ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 1.2-րդ ծածկագրով տողի՝
ա. երկրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ խնդիրներ կատարող (հատուկ նշանակության, հատուկ գործողությունների, հետախուզական, ռազմական ոստիկանության հատուկ գումարտակ) զորամասերում (ստորաբաժանումներում, պաշտոններում) ծառայություն (աշխատանք) իրականացնելու համար»,
բ. երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հատուկ նշանակության զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) համար՝ 250 000 դրամ,
2) հատուկ գործողությունների զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) համար՝ 150 000 դրամ,
3) հետախուզական զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) և ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի համար՝ 100 000 դրամ»,
գ. չորրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ խնդիրներ իրականացնող զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Հավելման հաշվարկման պայման է հանդիսանում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնելը և այդ պաշտոնում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալը:».
2) 2.1-ին ծածկագրով տողի՝
ա. երրորդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սպայական կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 200 000 դրամ,
2) ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին՝ 170 000 դրամ,
3) 2020-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված նոր բնագծերի մարտական դիրքերում մարտական հերթապահության համար՝ + 60 000 դրամ»,
բ. չորրորդ սյունակը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«2020-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված նոր բնագծերում մարտական հերթապահության համար սահմանված հավելումը հաշվարկելու իրավունք տվող մարտական դիրքերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական: