ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-57-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

 

«Հոդված 6.1.

Դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիությունը

 

1. Վարչական դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 64.4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 64.4. Գործի վարումն էլեկտրոնային եղանակով».

 

2) 1-ին մասից հանել «, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 64.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի» բառերը.

3) 2-րդ մասը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 64.5-րդ հոդվածի 5-րդ մասում «ներկայացվել է ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը» բառերը փոխարինել «ներկայացվել են դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը Համակարգը չօգտագործող անձին ուղարկելը հավաստող ապացույցը» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 64.7-րդ հոդվածի 2-րդ մասը «երեք աշխատանքային օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով գործի քննության հատուկ ժամկետներ նախատեսված լինելու դեպքում՝ Համակարգն օգտագործող անձին հասանելի դառնալու հաջորդ օրը» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 64․11-րդ հոդվածի 1-ին մասում «Համակարգի միջոցով, և գործը» բառերը փոխարինել «Համակարգի միջոցով, կամ գործը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 79-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկում է հայցվորին։ Հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հայցվորին վերադարձվում են վերջինիս դիմումի հիման վրա, որի դեպքում գործին կցվում են դրանց պատճենները:».

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, ապա վարչական դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ որոշում է կայացնում բողոքարկման արդյունքով հայցադիմումը վերադարձնելու մասին վարչական դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտ կայացվելուց հետո։».

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կրկին ներկայացվող հայցադիմումին կցվում է դիմում վարչական դատարանի կողմից արձանագրված առերևույթ սխալները վերացված լինելու և այն կրկին ներկայացնելու մասին, իսկ դիմում չներկայացվելու դեպքում հայցադիմումը մուտքագրվում է ընդհանուր կանոններով՝ որպես նոր գործ:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 82-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «գործ» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Գործերը միացնելու հիմքերը հայտնաբերած դատավորը միացման ենթակա մյուս գործը քննող դատավորին անհապաղ գրավոր տեղեկացնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքների մասին՝ առկայության դեպքում տրամադրելով նաև միացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:

1.2. Միացման ենթակա գործերը քննող դատավորների գրավոր համաձայնության դեպքում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում միացման ենթակա գործը փոխանցվում է այն դատավորին, որի վարույթում գտնվում է առավել վաղ վարույթ ընդունված հայցի հիման վրա հարուցված գործը, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ այն դատավորին, որի վարույթում գտնվող գործն առավել վաղ է մուտքագրվել դատարան։

1.3. Սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված դատավորը գործն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կայացնում է գործերը մեկ վարույթում միացնելու և գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, եթե առկա չեն ինքնաբացարկի հիմքեր: Ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում և միացման ենթակա գործերն անհապաղ հանձնում է միացման ենթակա գործերով հայցը հաջորդն առավել վաղ վարույթ ընդունած, իսկ հայցերը նույն օրը վարույթ ընդունված լինելու դեպքում՝ հաջորդ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վարչական դատարանը գործերը մեկ վարույթում միացնելու կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու և գործը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ուղարկում է դատավարության բոլոր մասնակիցներին։»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը «նրա իրավունքների պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «, և վարչական ակտը կասեցնելու դեպքում չի խախտվում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը «միջնորդություն ներկայացնող անձին» բառերից հետո լրացնել «, և նման միջոցներ ձեռնարկելը չի խախտում այնպիսի հանրային շահ, որը տվյալ իրավիճակում գերակա է միջնորդություն ներկայացնող անձի շահի նկատմամբ» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 96-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «երկշաբաթյա» բառը փոխարինել «դիմումն ստանալու պահից տասնօրյա» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում այն դեպքերում, երբ հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմում ներկայացնում են իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ որպես ներկայացուցիչ փաստաբան ունեցող ֆիզիկական անձը:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասը «137.4-րդ» բառերից հետո լրացնել «, 169.16-րդ, 173.2-րդ» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 118.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության «Դատավարության մասնակիցների» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին, 1․2-րդ և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում դատավարության մասնակիցների» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո էլեկտրոնային համակարգից օգտվող դատավարության մասնակիցներն իրավունք ունեն մեկամսյա ժամկետում ծանոթանալու ներկայացված ապացույցներին և առարկություններին, դրանց հաշվառմամբ փոփոխելու հայցի հիմքը կամ առարկան, ներկայացնելու լրացուցիչ դիրքորոշում կամ լրացուցիչ ապացույցներ։ Էլեկտրոնային համակարգից չօգտվող դատավարության մասնակցի համար վարչական դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ՝ ապացույցներին և առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքը կամ առարկան փոփոխելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6․ Սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1․1-ին մասով նախատեսված գործերով պատասխանողն իր պատասխանը, առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև իր առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող է ներկայացնել դատարան հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։

7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում պատասխանողի դիրքորոշումն ստանալուց հետո հայցվորը մեկամսյա ժամկետում կարող է ներկայացնել իր առարկությունները պատասխանողի ներկայացրած դիրքորոշման վերաբերյալ, այնուհետև կողմերը կարող են երկշաբաթյա ժամկետում արձագանքել միմյանց դիրքորոշումներին։»։

 

Հոդված 13. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հայցվորը (դիմողը) դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, և ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինելու վերաբերյալ վարչական դատարանի մատնանշումից հետո հայցվորը (դիմողը) այն չի փոխարինել պատշաճ հայցատեսակով:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերող անձին ուղարկվում է վերաքննիչ դատարանի որոշումը: Բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը բողոք բերող անձին վերադարձվում են վերջինիս դիմումի հիման վրա, որի դեպքում գործին կցվում են դրանց պատճենները:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) եթե վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով, ընդունելով բողոքարկված դատական ակտի թե փաստական, թե իրավական հիմնավորումները, հանգում է այն եզրակացության, որ վարչական դատարանը գործի լուծման մասով եկել է ճիշտ եզրակացության, և բացակայում է սխալ պատճառաբանված դատական ակտն ամբողջությամբ պատճառաբանելու կամ թերի պատճառաբանված դատական ակտը մասնակի պատճառաբանելու անհրաժեշտությունը, ապա առանց լրացուցիչ պատճառաբանելու միայն հղում՝ բողոքարկված դատական ակտով հաստատված փաստերին, դրա իրավական հիմնավորումներին և պատճառաբանություններին.»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո:».

2) 9-րդ մասից հանել «, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում» բառերը:

 

Հոդված 18. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) բավարարում է վճռաբեկ բողոքը՝ փոփոխելով դատական ակտի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վճռաբեկ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դիմումը վերադարձնելու, առանց քննության թողնելու և վարույթ ընդունելը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը գործն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, իսկ Վճռաբեկ դատարանը եռամսյա ժամկետում կայացնում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասում «տասնհինգօրյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով:

 

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 188.1-ին հոդվածով.

 

«Հոդված 188.1. Դիմումն առանց քննության թողնելը և դիմումը վարույթ ընդունելը մերժելը

 

1. Վերաքննիչ դատարանը դիմումը վարույթ ընդունելը մերժում է սույն օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով:

2. Վճռաբեկ դատարանը դիմումն առանց քննության է թողնում և վարույթ ընդունելը մերժում է սույն օրենսգրքի համապատասխանաբար 160-րդ հոդվածի 1-ին մասով և 162-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց հինգ օր հետո և կարող է նույն ժամկետում բողոքարկվել վերաքննիչ դատարան:»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասում «5» թիվը փոխարինել «3» թվով:

 

Հոդված 25. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 26

Երևան

ՀՕ-57-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: