ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 343-Ն
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը և փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 343-Ն որոշման |
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բուծողի իրավունքի տրամադրման և նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգի և փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկի հետ կապված հարաբերությունները:
2. Բուծողի իրավունքի տրամադրումը և նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն):
2․ ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3․ Նոր սորտի պահպանության նպատակով բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացվում է հայտ (այսուհետ՝ հայտ), որի ընդունման օր է համարվում սահմանված փաստաթղթերի և պետական տուրքի վճարման անդորրագրի՝ կազմակերպություն ներկայացնելու օրը։
4․ Հայտը պետք է վերաբերի միայն մեկ սորտի։
5. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
1) դիմում (հայտատուի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, եթե հայտատուի անունից հանդես է գալիս նրա կողմից լիազորված անձը, ապա՝ վերջինիս անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն։ Եթե հայտատուն սորտի բուծողը չէ, ապա՝ բուծողի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և նոտարական կարգով հաստատված լիազորագիր՝ հայտի ներկայացման իրավունքի փոխանցման մասին, սորտի բուծող հանդիսանալու վերաբերյալ հայտարարություն, տեղեկություն Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) անդամ այլ երկրում սորտի բուծողի իրավունք շնորհված լինելու մասին)․
2) սորտի անունը (այդ անվան համար առաջարկվող հոմանիշը և սորտի բուծման վայրի անվանումը, նոր սորտի ստացման համար ելանյութ հանդիսացող յուրաքանչյուր սորտի անվանումը, օգտագործված ծնողական ձևերը)․
3) սորտի նկարագրությունը (ներառյալ լուսանկարը, որով ներկայացվում է սորտի արտաքին տեսքը և հաստատվում դրա տարբերությունը այլ սորտերից, համառոտ տեղեկատվություն սորտի բուծման եղանակի մասին)․
4) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։
6․ Հայտը և հայտին կից ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն բնօրինակը։
7․ Հայտի և հայտին կից փաստաթղթերի բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) Պրիզմա (PRISMA) գործիքի միջոցով ներկայացվելու դեպքում ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում հայտի ստորագրված բնօրինակը և մյուս փաստաթղթերը պետք է ներկայացվեն կազմակերպություն։
8․ Հայտին կից փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև այլ լեզուներով: Այդ դեպքում հայտատուն պարտավոր է դրանց նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ միասին:
9․ Բուծողի իրավունքը ՈՒՊՈՎ անդամ մեկ այլ երկրում գրանցելու դեպքում սորտի անվանումը պետք է համապատասխանի այն անվանմանը, որով առաջին անգամ տրվել է բուծողի իրավունքը։
3․ ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԱՆՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
10․ Սորտի անվանումը առաջարկում է բուծողը, որը պետք է տարբերվի այլ սորտերի անուններից։
11․ Եթե սորտի անվանումը և սորտի անվանման հոմանիշը համապատասխանում են սույն հավելվածի 12-17-րդ կետերի պահանջներին, ապա սորտի անվանումը գրանցվում է որպես նոր սորտի անվանում։
12․ Սորտի անվանումը չի կարող պարունակել կենդանի ֆիզիկական անձի անուն, եթե նա չի տվել դրա համար գրավոր համաձայնություն կամ հայտի ներկայացմանը նախորդող 10 տարիների ընթացքում մահացած ֆիզիկական անձի անուն, եթե վերջինիս ժառանգները չեն տվել իրենց գրավոր համաձայնությունը։
13․ Բույսերի սորտերի անվանումը (ներառյալ հոմանիշը) չի կարող կազմված լինել միայն թվերից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն համապատասխանում է սորտի անվանակոչման հաստատված գործելակերպին:
14. Սորտի անվանումը չպետք է տարակուսանք կամ շփոթմունք առաջացնի տվյալ սորտի հատկանիշների (տարբերակիչ հատկանիշների, որակական և ծագումնաբանական հարցերի նույնականացման), որակի կամ ինքնության կամ բուծողի ինքնության առնչությամբ:
15․ Սորտի անվանումը պետք է տարբերվի յուրաքանչյուր անվանումից, որով որևէ ՈՒՊՈՎ անդամի տարածքում անվանվել է գոյություն ունեցող նույն կամ նույն տեսակին պատկանող բուսատեսակի սորտը:
16․ Եթե սորտի անվանումը օգտագործվում է ՈՒՊՈՎ անդամ որևէ երկրում գրանցված սորտի համար, ապա բուծողի իրավունքի տրամադրման համար հայտը ներկայացվում և գրանցվում է այդ նույն անվանումով։
17․ Եթե նույն սորտի այլ անվանումներ են օգտագործվում ՈՒՊՈՎ անդամ տարբեր երկրներում, ապա այդ անվանումները պետք է գրանցվեն ինչպես հայտերի, այնպես էլ բուծողի իրավունքների տրամադրման կամ սորտերի պաշտոնական գրանցամատյաններում:
18․ Պահպանվող սորտի բազմացվող նյութի ՈՒՊՈՎ անդամ այլ երկրում իրացման, շուկայահանման կամ օգտագործման դեպքում պետք է նշվի սորտի անվանումը:
19․ Սորտի անվանման օգտագործման պարագայում չպետք է խախտվեն երրորդ անձանց նախկին իրավունքները։ Սորտի անվանումը չի կարող ընդունվել, եթե դրա օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրվել է այլ անձի։
20. Եթե պարզվում է, որ տվյալ սորտի անվանումը կամ դրա հոմանիշը չի համապատասխանում սույն հավելվածի 11-16-րդ կետերի պահանջներին, ապա կազմակերպությունը մերժում է գրանցումն ու հայտատուին առաջարկում մեկ ամսվա ընթացքում ներկայացնել մեկ այլ անվանում:
21․ Այլ անձանց կողմից նախկինում ձեռք բերված բուծողի իրավունքները վերանայման ենթակա չեն:
22. Սորտը օգտագործվում է միայն պետական գրանցամատյանում գրանցված անվանմամբ:
23. Փաստաթղթերի ներկայացումից հետո երեք ամսվա ընթացքում ստուգվում է հայտի` սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը։ Եթե հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:
24. Եթե հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա կազմակերպությունը, հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին էլեկտրոնային փոստի կամ փոստային առաքման միջոցով գրավոր տեղեկացնում է այն լրամշակելու անհրաժեշտության, իսկ առանձին փաստաթղթերի բացակայության դեպքում՝ լրացված փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում ներկայացնելու մասին:
25. Կազմակերպության կողմից ծանուցումը ստանալուց հետո լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկու ամսվա ընթացքում չներկայացնելու կամ կրկին թերություններով ներկայացվելու դեպքում կրկնական փորձաքննության նշանակումը մերժվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում հայտատուին:
26. Փորձաքննության ընթացքում հայտատուն անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնել՝ չփոփոխելով ներկայացված սորտի տարբերակիչ հատկանիշները:
27. Կազմակերպության կողմից իրականացված փորձաքննությունից հետո լիազոր մարմինը կայացնում է որոշում` սորտի անվանումը գրանցելու և պաշտոնական հրապարակելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:
28․ Սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված որոշման մասին հայտատուն էլեկտրոնային կամ թղթային եղանակով ծանուցվում է որոշումն ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
29. Եթե հայտատուն սորտի անվանումը գրանցելու և արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշման հետ համաձայն չէ, ապա որոշումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում իրավունք ունի կրկնակի փորձաքննության իրականացման համար հայտ ներկայացնելու լիազոր մարմին: Կրկնակի փորձաքննությունն անցկացվում է հայտն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
30․ Կրկնակի փորձաքննության ընդունվող հայտի առաջնայնության ժամկետը համարվում է առաջին հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրը, և այն գործում է նշված օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում:
31․ Հայտի կրկնակի փորձաքննություն է նշանակվում լիազոր մարմնի որոշմամբ՝ հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
1) հայտատուի դիմումը հայտի կրկնակի փորձաքննության իրականացման վերաբերյալ․
2) լիազորված մարմնի որոշումը արտոնագիր տալը մերժելու մասին:
32․ Հայտը և դրան կից փաստաթղթերը կրկնակի փորձաքննության ներկայացնելու իրավունք ունի բուծողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը։
33. Հայտատուն կրկնակի փորձաքննության ընթացքում իր նախաձեռնությամբ կամ լիազորված մարմնի պահանջով կարող է`
1) հայտին կից փաստաթղթերում կատարել ուղղումներ, լրացումներ կամ այլ փոփոխություններ, եթե դրանք չեն փոխում սորտի տարբերակիչ հատկանիշները.
2) անձամբ կամ լիազորված անձի միջոցով մասնակցել հայտի կրկնակի փորձաքննության ընթացքում առաջացող հարցերի քննարկմանը.
3) ծանոթանալ հայտի կրկնակի փորձաքննության արդյունքներին:
34. Լիազոր մարմինը հայտն ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպում է հայտի կրկնակի փորձաքննություն, որի ընթացքում որոշվում են՝
1) պահանջվող փաստաթղթերի առկայությունը.
2) փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը.
3) եթե հայտի կրկնակի փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը համապատասխանում են ներկայացվող պահանջներին, ապա լիազոր մարմինը սահմանված կարգով և ժամկետներում ընդունում է որոշում հայտի պաշտոնական հրապարակման մասին․
4) եթե հայտի կրկնակի փորձաքննությունից հետո պարզվում է, որ հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը ընդունում է որոշում արտոնագիր տալը մերժելու մասին․
5) կրկնակի փորձաքննության որոշման վերաբերյալ հայտատուն ծանուցվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
35. Կազմակերպությունը հայտի կրկնակի փորձաքննության նյութերը պահպանում է`
1) բուծողի իրավունքի արտոնագիր տալը մերժելու դեպքում՝ 6 տարի.
2) բուծողի իրավունքի արտոնագիր տալու մասին որոշում ընդունելու դեպքում՝ արտոնագրի գործողության օրենքով սահմանված ժամկետի ընթացքում։
36. Կրկնակի փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն կարող է այն վիճարկել վերադասության, ինչպես նաև դատական կարգով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|