ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
17 մարտի 2026 թ. |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԶՖԳ) ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՊՐՈՊԱՐԿՈ) ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. դատավորներ` Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի,
Արման Դիլանյանի, (նախագահող),
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի հունվարի 15-ի N 57-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի հունվարի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի մայիսի 28-ին Երևան քաղաքում՝ նպատակ ունենալով հստակեցնելու ԶՖԳ-ի և ՊՐՈՊԱՐԿՈ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրման, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ կիրառելի կանոնները, մասնավորապես` իրավաբանական, հարկային, ֆինանսական կամ այլ պայմանները՝ Համաձայնագրի, Կողմերի պետությունների օրենսդրության և համապատասխան միջազգային պարտավորությունների համաձայն (Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՍԴՈ-1620 որոշում, կետ 1)։
2. 2025 թվականի մայիսի 26-ին Երևանում ստորագրվել է ««Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն)՝ ԶՖԳ-ի և ՊՐՈՊԱՐԿՈ-ի գործունեության ընդլայնման և Հայաստանի տնտեսական ոլորտի բարեփոխումների գործընթացում ֆրանսիական կողմից ավելի լայն ներգրավվածության ապահովման նպատակով։
3. Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ որպես ԶՖԳ խմբի անդամի (հոդված 1):
4․ Արձանագրությունը կցված է Համաձայնագրին և կազմում է նրա անբաժանելի մասը (հոդված 4)։
5. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
5.1․համաձայնել, որ Համաձայնագիրը փոփոխվի այնպես, որ Համաձայնագրում ԶՖԳ-ին և ՊՐՈՊԱՐԿՈ-ին կատարվող բոլոր հղումներն ընդգրկեն նաև «Էքսպերտիզ ֆրանս» գործակալությունը (հոդված 2, կետ 1),
5.2. համաձայնել, որ Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՊՐՈՊԱՐԿՈ-ին տրամադրված այն հնարավորությունները, որոնք նրան թույլ են տալիս դիմելու առանձին ներկայացուցչություն բացելու խնդրանքով, տրվեն նաև «Էքսպերտիզ ֆրանս» գործակալությանը (հոդված 2, կետ 2),
5.3. Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում ԶՖԳ-ին և ՊՐՈՊԱՐԿՈ-ին հայկական կողմի կողմից վերապահված առավելությունները և արտոնությունները տարածել «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ որպես ԶՖԳ խմբի անդամի, ինչպես նաև նրա վարձած էքսպատրիանտների (գործուղված մասնագետների) վրա՝ այնքանով, որքանով դա անհրաժեշտ է առաքելությունների իրականացման համար (հոդված 3)։
6․ Արձանագրությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այդ փոփոխությունները ձևակերպվում են արձանագրություններով (հոդված 5, կետ 2)։
7․ Արձանագրության մեկնաբանման և կիրառման շուրջ ծագած բոլոր տարաձայնությունները լուծվում են բարեկամաբար՝ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով (հոդված 5, կետ 3)։
8․ Արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա գործողությունը՝ վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այս ժամկետը հաշվարկվում է նշված ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից: Արձանագրության գործողության դադարեցումը չի ազդում ընթացքում գտնվող ծրագրերի և պայմանավորվածությունների առնչությամբ Համաձայնագրից բխող՝ Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա (հոդված 5, կետ 4)։
9․ Արձանագրությունն ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է ընթացքում գտնվող ծրագրերի, պայմանավորվածությունների և ցանկացած համագործակցության նկատմամբ (հոդված 5, կետ 5)։
10․ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում Զարգացման Ֆրանսիական Գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (ՊՐՈՊԱՐԿՈ) հիմնադրման և գործունեության մասին» 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
17 մարտի 2026 թվականի ՍԴՈ-1821 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|