ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ազգային ժողովի աշխատակազմը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 142-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Ազգային ժողովի աշխատակազմը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունից հետո` եռօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ազգային ժողովի աշխատակազմը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 4. Օրենքի 145-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, ինչպես նաև թեկնածուի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և թեկնածուի գրավոր համաձայնության դեպքում նաև այդ առարկությունները սահմանված կարգով հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում գլխավոր դատախազի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-64-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|