ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2026 թվականի N 398-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-1270-24.02.2026-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-1270-24.02.2026-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է.

1) սահմանել 18 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 միլիոն դրամ, և 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով.

2) պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը.

3) մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար սահմանել ՀՀ զինված ուժերում 12-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու հնարավորություն.

4) մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ.

5) Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է նախագծերի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկությունները:

 

I. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Ներկա դրությամբ ժամանակավրեպ է 18-ից 27 տարեկան զորակոչի ենթակա անձանց որոշակի գումարի վճարմամբ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը՝ հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2025 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-405-Ն օրենքով կատարված փոփոխությունը: Նույն դիտարկումը վերաբերում է նաև մինչև զորակոչային տարիքը լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետին և պարտադիր զինվորական ծառայության փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու առաջարկությանը:

2. Ներկա դրությամբ ժամանակավրեպ է նաև զորակոչի տարիքը մինչև 37 տարեկանը նախատեսելու դրույթը, նկատի ունենալով, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ցուցանիշների վրա՝ հաշվի առնելով, որ տվյալ տարիքային խմբում սովորաբար սկսվում է ամուսնության և ընտանիքի ձևավորման գործընթացը: Նշված իրավակարգավորման արդյունքում 18-ից մինչև 37 տարեկան անձինք զինվորական ծառայությունը պետք է անցկացնեն միևնույն պայմաններում, սակայն պարզ չէ, թե արդյոք հաշվի առնվել են վերջիններիս տարիքային տարբերությունով պայմանավորված անձնային առանձնահատկությունները, որը կարող է հանգեցնել «սերունդների բախման», ինչի արդյունքում կառաջանան ներանձնային տարաձայնություններ ու վեճեր:

Բացի այդ, եթե ներկայումս ՀՀ տարածքից դուրս 9 տարի զինվորական ծառայությունից խուսափած 18-ից 27 տարեկան անձը 27 տարեկանը լրանալուց հետո կարող է վերադառնալ ՀՀ և գործող իրավակարգավորման պայմաններում կատարելով իր վրա դրված պարտավորությունները՝ ներգրավվել ՀՀ տնտեսական ու սոցիալական կյանքին, ապա նախագծով առաջարկվող փոփոխվող կարգավորումների պարագայում՝ 19 տարի այլ պետությունում աշխատանքի և կյանքի ապահովության պայմաններում զինվորական ծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադառնալու հավանականությունն ակնհայտորեն նվազելու է, ինչն անուղղակիորեն կարող է խրախուսել արտագաղթը և առաջացնել դեմոգրաֆիկ խնդիր:

3. Նախագծի անցումային 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած և Օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ բոլորը միասին՝ օրենքներ) պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված արական սեռի քաղաքացիների՝ մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները՝ մինչև 45 տարին լրանալը, կարող են իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն Օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասով նախատեսված օրենքների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և համապատասխանաբար 27 կամ 35 տարին լրանալուց հետո Օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:»:

Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասում խնդրահարույց կարող են լինել առաջին նախադասությամբ նախատեսվող դրույթները՝ հետևյալ նկատառումներով: Մասնավորապես, դրանում հստակ նշված է՝ «... Օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ բոլորը միասին՝ օրենքներ) պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները», մինչդեռ, երրորդ նախադասությամբ նախագծի հեղինակը պարզաբանում է, թե «սույն մասի իմաստով՝ օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած» ձևակերպման մեջ որ դեպքերն են մտնում՝ «Սույն մասի իմաստով օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ որը, «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, զինվորական հաշվառման կանգնելու համար դիմել է 27 տարին լրանալուց հետո:»: «Սույն մասի իմաստով՝ օրենքների պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած» ձևակերպման նման մեկնաբանության արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, երբ 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավունքից կկարողանան օգտվել միայն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարիքները լրացած է և վերջիններիս նկատմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում: Այսինքն, այս խմբից կարող են դուրս մնալ 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարիքները լրացած այն քաղաքացիները, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար դեռևս օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում չի հարուցվել, և վերջիններս 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվող իրավունքից օգտվելու համար պետք է սպասեն, մինչև իրենց նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցվի:

4. Նախագծի անցումային 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «....... 27 կամ 35 տարին լրանալուց հետո Օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք ունեցող քաղաքացիները չեն կարող զորակոչվել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության և պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:» ձևակերպման առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավակարգավորումներին:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) առողջական վիճակի պատճառով.

2) ընտանեկան պայմաններից ելնելով:

Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացու բժշկական փորձաքննության արդյունքներով տրվում է քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Եզրակացությունն առնվազն ներառում է քաղաքացու առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, քաղաքացու պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը, նրա առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները, եզրակացության բողոքարկման կարգն ու ժամկետները: Քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը քաղաքացու պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, նշվում են`

1) պիտանի է զինվորական ծառայության համար.

2) պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

3) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար.

4) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

5) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար.

7) կարիք ունի բուժման.

8) ենթակա է կանչվելու վարժական հավաքի.

9) ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից քաղաքացուն առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է`

1) բուժման կարիք ունենալու կամ

2) զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև մեկ տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Վերոգրյալ կարգավորումներից ակնհայտ է դառնում, որ քաղաքացու՝ տարկետման հիմք ունենալու հանգամանքը կարող է որոշվել բացառապես բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, բացի այդ, տարկետման հիմք ունենալու հանգամանքը դեռևս չի բացառում քաղաքացու՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի լինելու և օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը՝ առանց նախագծով նախատեսված տասնհինգ միլիոն դրամը վճարելու:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն տրվող տարկետումների վերաբերյալ հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ կարգավորումներին.

Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի`

1) 65 տարին լրացած կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)`

ա. չունեն այլ զավակ կամ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների.

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին.

5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամություն կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ մինչև 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում՝ մինչև քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ օրենքն արդեն իսկ նախատեսել է զինվորական ծառայությունից ազատվելու կարգավորում այն անձանց համար, ովքեր 27 տարին լրանալու օրվա դրությամբ ունեն տարկետման իրավունք՝ առանց տասնհինգ միլիոն դրամ վճարելու:

 

II. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Օրենքի նախագծով նախատեսվում է մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար սահմանված տուրքի սահմանաչափերը բարձրացնել 600 անգամ՝ գործող 25000 ՀՀ դրամը դարձնելով 15 մլն ՀՀ դրամ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ մինչև 18 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելով մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, ուստի 15 մլն ՀՀ դրամը սահմանելով օրենսդիրն այն համապատասխանեցնում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիների համար քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սահմանված գումարին:

Անդրադառնալով նախագծի հիմնավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝

«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր գանձույթ է»:

Տվյալ իրավական նորմի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը սահմանված պարտադիր գանձույթ է, որը պայմանավորված է համապատասխան ոլորտներում պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ և դրա փոփոխումը չի կարող նպատակ հետապնդել մեկ այլ ոլորտում (տվյալ դեպքում՝ զինվորական ծառայության) հանցագործությունները կանխելու նպատակ:

Այս առումով, գտնում ենք որ զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով, քաղաքացիություն փոխելու համար պետական տուրքի նման չափի բարձրացումը՝ խնդրահարույց է և չի բխում «Պետական տուրքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի հիմքում դրված նպատակներից:

Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափ սահմանելու կառուցակարգը խնդրահարույց է, առաջարկվում է այն փոխարինել հանրային իրավական դրամական պարտավորությամբ: Ըստ այդմ՝ առաջարկում ենք նախագծի փոխարեն «Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածում կատարել լրացում՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Մինչև զինվորական հաշվառման վերցվելը 16 տարին չլրացած արական սեռի քաղաքացիները սույն օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեն 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն: Սույն մասով նախատեսված պարտավորությունն իրավահաջորդության կարգով չի փոխանցվում և դադարում է քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:»:

2. 2-րդ հոդվածով նախատեսված օրենքն ուժի մեջ է մտնելու ժամկետին (պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից)՝ հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր 2018 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1437 որոշմամբ արձանագրել է, որ «…Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ և անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու այնպիսի կանոնների պահպանումը, որոնց գործադրմամբ երաշխավորվեն նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմաններ: Դա Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում առավել կարևոր է հատկապես այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների վատթարացմանը (խստացմանը): Քննության առարկա գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքում նման փոփոխությունների գործադրումը պետք է զուգորդվի այնպիսի իրավապայմանների սահմանմամբ, որոնք, մասնավորապես, կերաշխավորեն հարկային պարտականությունների կատարման կանխատեսելիություն և դրան համապատասխան՝ սուբյեկտիվ վարքագծի դրսևորման համարժեք հնարավորություն (...)»:

Վերոգրյալ կարգավորումները և Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումը համադրելով նախագծում նախատեսված նորմն ուժի մեջ մտնելու ժամկետի հետ՝ անհրաժեշտ է սահմանել նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ:

 

III. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 462.1-ին հոդվածով՝

«1. Սույն օրենսգրքի 461-րդ հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը.

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչև վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելու նպատակով առանձին սենյակ հեռանալը, կամավոր ներկայացել է նմուշառմանը կամ կամավոր ենթարկվել է փորձաքննության:»:

Հարկ է արձանագրել, որ փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնելու առաջարկն անհրաժեշտ է դիտարկել նաև այն բանի հաշվառմամբ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ, ճանաչում է պետությունների իրավունքը՝ որոշ դեպքերում անձի կամքին հակառակ իրականացնել փորձաքննություն կամ նմուշառում (օր.՝ քրեական վարույթում, հանրային առողջության ապահովման համար) միայն այն դեպքում, երբ այդ միջամտությունը համաչափ է: Ընդ որում, համաչափությունը ենթակա է գնահատման հետևյալ հարցադրումների շրջանակում. արդյո՞ք առկա է հստակ և կանխատեսելի իրավական հիմք, արդյո՞ք այն կարևոր է հանրային շահի տեսանկյունից, միջոցը նվազագույնի հասցնո՞ւմ է արդյոք անձի տառապանքը կամ նվաստացումը, կան արդյո՞ք վերահսկողության և բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Եթե այս չափանիշները խախտվում են, ՄԻԵԴ֊ը սովորաբար արձանագրում է 8-րդ հոդվածի խախտում, իսկ դաժան կամ նվաստացուցիչ մեթոդների դեպքում՝ նաև 3-րդ հոդվածի խախտում:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքում ձևավորված դիրքորոշումներին համահունչ ՀՀ ներպետական օրենսդրությամբ մեղադրյալի համար, ի թիվս այլնի, սահմանվել են քննման, փորձաքննության և փորձաքննության համար նմուշ հանձնելու պարտականություններ, ինչպես նաև նախատեսվել են այդ պարտականությունները չկատարելու համար վրա հասնող անբարենպաստ հետևանքներ:

Այսպես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ ՔԴՕ) 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝

«7. Ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն անձի նկատմամբ, որը կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը:»:

ՀՀ ՔԴՕ 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Մեղադրյալը պարտավոր է՝

1) ներկայանալ վարույթն իրականացնող մարմնի հրավերով.

2) վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ. (…)»:

Այսպիսով, ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը, իմպերատիվ կերպով սահմանելով խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելքը, միաժամանակ նախատեսել է քրեական վարույթի շրջանակներում անձի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով ֆիզիկական հարկադրանք կիրառելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով նման հարկադրանք կիրառելու իրավաչափության հետևյալ պայմանները՝

ա. ֆիզիկական հարկադրանք կարող է կիրառվել միայն այն անձի նկատմամբ, ով կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը,

բ. ֆիզիկական հարկադրանքը կարող է կիրառվել բացառապես անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով: Սա նշանակում է, որ պետք է կիրառվի ֆիզիկական հարկադրանքի այն նվազագույն մակարդակը, որը բավարար է ակնկալվող արդյունքին հասնելու համար: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ ակնկալվող արդյունքի և կիրառված միջամտության հավասարակշռության խախտման արդյունքում ֆիզիկական հարկադրանքը կվերաճի անձի նկատմամբ վատ վերաբերմունքի, անգամ՝ խոշտանգման:

Բացի այդ, Կառավարությունը գտնում է, որ փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանել բժշկական զննության պարտադիր լինելը և առողջական վիճակի փորձաքննությունից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվություն ծագելու պահանջը, որի կապակցությամբ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ «Քաղաքացու կողմից առողջական վիճակի հետազոտումից կամ առողջական վիճակի փորձաքննությունից հրաժարվելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:

 

Վերոգրյալը հաշվի առնելով, ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ առաջարկվող փոփոխությունների կատարումից: