ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ մասով.
«7.2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
Հոդված 2․ Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված կարգով համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ գլխավոր դատախազի որոշումը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատախազության կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-66-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: