ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 338-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՋԱՓՆՅԱԿԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 271.210.02965, գրանցման օրը՝ 13.09.2005 թ., հասցեն՝ քաղ. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Մարգարյան 35) և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 278․210․03431, գրանցման օրը՝ 05․05․2003 թ., հասցեն՝ քաղ. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 282․210․04711, գրանցման օրը՝ 26.05.2003 թ., հասցեն՝ քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Զ. Սարկավագի փ․, 145):
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3․ Ստեղծել «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։
4. Սահմանել, որ՝
1) «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
5․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել ամրացված և սեփականության իրավունքով պատկանող՝ փոխանցվող գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների (ներառյալ վիճարկվող պարտավորությունները) փոխանցման ակտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունները.
2) ապահովել՝
ա․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ․ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցումը,
գ․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղերի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնում հաշվառման ներկայացնելը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 209-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ՝
1) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է՝
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց՝ ներառյալ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող, ֆունկցիոնալության թեթև և միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումը,
բ. ցերեկային խնամքի բաղադրիչի դեպքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, իսկ շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց օրինական ներկայացուցիչներին խնամքով ապահովումը: Շուրջօրյա խնամքի բաղադրիչի դեպքում որոշակի ժամկետով կացարանով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և համապատասխան խնամքի կարիք ունեցող երեխաների համար շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման ապահովումը,
գ. կազմակերպությունում խնամվող և հանրակրթություն ստացող անձի 18 տարին լրանալուց հետո, մինչև նրա՝ հանրակրթության ծրագրի ավարտը, բայց ոչ ավելի, քան 19 տարին լրանալը խնամքով ապահովումը.
2) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է կազմակերպությունում խնամք ստացող անձանց խնամքը և դաստիարակությունը՝ խնամք իրականացնողների, նրանց աջակցողների և այլ աշխատողների կամ անձանց միջոցով, կացարանով ապահովումը, առաջնային բժշկական օգնության տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրումը կամ դրա ապահովումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, ֆունկցիոնալության գնահատման ապահովումը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդումը, իսկ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքում նաև խնամքը, ազատ ժամանցը, աջակցող միջոցներով ապահովման գործընթացը, ինչպես նաև հասարակությունում ինտեգրումը, այդ թվում՝ մշակութային, սպորտային հաստատություններում ընդգրկման և այլ միջոցառումների իրականացման միջոցով.
3) «Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում, ինչպես նաև կավե հուշանվերների արտադրություն և կավագործության վճարովի ուսուցում, ձեռագործ խաղալիքների պատրաստում և վճարովի ուսուցում, կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում:»:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1058-Ն որոշումը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 831-Ն որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|