ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված վարույթը կարող է իրականացվել գրավոր ընթացակարգով, եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ եկել է եզրահանգման, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի և արդարացի քննությունը։ Այդ մասին դատարանը կայացնում է որոշում և սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական ակտի կայացման օրվա մասին ծանուցում է վարույթի մասնակիցներին։»:
Հոդված 2. Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում դատավճռի եզրափակիչ մասը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասի «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ միջնորդություն՝ առկայության դեպքում.»:
Հոդված 5. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ և նշանակվում դատաքննության, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 3․1-ին մասով նախատեսված դեպքում որոշման մեջ նշվում է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ`
1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.
2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.
3) լուծվում է խափանման միջոցի հարցը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատական ակտի կայացման օրը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է փոփոխվել սույն օրենսգրքով վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված ժամկետների սահմաններում:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:»:
Հոդված 7. Օրենսգրքի 370-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված ժամկետը վերաքննիչ դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել չորս ամսից ոչ ավելի ժամկետով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.
2) 2-րդ մասի «հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո՝ ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում» բառերով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Նախքան սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելը վերաքննիչ դատարան ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-131-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|