ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.02.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«11» փետրվար 2026 թ.

N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու մասին» N 48-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

11.02.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

առողջապահության նախարարի

2026 թվականի փետրվար «11»-ի

N 10-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

առողջապահության նախարարի

2023 թվականի հոկտեմբեր «17»-ի

N 48-Ն հրամանի

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ (ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ, ԹԵՐԱՊԵՎՏԻ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԺՇԿԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (այսուհետ ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ գրանցման և գրանցումից դուրս գալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) Էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ)` տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն, որն ապահովում է յուրաքանչյուր մարդու վերաբերյալ առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը և օգտագործումը էլեկտրոնային միջավայրում,

2) Բջջային հավելված` էլեկտրոնային առողջապահության համակարգի ծրագրի տարբերակ, որը նախատեսված է բջջային հեռախոսներում ներբեռնելու և օգտագործելու համար (այսուհետ՝ Հավելված),

3) Կառավարական հարթակ` Կառավարության կողմից հաստատված և վարվող պաշտոնական` Էլեկտրոնային առողջապահության համակարգի հետ ինտեգրված հարթակներ (այսուհետ՝ Հարթակ),

4) ԱԱՊ հաստատություն` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող առողջապահական կազմակերպություն (ներառյալ՝ այդ առողջապահական կազմակերպության կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը), որոնք ունեն ԱԱՊ ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման տեսակների լիցենզիա,

5) ԱԱՊ բժիշկ` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ մանկաբույժ,

6) ԱԱՊ բժշկի ընտրություն` բնակչի կողմից սույն կարգին համապատասխան ԱԱՊ բժշկի կամավոր ընտրություն,

7) ԱԱՊ բժշկի մոտ գրանցում՝ ԱԱՊ բժշկի կամավոր ընտրության հիման վրա բնակչի կողմից կատարվող էլեկտրոնային ձևակերպումներ, որի հիման վրա հաստատվում է ընտրված ԱԱՊ բժշկի մոտ սույն կարգով սահմանված բնակչի գրանցումը Համակարգում,

8) Գրանցված բնակչության բազա (այսուհետ՝ ԳԲԲ)՝ Համակարգում ձևավորված, ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բոլոր բնակիչների գրանցման հիմքերը և կարգավիճակները պարունակող տվյալների բազա,

9) Բնակիչ՝ անձ, որը ունի սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքերից մեկը,

10) Առողջության էլեկտրոնային գրառում (այսուհետ՝ ԱԷԳ)՝ անձի առողջության պատմության տեղեկատվությունը. ալերգիաներ, պատվաստումներ, արյան խումբ, ժառանգական անամնեզ, քրոնիկ հիվանդություններ և դրանց վերահսկման նպատակով օգտագործվող հիմնական դեղեր, տարած վիրահատություններ, փոխպատվաստումներ, փոխներարկումներ,

11) Հավաքագրման նախնական համաձայնության գրանցում՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու թույլտվություն չունեցող ԱԱՊ հաստատությունում նախնական հավաքագրման և գրանցման իրականացում:

 

2. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԱԱՊ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. ԱԱՊ ծառայություններ ստանալու համար յուրաքանչյուր բնակիչ պետք է ընտրի ԱԱՊ բժիշկ:

4. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի ընտրելու իր փաստացի բնակության հասցեին պատկանող վարչատարածքային միավորին (մարզին) պատկանող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։

5. ԱԱՊ բժիշկը չի կարող ընտրել ինքն իրեն և գրանցվել ինքն իր մոտ որպես բնակիչ։

6. Բնակիչն իրավունք ունի փոխելու իր ԱԱՊ բժշկին և ընտրելու նոր ԱԱՊ բժիշկ` նույն կամ այլ ԱԱՊ հաստատությունում, սակայն ոչ ավել, քան չորս անգամ գրանցման օրվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում։

 

3. ԱԱՊ ԲԺՇԿԻ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

7. Բնակչի՝ ԱԱՊ բժշկի մոտ գրանցման համար անհրաժեշտ հիմքերն են․

1) բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ԲՊՌ) առկայությունը և ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկատվությունը,

2) ՀՀ օրեսնդրության և միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան ԱԱՊ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար՝ անձը և համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը,

3) Համակարգում ձևավորված նորածնի (որի տվյալները դեռևս ԲՊՌ-ում առկա չեն) ծննդյան մասին վկայող փոխանակման քարտը,

4) նախազորակոչային և զորակոչային տարիքի, անձը հաստատող փաստաթուղթ չունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված անձնագրի տրման անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմումը և անձնական հաշվառման քարտը։

8. Բնակիչը չի կարող գրանցվել ԱԱՊ բժիշկի մոտ, եթե.

1) բնակչի ներկայացրած անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ՝ ԱՀՓ) անվավեր է կամ չի համապատասխանում սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկին,

2) բնակչի փաստացի բնակության հասցեն չի պատկանում ԱԱՊ հաստատության վարչատարածքային միավորին (մարզին)։

9. Բնակչի գրանցման և գրանցումից դուրս գալու վերաբերյալ տվյալները մուտքագրվում են համապատասխանաբար ԳԲԲ–ում՝ ըստ 7–րդ կետով սահմանված հիմքերի։

10. ԳԲԲ-ում բնակիչը կարող է ստանալ հետևյալ կարգավիճակները․

1) գրանցված՝ ԱԱՊ բժշկի ընտրության և սույն կարգով սահմանված պայմանների ապահովման դեպքում,

2) ժամանակավոր՝ ԱԱՊ բժշկի մոտ 7-րդ կետի 2-ից 4-րդ ենթակետով առկա հիմքերից որևէ մեկին համապատասխանող անձի գրանցումը,

3) կցագրված՝ արտակարգ իրավիճակներում կցագրման դեպքում` հիմքերի (ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած) պարտադիր նշումով,

4) նախնական՝ հավաքագրման նախնական համաձայնությամբ գրանցված՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական օգնության և սպասարկման իրավասություն ստանալու համար դիմելու հավակնություն ունեցող կազմակերպության կողմից հավաքագրվող բնակչություն, որը շարունակում է գրանցված կարգավիճակ ունենալ նախկին ԱԱՊ հաստատությունում, ընդ որում՝ նախնական համաձայնությամբ գրանցման առավելագույն ժամկետը 6 ամիս է, իսկ ԱԱՊ հաստատությանը իրավասության տրամադրումից հետո բնակչի նախկին ԱԱՊ հաստատությունում գրանցումից դուրս գալը և նոր ԱԱՊ հաստատությունում գրանցումն իրականացվում է ինքնաշխատ՝ հիմք ընդունելով նախնական համաձայնությունը,

5) ապակցված` սույն կարգի 24-րդ կետում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում,

6) մահացած` ԲՊՌ-ից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալի հիմքով։

11. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի բնակիչները, թերապևտի մոտ` 18 և ավելի բարձր տարիք ունեցող բնակիչները, իսկ մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:

12. Մինչև 16 տարեկան երեխաների համար ԱԱՊ բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

13. Բնակչի գրանցումն իրականացվում է Համակարգով, Հավելվածով կամ Հարթակով։

14. Համակարգում գրանցումը և մուտքը իրականացվում է Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանաջներին համապատասխան։

15. Հավելվածով գրանցվելու համար բնակիչը պետք է ունենա ներբեռնված բջջային հավելվածը և նույնականացվի ըստ սույն կարգի 7–րդ կետում նշված հիմքերի:

16. Նորածինների գրանցումն իրականացվում է Համակարգում ԲՊՌ–ում նորածնի տվյալների առկայության դեպքում, կամ 25-րդ կետով նշված ընթացակարգով։

17. Նորածնի փոխանակման քարտի ձևավորումից հետո ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կարող է Համակարգով, Հավելվածով կամ Հարթակով իրականացնել գրանցում ԱԱՊ բժշկի մոտ, եթե առկա չէ սույն կարգի 8-րդ կետում նկարագրված սահմանափակումներից որևէ մեկը։

18. Երեխայի գրանցման կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է դառնում ծնողին կամ օրինական ներկայացուցչին` Հավելվածի միջոցով և փոխանակման քարտը լրացրած ծննդատանը` Համակարգի միջոցով։

19. Առողջապահության բնագավառի լիազոր մարմնի որոշումով իրականացվում է ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց կցագրում՝ կցագրված կարգավիճակով, լիազոր մարմնի կողմից ընտրված ԱԱՊ հաստատության միջոցով:

20. Բնակիչն իր գրանցումը հաստատելու համար տալիս է ներկայացրած անձնական տվյալների մշակման, ինչպես նաև՝ ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի հուլիսի 10-ի թիվ 215-Ն հրամանի հավելվածով սահմանված բժշկական միջամտությունների իրականացման համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ․ «Տալիս եմ իմ համաձայնությունը, որ ինձ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը ստանա հասանելիություն էլեկտրոնային առողջապահության համակարգում պահվող իմ առողջության պատմության ամփոփ տվյալներին՝ (ալերգիաներ, պատվաստումներ, արյան խումբ, ժառանգական անամնեզ, քրոնիկ հիվանդություններ և դրանց վերահսկման նպատակով օգտագործվող հիմնական դեղեր, տարած վիրահատություններ, փոխպատվաստումներ, փոխներարկումներ) և ըստ անհրաժեշտության դիտի ու օգտագործի դրանք՝ ինձ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական որոշումներ կայացնելու նպատակով։ Համաձայն եմ, որ բժիշկն ունենա հասանելիություն իմ առողջության ամփոփ տվյալներին այնքան ժամանակ, քանի դեռ ես գրանցված եմ նրա մոտ։ Տեղեկացված եմ, որ իմ անձնական էլեկտրոնային էջում կարող եմ դիտել էլեկտրոնային առողջապահության համակարգում պահվող իմ տվյալները, տեսնել, թե ով և երբ է դիտել իմ առողջության պատմության տվյալները։ Տեղեկացված եմ, որ իմ տվյալները պաշտպանվում են որպես բժշկական գաղտնիք, չեն օգտագործվում այլ նպատակներով, չեն փոխանցվում երրորդ անձանց, և դրանց մշակման նկատմամբ ապահովվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները»։

21. Գրանցված, ժամանակավոր, կցագրված կարգավիճակ ստանալով, բնակչի վերաբերյալ բազայում առկա առողջության ԱԷԳ-ն, կոնտակտային անձի տվյալները, հասցեն, հեռախոսահամարը հասանելի են դառնում գրանցող ԱԱՊ բժշկին:

22. Եթե բնակչի հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբերվում են, ապա բազա է մուտքագրվում նաև փաստացի բնակության հասցեն` ըստ բնակչի տված տեղեկատվության։

23. Եթե բնակիչը փոխում է ԱԱՊ բժշկին, ապա բնակչի գրանցումից հետո նախորդ ԱԱՊ բժշկին ուղարկվում է բնակչի ապակցման վերաբերյալ տեղեկություն Համակարգի միջոցով։

24. ԱԱՊ բժշկի մոտից բնակչի ապակցման հիմքերն են.

1) ԱԱՊ բժշկի մոտ ԳԲԲ-ում գրանցված, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա դեկտեմբերի 1–ի դրությամբ նախորդող 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 183 օր և ավել բացակայելը,

2) մանկաբույժների մոտ գրանցված երեխաների 18 տարին լրանալը, որի դեպքում ծնողի կամ ԱԱՊ գրանցման ժամանակ նշված (առկայության դեպքում) էլեկտրոնային հասցեին կամ Հավելվածին փոխանցվում է տեղեկատվությունը,

3) բնակչի մահվան փաստը՝ հիմք ընդունելով ԲՊՌ-ից ինքնաշխատ եղանակով ստացված կամ Համակարգում ամրագրված տեղեկատվությունը,

4) ԱԱՊ հաստատության լուծարումը կամ լիցենզիայի կասեցումը,

5) ԱԱՊ բժշկի տվյալ հաստատությունում գործունեության ժամանակավոր կամ մշտական դադարեցումը,

6) Ժամանակավոր, կցագրված կամ նախնական կարգավիճակների դեպքում՝ սահմանված ժամկետների ավարտը։

25. Եթե բնակիչը գրանցվում է սույն կարգի 7-րդ կետի 2-ից 4-րդ ենթակետով սահմանված հիմքերով, ապա՝ բնակչի անձնական տվյալները մուտագրվում և հիմք հանդիսացող փաստաթղթերը ներբեռնվում են Համակարգ և ուղարկվում են հաստատման։

26. Գրանցումը հաստատելու համար․

1) մուտքագրվում է բնակչի բջջային հեռախոսահամարը, մինչև 18 տարեկան անձանց դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ անհրաժեշտության դեպքում նաև կոնտակտային անձի բջջային հեռախոսահամարը։ Նույն բջջային հեռախոսահամարը որպես կոնտակտային անձի բջջային հեռախոսահամար կարող է մուտքագրվել ոչ ավելի քան հինգ անգամ,

2) բնակիչը հաստատում է 20-րդ կետով ձևակերպված համաձայնությունը։

27. Գրանցումը հաստատվում է գրանցված բնակչության բազան վարողի կողմից։

28. Բնակչի համաձայնությունը ստանալուց հետո, նրա վերաբերյալ ԳԲԲ-ում առկա տվյալները հասանելի են դառնում գրանցող ԱԱՊ բժշկին։

29. Առողջապահության նախարարության կողմից սույն կարգի 24-րդ կետի 2-6-րդ ենթակետերի հիմքով ապակցումները կարող են իրականացվել նաև տվյալների փոխգործելիության հարթակի միջոցով՝ ինքնաշխատ, այդ մասին կարճ հաղորդագրության տեքստ ուղարկելով բնակչի՝ բազայում առկա էլեկտրոնային փոստի հասցեին, բջջային հեռախոսահամարին, նաև ծանուցում՝ բնակչի կողմից բջջային հավելված օգտագործելու դեպքում:

30. Ապակցված բնակիչների գրանցումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան