ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-136-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 22․2-րդ կետի «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական» բառով․

2) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«42) Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով՝ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերը քննող և որոշումներ ընդունող, ինչպես նաև բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները մեկնաբանող՝ սույն օրենքով նախատեսված մարմին.»։

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև հօգուտ ապահովագրված, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերի կատարման ընթացքի և որակի ստուգումներ, ինչպես նաև մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս․»։

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 8․1-ին կետում «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 37. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, անդամներին և գործունեությանը ներկայացվող պահանջները

 

1. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամներն ընտրվում են լիազոր մարմնի հաստատած մրցութային կարգով։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով: Մրցութային կարգով ընտրված Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամների անհատական կազմը հաստատում է լիազոր մարմինը։ Նույն անձը կարող է ընտրվել Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

2. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամներից մեկական անդամ պետք է լինի բուժաշխատող, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, հոգեբան, երկուսը՝ իրավաբան, երկուսը՝ բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող գիտաշխատող կամ գիտնական։

3. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել 35 տարին լրացած, բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

4. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր պարտականություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

5. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով։

6. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր: Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:

7. Սույն հոդվածի իմաստով՝ փոխկապակցված են համարվում՝

1) Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները․

2) Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:

8. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը: Լիազոր մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:

9. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովում քննության են ենթակա բուժաշխատողի մասնագիտական էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները։

10. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը իրավասու է բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման գործերի քննության շրջանակում բուժաշխատողներին ծանուցելու նպատակով դիմելու և բուժաշխատողների ռեգիստրից ստանալու նրանց անվան, ազգանվան, հաշվառման վայրի, հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի վերաբերյալ տեղեկություններ։

11. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտման բացակայության հիմքով՝

ա. մերժել դիմումը կամ

բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքում․

2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնի խախտման հաստատման դեպքում՝

ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,

բ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կրկին կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,

գ. մեկ տարվա ընթացքում բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում երրորդ անգամ կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը,

դ. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում առաջին անգամ մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարած ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը,

ե. մեկ տարվա ընթացքում ավագ բուժաշխատողի կողմից կրկին մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու, իսկ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի դեպքում՝ անցումային անհատական լիցենզիայի գործողությունը երեք ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը։

12. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված որոշումներն ստանալուց հետո լիազոր մարմինը դրանք առաքում է բուժաշխատողի գործատուին՝ բուժաշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկով, իսկ «դ» և «ե» ենթակետերով նախատեսված որոշումների ընդունման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հրաման բուժաշխատողի անհատական լիցենզիան կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձի անցումային անհատական լիցենզիայի գործողությունը համապատասխան ժամկետով կասեցնելու վերաբերյալ:

13. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի որոշումների եզրափակիչ մասերը՝ պացիենտի մասին տվյալների ապանձնավորմամբ, որոշումների ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հրապարակվում են բուժաշխատողների ռեգիստրի և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքերում։

14. Բուժաշխատողների շարունակական կրթման և մասնագիտական էթիկայի խնդրահարույց հարցերում ուղղորդելու նպատակով Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի որոշումները դրանց ընդունումից երեք տարի հետո ամբողջովին հրապարակվում են Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ որոշումներում՝ պացիենտների, բուժաշխատողների, գործի քննության ընթացքում ներգրավված երրորդ անձանց առկա անձնական տվյալներն ապանձնավորված, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի անհատական տվյալները՝ ամբողջովին ծածկագրված տարբերակով:

15. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

16. Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիազոր մարմինը։»:

 

Հոդված 5 Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «առանձին» բառը։

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի, որոնք ավագ բուժաշխատողի անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

2․ Սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից սույն օրենքի 4-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի գործողությունը տարածվում է միայն միջին և կրտսեր բուժաշխատողների վրա։

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 27

Երևան

ՀՕ-136-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2026 թվական: