ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է տասնմեկ անդամից, որոնցից վեցը՝ դատավոր անդամներ, իսկ հինգը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից չորսն ընտրվում են առաջին ատյանի դատարանի դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացումից (քաղաքացիական (որը ներառում է նաև սնանկության մասնագիտացումը), քրեական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումներ)՝ մեկ դատավոր, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել այն դատավորը, որն ունի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև վերջին երկու տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության:».
3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորություններն առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Ընդ որում, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իր պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու և տարեկան գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր, ինչպես նաև հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ մասերով.
«8.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամն իր լիազորությունների իրականացման ողջ ընթացքում պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկելուց,
2) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ,
3) զերծ մնալ դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց:
8.2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ: Ընդհանուր ժողովի կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի վերաբերյալ բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, նրա կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և նրա գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:».
5) 9-րդ մասի՝
ա. «Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-ին մասի պահանջները» բառերով,
բ. երրորդ նախադասության «պահանջները» բառը փոխարինել «պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը, որն առնվազն ներառում է ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց պետական գրանցման վկայականի, կանոնադրության, դիմելուն նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները ներկայացնելու պահանջ» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունների), որոնք՝
1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.
2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:».
7) 10-րդ մասի «բաց» բառը փոխարինել «գաղտնի» բառով։
Հոդված 2. Օրենքում «հասարակական կազմակերպություններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 77.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հանձնաժողովի անդամի կողմից վարքագծի կանոնները, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի կողմից սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ կամ 8.1-ին մասի պահանջները խախտվելու դեպքում.»,
բ. 4-րդ կետի «աշխատակարգով» բառը փոխարինել «գործունեության կարգով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հանձնաժողովի անդամի, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի՝ որպես նախագահ իր լիազորություններն իրականացնելիս լիազորությունների դադարման կամ դադարեցման հետ կապված ընթացակարգային հարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովների գործունեության կարգերով:».
3) 5-րդ մասի՝
ա. «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում ընտրություն կազմակերպելիս հաշվի են առնվում նաև 77-րդ հոդվածի 4-րդ և 5.1-ին մասերով սահմանվող պահանջները:»:
Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «ընթացիկ գործունեությունը» բառերից հետո լրացնել «՝ հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան: Հանձնաժողովի գործունեության կարգով կարող են սահմանվել հանձնաժողովի նիստերի անցկացման և հարցերի քննարկման առանձնահատկությունները» բառերով և նախադասությունով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն յոթ անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը: Հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը համարվում է մերժված, իսկ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի վերաբերյալ որոշումը չընդունվելու դեպքում հարուցված կարգապահական վարույթը կարճվում է:
2.2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ: Եթե Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:»:
Հոդված 5. Օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) չորրորդ հերթին՝ սույն օրենսգրքի 110.1-ին հոդվածով նախատեսված հատուկ կարգով որակավորման ստուգում անցած անձին՝ ըստ հատուկ կարգով որակավորման ստուգումը հանձնելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող անձին.
5) հինգերորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին, այդ թվում՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուներին և վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին.».
3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 116-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում, ինչպես նաև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի և վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն, բացառությամբ՝
1) հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում գտնվելու պատճառներով հրաժարվելու դեպքերի,
2) այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման նույն տարվա շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ: Սույն կետը չի տարածվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի և վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի վրա:».
3) 6-րդ մասի «4-րդ կետով սահմանված դեպքում» բառերը փոխարինել «5-րդ կետով սահմանված դեպքում (բացառությամբ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող թեկնածուի և վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն ութ տարվա փորձառություն ունեցող թեկնածուի)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 119-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Դատավորն իր դիմումով կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին՝ դիմումի քննարկումն անցկացնելու խորհրդակցական սենյակում: Դատավորի միջնորդությունը բավարարելու դեպքում քվեարկությունն անցկացվում է խորհրդակցական սենյակում:»:
Հոդված 8. Օրենքի 146-րդ հոդվածի 5-րդ մասը «չհարուցելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, որն ուղարկում է նաև վարույթ հարուցող մյուս մարմնին» բառերով:
| Հոդված 9. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները շարունակում են պաշտոնավարել, և նրանց նկատմամբ կիրառելի են սույն օրենքով սահմանված պահանջները:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի թափուր տեղերի դատավոր չհանդիսացող անդամներին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները, սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխանեցնելով իրենց գործունեությունը, դադարեցնում են դատական ներկայացուցչություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում: Սույն մասով սահմանված պահանջը բավարարելու դեպքում հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները հայտարարություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահին՝ իրենց գործունեությունը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխանեցնելու մասին: Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների կողմից սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետում սույն մասով սահմանված հայտարարությունը հանձնաժողովի նախագահին չներկայացվելու դեպքում հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի լիազորությունները սույն մասով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում են:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների գործունեության կարգերը համապատասխանեցվում են սույն օրենքին և դրանով սահմանված հանձնաժողովների ընտրության նոր կարգավորումներին:
6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաստատված դատավորների թեկնածուների ցուցակներից առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնելու վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-72-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|