ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2026 թվականի N 237-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1227-24.12.2025-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1227-24.12.2025-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ նախագիծ) առաջարկվում է որպես գաղտնի քննչական գործողություն նախատեսել նաև «Վերահսկելի մատակարարում և գնում» միջոցառումը, որը ներկայում բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառում է։
Մասնավորապես՝ նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 251.1-ին հոդվածով՝
«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը և գնումը
1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:»:
Այս համատեքստում, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գաղտնի քննչական գործողությունների իրականացման նպատակը տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելն է:
Բացի այդ, հաշվի առնելով «վերահսկելի մատակարարում և գնում» գործողության բովանդակությունը՝ հարկ է ընդգծել, որ այն, ըստ էության, կարող է կատարվել միայն ապրանքներ և ծառայություններ գնելու կամ այդպիսիք վաճառելու եղանակով: Մինչդեռ, առաջարկվող ձևակերպման մեջ «այդ թվում» բառակապակցության օգտագործումը թույլ է տալիս ենթադրել, որ վերահսկելի մատակարարումը և գնումը կարող է իրականացվել նաև այլ եղանակներով: Հետևաբար՝ տարամեկնաբանությունները բացառելու նպատակով առաջարկում ենք նախագծով լրացվող՝ Քրեական օրենսգրքի 251.1-ին հոդվածի 1-ին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով:»:
Բացի այդ, նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ վերահսկելի մատակարարումը և գնումը՝ որպես գաղտնի քննչական գործողության տեսակ ամրագրելը միտված է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում քրեական դատավարությունում ապացույցների հավաքման, ապացուցողական գործողությունների իրականացման համար առավել արդյունավետ պայմանների ստեղծմանը: Մասնավորապես՝ վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողությունն անգնահատելի ապացույց կարող է լինել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթներով:
Հաշվի առնելով նախագծով հետապնդվող նպատակը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսվող գաղտնի քննչական գործողության կատարման շրջանակը սահմանափակել բացառապես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների և զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով՝ հաշվի առնելով հիշյալ հանցակազմերի վերաբերյալ վարույթների աճը: Ընդ որում՝ անհրաժեշտ է գաղտնի քննչական գործողության կատարման շրջանակը սահմանափակել ոչ թե պայմանավորված հանցագործության օբյեկտով, այլ կոնկրետ հանցակազմերով, քանի որ օրինակ անհասկանալի է, թե շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդված, ներառված է 40-րդ գլխում) վերաբերյալ վարույթով ինչու պետք է կատարվի վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողությունը, կամ նույնիսկ կատարվելու դեպքում դրա արդյունքում ի՞նչ տեղեկություններ են պարզվելու: Մասնավորապես, քննարկվող գործողության բովանդակությունն այնպիսին է, որ դրա արդյունքում կարող է պարզվել միայն որևէ անձի կողմից շրջանառությունն արգելված կամ շրջանառությունից հանված առարկաներ գնելու (ձեռք բերելու) և վաճառելու (իրացնելու) վերաբերյալ տեղեկություններ:
Այսպես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վերահսկելի մատակարարումը և գնումը ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք նախատեսվող գաղտնի քննչական գործողության կատարման շրջանակը սահմանափակել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 394-րդ (Պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) պատրաստելու նպատակով, պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 405-րդ (Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:
Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով: Հետևաբար, հիշյալ նորմում բոլոր գաղտնի քննչական գործողությունների համար սահմանված ընդհանուր կանոնից անհրաժեշտ է նախատեսել բացառություն վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողության համար՝ սահմանելով, որ վերջինս կարող է կատարվել միայն վերը նշված հանցանքների վերաբերյալ վարույթներով:
Բացի այդ, հիշյալի հետ փոխկապակցված լրացումներ են նախատեսվում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ նախատեսելով այն սուբյեկտների շրջանակը, ում նկատմամբ կարող է իրականացվել նաև վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողությունը, այն է․
«1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2) մեղադրյալի նկատմամբ.
3) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.
4) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից»:
Այսպես․
Հաշվի առնելով նախատեսվող գաղտնի քննչական գործողության բնույթն ու էությունը և նկատի ունենալով նախագծով նախատեսվող անձանց շրջանակը, ում նկատմամբ կարող է այն իրականացվել, մասնավորապես այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ, կարծում ենք նպատակահարմար չէ, քանի որ այդ կերպ կարող են սահմանափակվել անորոշ թվով անձանց իրավունքներ։ Մեղադրյալի կապն ու առնչությունը, անմիջական հաղորդակցումը դեռևս բավարար չեն ֆիզիկական անձի իրավունքի սահմանափակման համար, քանի որ այդ կերպ մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձի հետ ցանկացած շփում ունեցած անձի իրավունք կարող է անհիմն և անհամաչափ կերպով սահմանափակվել, և միաժամանակ պարզ չէ, թե այդ անձի նկատմամբ իրականացվելիք վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողության արդյունքները ապացուցողական ինչ նշանակություն կարող են ունենալ։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Եվրոպական դատարանը անձի իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելիս հաշվի առնվող հանգամանքների շարքում առանձնացնում է անձի կապը քրեական վարույթի հետ և նրա կողմից հանցանք կատարած լինելու կասկածի առկայությունը։1 Այն դեպքում, երբ անձը քրեական վարույթի սուբյեկտ չէ, և նրա կողմից հանցանք կատարած լինելու վերաբերյալ հստակ կասկածներ առկա չեն, ըստ էության պահանջվում են նրա իրավունքի սահմանափակման ավելի բարձր հիմնավորումներ, որպեսզի ապահովվի համաչափության սկզբունքը։
Նման պայմաններում կարծում ենք, որ հիշյալ գաղտնի քննչական գործողության սուբյեկտների շրջանակից պետք է բացառել այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով՝
«Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել`
1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2) մեղադրյալի նկատմամբ.
3) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:»:
_________________
1 Տե´ս M.N. and Others v. San Marino գործով 07.07.2015թ. վճիռ, գանգատ թիվ 28005/12, կետ 77/։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|