ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 9. | Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը |
1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում՝
1) սահմանադրական կարգը բռնի տապալելու կամ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
2) բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը.
3) ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածումը.
4) պոռնկագրություն տարածելը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը.
5) քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը.
6) քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի և տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 4-րդ կետի, սահմանված արգելքները խախտելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:
3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:
4. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
5. Արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման, 2-րդ և 3-րդ կետերով, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեսալսողական հաղորդումների վրա տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
7. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է Հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը:
8. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
9. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրա գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ Հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 6-րդ և 7-րդ մասերով.
«1.1. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացվելուց հետո: Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու, այն հաստատելու, ինչպես նաև ծանուցումն հաստատելու մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժի դադարեցնելու գործընթացի կարգավորումն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան։».
«6. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը:
7. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջն ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի պահանջած տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ իրավախախտման օրվանից անցել է 30 օր:»:
Հոդված 4. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները: Կարգավորող պետական մարմնի պահանջած տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ իրավախախտման օրվանից անցել է 30 օր։
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տեսագրությունները և ձայնագրությունները չներկայացվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտվելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է վարչական վարույթի արդյունքով օրենքով սահմանված կարգով ընդունելու որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանուցման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 57. | Տուգանքը |
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում՝ այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Հեռարձակողների և օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
4. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ միայն օտար լեզուներով՝ առանց հայերեն անընդհատ տառադարձության օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումներն ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
6. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության մեկ տեսալսողական ծրագրի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
7. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության երկուսից հինգ տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
8. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության վեցից տասը տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
9. Ցանցային օպերատորի կողմից առանց գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության տասից ավելի տեսալսողական ծրագրերի վերահաղորդում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
10. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի կատարած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումները կատարող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներ կատարող անձը չի ներկայացնում իրենից պահանջվող՝ սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ դրանք ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետից ուշ կամ վերջինիս սահմանած ձևաչափից տարբերվող ձևով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին):
11. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելը (այդ թվում՝ երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որևէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ կատարող անձանց, ինչպես նաև այլ անձանց համար, որոնք չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում են երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում, սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:
12. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելը (այդ թվում՝ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ ամբողջական տրամադրելը) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
13. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում կատարելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
14. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին չհիշեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
15. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների և էներգետիկ ըմպելիքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
16. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
17. Հեռարձակողի կողմից ամեն օր եթերում իր ելքային տվյալները չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
18. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը (բացառությամբ գովազդ հաղորդելու դեպքերի)՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
19. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
20. Կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ցանցային օպերատորի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջի առերևույթ խախտմամբ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը չդադարեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
21. Հեռարձակողի կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
22. Արբանյակային հեռարձակման մասին կարգավորող պետական մարմին ծանուցում չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
23. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
24. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
25. Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
26. Հեռարձակողի կողմից հեռարձակված հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները սույն օրենքով սահմանված ժամկետում չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
27. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
28. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
29. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
30. Արգելված հովանավորություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
31. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդ և զվարճալի հաղորդումներ հեռարձակելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
32. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահանջը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
33. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
34. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
35. Առանց սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
36. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրա գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
37. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
38. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի և չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
39. Հեռարձակողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան չգործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
40. Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
41. Սույն հոդվածի 2-40-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված տույժի եռապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «31-րդ» բառը փոխարինել «41-րդ» բառով.
2) 2-րդ կետի «31-րդ» բառը փոխարինել «41-րդ» բառով.
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) խախտվել են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:»:
Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1-ին հոդվածով.
| «Հոդված 58.1. | Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը |
1. Ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է առավելագույնը 30 օր ժամկետով, եթե՝
1) ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի.
2) ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, կամ արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար.
3) ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել.
4) ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից վեց ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը։
2. Լիցենզիայի գործողությունը կասեցվելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
3. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) իրավաբանական անձը լուծարվել է, կամ ֆիզիկական անձի գործունեությունը դադարեցվել է.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը.
6) կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում ցանցային օպերատորն իրականացրել է տեսալսողական հաղորդումների վերահաղորդում.
7) օրենքով սահմանվել են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ հիմքեր:»։
Հոդված 9. Օրենքի 60-րդ հոդվածի 24-րդ մասում «6.1-6.4-րդ» բառերը փոխարինել «10-13-րդ» բառերով:
| Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Կարգավորող պետական մարմնի կողմից Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման, 2-րդ և 3-րդ կետերով, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված տեսալսողական հաղորդումների տարածման ընթացքում չարաշահման արգելքների չափորոշիչները և սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
3. Կարգավորող պետական մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չափորոշիչներն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորներն ու ցանցային օպերատորներն իրականացնում են անհրաժեշտ գործողություններ իրենց գործունեությունը տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-133-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|