ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-92-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի ֆիզիկական կամ իրավաբանական անձը։ Սույն մասով սահմանված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․ Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկելու հետ միաժամանակ բողոք բերող անձը և դատավարության մասնակիցները տեղեկացվում են գործի դատաքննության ժամանակի ու վայրի մասին։»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 140-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև վեց ամիս ժամկետով:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը չի տարածվում սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոքների քննության հատուկ ժամկետների վրա:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 141-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ եկել է այն եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով․

«4. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում:

5. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ։

6. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 142. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում

 

1. Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը դատական նիստում իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` սույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ։

2. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

3. Դատաքննությունը վերաքննիչ դատարանում սկսվում է նախագահող դատավորի զեկուցումով։ Նախագահող դատավորը շարադրում է բողոքի և բողոքի դեմ ներկայացված պատասխանի ամփոփ բովանդակությունը։ Կոլեգիալ կազմի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, դատավարության մասնակիցներին, որից հետո գործի դատաքննությունը ավարտվում է, և հայտարարվում են դատական ակտը հրապարակելու վայրն ու ժամանակը։»:

 

Հոդված 7 Օրենսգրքի 142.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Վերաքննիչ դատարանը սույն մասով նախատեսված դատական ակտի հրապարակման օրը կարող է փոփոխել պատճառաբանված որոշմամբ՝ բողոքի քննության համար սահմանված ժամկետների շրջանակներում՝ այդ մասին տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:»:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, որոնց մասով օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի քննության արդյունքով կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վրա:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջով վիճարկման հայցի հիման վրա կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված և դեռևս վարույթ չընդունված վերաքննիչ բողոքների ընդունումը ենթակա է մերժման Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով սահմանված հիմքով, իսկ վարույթ ընդունված, բայց դատաքննությունը դեռևս չավարտված վերաքննիչ բողոքներով վերաքննիչ վարույթը ենթակա է կարճման: Դատաքննությունն ավարտված լինելու, իսկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելիս դատական ակտի հրապարակման օր նշանակված լինելու դեպքում դատաքննությունը վերսկսվում է, և կայացվում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Սույն հոդվածով նախատեսված կարգավորումից բացառություն են համարվում սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դատական ակտերի դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած վերաքննիչ բողոքները:

5. Սույն օրենքի 4-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքների քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, և դատավարության մասնակիցները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ծանուցվում են բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին՝ առանց նշանակված դատական նիստերն անցկացնելու անհրաժեշտության, բացառությամբ եթե վերաքննիչ վարչական դատարանը սույն մասում նշված ծանուցումից հետո՝ 15-օրյա ժամկետում, դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ գալիս է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունը շարունակել բանավոր ընթացակարգով:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-92-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան