ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 385-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԵՎ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։»․

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հրապարակումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 385-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

 մարտի 5-ի N 219-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԵՎ ՉՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2404 11 000, 2404 12 000 0, 2404 19 000, 2404 91 000 ծածկագրերի ներքո դասվող արտադրանքի վրա։

2․ Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև նիկոտին պարունակող և չպարունակող արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող նիկոտին պարունակող արտադրանքի (այսուհետ՝ ՆՊԱ) և նիկոտին չպարունակող արտադրանքի (այսուհետ՝ ՆՉՊԱ) վրա:

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։

4. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ արտադրանքի վրա՝

1) ծխախոտահումքից՝ ծխախոտային տերևից կամ դրա այլ մասերից ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստված ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող արտադրանք, որը պատրաստված է այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար․

2) դեղ հանդիսացող արտադրանք.

3) արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս արտահանվող արտադրանք․

4) բնական նիկոտին պարունակող պարենային արտադրանք․

5) սույն կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի օգտագործման համար նախատեսված սարքեր և համակարգեր.

6) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.

7) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք:

5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման՝ համապատասխանության հայտարարագրմամբ:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝ դրանց համապատասխան սահմանումներով՝

1) աերոզոլ՝ գազային վիճակում գտնվող պինդ կամ հեղուկ մասնիկների կախույթ՝ ներառյալ ծխախոտային գոլորշին, որը ստացվում է ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի ըստ նշանակության օգտագործման արդյունքում՝ բացառությամբ այրման (ծխալու) եղանակը.

2) բաղադրիչ՝ բաղադրատարր (բացառությամբ ծխախոտային տերևից կամ դրա այլ մասերից, նիկոտինից կամ դրա արտադրյալներից՝ ներառյալ նիկոտինային աղերը), որն օգտագործվում է արտադրանքի արտադրության մեջ և առկա է պատրաստի արտադրանքում՝ ներառյալ փոփոխված ձևով․

3) լցանյութ՝ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի հիմնական տարր (ներառյալ ծխախոտային խառնուրդը, հեղուկ խառնուրդը) և ոչ ծխախոտային խառնուրդ.

4) նիկոտին մատակարարող համակարգ (այսուհետ՝ ՆՄՀ)՝ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի օգտագործման համար անհրաժեշտ սարք (ներառյալ տաքացման աղբյուրը, քարթրիջ (պատիճ), լար կամ լիցքավորման սարք)՝ լցանյութից սպառողի կողմից ներքաշվող աերոզոլ (առանց այրման) ստանալու համար և այդ համակարգն իր կառուցվածքով կարող է լինել մեկանգամյա օգտագործման (արդյունաբերական ձևով ներկառուցված լցանյութով՝ առանց սպառողի կողմից ինքնուրույն լիցքավորման հնարավորության), համադրված (ինչպես հեղուկով, այնպես էլ ծխախոտային կամ ոչ ծխախոտային խառնուրդով լցանյութ պարունակող), բաց (բազմակի օգտագործման, որն ունի լցանյութով լիցքավորելու համար տարողություն) կամ փակ (բազմակի օգտագործման, որը նախատեսված է արդյունաբերական ձևով լիցքավորված քարթրիջի (պատիճների) կամ սթիքերի հետ օգտագործելու համար) տիպի․

5) ՆՄՀ-ի հեղուկ՝ ՆՊԱ և ՆՉՊԱ արտադրանք, որի հեղուկ կամ գելի ձևով լցանյութը արդյունաբերական եղանակով տեղադրված է ՆՄՀ-ի լիցքավորման համար տարողության կամ քարթրիջի (պատիճի), կամ անմիջապես մեկանգամյա օգտագործման ՆՄՀ-ի մեջ, և, որը ՆՄՀ-ի հետ ըստ նշանակության օգտագործման արդյունքում վերածվում է սպառողի կողմից ներքաշվող աերոզոլի.

6) ներդիր թերթիկ՝ սպառողի համար նախատեսված տեղեկություն պարունակող թերթիկ, որն օգտագործվում է այնպիսի սպառողական փաթեթվածքով ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի իրացման ժամանակ, որի վրա հնարավոր չէ զետեղել սպառողի համար նախատեսված տեղեկություն․

7) նիկոտին՝ ալկալոիդ, որը պարունակվում է Nicotiana ցեղի՝ Nicotiana Tabacum և Nicotiana Rustica տեսակների բույսերում․

8) ՆՊԱ՝ լցանյութում 0,1 մգ/սմ3 կամ ավելի (հեղուկ կամ գելի ձևով օգտագործվող արտադրանքի համար) և 0,01% և ավելի (ծխախոտի տերև չպարունակող խառնուրդներով օգտագործվող արտադրանքի համար) նիկոտինի պարունակությամբ արտադրանք կամ տաքացվող ծխախոտ (բացառելով այրումը) կամ օրալ օգտագործման արտադրանք (բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, դեղամիջոցների), որոնք նախատեսված են սպառման համար՝ նիկոտինը մարդու օրգանիզմ հասցնելու նպատակով.

9) ՆՉՊԱ՝ լցանյութում նիկոտին չպարունակող կամ 0,1 մգ/սմ3-ից պակաս (հեղուկ կամ գելի ձևով օգտագործվող արտադրանքի համար) և 0,01%-ից պակաս (ծխախոտի տերև չպարունակող խառնուրդներով օգտագործվող արտադրանքի համար) նիկոտինի պարունակությամբ արտադրատեսակ՝ բացառությամբ դեղամիջոցների, որոնք նախատեսված են ուղիղ կամ անուղղակի տաքացման (առանց այրման) արդյունքում առաջացած աերոզոլը ներքաշելու միջոցով օգտագործելու համար․

10) ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի անվանում՝ համապատասխանաբար ՆՄԱ-ի կամ ՆՉՊԱ-ի՝ արտադրողի կողմից տրված նշագրումը.

11) ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի տեսակ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող արտադրանքի անվանում, որով նույնականացվում է տվյալ արտադրանքը.

12) ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի վնասակարության մասին նախազգուշացում՝ մարդու առողջության համար ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի օգտագործման, առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է այդ արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա՝ գունավոր նկարների կամ լուսապատկերների տեսքով՝ ներառելով տեքստը․

13) սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի (ներառյալ ՆՄՀ-ի լիցքավորման համար տարողության, ինչպես նաև քարթրիջների (պատիճների), սթիքների և մեկանգամյա օգտագործման ՆՄՀ-ի) համար նախատեսված փաթեթվածք.

14) տարողություն հեղուկ լցանյութով լիցքավորելու համար (այսուհետ՝ տարողություն)՝ բաց տիպի ՆՄՀ-ի լիցքավորման համար նիկոտին պարունակող և չպարունակող հեղուկների սպառողական փաթեթվածքի տեսակ.

15) տաքացվող ծխախոտային արտադրատեսակ՝ ծխախոտային արտադրատեսակ, որը առանձին բաժնեմասերով (օրինակ՝ սթիքի տեսքով) արդյունաբերական եղանակով պատրաստված կամ քարթրիջի (պատիճի) մեջ տեղադրված ծխախոտային խառնուրդ է, որը նախատեսված է ՆՄՀ-ի միջոցով՝ ուղիղ կամ անուղղակի տաքացման եղանակով (առանց այրման) ստացվող աերոզոլը սպառողի կողմից ներշնչելու նպատակով․

16) տաքացվող՝ նիկոտին պարունակող ոչ ծխախոտային արտադրատեսակ՝ նիկոտին պարունակող (ծխախոտային տերև կամ դրա այլ մասեր չպարունակող) արտադրատեսակ, որը առանձին բաժնեմասերով (օրինակ՝ սթիքի տեսքով) արդյունաբերական եղանակով պատրաստված կամ քարթրիջի (պատիճի) մեջ տեղադրված նիկոտին պարունակող (ծխախոտ չպարունակող) խառնուրդ է, որը նախատեսված է ՆՄՀ-ի միջոցով՝ ուղիղ կամ անուղղակի տաքացման եղանակով (առանց այրման) ստացվող աերոզոլը սպառողի կողմից ներշնչելու նպատակով․

17) քարթրիջ (պատիճ)՝ բազմակի օգտագործման փակ տիպի ՆՄՀ-ի բաղադրատարր, որն արդյունաբերական եղանակով լիցքավորվում է ՆՊԱ-ով և ՆՉՊԱ-ով և այն օգտագործվում է ՆՄՀ-ի հետ համատեղ.

18) օրալ օգտագործման արտադրանք՝ նիկոտին պարունակող (0,01% և ավելի) արտադրանքի տեսակ, որի լցանյութը ծխախոտի տերև կամ դրա մասեր չպարունակող արդյունաբերական ձևով ձևավորված առանձին մասերի տեսքով խառնուրդ է և այն նախատեսված է օրալ (ծամելու, ծծելու, լեզվի տակ դնելու) ձևով օգտագործման համար և նախատեսված չէ սննդի մեջ օգտագործելու համար.

19) «hեղուկ խառնուրդ»՝ ծխախոտ չպարունակող լցանյութ, որը բաղկացած է հեղուկ կամ գելային տեսքով բաղադրիչների խառնուրդից՝ նիկոտինի ավելացմամբ կամ առանց դրա։ Կախված նիկոտինի պարունակությունից՝ հեղուկ խառնուրդը կարող է լինել նիկոտին պարունակող կամ նիկոտին չպարունակող.

20) «ծխախոտի խառնուրդ»՝ տաքացված ծխախոտային լցանյութ, որը բաղկացած է արդյունաբերական եղանակով մշակված ծխախոտից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց.

21) «ծխախոտ չպարունակող խառնուրդ»՝ լցանյութ, որը չի պարունակում ծխախոտ և բաղկացած է ոչ ծխախոտային հումքից՝ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց, նիկոտինի ավելացմամբ կամ առանց դրանց։

 

3. ՆՊԱ-Ի ԵՎ ՆՉՊԱ-Ի ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

7. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի նույնականացումն իրականացնում են մատակարարը, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը (վաճառողը), մաքսային մարմինը՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների շրջանակում, սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, համապատասխանության գնահատման մարմինը։

8. Սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի նույնականացումը կատարվում է մի քանի եղանակով՝

1) տեսողական՝ զննման եղանակով․

ա․ ըստ սպառողի համար սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվության՝ համեմատելով սպառողական փաթեթվածքի վրա նշված արտադրատեսակը սույն տեխնիկական կանոնակարգում նշված արտադրատեսակների հասկացությունների հետ,

բ․ ըստ նիկոտինի առկայության մասին տեղեկատվության առկայության՝ ստուգելով սպառողական փաթեթվածքի վրա նիկոտինի առկայության մասին տեղեկատվության առկայությունը (ՆՊԱ-ի համար)․

գ․ ըստ կիրառման եղանակի՝ ստուգելով սպառողական փաթեթվածքի կամ ներդիր թերթիկի վրա այն ՆՄՀ-ի (տեսակը, մակնիշը, մոդելը) մասին նշման առկայությունը, որի հետ պետք է օգտագործվի սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքը․

2) գործիքային եղանակով․

ա․ ըստ լցանյութում նիկոտինի առկայության (ՆՊԱ-ի համար)․

բ․ սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի օգտագործման ընթացքում այրման բացակայության, որը որոշվում է 100 սմ3 աերոզոլում ածխածնի մոնօքսիդի (CO), ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի օքսիդների (NOx) պարունակությունը չափելով։ Այս նյութերի պարունակությունը չպետք է գերազանցի 100 սմ3 աերոզոլում սահմանային արժեքները ածխածնի մոնօքսիդի (CO) համար 0.3 մգ/100 սմ3 (հաշվի առնելով նաև ստանդարտներում նշված չափումների սխալանքը), ազոտի մոնօքսիդի (NO) համար 4.0 մկգ/100 սմ3 (հաշվի առնելով նաև ստանդարտներում նշված չափումների սխալանքը) և ազոտի օքսիդների (NOx) համար 5.0 մկգ/100 սմ3 (հաշվի առնելով նաև ստանդարտներում նշված չափումների սխալանքը (չափման արդյունքների գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով փորձարկման (չափման) մեթոդները պարունակող ստանդարտում տրված շեղման միջակայքերը)։

9. Տեսողական՝ զննման եղանակով նույնականացումը կատարելու անհնարինության դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի նույնականացումը կարող է կատարվել նաև գործիքային եղանակով՝ հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմնում սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխում նշված ստանդարտների ցանկում ներառված մեթոդներով։

10. Նույնականացման արդյունք է համարվում նույնականացվող արտադրանքը սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի շարքին դասելը կամ չդասելը:

 

4. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ՆՊԱ-ն և ՆՉՊԱ-ն պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ինչպես նաև այն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։ Այն պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով, հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանով:

12. Հայաստանի Հանրապետություն կարող է ներմուծվել, իրացվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանող ՆՊԱ և ՆՉՊԱ:

13. Արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ՆՊԱ-ները և ՆՉՊԱ-ները կարող են արտադրվել արտահանման երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

5. ՆՊԱ-ԻՆ ԵՎ ՆՉՊԱ-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի արտադրության ժամանակ արգելվում է կիրառել հետևյալ բաղադրիչները՝

1) նյութեր՝

ա. ագարինաթթու (Acidumagaricinicum),

բ. կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum),

գ. դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ,

դ. սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis),

ե. գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum),

զ. կամֆորայի յուղ (Oleum Camphoratum),

է. կամֆորա, ը. կումարին,

թ. կանճրակ (սաֆլոր),

ժ. կենսածառ` թույա,

ժա. թուխոն.

ժբ․ վիտամին Eացետատ,

ժգ․ դիացետիլ,

ժդ․ դիէտիլենգլիկոլ,

ժե․ էտիլենգլիկոլ

ժզ․ այլ նյութեր, որոնց շրջանառությունն արգելված է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով.

2) բուրավետիչ և համային նյութեր, որոնք պատրաստված են՝

ա. դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae),

բ. բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii),

գ. ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii),

դ. կվասսիայի փայտից (Lignum Quassiae),

ե. օճառածառի կեղևից (Cortex Quillaja),

զ. տարկավանի խոտերից (Herba Tanaceti),

է. սատապի խոտերից (Herba Rutae),

ը. սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis),

թ. դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis),

ժ. տոնկա հատիկներից (Semen Toncae),

ժա. հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima),

ժբ. գետնաստղից (Asperulaodorata):

15. ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի ՆՄՀ-ի հետ շահագործման ընթացքում առաջացող աերոզոլում արտազատվող ցանկացած նյութերի արժեքները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխում նշված ստանդարտներով սահմանված պահանջներին:

16. ՆՄՀ-ի հեղուկում նիկոտինի զանգվածի առավելագույն պարունակությունը չպետք է գերազանցի 20 մգ/սմ3-ը։

17. Նիկոտինի զանգվածային բաժինը օրալ օգտագործման արտադրանքի մեջ չպետք է գերազանցի 16.6 մգ-ը ապրանքի մեկ միավորի համար (չափման արդյունքների գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով փորձարկման (չափման) մեթոդները պարունակող ստանդարտում տրված շեղման միջակայքերը)։

18. Նիկոտինի զանգվածային բաժինը ծխախոտային խառնուրդում, նիկոտին պարունակող ոչ ծխախոտային խառնուրդում չպետք է գերազանցի 3,5% կամ 35 մգ/գ:

19. Միավոր քարթրիջում (պատիճում) ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի կարող գերազանցել 2 սմ3-ը:

20. ՆՄՀ-ի լիցքավորման համար տարողությունում հեղուկի ծավալը չպետք է գերազանցի 10 սմ3-ը:

21. Մեկանգամյա օգտագործման ՆՄՀ-ում հեղուկ խառնուրդի ծավալը չպետք է գերազանցի 2 սմ3-ը:

 

6. ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՓԱԹԵԹՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի փաթեթվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխով սահմանված պահանջներին։

23. Արտադրողը պետք է ապահովի երեխաների կողմից լիցքավորման համար տարողությունների բացման անհնարինությունը՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ 8317 միջպետական ստանդարտի պահանջների։

24. Լիցքավորման համար տարողությունը պետք է բացառի հեղուկ խառնուրդի արտահոսքը։

25. Արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է զետեղվի հետևյալ տեղեկությունը՝

1) ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի տեսակը․

2) ՆՊԱ-ի կամ ՆՉՊԱ-ի անվանումը․

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որն արտադրողի կողմից լիազորություն ունի սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, ներառյալ փաստացի, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ կայքէջը): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ արտադրանքն արտադրողի կամ ներմուծողի կողմից։ Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում։ Տեղեկության փոփոխման դեպքում արտադրողը պարտավոր է նման փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել արտադրանքի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա․

4) արտադրողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա․

5) տեղեկություն ՆՄՀ-ի հեղուկների խառնուրդի ծավալի մասին (միլիլիտրերով), տաքացվող ծխախոտային խառնուրդի քաշի, ծխախոտ չպարունակող խառնուրդի քաշի, ծխախոտի տերև կամ դրա մասեր չպարունակող լցանյութ հանդիսացող արտադրանքի քաշի մասին (գրամներով), սպառողական փաթեթվածքում օրալ օգտագործման արտադրանքի քաշի մասին (գրամներով): Թույլատրվում է փաստացի ծավալի կամ քաշի շեղում ավելի կամ պակաս սպառողական փաթեթվածքի վրա նշված ծավալից կամ քաշից ոչ ավելի, քան 10%-ի չափով.

6) տեղեկություն նիկոտինի պարունակության մասին (միլիգրամներով մեկ միլիլիտրում՝ հեղուկ խառնուրդների համար, միլիգրամներով մեկ գրամում՝ ծխախոտային և ծխախոտ չպարունակող խառնուրդների համար) լցանյութում (բացառությամբ օրալ օգտագործման արտադրանքի համար) և օրալ օգտագործման (մեկ միավոր արտադրանքում՝ միլիգրամներով) արտադրատեսակի համար (չափման արդյունքների գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով փորձարկման (չափման) մեթոդները պարունակող ստանդարտում տրված շեղման միջակայքերը).

7) տեղեկություն սպառողների համար այն մասին, որ տվյալ արտադրանքը պետք է օգտագործել միայն ՆՄՀ-ի հետ (անվանումը կամ ապրանքային նշանը և ՆՄՀ-ի նշանակությունը (օրինակ՝ ծխախոտ չպարունակող խառնուրդների համար ՆՄՀ, ծխախոտի տաքացման համար սարք), ապրանքանիշը կամ մոդելը՝ առկայության դեպքում).

8) համապատասխանության ազգային նշանը․

9) արտադրանքի արտադրության ամիսը, տարեթիվը և արտադրանքի քանակը (հատով արտադրատեսակների դեպքում)։ Ընդ որում, նշված տեղեկությունների վրա չի թույլատրվում զետեղել սպառողական փաթեթվածքի որևէ տարր (բացառությամբ փաթեթավորման թափանցիկ թաղանթի) կամ սոսնձել դրոշմանիշներ.

10) պիտանելիության ժամկետը և պահպանման պայմանները (եթե այդպիսի ժամկետն ու պայմանները սահմանում է արտադրողը).

11) անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում.

12) նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն N 1 ձևի և օրալ օգտագործման արտադրանքի համար՝ համաձայն N 1 ա ձևի։ Ընդ որում՝ նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա՝ սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով և այն պետք է տեղադրվի ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի հակառակ կողմի ստորին հատվածում, որի մակերեսը պետք է կազմի սպառողական փաթեթվածքի հակառակ կողմի առնվազն 20 տոկոսը․

13) արտադրանքի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում, որը զետեղվում է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի վրա և այն պետք է տեղադրվի ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի վերին հատվածում, հայերեն, գունավոր նկարների կամ լուսապատկերների և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Պարունակում է նիկոտին, որը կախվածություն է առաջացնում և վնասակար է առողջության համար» (ՆՊԱ-ի համար)՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 2 ձևի, օրալ օգտագործման արտադրանքի համար՝ համաձայն N 2 ա ձևի և «Կարող է վնաս պատճառել առողջությանը» (ՆՊՉԱ-ի համար)՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի N 3 ձևի։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման տարրալուծումը կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi)։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը: Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի առնվազն 30 տոկոսը։

26․ Սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետով նախատեսված տեղեկությունը զետեղվում է հայերենով, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։

27․ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում մոլորության մեջ գցող տերմինների՝ «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը։

28․ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա թույլատրվում է բացի սույն տեխնիկական կանոնակարգի 25-րդ կետում նշված տեղեկությանը զետեղել լրացուցիչ տեղեկություն և նշել արտադրանքում անանուխի (մենթոլի) պարունակության մասին տեղեկություններ։

29․ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը՝

1) պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։ Ընդ որում՝ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ․

2) չպետք է՝

ա․ պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների կամ դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ,

բ․ տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային հիմնական կողմի։

30․ ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում զետեղել այն սարքերի անվանումը կամ ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել տվյալ ՆՄՀ-ի գնահատման համար՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Չի թույլատրվում նշել նաև, որ արտադրանքը կարող է օգտագործվել բոլոր ՆՄՀ-ի հետ։

31․ Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը՝ բացառությամբ ծխախոտային արտադրանքի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։

 

7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

32. ՆՊԱ-ների և ՆՉՊԱ-ների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ գլխում նշված ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներով։

33. Սույն տեխնիկական կանոնակարգին ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի համապատասխանության գնահատումն իրականացվում է խմբաքանակի և սերիական արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման համապատասխան ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:

34. ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատու կարող է հանդիսանալ սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքի մատակարարը, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը (վաճառողը), որը՝

1) կազմում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝

ա․ սպառողական փաթեթվածքի նմուշը (ներդիր թերթիկը),

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման համապատասխան ընթացակարգերով նախատեսված փաստաթղթերը.

2) իրականացնում է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի նույնականացումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ գլխին համապատասխան.

3) ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որակի կառավարման համակարգի գործունեությունը լինի կայուն (անհրաժեշտության դեպքում).

4) ընդունում է համապատասխանության հայտարարագիրը, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանով սահմանված պահանջներին, լրացվի հայերենով, էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ձևաչափին համապատասխան.

5) զետեղում է ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիրի) յուրաքանչյուր միավորի վրա համապատասխանության ազգային նշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով.

6) համապատասխանության հավաստման ընթացակարգն ավարտվելուց հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագիրը, որոնք պահվում են իր մոտ իրացումից հետո 10 տարի ժամկետով։

35․ Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սերիական արտադրության արտադրանքի համար 5 տարվանից ոչ ավելի է, իսկ խմբաքանակի համար այն չի կարող գերազանցել արտադրանքի պահպանման ժամկետը։

 

8. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի և ՆՉՊԱ-ի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և իրավական այլ ակտերով։

 

9. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Հ/Հ

Ստանդարտների

նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

3

1.

ՀՍՏ 415

Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

2.

ՀՍՏ 428

Հեղուկներ նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերի համար. Նիկոտինի, պրոպիլեն գլիկոլի և գլիցերինի պարունակության որոշում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերում օգտագործվող հեղուկներում.

Գազաքրոմատագրման մեթոդ

3․

ՀՍՏ 430

Առանց ծխախոտի տերևի նիկոտին պարունակող արտադրատեսակներ բերանացի (օրալ) օգտագործման համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

4․

ՀՍՏ 408

Նիկոտին պարունակող արտադրանք. Տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ. Տեխնիկական պայմաններ

5.

ԳՕՍՏ ԻՍՕ 8317

Փաթեթվածք, խցանահանում, որը երեխաներին հասանելի չէ. Բազմակի կիրառության փաթեթվածքի փորձարկում և պահանջներ

6․

ԳՕՍՏ 6824

Գլիցերին թորած․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

7․

ԳՕՍՏ 8072

Ֆերմենտացված ծխախոտի հումք. Տեխնիկական պայմաններ

8․

ԳՕՍՏ 26996

Պոլիպրոպիլեն և պրոպիլենի համապոլիմերներ. Տեխնիկական պայմաններ

9․

ԳՕՍՏ 35068

Տաքացվող ծխախոտ, առանց ծխախոտի խառնուրդի արտադրանք, հեղուկներ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի համար, առանց ծխախոտի տերևի նիկոտին պարունակող արտադրատեսակներ բերանացի (օրալ) օգտագործման համար (նիկոտինային բարձիկ (նիկպեկ), առանց ծխախոտի խառնուրդներ տաքացման համար. Նիկոտինի որոշումը լցանյութում

 

Ձև N 1

Ներմուծեք նկարագրությունը_24615

 

 

Ձև N 1 ա

 

Ներմուծեք նկարագրությունը_24616

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_24617

 

Ձև N 2 ա

 

Ներմուծեք նկարագրությունը_24618

 

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_24619

»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: