- ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմի վերաբերյալ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված այն հանգամանքը, որ պատահարի ընթացքում իր ավտոմոբիլը, դուրս գալով երթևեկելի մասից, բախվել է ծառին, այսինքն՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առջևի մասի տարրերի վնասվածքներն առաջացել են ծառին բախվելու արդյունքում, չեն համապատասխանում ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմին, քանի որ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առջևի շրջանի թափքի տարրերի վերը նկարագրված վնասվածքները չէին կարող առաջանալ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի դեպքի վայրում առկա ծառին բախվելու արդյունքում՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված հանգամանքներում։ Այսինքն՝ «MERCEDES BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի թափքի տարրերի առկա վնասվածքները չեն հանդիսանում վերջինի վարորդի կողմից ներկայացված ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմի հետևանք32:

27.5. «Անկախ փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացրած երեք փորձագետների կողմից տրված՝ 2020 թվականի հունվարի 21-ի եզրակացությամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ.

- զննության պահին դեպքի վայրի ծառը գրեթե գետնի մակերևույթից կտրված էր ու բացակայում էր, և այդ պայմաններում կատարել ավտոմոբիլի վնասվածքների և դեպքի վայրի ծառի և դրա վրա նկատվող վնասվածքների համադրում, հնարավոր չէ,

- պարզել, թե փորձաքննությանը տրամադրված «MERCEDES-BENZ S 500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի անվտանգության բարձիկներն արդյոք գործարկվել են տվյալ պատահարի հետևանքով, թե նախկինում եղել են գործարկված և արդյոք դրանք հանդիսանում են տվյալ ավտոմոբիլի գործարանային անվտանգության բարձիկներ, հնարավոր չէ,

- փորձաքննությանը տրամադրված ելակետային տվյալների հիման վրա «Virtual CRASH 3» ծրագրով կատարված մոդելավորմամբ պարզվել է, որ եթե ըստ ներկայացված տվյալների «MERCEDES-BENZ S 500 4MATIC» մակնիշի 36 FS 505 h/h ավտոմոբիլը դուրս գար ճանապարհի երթևեկելի մասից դրա աջ կողմով և բախվեր այդտեղ առկա ծառին, ապա այդպիսի վնասվածքների դեպքում լուսանկարներում երևացող և ՃՏՊ սխեմայում պատկերված հետվթարային դիրքը չէր ընդունի, որը երևում է մոդելավորման 3394-19-M-1 տեսաֆայլում: Իսկ ներկայացված հետվթարային դիրքը կընդուներ մոդելավորման 3394-19-M-2 տեսաֆայլով երևացող դեպքում։ Այսինքն՝ տվյալ պատահարի առաջացման վերաբերյալ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված հանգամանքները տեխնիկական տեսակետից չեն համապատասխանում պատահարի առաջացման իրական մեխանիզմին, այն է՝ «MERCEDES-BENZ S 500 4 MATIC» մակնիշի 36 FS 505 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից ներկայացված պայմաններում և հանգամանքներում ավտոմոբիլի վրա առկա վնասվածքները չէին կարող առաջանալ33:

27.6. Նախաքննության մարմնի որոշման հիման վրա «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի երեք փորձագետների կողմից տրված՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 07452002 եզրակացությամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ.

- «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի ավտոմոբիլի առաջամասի աջ կիսահատվածի ու առջևի աջ կողային մակերեսի վրա առկա են վնասվածքներ ու հետքեր, որոնք իրենց բնույթով ու համակցությամբ առաջացել են ուռուցիկ կառուցվածք ունեցող օտար, կոշտ առարկայի հետ, որպիսին հանդիսանում է ծառը, հարվածային բնույթի փոխազդեցության հետևանքով։ Բացի այդ, ավտոմոբիլի աջ կողային մակերեսի վրա առկա են վնասվածքներ, որոնք առնչություն չունեն տվյալ վթարի հետ։ Իսկ վթարի առաջացման հանգամանքին առնչվող հարցին պատասխանել հնարավոր չէ, բավարար փորձագիտական չափանիշների՝ կոնտակտային օբյեկտ հանդիսացող ծառի բացակայության (չլինելու) պատճառով,

- ելնելով դեպքի վայրում «MERCEDES-BENZ 500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի հատկապես հետևի աջ անվադողից թողնված գլորման հետքի բնույթից ու տեղակայումից՝ տվյալ պատահարը չէր կարող առաջանալ այդ ավտոմոբիլի վարորդի ցուցմունքում նշված պատահարի մեխանիզմի հանգամանքներում: Այդ հանգամանքի հաշվառմամբ և հետազոտության ավտոտեխնիկական մասում նշված ելակետային տվյալների անբավարարության պատճառով հնարավոր չէ կատարել պատահարի մեխանիզմի համակողմանի վերլուծություն և պատասխանել առաջադրված հարցին,

- «MERCEDES» մակնիշի, 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի առջևի վահանը, շարժիչի ծածկոցը, առջևի աջակողմյան անվաթևը, հետևի աջակողմյան դուռը և անվաթևն ըստ ներկման համակարգի վերաներկված են: Որոշել տվյալ դետալների վերաներկման վաղեմությունը հնարավոր չէ՝ գիտականորեն մշակված համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով34:

28. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես «ՋԻ ԷՄ» փորձագիտական կենտրոնի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 19-1812 եզրակացությունը, այնպես էլ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊ ընկերության` 2020 թվականի հունվարի 21-ի եզրակացությունը համադրելի են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակված և «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 07452002 եզրակացության հետևությունների հետ:

29. «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 8-ին տրված թիվ 07452002 եզրակացությունը կազմած և ստորագրած փորձագետներ Մուշեղ Մաթևոսյանի և Միհրան Հարությունյանի` Առաջին ատյանի դատարանում եզրակացության պարզաբանման ընթացքում հայտնած տվյալների35 հիման վրա Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ առկա է որոշակի հակասություն՝ մեքենայի հետվթարային դիրքի և լուսանկարներում արտատպված գլորման հետքի միջև և չի բացառվում, որ ծառին հարվածելուց հետո, ինչ-ինչ պատճառներով մեքենան տեղաշարժվի, որպիսի պայմաններում հավանական է, որ մեքենայի անվադողի հետքը կարող է փոփոխվել։ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ թեև փորձագետների հետևությունները բացարձակ միանշանակ չեն, սակայն ինքնին արդարացի չէ գլորման հետքի կապակցությամբ առաջացած հակասությունները մեկնաբանել ի վնաս ամբաստանյալի այն պայմաններում, երբ փորձագետները պնդել են, որ մեքենան մինչ դեպքի օրը վթարված չի եղել, իսկ մեքենայի վնասվածքներն առաջացել են մեկ ներգործության հետևանքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեքենայի գլորման հետքի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանն իր վերոնշյալ ենթադրական բնույթի հետևությունը կոնկրետ փաստական տվյալներով չի հիմնավորել։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մեքենան մինչ դեպքի օրը վթարված չլինելու, իսկ մեքենայի վնասվածքներն էլ մեկ ներգործության հետևանքով առաջացած լինելու վերաբերյալ փորձագետների հայտնած կարծիքները չեն հերքում Ս.Սուղյանին առաջադրված մեղադրանքը: Հարկ է ընդգծել, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում իրականացրել է վթարի ձևացում, որից հետո հատուցման պահանջ է ներկայացրել ապահովագրական ընկերությանը։ Ուստի ակնհայտ է, որ փորձագետների վերոնշյալ կարծիքները որևէ հակասության մեջ չեն մտնում առաջադրված մեղադրանքի հետ:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն առաջադրված մեղադրանքում Սևակ Սուղյանին արդարացնելու հիմքում դնելով, մասնավորապես, փորձագետներ Մուշեղ Մաթևոսյանի և Միհրան Հարությունյանի կողմից դատարանում հնչեցրած վերոհիշյալ տեսակետները, ոչ միայն սխալ գնահատական է տվել դրանց, այլ նաև խախտել է փորձագիտական եզրակացությունը փորձագետի հարցաքննությամբ ստացած տվյալներով փոխարինելու անթույլատրելիության վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

30. Առաջին ատյանի դատարանն ըստ էության հաստատված է համարել պաշտպանական կողմի այն պնդումը, որ «MERCEDES-BENZ S500 4MATIC» մակնիշի 36 FS 505 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետվթարային լուսանկարի զննությամբ ավտոմեքենայի վազքի ցուցիչի (89.635 կմ.) և ավտոմեքենայի անվտանգության բարձիկները գործարկվելու ցուցիչի (89.632 կմ.)36 երեք կիլոմետր տարբերությունն առաջացել է մեքենան տեղաշարժելու, տեղապտույտ կատարելու փորձերի պատճառով։ Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով պաշտպանի կողմից ներկայացված՝ «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի և տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկի կողմից կազմված փաստաթուղթը, արձանագրել է, որ այն ունի ապացուցողական (տեղեկատվական) նշանակություն՝ բացահայտելու զուտ այն փաստը, որ կանգնած դիրքում մեքենայի անիվների պտույտի արդյունքում կարող է վազքի ցուցանիշը փոփոխվել37։

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը, դարձյալ համաձայնվելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Արղամանյանի հատուկ կարծիքում առկա դատողության հետ, փաստում է, որ նշված փաստաթուղթը տեսական և շատ ընդհանրական տեղեկատվություն է պարունակում՝ անիվների տեղապտույտի և մեքենան նույն տեղում մնալու պայմաններում՝ վազքի ցուցիչի փոփոխության հնարավորության վերաբերյալ, սակայն որևէ տեղեկատվություն չի պարունակում, և Առաջին ատյանի դատարանն էլ որևէ կերպ չի հիմնավորել, թե կոնկրետ իրավիճակում և ի՞նչ փաստական տվյալների հիման վրա կարելի էր գալ եզրահանգման, որ ամառային չոր եղանակային պայմաններում38 կանգնած վիճակում մեքենայի անիվը (անիվները) երեք կիլոմետրի չափով պտույտ կարող էին կատարել։

31. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ստորադաս դատարանները, Սևակ Սուղյանի հակասական, իրարամերժ ցուցմունքներն արժանահավատության տեսանկյունից պատշաճ գնահատման չեն արժանացրել։ Մասնավորապես, ստորադաս դատարանները որևէ վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Ս.Սուղյանն իր յուրաքանչյուր ցուցմունքում տարբեր կերպ է նկարագրել դեպքի հանգամանքներն ու վթարի մեխանիզմը։ Նման պայմաններում ստորադաս դատարանները չեն վերհանել նրա ցուցմունքների փոփոխության հնարավոր պատճառներն ու դրանց վրա ազդող գործոնները, դրանց բովանդակությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը, դրանք չեն համադրել և գնահատել գործում առկա մյուս ապացույցների համատեքստում։

32. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Ս.Սուղյանին մեղսագրվող արարքում արդարացնելով, պատշաճ վերլուծության չեն ենթարկել գործում առկա ապացույցների ամբողջությունը։

33. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Սուղյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների, ինչպես նաև 114-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի Ս.Սուղյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը և հանգի համապատասխան հետևության` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները:

Սևակ Սուղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Սևակ Գրիգորի Սուղյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 2-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:

2. Սևակ Գրիգորի Սուղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

___________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 211-212:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 50-108:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 95-114:

4 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 115-144:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 93-98:

6 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 79-82:

7 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 139-140:

8 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 111-114, հատոր 4-րդ, թերթեր 12-15` դատական նիստի արձանագրություն:

9 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 99-102, հատոր 4-րդ, թերթեր 12-15` դատական նիստի արձանագրություն:

10 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 15-17:

11 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 30-60:

12 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 139-152:

13 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 51-58:

14 Տե'ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության համառոտագրությունը և էլեկտրոնային կրիչը, հատոր 3-րդ, թերթեր 106-111, 112:

15 Տե'ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության համառոտագրությունը և էլեկտրոնային կրիչը, հատոր 3-րդ, թերթեր 106-111, 112:

16 Տե'ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության համառոտագրությունը և էլեկտրոնային կրիչը, հատոր 3-րդ, թերթեր 106-111, 112:

17 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 112-113:

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 22-րդ, 25-26.4-րդ կետերը:

19 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նելլի Ափոյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշման 22.1-րդ կետը։

20 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սերգեյ Ափոյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0033/01/13 որոշման 12-րդ կետը։

21 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մարգար Հակոբյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը։

23 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-րդ կետը։

24 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 15-րդ կետը։

25 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 33-րդ կետը։

26 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նելլի Ափոյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշման 26-րդ կետը։

27 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

28 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

29 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

30 Տե՛ս սույն որոշման 22.1.-22.3-րդ կետերը։

31 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 186-188:

32 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը։

33 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։

34 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։

35 Տե՛ս սույն որոշման 18.1-ին, 18.3-րդ կետերը։

36 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։

37 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

38 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 53-54:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԹադևոՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան