|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
30.12.2025 թ․ N 4098-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
03 փետրվար 2026 թ․ N 20-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով՝
հրամայում ենք․
1․ Սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ
30.12.2025թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
03.02.2026թ. |
|
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2026 թվականի փետրվարի 03-ի N 20-Ն համատեղ հրամանի |
ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն հավելվածով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման կարգն ու պայմանները։
2․ Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 6-7-րդ կետերով սահմանված անձինք կամ այդ անձանցից որևէ մեկը․
2) Հաշմանդամություն ունեցող անձ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձ.
3) Դասընթաց՝ Սույն հավելվածով սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման դասընթացներ․
4) Նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․
5) Կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե․
6) Ինստիտուտ՝ Նախարարության ենթակայությամբ գործող «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն․
7) Մասնակից՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատող, որը դիմել և մասնակցում է Դասընթացին․
8) Սպառող՝ Սույն հավելվածով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի ծառայություններից օգտվող հաշմանդամություն ունեցող անձ։
3․ Վերապատրաստման նպատակը Հայաստանի Հանրապետության՝ որպես հասանելի, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն առաջարկող զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումն է։
4․ Դասընթացին մասնակցելու իրավունք ունեն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց և «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված դեպքերում պարտադիր որակավորում ստացած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց աշխատողները։
5․ Դասընթացը կազմակերպում և համակարգում է Ինստիտուտը՝ համագործակցելով Կոմիտեի հետ։
6․ Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման ծրագրերը, բոլոր հաճախորդներին մատուցվող ծառայությունների մշտական բարելավմանը հասնելու համար, պետք է ուղղված լինեն հասանելիության, մասնավորապես՝ ֆիզիկական, մշակութային, տեղեկատվական, հաղորդակցական և այլ խոչընդոտների վերացմանը, խթանեն մատչելի զբոսաշրջության տեսլականը՝ որպես հիմնական բիզնես հնարավորություն ուղղությունների և մասնավոր հատվածի համար:
7․ Պետական կառավարման մարմինների կողմից կազմակերպվող կամ աջակցություն ստացող վերապատրաստման ծրագրերը պետք է ներառեն զբոսաշրջության և հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրության, հաղորդակցության, մատչելիության խթանման և լավագույն փորձի ուսումնասիրության մասին տեղեկատվություն։
8․ Վերապատրաստման ծրագրերի մշակման գործընթացքում պետք է ներգրավվեն հետևյալ մարմինները կամ կազմակերպությունները կամ անձինք՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը․
2) զբոսաշրջության բնագավառում «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված լիազորություններ կրող իրավասու պետական մարմինը․
3) զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորումները․
4) մատչելիության խորհրդատուներ և այլն։
9․ Վերապատրաստման ծրագրերի մշակման գործընթացում պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները՝
1) մատչելի զբոսաշրջության քաղաքականություն.
2) կիրառելի կարգավորող գործիքներ.
3) գնահատման և պատժամիջոցների մեխանիզմներ.
4) պարգևներ և խրախուսանքներ.
5) մատչելի զբոսաշրջության չափորոշիչ․
6) որակի չափանիշներ՝ ցուցանիշներ, աուդիտի և մոնիտորինգի մեխանիզմներ:
2․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10․ Որպես դասավանդողներ հանդես են գալիս Եվրամիության SOCIEUX+ տեխնիկական աջակցության ծրագրի աջակցությամբ իրականացված վերապատրաստումներին մասնակցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորումների ներկայացուցիչները կամ զբոսաշրջության բնագավառում գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող անձինք, Նախարարության և Կոմիտեի աշխատողները։
11․ Ինստիտուտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը (այսուհետ՝ Բաժին) կազմում է մասնակիցների համապատասխան խմբեր՝ յուրաքանչյուր խմբում ոչ ավել, քան 25 մասնակից, և դասընթացի անցկացման ժամանակացույց՝ ներառյալ դասընթացի անցկացման օրերը, ժամերը, դասամիջոցների տևողությունը՝ համաձայնեցնելով Ինստիտուտի տնօրենի հետ։
12․ Դասընթացները կազմված են 2 մասից՝
1) տեսական մաս․
2) գործնական մաս։
13․ Տեսական մասի շրջանակում ուսումնասիրվելու են զբոսաշրջության և հաշմանդամության ոլորտները կարգավորող օրենսդրությունը, ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Կատարվելու են միջազգային փորձի ուսումնասիրություն, համեմատական վերլուծություններ՝ հիմնված տարբեր երկրների կիրառված մոտեցումների և հաջողված օրինակների վրա, Մասնակիցները ծանոթանալու են հաշմանդամության ոլորտի տերմինաբանությանը, վարվելակերպի կանոններին, ծրագրերին և ծառայություններին, հասանելի և ներառական զբոսաշրջային ծառայությունների չափանիշներին, տեղեկատվության տրամադրման և հաղորդակցության հմտություններին, ապահովվելու են համապատասխան և բավարար գիտելիքներ տարբեր տարիքային խմբերի և ֆունկցիոնալ կարողությունների տեր սպառողների կարիքների, բիզնեսում մատչելիության ռազմավարական զարգացման, արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացների վերաբերյալ։
14․ Գործնական մասը ենթադրում է փորձնական աշխատանքների իրականացում։ Մասնավորապես ուսումնասիրվելու են՝
1) Համընդհանուր դիզայնի սկզբունքներն ու դրանց կիրառումը զբոսաշրջային ծառայությունների մատուցման մեջ․
2) Հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդկացման կանոններ՝
ա․ ինչպես հաղորդակցվել լսողության խնդիրներ ունեցող և խուլ անձանց հետ․
բ․ ինչպես ուղղորդել կույր կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց․
գ․ ինչպես օգնել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց և աջակցել տեղաշարժվել աջակցող միջոցներով (օրինակ՝ անվասայլակ օգտագործողներին)․
դ․ ինչպես հաղորդակցվել մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ․
3) մատչելի զբոսաշրջային վայրերի և ծառայությունների մարկետինգ և խթանում․
4) արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացներ ու վարժանքներ․
5) տեխնիկական օգնության կամ հասանելիության սարքավորումների անվտանգ օգտագործում և պահպանում և այլն։
15․ Դասընթացներն անցկացվում են առկա (լսարանային և գործնական) եղանակով։ Յուրաքանչյուր դասընթացը պետք է լինի նվազագույնը 35 ակադեմիական ժամ։
16․ Մեկ ակադեմիական ժամը սահմանվում է 45 րոպե։
17․ Դասընթացից հիվանդությամբ կամ այլ հարգելի պատճառով բացակայած մասնակիցը իր բացակայության մասին գրավոր դիմում է ներկայացնում Ինստիտուտի տնօրենին՝ կցելով բացակայությունը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ կամ գրավոր հայտարարություն։ Այս պարագայում Մասնակիցը իր բաց թողած դասերը լրացնում է այլ խմբի հետ իրականացվող վերապատրաստումների ժամանակ՝ Բաժնի կողմից սահմանված ժամանակացույցով։
18․ Դասընթացի՝ հաշմանդամություն ունեցող մասնակիցների կողմից նախապես խելամիտ հարմարեցումների կամ մատչելիության պահանջ ներկայացնելու դեպքում Ինստիտուտն ապահովում է մասնակիցների հնարավորությունների հավասարությունը բոլոր փուլերում։
3․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
19․ Դասընթացի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Մասնակիցը հանձնում է քննություն։
20․ Դասավանդողները դասընթացը սկսելուց առնվազն 10 օր առաջ իրենց մշակած առարկայական ծրագիրը կամ սահիկաշարը տրամադրում են Բաժին, որն էլ ներկայացնում է Ինստիտուտի տնօրենի հաստատմանը։ Ինստիտուտի տնօրեն առարկայական ծրագիրը կամ սահիկաշարը հաստատում է՝ համաձայնեցնելով Նախարարության և Կոմիտեի հետ։
21․ Զբոսաշրջության և հաշմանդամության ոլորտներում իրականացվող փոփոխությունների, կիրառվող մոտեցումների փոփոխության արդյունքում կարող են փոփոխության ենթարկվել տարեկան առարկայական ծրագրերը։
22․ Առարկայական ծրագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները հաստատում է Ինստիտուտի տնօրենը՝ համաձայնեցնելով Նախարարության և Կոմիտեի հետ։
23․ Դասընթացը սկսելու պահից դասավանդողները Մասնակիցներին են տրամադրում Ինստիտուտի տնօրենի կողմից հաստատված առարկայական ծրագիրը, ուսումնական նյութերը, առկայության դեպքում՝ ուսումնամեթոդական ուղեցույցները, ինչպես նաև քննական հարցաշարը։
24․ Դասընթացի դասավանդողները մինչև դասընթացի ավարտը քննական հարցաշարի հիման վրա կազմում են քննական հարցատոմսերը կամ թեստերը և ներկայացնում Ինստիտուտի տնօրենի հաստատմանը։
25․ Քննությունը անցկացվում է գրավոր՝ թեստային տարբերակով։
26․ Ինստիտուտի տնօրենը, ըստ անհրաժեշտության, համաձայն քննական հարցաշարի, կարող է փոփոխել քննական հարցատոմսերը կամ թեստերը։
27․ Ինստիտուտի տնօրենը մինչև քննության օրը քննության հարցատոմսերը կամ թեստերը կնքված փակ ծրարում պահում է իր մոտ։
28․ Քննական թեստը ներառում է 20 հարց։ Քննությունը համարվում է դրական հանձնված, եթե Մասնակիցը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 55 տոկոսին տվել է ճիշտ պատասխան։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան ստացած հարցի համար տրվում է մեկ միավոր։
29․ Թեստային քննության համար տրվում է 60 րոպե, բացառությամբ խելամիտ հարմարեցումների ընթացակարգով հավելյալ ժամանակահատվածի տրամադրման դեպքերի։
30․ Քննությունից բացակայության դեպքում Մասնակիցը ստանում է 0 միավոր։
31․ Քննությունից բացակայության դեպքում Մասնակցին ևս մեկ հնարավորություն կարող է տրվել մեկ այլ օր նշանակված քննությանը մասնակցելու նպատակով՝ Ինստիտուտի տնօրենի թույլտվությամբ՝ Բաժնի կողմից սահմանված ժամանակացույցով։
32․ Սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված դեպքում քննության օր կարող է նշանակվել ոչ ուշ, քան Դասընթացի ավարտից 15 աշխատանքային օր հետո։
33․ Սույն հավելվածի 28-րդ կետին համապատասխան քննությունը դրական հանձնելու դեպքում Մասնակցին տրվում է սույն հավելվածի Ձևին համապատասխան վկայական։
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՈԱԿ
ՎԿԱՅԱԿԱՆ N____
Սույն վկայականը տրվում է ________________________________________________-ին
(հավաստագիր ստացողի անունը, ազգանունը)
Առ այն, որ նա ________________________________ ժամանակահատվածում մասնակցել է ___ ժամ տևողությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման դասընթացին և հաջողությամբ հանձնել է նշված վերապատրաստման ծրագրով նախատեսված քննությունը։
Հավաստագիրը տրվել է՝ _______ ___________________ 20__ թվականին։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝
______________________________________
(ստորագրություն և կնիք)
ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն՝
______________________________________
(ստորագրություն և կնիք)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|