ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելվածի 9-րդ կետը «հուղարկավորվածների» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ այլ բան սահմանված չէ» բառերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև գնման գործընթացի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով հատուցվում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով:

2.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմաններով փոխհատուցվում են նաև 2023 թվականի ընթացքում զոհված (մահացած) և հետագայում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը, որի դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փաստաթղթերի հավաքագրումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացված անվանացուցակը (հուղարկավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, հատուցման գումարի չափը), փոխհատուցում ստանալու վերաբերյալ իրազեկման հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հուղարկավորված անձի զոհվելու (մահանալու) հանգամանքների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

(2.1-ին կետը լրաց. 09.04.26 N 457-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված անվանացանկի և չափերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված հատուցման տրամադրումը շահառուներին։

(3-րդ կետը փոփ. 09.04.26 N 457-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հուլիսի 12-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.04.2026, N 457-Ն 04.05.2023, N 661-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան