ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասն ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 282.210.04703, գրանցման օրը՝ 13.05.2003 թ., հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մկրտիչ Յաղուբյան նրբանցք 13) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03448, գրանցման օրը՝ 03.03.2003 թ., հասցեն՝ ք. Երևան, Արմենակ Արմենակյան 119):

2. «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3․ Ստեղծել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։

4. Սահմանել, որ՝

1) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

5․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորություններ) փոխանցման ակտը, ինչպես նաև «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.

2) ապահովել՝

ա․ «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

բ․ Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,

գ․ «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից Մարի Իզմիրլյանի մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնում հաշվառման ներկայացնելը։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում՝ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ՝

1) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց՝ ներառյալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումը,

բ. ցերեկային խնամքի բաղադրիչի դեպքում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, իսկ շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց օրինական ներկայացուցիչներին աջակցության տրամադրումը: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում՝ որոշակի ժամկետով կացարանով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման ապահովումը,

գ. կազմակերպությունում խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա՝ հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան 19 տարին լրանալը խնամքով ապահովումը.

2) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է կազմակերպությունում խնամք ստացող անձանց խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով, կացարանով ապահովումը, առաջնային բժշկական օգնության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, ֆունկցիոնալության գնահատման ապահովումը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում՝ նաև խնամքը, ազատ ժամանցը, աջակցող միջոցներով ապահովման գործընթացը, ինչպես նաև հասարակությունում ինտեգրումը՝ այդ թվում մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով.

3) «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում 0-18 տարեկան երեխաների համար, ինչպես նաև կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում:»:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 210-Ն որոշումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան