ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմնի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնի,» բառերով, իսկ նույն նախադասության «և ոստիկանության» բառերը հանել։
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «իրավասու մարմնի եզրակացություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2․2-րդ մասերով.
«2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունն էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրվելու պահից ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր, որի հիման վրա տվյալ անձի վարելու իրավունքն ինքնաշխատ եղանակով դադարում է։
2․2․ Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված՝ վարելու իրավունքը դադարելու մասին տվյալ անձը տեղեկացվում է համապատասխան տեղեկությունը տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման էլեկտրոնային հարթակի իր անձնական էջում արտացոլելու միջոցով, իսկ առկայության դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։»։
Հոդված 3.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի։
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովելու օրվանից։
3․ Էլեկտրոնային առողջապահության համակարգի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան էլեկտրոնային ռեգիստրի միջև փոխգործելիությունն ապահովվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-62-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: