ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
«31) սինթետիկ բովանդակություն` տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձևափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ՝ ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ և կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երևույթների վերաբերյալ։»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1-ին հոդվածով․
| «Հոդված 9.1. | Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը |
1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշումը՝
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում՝ «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով։
2․ Մակնշումը պետք է իրականացվի հետևյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում և արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2) լսողական հաղորդման դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում և վերջում, այդ թվում՝ նկարագրության դաշտում.
3) պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա և ներառվի պատկերի նկարագրության դաշտում։
3․ Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակության չէ, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն։
4. Հեռարձակողի, բովանդակությունն ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որևէ մեկով՝ նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձևաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը։»:
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին մասով.
«30.1. Սույն օրենքի 9.1-ին հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 18 Երևան ՀՕ-134-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|