ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 514-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում սույն ծրագրի շրջանակում ապահովել Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման նպատակով համայնքների համար գանձապետական ավանդային հաշիվների բացումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների նկատմամբ գործողությունների իրականացման լիազորությունը վերապահել համայնքներին։
4. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների շրջանակում իրականացվող գործարքների պատասխանատուն համայնքներն են։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 514-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես, հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:
2. Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։
3. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).
3) Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ՝ համայնք կամ բնակավայր).
4) պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ մատակարար), որոնք՝
ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկության` դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,
բ. ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն, դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն.
5) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու)։
4. Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
5. Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ (եթե 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գինը գերազանցում է 8000 դրամը)՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը:
6. Ծրագրի շրջանակում մատակարարվող պարարտանյութերը պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում և ներառված լինեն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ու փաստացի համապատասխանեն գրանցման տվյալներին։ Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից պետք է վաճառվեն հետևյալ պարարտանյութերը՝
1) ազոտական պարարտանյութ՝ ամոնիակային սելիտրա, կարբամիդ.
2) ֆոսֆորական պարարտանյութ՝ սուպերֆոսֆատ.
3) կալիումական պարարտանյութ՝ կալիումի քլորիդ.
4) համակցված պարարտանյութեր՝ ամոֆոս, նիտրոամոֆոսկա։
7. Ծրագրի շրջանակում վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝
1) ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 15000 կգ, ընդ որում՝ կարբամիդը 1 հա-ի համար՝ մինչև 400 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 12000 կգ.
2) ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ.
3) կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 200 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 6000 կգ.
4) ամոֆոս պարարտանյութ՝ 1 հա-ի հաշվով մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ.
5) նիտրոամոֆոսկա պարարտանյութ՝ 1 հա-ի հաշվով մինչև 300 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 9000 կգ.
6) ազոտական պարարտանյութերը (սելիտրա, կարբամիդ) նիտրոամոֆոսկայի կամ ամոֆոսի հետ միասին՝ 1 հա-ի հաշվով մինչև 400 կգ, 30 հա-ի համար առավելագույնը՝ 12000 կգ:
9. Մինչև 30 հա հողատարածք ունեցող շահառուների համար հաշվարկված պարարտանյութերի չափաքանակները հողատարածքի կամ հողատարածքի այն մասի հաշվով, որը ծրագրի 8-րդ կետով սահմանված չափաքանակների շրջանակում չի ապահովում 1 պարկի (50 կգ) չափով պարարտանյութի ձեռքբերում՝ այդ դեպքում տվյալ հողատարածքի կամ հողատարածքի տվյալ մասի համար տրամադրվում է 1 պարկ (50 կգ) պարարտանյութ:
10. Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է մինչև հուլիսի 15-ը ներառյալ։
11. Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացն իրականացնում է նախարարությունը:
12. Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև ապրիլի 30-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը, առաջարկվող պարարտանյութերի (ըստ տեսակների) նախնական քանակներն ու նախարարության հետ մինչև մայիսի 8-ը կնքում են սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը մինչև ապրիլի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)։
13. Նախարարությունը մինչև մայիսի 12-ը ներառյալ իր պաշտոնական կայքում հրապարակում է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները) վերաբերյալ տեղեկությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները (նախարարությունը յուրաքանչյուր մատակարարի հետ պայմանագիրը կնքելուց հետո տեղեկությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում)։
14. Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված մատակարարներից։
15. Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մայիսի 20-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։ Դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1) ֆիզիկական անձանց դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը։ Այն դեպքում, երբ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվում է, սակայն սեփականատերը շահառուն չէ, ապա համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարը դիմումին կցում է իր կողմից ստորագրված և կնքված տեղեկանք՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկություն)․
3) անշարժ գույքը համատեղ սեփականություն լինելու դեպքում՝ շահառուի և համասեփականատերերի գրավոր համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ․
4) համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին:
16. Համայնքի ղեկավարը հավաքագրում է ծրագրի 15-րդ կետում նշված տեղեկությունները, և մինչև մայիսի 22-ը ներառյալ ամփոփում շահառուների ցանկը։
17. Համայնքի ղեկավարը, ամփոփելով պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ տեղեկությունները, մատակարարին (մատակարարներին) է ներկայացնում նախնական հայտ, որում պարտադիր նշվում են առաջարկություններ մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի վերաբերյալ։
18. Մատակարարը (մատակարարները) նախնական հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով) տեղեկացնում է համայնքի ղեկավարին մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի, ինչպես նաև պարարտանյութերի վաճառքի գների վերաբերյալ։
19. Ծրագրի 18-րդ կետում նշված տեղեկացումից և համայնքի ղեկավարի հետ մատակարարման գրավոր (էլեկտրոնային եղանակով) համաձայնություն ձեռք բերելուց հետո շահառուները պարարտանյութերի գումարի չսուբսիդավորված կամ չփոխհատուցված մասը սույն որոշման 2-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին վճարում են անկանխիկ եղանակով՝ փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնելով համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։
20. Պարարտանյութերի մատակարարումն իրականացվում է մատակարարի և համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի միջև կազմված հանձնման-ընդունման ակտով (որում պարտադիր նշվում են մատակարարված պարարտանյութերի քանակները և վաճառքի գները), որին կցվում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված ներմուծման եզրակացությունը, պարարտանյութերի ներմուծումը հավաստող փաստաթղթերը և պարտավորագիր՝ համայնքի ղեկավարի կողմից ծրագրի 19-րդ կետում նշված գումարը՝ հանձնման-ընդունման ակտը (ակտերը) ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարի հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը կնքված հանձնման-ընդունման ակտի (ակտերի) պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։
21. Համայնքի ղեկավարը հանձնման-ընդունման ակտի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է փոխանցում 19-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին մուտքագրված գումարը։
22. Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պարարտանյութերի հանձնումը շահառուներին իրականացվում է շահառուների հետ կնքվող հանձնման-ընդունման ակտի հիման վրա։
23. Ծրագրի 20-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտի շրջանակում պարարտանյութերի փաստացի վաճառքի ավարտից հետո համայնքի ղեկավարը 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով նախարարություն է ներկայացնում՝
1) ծրագրի 20-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները.
2) վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկություն՝ համաձայն նախարարության կողմից սահմանված ձևաչափի (ձևաչափը հրապարակվում է նախարարության կայքում՝ մինչև մայիսի 15-ը)։ Ձևաչափը պետք է ներկայացնել համայնքի ղեկավարի կողմից կնքված և ստորագրված տարբերակով: Ներկայացված տեղեկության ճշգրտության համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:
24. Նախարարությունը ծրագրի 23-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ծրագրի 23-րդ կետում ներկայացված փաստաթղթերը և ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին՝ ծրագրի 12-րդ կետում նշված պայմանագրի շրջանակում երկկողմ ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Ուսումնասիրության ընթացքում թերությունների հայտնաբերման դեպքում առաջարկվում է համայնքների ղեկավարներին եռօրյա ժամկետում շտկել և ներկայացնել նախարարություն:
25. Ծրագրի շրջանակում, պարարտանյութի մատակարարումից հետո երկամսյա ժամկետում, մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է համայնքներում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ՝ ծրագրի պահանջներին համապատասխանության մասով: Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում մարզպետի աշխատակազմը 2 աշխատանքային օրվա ընթացքում պարարտանյութի սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները՝ պետական բյուջե վերադարձնելու մասին, գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և նախարարությանը: Շահառուի կողմից ծրագրի պահանջները չպահպանելու դեպքում համայնքի ղեկավարը դիմում է շահառուին՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարը վճարելու համար։ Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |