ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
21 ապրիլի 2026 թ. |
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ՍԵՆ ԴԵՆԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
նախագահող` դատավորներ` |
Արման Դիլանյանի,
Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի (զեկուցող), Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
Կառավարության ներկայացուցիչ՝ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հուլիսի 3-ին Սեն Դենիում ստորագրված «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի փետրվարի 12-ի N 129-Ա որոշմամբ հավանություն է տվել 2016 թվականի հուլիսի 3-ին Սեն Դենիում ստորագրված՝ «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի փետրվարի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ Կոնվենցիան, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրման համար բացվել է 2016 թվականի հուլիսի 3-ին:
Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին՝ հայտարարությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության կապակցությամբ:
Քննության առարկա Կոնվենցիայի նպատակը ֆուտբոլային խաղերի և այլ մարզական միջոցառումների ժամանակ ապահով, անվտանգ և հյուրընկալ միջավայր ապահովելն է (հոդված 2):
Սույն Կոնվենցիայի ընդունմանը նախորդել է 1985 թվականի օգոստոսի 19-ին Ստրասբուրգում ստորագրության համար բացված «Մարզական միջոցա-ռումների և հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսականների կողմից բռնության և վատ վարքագծի մասին» Կոնվենցիայի ընդունումը (թիվ 120 կոնվենցիա): Վերջինիս սահմանադրականությանը ՀՀ Սահմանադրական դա-տարանն անդրադարձել է 2001 թվականի հունիսի 5-ի ՍԴՈ-302 որոշմամբ, իսկ Ազգային ժողովն այն վավերացրել է 2004 թվականի փետրվարի 18-ի Ն-069-3 որոշմամբ*:
Կոնվենցիան բաղկացած է նախաբանից և 22 հոդվածներից: Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո մեկամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետություններ, 16-րդ հոդվածին համապատասխան, հայտնած կլինեն Կոնվենցիայով սահման-ված պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ իրենց համաձայնությունը (հոդված 17):
2. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
2.1. ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Կոնվենցիայի՝ մասնագիտացված ֆուտբոլային ակումբների ու ազգային հավաքականների կողմից ՀՀ տարածքում անցկացվող ֆուտբոլային խաղերի ու մրցաշարերի վերաբերյալ դրույթները կիրարկելու նպատակով (հոդված 1, պարբերություն 1),
2.2. ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահով, անվտանգ և հյուրընկալ միջավայր ապահովելու նպատակով՝
2.2.1. ընդունել ապահովությանը, անվտանգությանը և սպասարկմանն ուղղված միասնական, համալիր և հավասարակշռված մոտեցում՝ հիմնված տե-ղական, ազգային և միջազգային արդյունավետ գործընկերության ու համա-գործակցության մթնոլորտի վրա (հոդված 2, պարբերություն «ա»),
2.2.2. ապահովել, որ պետական ու մասնավոր գործակալությունները և մյուս շահագրգիռ կողմերն ընդունեն, որ ապահովությունը, անվտանգությունը և սպասարկման իրականացումը չեն կարող դիտարկվել առանձին, և դրանցից յուրաքանչյուրը կարող է անմիջական ազդեցություն ունենալ մյուս երկու բա-ղադրիչների իրագործման վրա (հոդված 2, պարբերություն «բ»),
2.2.3. հաշվի առնել ապահովության, անվտանգության և սպասարկման միասնական մոտեցման մշակման լավագույն գործելակերպը (հոդված 2, պարբերություն «գ»),
2.3. ապահովել, որ ազգային և տեղական մակարդակում ապահովության, անվտանգության և սպասարկման համալիր միասնական մոտեցման մշակման և իրականացման նպատակով սահմանվեն համակարգմանն ուղղված ազգային ու տեղական կարգավորումներ (հոդված 4, պարբերություն 1),
2.4. ապահովել ապահովության, անվտանգության և սպասարկման հետ կապված ռիսկերի հայտնաբերման, վերլուծության և գնահատման, ինչպես նաև ռիսկերի գնահատման վերաբերյալ թարմացված տեղեկությունների փոխանա-կումը հնարավոր դարձնելու նպատակով համակարգմանն ուղղված կարգա-վորումների սահմանումը (հոդված 4, պարբերություն 2),
2.5. ապահովել, որ համակարգմանն ուղղված կարգավորումներում ներգրավված լինեն միջոցառման հետ կապված ապահովության, անվտան-գության և սպասարկման հարցերի համար պատասխանատու բոլոր կարևոր պետական և մասնավոր մարմիններն ինչպես միջոցառման անցկացման վայրում, այնպես էլ դրանից դուրս (հոդված 4, պարբերություն 3),
2.6. ապահովել, որ համակարգմանն ուղղված կարգավորումներում լիարժեքորեն հաշվի առնվեն Կոնվենցիայով սահմանված՝ ապահովության, անվտանգության և սպասարկման սկզբունքները, և որ մշակվեն, պարբերաբար գնահատվեն ու բարելավվեն ազգային և տեղական ռազմավարությունները՝ հաշվի առնելով ազգային և միջազգային փորձն ու լավագույն գործելակերպը (հոդված 4, պարբերություն 4),
2.7. ապահովել, որ ազգային իրավական, կարգավորիչ կամ վարչական նորմերով հստակեցվեն համապատասխան գործակալությունների համապա-տասխան գործառույթներն ու պարտականությունները, և որ այդ գործառույթ-ները լինեն փոխլրացնող, հետևողական՝ միասնական մոտեցմանը և լայնորեն ընկալվեն ռազմավարական ու ընթացիկ գործունեության մակարդակներում (հոդված 4, պարբերություն 5),
2.8. ապահովել, որ ազգային իրավական, կարգավորիչ կամ վարչական նորմերով միջոցառումների կազմակերպիչներից պահանջվի մասնակիցների և հանդիսականների համար ապահով ու անվտանգ միջավայր ապահովել՝ խորհրդակցելով համագործակից գործակալությունների հետ (հոդված 5, պարբերություն 1),
2.9. ապահովել, որ իրավասու պետական գերատեսչությունները սահ-մանեն մարզադաշտերի լիցենզավորման ընթացակարգերի, հավաստագրման կարգավորումների և, ընդհանուր առմամբ, անվտանգության կանոնների արդյունավետությունը երաշխավորող կանոններ կամ կարգավորումներ և ապահովեն դրանց կիրառումը, մոնիթորինգն ու կատարումը (հոդված 5, պարբերություն 2),
2.10. պահանջել համապատասխան գործակալություններից ապահովել, որ մարզադաշտերի նախագիծը, ենթակառուցվածքները և դրանց հետ կապված՝ մարդկանց մեծ խմբերի կառավարմանն ուղղված կարգավորումները համապա-տասխանեն ազգային և միջազգային չափանիշներին ու լավագույն գործե-լակերպին (հոդված 5, պարբերություն 3),
2.11. խրախուսել համապատասխան գործակալություններին մարզադաշ-տերում ստեղծել հասարակության բոլոր հատվածների, այդ թվում՝ երեխաների, մեծահասակների և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական ու հյուրընկալ միջավայր և մասնավորապես՝ ապահովել համապատասխան սանի-տարահիգիենիկ ու սննդի սպասարկման հարմարություններ և միջոցառումը դիտելու լավ պայմաններ բոլոր հանդիսականների համար (հոդված 5, պարբերություն 4),
2.12. ապահովել, որ մարզադաշտերի շահագործման կարգավորումները լինեն համապարփակ, նախատեսեն ոստիկանության, փրկարար ծառայություն-ների և գործընկեր այլ գործակալությունների հետ արդյունավետ փոխգործակցու-թյուն և ներառեն մարդկանց մեծ խմբերի կառավարման և դրա հետ կապված ապահովության ու անվտանգության ռիսկերի վրա հնարավոր ազդեցություն ունեցող խնդիրների լուծման հստակ քաղաքականություն և ընթացակարգեր, մասնավորապես՝ հրատեխնիկայի օգտագործում, ցանկացած բռնի և այլ արգելված վարքագիծ և ցանկացած ռասայական կամ այլ խտրական վարքագիծ (հոդված 5, պարբերություն 5),
2.13. պահանջել համապատասխան գործակալություններից ապահովել, որ ֆուտբոլային խաղերը և մարզական մյուս միջոցառումներն ապահով, անվտանգ ու հյուրընկալ դարձնելու գործում ներգրավված պետական կամ մասնավոր հատվածների ամբողջ անձնակազմն իր գործառույթներն արդյունավետորեն և պատշաճորեն կատարելու համար ունենա համապատասխան միջոցներ և անցած լինի համապատասխան պատրաստություն (հոդված 5, պարբերություն 6),
2.14. խրախուսել ՀՀ իրավասու գործակալություններին խաղացողների, մարզիչների և մասնակցող թիմերի այլ ներկայացուցիչների համար ընդգծել անհրաժեշտությունը՝ գործելու սպորտում ընդունված այնպիսի կարևոր սկզբունքներին համապատասխան, ինչպիսիք հանդուրժողականությունը, հար-գանքն ու արդար խաղն են, և ընդունելու, որ բռնի, ռասիստական կամ այլ սադրիչ վերաբերմունք հանդիսականի վարքագծի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն (հոդված 5, պարբերություն 7),
2.15. խրախուսել հասարակական վայրերում ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների կազմակերպման գործում ներգրավված բոլոր մարմիններին ու շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ տեղական ինքնակա-ռավարման մարմիններին, ոստիկանությանը, տեղական համայնքներին ու բիզ-նեսներին, երկրպագուների ներկայացուցիչներին, ֆուտբոլային ակումբներին ու ազգային ասոցիացիաներին, աշխատել միասին՝ հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» ենթապարբերություններով ներ-կայացված հարցերի շուրջ (հոդված 6, պարբերություն 1),
2.16. ապահովել, որ ռիսկերը գնահատելիս և ապահովության ու անվտան-գության միջոցառումներն իրագործելիս հաշվի առնվի դեպի մարզադաշտ և հետադարձ ուղևորությունը (հոդված 6, պարբերություն 2),
2.17. ապահովել չնախատեսված և արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների համալիր ծրագրերի մշակումը և պարբերաբար իրակա-նացվող համատեղ վարժանքների ժամանակ այդ ծրագրերի փորձարկումն ու կատարելագործումը, ինչպես նաև ազգային իրավական, կարգավորիչ կամ վարչական նորմերով հստակեցնել, թե որ գործակալությունն է պատասխա-նատու վարժանքների նախաձեռնման, վերահսկողության և հավաստագրման համար (հոդված 7),
2.18. խրախուսել բոլոր մարմիններին մշակել ու իրականացնել հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երկրպագուների ներկայացուցիչների և տեղա-կան համայնքների հետ նախաձեռնողական ու կանոնավոր հաղորդակցության քաղաքականություն՝ հիմնվելով երկխոսության սկզբունքի վրա և գործընկե-րության մթնոլորտ ու դրական համագործակցություն ձևավորելու, ինչպես նաև հնարավոր խնդիրների լուծումները գտնելու նպատակով (հոդված 8, պար-բերություն 1),
2.19. խրախուսել պետական և մասնավոր մարմիններին ու մյուս շահա-գրգիռ կողմերին, այդ թվում՝ տեղական համայնքներին և երկրպագուների ներկայացուցիչներին, նախաձեռնել ու մասնակցել սոցիալական, կրթական, հանցագործությունների կանխարգելման և այլ համայնքային համալիր նախա-գծերին, որոնք ուղղված են փոխադարձ հարգանք և փոխըմբռնում խթանելուն՝ հատկապես երկրպագուների, սպորտային ակումբների ու ասոցիացիաների, ինչպես նաև ապահովության և անվտանգության համար պատասխանատու գործակալությունների շրջանում (հոդված 8, պարբերություն 2),
2.20. ապահովել, որ մշակվեն, պարբերաբար գնահատվեն և կատարե-լագործվեն ոստիկանության ռազմավարություններ՝ հաշվի առնելով ազգային և միջազգային փորձն ու լավագույն գործելակերպը, և համապատասխանեն ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին ավելի լայն, միասնական մոտեցմանը (հոդված 9, պարբերություն 1),
2.21. ապահովել, որ ոստիկանական ռազմավարություններում հաշվի առնվի լավագույն գործելակերպը, ներառյալ՝ մասնավորապես հետախուզական տեղեկությունների հավաքումը, ռիսկերի շարունակական գնահատումը, ռիսկերի վրա հիմնված տեղաբաշխումը, ռիսկերի կամ անկարգությունների տարածումը կանխարգելելուն ուղղված համաչափ միջամտությունը, երկրպագուների և համայնքի ավելի լայն հատվածների հետ արդյունավետ երկխոսությունը, հանցավոր գործունեության վերաբերյալ ապացույցների հավաքումը, ինչպես նաև հետապնդման համար պատասխանատու իրավասու մարմինների հետ այդպիսի ապացույցների փոխանակումը (հոդված 9, պարբերություն 2),
2.22. ապահովել, որ ֆուտբոլային խաղերը և մարզական մյուս միջոցառումներն ապահով, անվտանգ և հյուրընկալ դարձնելու գործում ոստիկանությունն աշխատի կազմակերպիչների, երկրպագուների, տեղական համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ (հոդված 9, պարբերություն 3),
2.23. ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները՝ ուղղված անհատների և խմբերի կողմից բռնության կամ անկարգությունների դեպքերին մասնակ-ցության կամ դրանք կազմակերպելու ռիսկի նվազեցմանը (հոդված 10, պարբերություն 1),
2.24. ազգային և միջազգային իրավունքին համապատասխան՝ ապա-հովել, որ գործեն ռիսկի բնույթին և վայրին համապատասխան որոշակի անձանց ներկայությունը բացառող արդյունավետ կարգավորումներ՝ բռնության կամ անկարգությունների դեպքերը կանխելու և կանխարգելելու համար (հոդված 10, պարբերություն 2),
2.25. ազգային և միջազգային իրավունքին համապատասխան՝ համա-գործակցել մյուս կողմերի հետ՝ նպատակ ունենալով ապահովելու, որ արտերկրում հանցագործություն կատարող անհատների նկատմամբ կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ լինի դա այն երկրում, որտեղ կատարվել է հանցագործությունը, թե իրենց բնակության կամ քաղաքացիության երկրում (հոդված 10, պարբերություն 3),
2.26. անհրաժեշտության դեպքում և ազգային ու միջազգային իրավունքին համապատասխան` դիտարկել ֆուտբոլային խաղերի հետ կապված բռնության և (կամ) անկարգությունների դեպքերի պատճառ դարձած կամ դրանց նպաստած անհատների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պարտականությունը կրող դատական և վարչական մարմիններին այլ երկրում անցկացվող ֆուտբոլային միջոցառումների համար ճամփորդելու վրա սահմանափակումներ դնելու հնարավորությամբ օժտելու հարցը (հոդված 10, պարբերություն 4),
2.27. սերտորեն համագործակցել մյուս կողմերի հետ Կոնվենցիայում ընդգրկված բոլոր հարցերի, ինչպես նաև հարակից հարցերի հետ կապված՝ միջազգային իրադարձությունների ժամանակ փոխգործակցությունն առավելա-գույնի հասցնելու, փորձի փոխանակման և լավագույն գործելակերպի ձևա-վորմանը մասնակցելու նպատակով (հոդված 11, պարբերություն 1),
2.28. չխախտելով գործող ազգային, մասնավորապես՝ տարբեր ծառայու-թյունների և մարմինների միջև լիազորությունների բաշխման վերաբերյալ դրույթները, ոստիկանության ուժերում հիմնել կամ նշանակել ֆուտբոլային ազգային տեղեկատվական կետ (ՖԱՏԿ) (հոդված 11, պարբերություն 2),
2.29. ապահովել, որ ՖԱՏԿ-ը տրամադրի ֆուտբոլային կարգուկանոնի պահպանմանն ուղղված միջոցառումների, երկրպագուների դինամիկայի և դրանց հետ կապված ապահովության ու անվտանգության ռիսկերի վերաբերյալ փորձագիտական տեղեկատվության ազգային աղբյուր (հոդված 11 պարբերություն 3),
2.30. գրավոր ծանուցել Կոնվենցիայով ստեղծված՝ Մարզական միջոցա-ռումների ժամանակ ապահովության և անվտանգության հարցերով կոմիտեին՝ ՀՀ ՖԱՏԿ-ի անվանման և կոնտակտային տվյալների ու դրա առնչությամբ հետագա ցանկացած փոփոխության մասին (հոդված 11, պարբերություն 4),
2.31. համագործակցել միջազգային մակարդակում լավագույն գործելակերպի և կանխարգելիչ, կրթական ու տեղեկատվական նախագծերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման և տեղական համայնքի ու երկրպագուների վրա կենտրոնացած կամ դրանց վրա հիմնված՝ ազգային և տեղական նախաձեռնություններում ներգրավված բոլոր գործակալությունների հետ գործընկերության հաստատման հարցերով (հոդված 11, պարբերություն 5),
2.32. Կոնվենցիայի պայմաններին համապատասխանելու նպատակով ՀՀ կողմից ձեռնարկված օրենսդրական և այլ միջոցառումների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, լինի դա ֆուտբոլի, թե այլ մարզաձևերի հետ կապված, Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկով ուղարկել Մարզական միջոցառումների ժամանակ ապահովության և անվտանգության հարցերով կոմիտե (հոդված 12):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին: Կոնվենցիայի նորմերը համահունչ են նաև քաղաքացիների առողջության պահպանման, սպորտի զարգացման, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանա-դրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն-քի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2016 թվականի հուլիսի 3-ին Սեն Դենիում ստորագրված «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
____________________________
* Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի նշված որոշումներում ԵՊՇ թիվ 120 կոնվենցիան /Convention on Spectator Violence and Misbehaviour at Sports Events, in particular Football Matches/ նշելու համար օգտագործվել է՝ «Մարզական միջոցառումների, մասնավորապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսատեսի կողմից ցուցաբերված անկարգությունների մասին» հայերեն վերտառությունը: Ներկայումս Սահմանադրական դատարան ներկայացված «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» կոնվենցիայի նախաբանի հայերեն թարգմանությունում նույն կոնվենցիայի վերտառությունը բնօրինակից հայերեն է թարգմանվել «Մարզական միջոցառումների և հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ հանդիսականների կողմից բռնության և վատ վարքագծի մասին» կոնվենցիա:
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
21 ապրիլի 2026 թվականի ՍԴՈ-1824 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2026 թվական: