ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 209-րդ հոդվածի 1-ին մասը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 9-12-րդ մասերով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
«9. Եթե առկա է քննվող դատական գործ, որը հարուցվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայցով, և որը վերաբերում է կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքի՝ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով մասնակի կամ ամբողջությամբ վիճարկելուն, ապա ձեռք բերողին կարող է փոխանցվել այդ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, որի հիմքով օրենքի ուժով ծագում է նաև հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը: Սույն մասով սահմանված կարգով ձեռք բերողին բազմաբնակարան շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի փոխանցումը չի սահմանափակում դրա հետագա տնօրինման իրավունքը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (համայնքային շահերի պաշտպանության նպատակով հարուցված հայցով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վիճարկվելու դեպքում՝ համապատասխան համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա) մինչև դատական գործի ավարտը կարող է սահմանվել հողամասի սխեմա (կոորդինատներ), որի շրջանակներում ներառված հողամասի սահմաններում սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի և գույքային իրավունքներ ունեցող այլ անձանց իրավունքներն ամբողջ ծավալով անխոչընդոտ ենթակա են իրացման, այդ թվում` քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու կամ վերահամաձայնեցում կատարելու (հողամասի սխեմա (կոորդինատներ) սահմանելուց բխող վերահամաձայնեցումները կատարվում են առանց լրացուցիչ վճար կամ տուրք վճարելու), ինչպես նաև շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքների ձեռք բերողներին շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու իրավունքները: Եթե մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սխեմայի (կոորդինատների) սահմանումը բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքով օրենքի ուժով ծագել է նաև հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ ձեռք բերողի օգտագործման իրավունքը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սխեմա (կոորդինատներ) սահմանվելուց հետո դրա շրջանակներում ներառված հողամասի սահմաններում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն օրենքի ուժով փոխանցվում է համապատասխան ձեռք բերողին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
11. Սույն հոդվածով սահմանված համապատասխան դատական գործի ավարտի դեպքում, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չի փոփոխվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտը, ապա համապատասխան բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջն օրենքի ուժով փոխանցվում է հողամասի (համապատասխան սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայի (կոորդինատների) սահմաններում չընդգրկված հողամասի) համապատասխան բաժնային մասի նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև անփոփոխ կերպով պահպանվում են հողամասի նկատմամբ այլ գույքային իրավունքների սուբյեկտների, այդ թվում` սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի բոլոր իրավունքները:
12. Այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվում է հողամասի կամ դրա մասի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականության իրավունքը, կամ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով անվավեր է ճանաչվում հողամասի կամ դրա մասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) սահմաններում շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն օրենքի ուժով փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի (կոորդինատների) շրջանակներում ներառված հողամասի նկատմամբ օրենքի ուժով շարունակում են պահպանվել մինչև դատական ակտն ուժի մեջ մտնելը գրանցված` հողամասի սեփականատիրոջ, կառուցապատողի, գրավառուի և այլ անձանց սեփականության և այլ գույքային իրավունքները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայցով հարուցված` հողամասի կամ դրա մասի նկատմամբ սեփականության իրավունքի՝ որևէ ժամանակահատվածում ձեռքբերման որևէ հիմքով մասնակի կամ ամբողջությամբ վիճարկելու վերաբերյալ դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, ինչպես նաև կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար: Սույն մասով նախատեսված դատական գործի առկայության պայմաններում կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրում, ինչպես նաև կառուցված և ավարտված բազմաբնակարան շենքից անշարժ գույք սեփականության իրավունքով փոխանցելու ակտում կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու պայմանագրում կատարվում է նշում այն մասին, որ ձեռք բերողը տեղեկացված է դատական գործի առկայության մասին, ինչպես նաև այն մասին, որ համապատասխանաբար պայմանագրի կամ փոխանցման ակտի առարկան են հանդիսանում բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասը՝
1) առանց հողամասի, եթե դատական գործը վերաբերում է ամբողջ հողամասին, և առկա չէ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմա (կոորդինատներ),
2) սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված հողամասի սխեմայի (կոորդինատների) առկայության դեպքում՝ սխեմայում (կոորդինատներում) նշված հողամասով, իսկ այլ չվիճարկվող հողամասի պարագայում՝ նաև այդ հողամասով:»:
| Հոդված 4. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-96-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2026 թվական: