ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-78-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37. Հուշարձանների օտարումը

 

1. Հուշարձանի հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:

2. Հուշարձանների հատուցմամբ կամ անհատույց օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

3. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, եկեղեցական և վանական համալիրները, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները (այսուհետ՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցներ) կարող են ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում:

4. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը և սեփականության իրավունքը վկայող փաստաթղթի պատճենը: Լիազորված մարմինը ծանուցումն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, գրավոր ծանուցում է սեփականատիրոջը գույքն այլ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության կամ մերժման մասին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մերժում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համաձայնության տրամադրումը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են:

6. Հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման համաձայնության տրամադրման և մերժման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն հոդվածով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-78-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: