ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1821
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 մարտի 2026 թ.

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի,  (նախագահող), 

Արտակ Զեյնալյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի, (զեկուցող),

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ`

Էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2026 թվականի հունվարի 15-ի N 57-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի հունվարի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երևան քաղաքում՝ նպատակ ունենալով հստակեցնելու ԶՖԳ-ի և ՊՐՈՊԱՐԿՈ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրման, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ կիրառելի կանոնները, մասնավորապես` իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ այլ պայմանները՝ Համաձայնագրի, Կողմերի պետությունների օրենսդրության և համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն (Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՍԴՈ-1620 որոշում, կետ 1)։

2. 2025 թվականի մայիսի 26-ին Երևանում ստորագրվել է ««Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ ԶՖԳ-ի և ՊՐՈՊԱՐԿՈ-ի գործունեության ընդլայնման և Հայաստանի տնտեսական ոլորտի բարեփոխումների գործընթացում ֆրանսիական կողմից ավելի լայն ներգրավվածության ապահովման նպատակով։

3. Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ որպես ԶՖԳ խմբի անդամի (հոդված 1):

4 Արձանագրությունը կցված է Համաձայնագրին և կազմում է նրա անբաժանելի մասը (հոդված 4)։

5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

5.1համաձայնել, որ Համաձայնագիրը փոփոխվի այնպես, որ Համաձայնագրում ԶՖԳ-ին և ՊՐՈՊԱՐԿՈ-ին կատարվող բոլոր հղումներն ընդգրկեն նաև «Էքսպերտիզ ֆրանս» գործակալությունը (հոդված 2, կետ 1),

5.2. համաձայնել, որ Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՊՐՈՊԱՐԿՈ-ին տրամադրված այն հնարավորությունները, որոնք նրան թույլ են տալիս դիմելու առանձին ներկայացուցչություն բացելու խնդրանքով, տրվեն նաև «Էքսպերտիզ ֆրանս» գործակալությանը (հոդված 2, կետ 2),

5.3. Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում ԶՖԳ-ին և ՊՐՈՊԱՐԿՈ-ին հայկական կողմի կողմից վերապահված առավելությունները և արտոնությունները տարածել «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ որպես ԶՖԳ խմբի անդամի, ինչպես նաև նրա վարձած էքսպատրիանտների (գործուղված մասնագետների) վրա՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է առաքելությունների իրականացման համար (հոդված 3)։

6Արձանագրությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այդ փոփոխությունները ձևակերպվում են արձանագրություններով (հոդված 5, կետ 2)։

7Արձանագրության մեկնաբանման և կիրառման շուրջ ծագած բոլոր տարաձայնությունները լուծվում են բարեկամաբար՝ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով (հոդված 5, կետ 3)։

8 Արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա գործողությունը՝ վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այս ժամկետը հաշվարկվում է նշված ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից: Արձանագրության գործողության դադարեցումը չի ազդում ընթացքում գտնվող ծրագրերի և պայմանավորվածությունների առնչությամբ Համաձայնագրից բխող՝ Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա (հոդված 5, կետ 4)։

9Արձանագրությունն ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է ընթացքում գտնվող ծրագրերի, պայմանավորվածությունների և ցանկացած համագործակցության նկատմամբ (հոդված 5, կետ 5)։

10 Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը  ՈՐՈՇԵՑ.

 

1. 2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

17 մարտի 2026 թվականի

ՍԴՈ-1821

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական: