ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՀ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1816
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.02.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 փետրվարի 2026 թ.

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի (նախագահող),

Արտակ Զեյնալյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի (զեկուցող),

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ռաֆայել Գևորգյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2025 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1774-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանի Երևան քաղաքի մոտ մաքսային և լոգիստիկ կենտրոնի («ՄԼԿ») կառուցման հարցում Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով:

 

2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ նաև՝ Բանկ) համաձայնել է Հայաստանի Հանրապետության համար հասանելի դարձնել ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի (ԵՄ ՀՆՀ) շրջանակներում Եվրոպական միության կողմից տրամադրված ներդրումային դրամաշնորհային ֆինանսավորում՝ 6.000.000 եվրոյի չափով՝ աջակցելու Ծրագրի ֆինանսավորման հարցում՝ Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք դրամաշնորհային համաձայնագրի (Դրամաշնորհային համաձայնագիր) պայմաններին համապատասխան:

 

3. Ըստ դիմումին կից ներկայացված տեղեկանքի՝ Դրամաշնորհային համաձայնագիրը կնքվել է Համաձայնագրի կնքման օրը:

Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ֆինանսական միջոցներում ներառված չէ Կառավարության համաֆինանսավորման մասը, որն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների վճարմանը: Կառավարության կողմից վարկային ու դրամաշնորհային միջոցների համաֆինանսավորման չափը կկազմի 9.0 մլն եվրո, որից 7.8 մլն եվրոն վարկային միջոցների գծով (Տրանշ 1 – 6.0 մլն և Տրանշ 2 – 1.8 մլն), իսկ 1.2 մլն եվրոն՝ դրամաշնորհային միջոցների գծով:

Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (ԱՏԳ) և Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին), որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա-ն նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթակառուցվածքների համար, իսկ 5.6 հա-ն՝ վարչական շենքերի և դրանց ենթակառուցվածքների համար:

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայումս որդեգրված՝ ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը:

 

4. Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Պետական եկամուտների կոմիտեն։

Պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է նաև Ծրագիրն իրականացնող գործակալություն, իսկ լիազորված ներկայացուցիչ հանդիսանում է Ֆինանսների նախարարը։

 

5. Ըստ Համաձայնագրի՝ Բանկի՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ով թվագրված «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի բոլոր դրույթները ներառվում ու դառնում են կիրառելի Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, որը դրանք կունենային, եթե ամբողջությամբ սահմանված լինեին այստեղ (այդ դրույթները՝ համապատասխան փոփոխություններով, այսուհետ կոչվում են «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»):

 

6. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի VI հոդվածով սահմանված կարգով: «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի 9.02-րդ բաժնի «գ» կետի նպատակներով՝ որպես Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար լրացուցիչ պայման, ի թիվս այլնի, սահմանված է նաև Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից՝ համապատասխան ռեսուրսներով և որակավորում ունեցող կադրերով՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքներին համապատասխան Ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծումը:

 

7. Ըստ Համաձայնագրի՝ Բանկը համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել մինչև 39․000․000 (երեսունինը միլիոն) եվրոյի չափով վարկ (այսուհետ` Վարկ):

Վարկը բաղկացած է երկու Տրանշից՝ Տրանշ 1՝ 30 միլիոն (երեսուն միլիոն) եվրոյի չափով (Տրանշ 1-ով տրամադրվող վարկ), և Տրանշ 2՝ 9 միլիոն (ինը միլիոն) եվրոյի չափով (Տրանշ 2-ով տրամադրվող վարկ)։

Համաձայնագրի II հոդվածի 2.02-րդ բաժնի համաձայն՝ Մասհանման նվազագույն գումարի չափը կազմում է 50.000 եվրո, կանխավճարի նվազագույն գումարի չափը՝ 1․000.000 եվրո, չեղարկման նվազագույն գումարի չափը՝ 2․000.000 եվրո։

Տոկոսագումարների վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա հունվարի 21-ը և հուլիսի 21-ը։

Տրանշ 1-ով տրամադրվող վարկի Հասանելիության վերջին ամսաթիվը ստորագրման ամսաթվից 5 (հինգ) տարի է կամ այնպիսի հետագա ժամկետ, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել և այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետությանը։ Տրանշ 2-ով տրամադրվող վարկի Հասանելիության վերջին ամսաթիվը Տրանշ 2-ի հասանելիության ամսաթվից հինգ տարի է կամ այնպիսի հետագա ժամկետ, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել և այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետությանը։

 

8. Համաձայնագիրն ունի 5 հավելված. Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Կատեգորիաները և Մասհանումները», Հավելված 3. «Հատուկ հաշիվը», Հավելված 4. «Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագիրը», Հավելված 5. ««Կանաչ» նախագծի մշտադիտարկման ծրագիր»:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից, որոնք ենթակա են այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկը և Հայաստանի Հանրապետությունը կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ՝ Մաս Ա. Կապիտալ ծախսերը, Մաս Բ. Խորհրդատվական ծառայություններ «Ա» մասի համար, Մաս Գ. Հատուկ հաշվի աուդիտորական ծառայությունները, Մաս Դ. Տեխնիկական համագործակցությունը:

 

9. Համաձայնագրի V հոդվածի 5.03-րդ բաժնի համաձայն՝ եթե ցանկացած պահի Բանկը որոշի, որ Հատուկ հաշվից վճարումը կամ դրա որևէ օգտագործում կատարվել է 3-րդ հավելվածի պահանջներին անհամապատասխան և սահմանում է Վարկի չափը, որի համար կիրառվում է այդպիսի չարաշահումը, ապա Բանկը կարող է Հայաստանի Հանրապետությանը ծանուցելու միջոցով դադարեցնել Հայաստանի Հանրապետության՝ այդպիսի գումարի մասով Մասհանումներ կատարելու իրավունքը: Այդպիսի ծանուցումից հետո Վարկի գումարը չեղարկվում է։

 

10. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

10.1. Տրանշ 1-ով տրամադրվող վարկը մարել 22 (քսաներկու) հավասարաչափ (կամ հնարավորինս հավասարաչափ) կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 21-ին և հուլիսի 21-ին՝ լողացող դրույքաչափով. ընդ որում, Վարկի առաջին մարման ամսաթիվը համարվում է Համաձայնագիրը ստորագրելու չորրորդ տարին կամ դրանից հետո, իսկ Տրանշ 2-ով տրամադրվող վարկը՝ 22 (քսաներկու) հավասարաչափ (կամ հնարավորինս հավասարաչափ) կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 21-ին և հուլիսի 21-ին՝ լողացող դրույքաչափով. ընդ որում, Վարկի առաջին մարման ամսաթիվը համարվում է Տոկոսագումարների վճարման ամսաթիվը, որն անմիջապես Տրանշ 2-ի Հասանելիության ամսաթվի չորրորդ տարին է կամ դրանից հետո, իսկ Վարկի վերջին մարման ամսաթիվը համարվում է Տոկոսագումարների վճարման ամսաթիվը, որն անմիջապես Տրանշ 1-ի մասով Համաձայնագիրը ստորագրելու տասնհինգերորդ տարվանից հետո է և Տրանշ 2-ի Հասանելիության ամսաթվի տասնհինգերորդ տարին է (հոդված II, բաժին 2.02, կետեր «ե(1)» և «թ»).

10.2. Տոկոսագումարների վճարման յուրաքանչյուր ամսաթվին (եթե նույնիսկ այդ ժամկետում որևէ տոկոսագումար ենթակա չէ վճարման) վճարել տարեկան 0,5% դրույքաչափով Պարտավորավճար` հաշվարկված համապատասխանաբար Տրանշ 1-ով տրամադրվող վարկի և Տրանշ 2-ով տրամադրվող վարկի Հասանելի գումարի նկատմամբ՝ Տրանշ 1-ով տրամադրվող վարկի համար՝ սկսած Ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո Տոկոսագումարների վճարման առաջին ամսաթվին, իսկ Տրանշ 2-ով տրամադրվող վարկի համար՝ Տրանշ 2-ի Հասանելիության ամսաթվից հետո Տոկոսագումարների վճարման առաջին ամսաթվին (հոդված II, բաժին 2.02, կետ «ը»).

10.3. Բանկին վճարել Միանվագ միջնորդավճար համապատասխանաբար Տրանշ 1-ով տրամադրվող վարկի և Տրանշ 2-ով տրամադրվող վարկի առավելագույն մայր գումարի մեկ տոկոսի (1 %) չափով (հոդված II, բաժին 2.02, կետ «ժ»).

10.4. Բանկի պահանջով և Բանկի համար բավարար պայմաններով, Ծրագրի նպատակների համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացել և վարել Վարկի արժույթով արտահայտված հատուկ դեպոզիտային հաշիվ (հոդված II, բաժին 2.03, կետ «գ»).

10.5. բացի «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու բավարար միջոցներ և այլ ռեսուրսներ, այդ թվում՝ մարդկային ռեսուրսներ, Ծրագիրն ավարտելու համար, ինչպես նաև ձեռնարկել բոլոր գործողությունները և մասնավորապես՝ ընդունել կամ ապահովել, որ ընդունվեն Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր կարգավորումները (հոդված III, բաժին 3.01, կետեր «ա», «զ»).

10.6. բացի «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկից ստացված միջոցներն օգտագործել բացառապես Ծրագրի իրականացման համար՝ համաձայն Համաձայնագրի 1-ին հավելվածի և ապահովել, որ Ծրագիրն իրականացվի բարեխղճորեն և արդյունավետ կերպով՝ ողջամիտ ինժեներական, ֆինանսական և գործարար գործելակերպերին համապատասխան, բոլոր կիրառելի օրենքներին համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության պահանջները, ինչպես նաև ընդունելի միջազգային ստանդարտներին և գործելակերպերին համապատասխան (հոդված III, բաժին 3.01, կետեր «բ», «գ»).

10.7. բացի «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, սերտորեն աշխատել Ծրագրի իրականացման աջակցության գծով խորհրդատուի և ԾԻԳ-ին աջակցելու նպատակով նշանակված այլ խորհրդատուների հետ, նաև պահպանել և իրականացնել, ինչպես նաև ապահովել, որ Ծրագիրն իրականացնող գործակալության կապալառուները պահպանեն և իրականացնեն Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագիրը (հոդված III, բաժին 3.01, կետեր «դ», «է»).

10.8. բացի «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ձեռք բերել, պահպանել, երկարաձգել բոլոր անհրաժեշտ լիցենզիաները, հաստատումները և գրանցումները և պահպանել դրանց պահանջները, ինչպես նաև ապահովել, որ շինարարությունն ավարտելուց հետո 12 ամսվա ընթացքում ՄԼԿ-ն ձեռք բերի Էկոշինարարության հավաստագիր, ընդ որում` ապահովել, որ այդ հավաստագիրը համապատասխանի «Էներգաարդյունավետ և բնապահպանական նախագծման ուղեցույցի» (LEED) առնվազն արծաթե կամ համարժեք մակարդակին (հոդված III, բաժին 3.01, կետեր «ե», «ը»).

10.9. բացի «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի IV հոդվածով սահմանված ընդհանուր հանձնառություններից, եթե Բանկի հետ այլ համաձայնություն չեռք չի բերվել, ապահովել Ծրագիրն իրականացնող գործակալության կողմից Համաձայնագրի 3․01-րդ բաժնի «թ» կետով սահմանված պարտավորությունների կատարումը՝ Ծրագրի համար ընտրված տարածքում հողի մաքրման աշխատանքներն սկսելուց առնվազն երեք (3) ամիս առաջ և ցանկացած դեպքում մինչև Վարկի հատկացումը՝ ֆինանսավորելու համար Համաձայնագրի 1-ին հավելվածի «Կապիտալ ծախսեր» վերտառությամբ «Ա» մասի 2-րդ բաժնում նշված ցանկացած ծախս (հոդված III, բաժին 3.01, կետ «թ»).

10.10. Ծրագրի իրականացման բոլոր հայեցակետերը, այդ թվում՝ Ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացը համակարգելու, կառավարելու, դիտանցելու և գնահատելու համար, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապահովել, որ Ծրագիրն իրականացնող գործակալությունը ստեղծի բավարար ռեսուրսներ և համապատասխան որակավորմամբ անձնակազմ ունեցող Ծրագրի իրականացման գրասենյակ և Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում մշտապես շահագործի այն՝ Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքին համապատասխան (հոդված III, բաժին 3.02).

10.11. «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի 4.03-րդ բաժնի նպատակներով Ծրագրի համար անհրաժեշտ և Վարկից ստացված միջոցներով ֆինանսավորման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացը կարգավորվում է Համաձայնագրի III հոդվածի 3.03-րդ բաժնի դրույթներով՝ բացառությամբ Բանկի կողմից այլ համաձայնություն ձեռք բերելու դեպքի (հոդված III, բաժին 3.03).

10.12. ապահովել Համաձայնագրի III հոդվածի 3.04-րդ բաժնում սահմանված բնապահպանական և սոցիալական նորմերի պահպանման մասով պարտավորությունների կատարումը (հոդված III, բաժին 3.04).

10.13. Ծրագրի իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու համար Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, ըստ անհրաժեշտության, ներգրավել կամ ապահովել, որ ներգրավվեն խորհրդատուներ, և օգտվել վերջիններիս ծառայություններից, որոնց որակավորումները, փորձը և տեխնիկական առաջադրանքները բավարար են Բանկի համար, այդ թվում՝ Ծրագրի իրականացման աջակցության գծով խորհրդատու՝ ներգրավված Համաձայնագրի 3.03-րդ բաժնի «ա» կետի համաձայն, և Կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցություն՝ Էկոշինարարության հավաստագիր ստանալու հարցում Իրականացնող գործակալությանն աջակցելու նպատակով (հոդված III, բաժին 3.05, կետ «ա»).

10.14. Ծրագրին առնչվող հարցերում կամ Հայաստանի Հանրապետության գործողություններին աջակցելու համար ներգրավված ցանկացած խորհրդատուի (այդ թվում՝ անմիջապես Բանկի կողմից նշանակված՝ տեխնիկական համագործակցության («ՏՀ») շրջանակում ֆինանսավորվող խորհրդատուների) անվճար տրամադրել իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները և աջակցությունը, այդ թվում՝ բոլոր փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկություններ, որոնք կարող են վերաբերել նրանց աշխատանքին (հոդված III, բաժին 3.05, կետ «բ»).

10.15. ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած մինչև Վարկի ամբողջ գումարը մարվելը կամ չեղարկվելը ապահովել, որ Ծրագիրն իրականացնող գործակալությունը հաշվետու տարվա ավարտից հետո 120 օրվա ընթացքում Բանկ ներկայացնի տարեկան հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության (այդ թվում՝ Ծրագիրն իրականացնող գործակալության) և Ծրագրի հետ կապված Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ՝ «Ստանդարտ պայմաններ և դրույթներ»-ի 5.02-րդ բաժնի «գ» կետի «iii» ենթակետում նշված կարգով. այդ հաշվետվությունները ներառում են տեղեկություններ Համաձայնագրի III հոդվածի 3.07-րդ «ա» բաժնով նախատեսված կոնկրետ հարցերի վերաբերյալ (հոդված III, բաժին 3.07, կետ «ա»).

10.16. անմիջապես Հայաստանի Հանրապետության (այդ թվում՝ Ծրագիրն իրականացնող գործակալության) հետ կապված որևէ միջադեպից կամ պատահարից հետո, որն էական բացասական ազդեցություն ունի կամ հավանական է, որ ունենա շրջակա միջավայրի, աշխատողների կամ հանրային կամ աշխատանքային առողջության կամ անվտանգության վրա, տեղեկացնել Բանկին և դրանից հետո անմիջապես ծանուցել Բանկին այդ մասին՝ նշելով այդպիսի միջադեպի կամ պատահարի բնույթը և այն շտկելու համար Հայաստանի Հանրապետության ձեռնարկած ցանկացած քայլ (հոդված III, բաժին 3.07, կետ «գ»).

10.17. անհապաղ Բանկին ծանուցել աշխատողների կամ հանրության անդամների ցանկացած էական բողոքի կամ խնդրագրի մասին, որն ուղղված է կամ առնչվում է Հայաստանի Հանրապետությանը (այդ թվում՝ Ծրագիրն իրականացնող գործակալությանը) կամ Ծրագրին, որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության (այդ թվում՝ Ծրագիրն իրականացնող գործակալության) կամ Ծրագրի վրա, կամ որը հայտնի է դարձել կամ հավանական է, որ հայտնի դառնա հանրությանը լրատվամիջոցների կողմից լուսաբանման միջոցով կամ այլ կերպ, և ցանկացած այդպիսի ծանուցումից հետո տասն օրվա ընթացքում ներկայացնել Բանկի համար բավարար հաշվետվություն՝ նշելով Հայաստանի Հանրապետության կողմից այդպիսի բողոքի քննության արդյունքը և Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվել առաջարկվող ցանկացած քայլ՝ բողոքով կամ միջնորդությամբ բարձրացված հարցերը լուծելու համար (հոդված III, բաժին 3.07, կետ «դ»).

10.18. ապահովել, որ Ծրագիրն իրականացնող գործակալությունը ՎԶԵԲ-ին անհապաղ (սակայն ոչ ուշ, քան այդպիսի ծրագրված կոլեկտիվ ազատման առնչությամբ կայացված ցանկացած որոշումից 60 օր առաջ) ծանուցի ցանկացած ծրագրված կոլեկտիվ ազատման մասին, որը 30-օրյա ժամկետի կտրվածքով ազդում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր աշխատակիցների առնվազն 10%-ի կամ 30 աշխատակցի վրա (որ թիվն ավելի քիչ է), և ցանկացած ծրագրված կոլեկտիվ ազատման դեպքում, որը 30-օրյա ժամկետի կտրվածքով ազդում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր աշխատակիցների առնվազն 25%-ի կամ 500 աշխատակցի վրա (որ թիվն ավելի քիչ է), ՎԶԵԲ-ին այդպիսի ծանուցում ուղարկելիս նաև ապահովել, որ Ծրագիրն իրականացնող գործակալությունը ՎԶԵԲ-ին տրամադրի գործընթացի կառավարման կիրառելի պլան՝ Կատարողականի սահմանված պահանջներին համապատասխան (հոդված III, բաժին 3.07, կետ «ե»).

10.19. Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների կամ գործակալությունների (այդ թվում՝ Ծրագիրն իրականացնող գործակալության) մասով, որոնք պատասխանատու են Ծրագրի կամ դրա որևէ մասի իրականացման համար, վարել ընթացակարգեր, փաստաթղթեր և հաշվետվություններ, որոնք բավարար են միջազգայնորեն ընդունված, հետևողականորեն կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան Ծրագրի հետ կապված կիրառելի գործառնությունները, ռեսուրսները և ծախսերն արտացոլելու, ինչպես նաև Ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած մինչև Ծրագրի ավարտը Ծրագրի առաջընթացը (այդ թվում՝ դրա ծախսերը և այն օգուտները, որոնք ստացվելու են դրանից) դիտանցելու և արձանագրելու համար (հոդված IV, բաժին 4.01, կետ «ա»).

10.20. ապահովել Համաձայնագրի VI հոդվածի 6․02-րդ բաժնով սահմանված Վարկի առաջին մասհանման նախապայմանների կատարումը (հոդված VI, բաժին 6.02).

10.21. չհակասելով Համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներին՝ որևէ մասհանում չկատարել Համաձայնագրի ամսաթվից առաջ ի հայտ եկած ծախսերի նկատմամբ՝ բացառությամբ Վարկի 20 (քսան) տոկոսը չգերազանցող ընդհանուր գումարի չափով մասհանումների, որոնք կարող են կատարվել 1-ին կատեգորիայի մասով՝ Համաձայնագրի ամսաթվից առաջ, սակայն Բանկի նշանակած հաստատող անձանց կողմից Բանկային գործառնության հաստատումից հետո ի հայտ եկած ծախսերի հաշվին (Հավելված 2, կետ 2).

10.22. հատուկ հաշվից կատարվող վճարումները կատարել բացառապես Թույլատրելի ծախսերի համար՝ համաձայն Համաձայնագրի 3-րդ հավելված դրույթների (Հավելված 3, կետ 2).

10.23. չհակասելով Համաձայնագրի 3-րդ հավելվածի 4-րդ կետի դրույթներին՝ Բանկի հետ այլ բան չհամաձայնեցնելու դեպքում, Հասանելի գումարից միջոցներ չմասհանել Հատուկ հաշվին մուտքագրելու համար, եթե Բանկը որևէ պահի որոշի, որ հետագա բոլոր մասհանումները պետք է կատարվեն 2.03-րդ բաժնի «ա» կետի դրույթներին համապատասխան, կամ հենց որ Թույլատրելի կատեգորիաներին հատկացված Հասանելի գումարը հավասար է Հատուկ հաշվի առավելագույն մնացորդի գումարի կրկնապատիկին, որից հետո Թույլատրելի կատեգորիաներին հատկացված մասհանումները իրականացնել այնպիսի ընթացակարգերի համաձայն, որոնք Բանկը կարող է սահմանել՝ ծանուցելով Հայաստանի Հանրապետությանը, և այդպիսի հետագա մասհանումները կատարել միայն այն բանից հետո և այնքանով, երբ և որքանով Բանկը համոզվի, որ այդպիսի ծանուցման ամսաթվին Հատուկ հաշվին մնացած բոլոր գումարները կօգտագործվեն Թույլատրելի ծախսերի համար վճարումներ կատարելու համար (Հավելված 3, կետ 6).

10.24. իրականացնել Ծրագիրը Համաձայնագրի 4-րդ հավելվածով սահմանված՝ Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրին և Համաձայնագրի 5-րդ հավելվածով սահմանված՝ «Կանաչ» նախագծի մշտադիտարկման ծրագրին համապատասխան (Հավելվածներ 4, 5):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2025 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

24 փետրվարի 2026 թվականի

ՍԴՈ-1816

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական: