ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 516-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 12.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների պարտադիր գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 516-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԱՌԱՋԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 12.2-րդ մասով պայմանագրային պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում (համաձայնագրերում) իրականացվող փոփոխությունների և լրացումների (այսուհետ՝ Պայմանագիր) պարտադիր գրանցման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը չի տարածվում գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության համաձայն կնքված պայմանագրերի վրա։
3. Սույն կարգի իմաստով ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը՝
1) Պայմանագրային պայմանական պարտավորություններ՝ Հայաստանի Հանրապետության՝ հանրային ենթակառուցվածքների շահագործման, կառուցման, բարելավման կամ տեխնիկական սպասարկման նպատակով կնքած պայմանագրերից և դրանց հետագա փոփոխություններից ու լրացումներից բխող պայմանական պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի պայմանների կամ դեպքերի տեղի ունենալով.
2) Պայմանագիր՝ համաձայնագիր, կոնցեսիա, պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) պայմանագիր կամ իրավական ուժ ունեցող այլ փաստաթուղթ, որն ուղղված է իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, որի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման համակարգի մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը․
3) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
4) Իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն, պետական կառավարման համակարգի մարմին, որը պետական կառավարման որոշակի ոլորտում մշակում և իրականացնում է քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմին:
4. Սույն կարգում օգտագործվող՝ 3-րդ կետում չսահմանված հասկացությունները գործածվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
5. Լիազոր մարմինն իրականացնում է Պայմանագրերի գրանցում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
6. Պայմանագիրը ստորագրող Իրավասու մարմինը Պայմանագիրը դրա ստորագրումից հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմնին՝ գրանցումն իրականացնելու համար։ Լիազոր մարմինը գրանցումն իրականացնում է 14 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին պայմանագրային պայմանական պարտավորություններ առաջացնող Պայմանագրերով (նախագծերով) սահմանվում է, որ դրանցով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` Լիազոր մարմնի կողմից գրանցված լինելու հանգամանքը:
8. Լիազոր մարմինը Պայմանագրի գրանցման գործընթացում իրավունք ունի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախնական գնահատում չանցած Պայմանագրի դեպքում ստուգելու պայմանական պարտավորությունների բացակայության փաստը, իսկ պայմանական պարտավորություններ նախատեսող Պայմանագրի դեպքում՝ ստուգելու նախնական գնահատման առկայությունը և ներկայացված տարբերակի համապատասխանությունը վերջնական գրանցվող տարբերակին և պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանումներ՝ Պայմանագրով նախատեսվող պայմանական պարտավորությունների ֆիսկալ ազդեցության, ռիսկերի բաշխման և բյուջետային կայունության վրա ազդեցության վերաբերյալ:
9. Իրավասու մարմնի կողմից Պայմանագիրը՝ անհրաժեշտ տեղեկություններով, ներկայացվելուց հետո Լիազոր մարմինն իրականացնում է ստացված նյութերի ուսումնասիրություն: Սույն կարգով սահմանված կարգավորումներին չհամապատասխանելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկությունները չներկայացնելու դեպքում Իրավասու մարմնին տրվում է 5 աշխատանքային օր՝ անհամապատասխանությունները շտկելու նպատակով:
10. Պայմանագրային պայմանական պարտավորություն առաջացնող Պայմանագրերի գրանցման և դրա համար անհրաժեշտ գրանցամատյանի (այսուհետ՝ Գրանցամատյան) ստեղծման և վարման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի անհատական իրավական ակտով: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի անհատական իրավական ակտով հստակեցվում է տեղեկատվական համակարգը, որի միջոցով իրականացվելու է Պայմանագրերի հաշվառումը և գրանցամատյանի վարումը:
11. Գրանցամատյանն առնվազն ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) Պայմանագրի վերնագիրը.
2) Պայմանագիրը ստորագրելու ամսաթիվը, ամիսը և տարին.
3) Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը, ամիսը, տարին.
4) Գրացմատյանում Պայմանագրի գրանցման հերթական համարը.
5) Պայմանագրի ձևը.
6) Պայմանագիրը ստորագրող իրավասու մարմինը կամ մարմինները.
7) Պայմանագրի գործողության ժամկետը.
8) Պարտավորությունների, այդ թվում՝ պայմանական պարտավորությունների, օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված չափը.
9) Ուղղակի պարտավորությունները.
10) Պայմանական պարտավորությունների համար՝ նյութականացման պայմանը.
11) Պայմանական պարտավորության նյութականացման հավանականության որակական կամ քանակական գնահատումը.
12) Պայմանական պարտավորության հնարավոր նյութականացման ժամկետները և ազդեցությունը համապատասխան բյուջետային տարիների վրա.
13) Որակական տվյալներ, եթե դրանք առկա են, մասնավորապես՝ Պայմանագրի արժեքը, հնարավոր առավելագույն պարտավորությունը, արժույթը, վճարումների ժամանակացույցը, ֆինանսավորման աղբյուրը:
12. Պայմանագրային պայմանական պարտավորություններ առաջացնող՝ գործող Պայմանագրերը Լիազոր մարմնի կողմից գրանցվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված՝ Պայմանագրերի գրանցման և Գրանցամատյանի ստեղծման և վարման ընթացակարգը սահմանելուց հետո վեցամսյա ժամկետում:
13. Պայմանագրային պայմանական պարտավորություններ առաջացնող Պայմանագրերի գործողության ընթացքում դրանց պայմանների, ռիսկերի էական փոփոխության դեպքում Պայմանագիրը ստորագրող Իրավասու մարմինը պարտավոր է փոփոխության կամ լրացման մասին տեղեկացնել Լիազոր մարմնին՝ սույն կարգով սահմանված կարգով Գրանցամատյանը թարմացնելու նպատակով։
14. Սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունը Լիազոր մարմին ներկայացվում է այդ նպատակով սահմանված՝ պայմանագրի քաղվածքի ձևով:
15. Լիազոր մարմինը կարող է ներառել և վարել սույն կարգով սահմանված Գրանցամատյանը այլ գրանցամատյանների հետ միասին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|