ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2026
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.04.2026
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» ապրիլի 2026 թ.
քաղ. Երևան

N 166-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2․1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2026 թվականի ապրիլի 3-ի

N 166-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս (այսուհետ՝ Տարածքից դուրս) ամուսնության պետական գրանցում կատարելու դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները։

2. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:

3. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կարող է կատարվել հետևյալ դեպքերում`

1) ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում.

2) կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում։

4. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում չի կարող կատարվել՝

1) օդային կամ ջրային տարածքում (օդապարիկ, ինքնաթիռ, նավ և այլն)․

2) բնության հատուկ պահպանվող տարածքում (ազգային պարկ, արգելոց և այլն)․

3) դժվարհասանելի տարածքում (լեռ, ժայռ և այլն)․

4) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ․

5) ընդհանուր օգտագործման այնպիսի տարածքներում, որտեղ ամուսնության պետական գրանցումը կարող է խոչընդոտներ ստեղծել ամուսնացող անձանց կամ այլոց կյանքի կամ առողջության համար (տանիք, կամուրջ, ճանապարհ և այլն)։

5. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման համար դիմումը պետք է ներկայացվի ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 7 օր առաջ։ Տարածքից դուրս ամուսնությունների պետական գրանցումը ոչ աշխատանքային օրերին կատարելու դեպքերում ամուսնության պետական գրանցման վկայականում նշվում է ոչ աշխատանքային օրերին նախորդող վերջին աշխատանքային օրը:

6. Ամուսնությունը սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով գրանցելու դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով դիմումում նշում է կատարում` Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում կատարելու մասին:

7. Ամուսնությունը սույն կարգով գրանցելու դեպքում դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշմամբ սահմանված լրացուցիչ ծառայության վճարը պետական բյուջե վճարված լինելու փաստը հավաստող ապացույցը:

8. Ամուսնությունը սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով գրանցելու դեպքում դիմումը պետք է հաստատված լինի քրեակատարողական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով:

9. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է դիմումում նշված վայրի վարչական տարածքում տեղակայված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի (այսուհետ՝ Սպասարկման կենտրոն) աշխատակցի կողմից։

10․ Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման համար դիմումը ներկայացվում և ընդունվում է կամ էլեկտրոնային եղանակով կամ առձեռն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած Սպասարկման կենտրոնի կողմից՝ անկախ դիմումում նշված վայրի, որը ստացման օրը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (իսկ տեխնիկական պատճառներով դրա անհնարինության դեպքում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի) միջոցով և բոլոր կից փաստաթղթերով ուղարկվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետին (այսուհետ՝ Գործակալության պետ)՝ մակագրության: Մակագրման ուղարկված դիմումը նույն օրը Գործակալության պետի կողմից մակագրվում է Սպասարկման կենտրոնի բաժնի պետին, իսկ վերջինիս կողմից դիմումը մակագրում է դիմումում նշած վայրի գտնվելու վարչական շրջանի Սպասարկման կենտրոնի աշխատակցին:

11. Սույն Կարգի 10-րդ կետով սահմանված Սպասարկման կենտրոնի աշխատակիցը իր կողմից Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցման իրականացման անհնարինության դեպքում դիմումը ստանալու օրը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով այն վերադարձնում է Սպասարկման բաժնի պետին՝ հաղորդագրությամբ նշելով վերադարձման պատճառների մասին, իսկ վերջինս դիմումը վերադարձնում է Գործակալության պետին՝ վերամակագրման նպատակով:

12. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու համար Սպասարկման կենտրոնի աշխատակցի փոխադրումը ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

13. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումը կատարվում է միայն Սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ համապատասխան այնպիսի տարածքում, որը պետք է կահավորված լինի սեղանով և Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։

14. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելու համար Սպասարկման կենտրոնի աշխատակիցը պետք է լինի բացառապես դասական ոճի հագուստով ու խնամված արտաքին տեսքով։ Իգական սեռի աշխատակիցներին չի թույլատրվում ներկայանալ տոնական կամ խիստ արտահայտված շպարով, սանրվածքով, չափազանց մեծ և ուշադրություն գրավող զարդերով, իսկ արական սեռի աշխատակիցներին՝ չխնամված սանրվածքով և մորուքով։

15․ Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցումն իրականացնելիս Սպասարկման կենտրոնի աշխատակիցը պետք է հետևի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոններին, հաղորդակցվելիս դրսևորի բարեկրթություն, իսկ ամուսնության պետական գրանցումն ավարտելուց անմիջապես հետո հեռանա ամուսնության պետական գրանցումն իրականացնելու տարածքից։

16. Տարածքից դուրս ամուսնության պետական գրանցում կատարելիս հարկ է առաջնորդվել հետևյալ տեքստով․

 «Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), հաշվի առնելով ընտանիքի ինստիտուտի առանձնահատուկ դերը և նշանականությունը հասարակության բնականոն զարգացման հարցում և հիմք ընդունելով ամուսնություն կնքելու ձեր կամահայտնությունը, ինչպես նաև առաջնորդվելով Ընտանեկան օրենսգրքում ամրագրված նորմերով՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), համաձա՞յն եք դառնալու օրինական ամուսիններ (ամուսնացողները պետք է հնչեցնեն պատասխան)։

Արդյո՞ք ձեր ամուսնություն գրանցելու փոխադարձ համաձայնությունը հիմնված է կամավորության վրա(ամուսնացողները պետք է հնչեցնեն պատասխան)։

Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), հիմք ընդունելով ձեր կողմից հնչեցված դրական պատասխանները՝ այժմ խնդրում եմ դրանք հաստատել ձեր ստորագրություններով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության իրավասության շրջանակը, ինչպես նաև հաշվի առնելով ձեր՝ ամուսնություն կնքելու փոխադարձ կամավոր համաձայնությունը՝ հայտարարում եմ ձեզ օրինական ամուսիններ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան