ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0096 Ն. 21.04.2026
|
21 ապրիլի 2026 թվականի |
թիվ 96-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել տնտեսական նորմատիվների հաշվարկման փոփոխված կարգին,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 17/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողում «Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի և իրացվելիության տնտեսական նորմատիվի վերաբերյալ» բառերը փոխարինել «Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և իրացվելիության տնտեսական նորմատիվների վերաբերյալ» բառերով:
2) Կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Թիվ 3 «Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և իրացվելիության տնտեսական նորմատիվների վերաբերյալ» հաշվետվությունը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված ձևով, որը բաղկացած է 2 մասից: Ընդ որում`
1) Հաշվետվության 1-ին՝ «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը և նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշները՝ ըստ օրերի» մասում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 17/02)՝ ըստ ամսվա բոլոր օրերի:
ա. «Ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսեր, բաժնեմասեր կամ փայեր» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի հաշվեկշռային մեծությունը հետևյալ արժեքով՝ անվանական արժեքի և սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամտի գումարից նվազեցրած զեղչը,
բ. «Չբաշխված շահույթ կամ վնաս» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթի (վնասի) մեծությունը՝ համաձայն Կանոնակարգ 17/02-ի,
գ. «Այլ համապարփակ եկամտի տարրեր և հաշվեկշռային կապիտալում հաշվառվող պահուստներ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության այլ համապարփակ եկամտի տարրերի և հաշվեկշռային կապիտալում հաշվառվող պահուստների հաշվեկշռային մեծությունը,
դ. «Առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցվող սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի մեծություն» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի անվանական արժեքը, որը համաձայն Կանոնակարգ 17/02-ի ենթակա է նվազեցման առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունից,
ե. «Տրամադրված փոխառություններ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքը,
զ. «Ոչ նյութական ակտիվներ (բացառությամբ ծրագրային ակտիվների)» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության ոչ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) (բացառությամբ` ծրագրային ակտիվների), դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար կատարված կանխավճարների հաշվեկշռային արժեքը (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը),
է. «Ծրագրային ակտիվների՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցվող մեծությունը» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության ծրագրային ապահովումների և դրանց օգտագործման իրավունքների, տեղեկատվական և կիբեռանվտանգության ապահովման համար ներդրվող լուծումների (օրինակ՝ կրիպտոգրաֆիայի, թոքենիզացիայի), առանց շփման տեխնոլոգիաների ծրագրերի (օրինակ՝ ՔՅՈՒԱՐ, ԷՆԷՖՍԻ), հեռահար նույնականացման տեխնոլոգիաների ծրագրերի, զեղծարար գործողությունների բացահայտման ծրագրերի, ամպային ծառայությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվող ստանդարտների և դրանց համապատասխանության սերտիֆիկացման գծով ոչ նյութական ակտիվների, դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների, ինչպես նաև դրանց ձեռքբերման համար կատարված կանխավճարների հաշվեկշռային արժեքը (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը)` այն գումարի չափով, որով ենթակա է նվազեցման առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունից համաձայն Կանոնակարգ 17/02-ի,
ը. «Նյութական ակտիվների՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցվող մեծությունը» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության հիմնական միջոցների, այլ նյութական ակտիվների և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ նյութական ակտիվներ), դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը (այդ թվում՝ այլ համապարփակ եկամտում գրանցված վերագնահատման արդյունքը)` այն գումարի չափով, որով ենթակա է նվազեցման առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունից համաձայն Կանոնակարգ 17/02-ի,
թ. «Հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և հետաձգված հարկային պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության մեծությունը» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության հետաձգված հարկային ակտիվների հաշվեկշռային արժեքի և հետաձգված հարկային պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերության մեծությունը,
ժ. «Այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցվող մեծությունը» սյունակում լրացվում է այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների մեծությունը, որը համաձայն Կանոնակարգ 17/02-ի ենթակա է նվազեցման առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունից,
ժա. «Առաջին մակարդակի հիմնական կապիտալ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ի համաձայն հաշվարկված առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունը,
ժբ. «Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ի Հավելված 1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի մեծությունը,
ժգ. «Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի նորմատիվային մեծությունը» սյունակում լրացվում է առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալի մեծության այն մասը, որը համաձայն Կանոնակարգ 17/02-ի՝ ընդգրկվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում,
ժդ. «Առաջին մակարդակի կապիտալ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ի համաձայն հաշվարկված առաջին մակարդակի կապիտալի մեծությունը,
ժե. «Երկրորդ մակարդակի կապիտալ» սյունակում լրացվում են Կանոնակարգ 17/02-ի Հավելված 2-ի բոլոր պահանջներին բավարարող երկարաժամկետ ստորադաս փոխառությունները պայմանագրային մայր գումարի (անվանական արժեքի) չափով,
ժզ. «Երկրորդ մակարդակի կապիտալի նորմատիվային մեծությունը» սյունակում լրացվում է երկրորդ մակարդակի կապիտալի մեծության այն մասը, որը համաձայն Կանոնակարգ 17/02-ի՝ ընդգրկվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում,
ժէ. «Ընդհանուր կապիտալ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի մեծությունը,
2) Հաշվետվության 2-րդ՝ «Իրացվելիության նորմատիվի հաշվարկը և հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշները» մասում ներկայացվում է ընթացիկ իրացվելիության նորմատիվի հաշվարկը` ըստ ամսվա բոլոր օրերի:
ա. «Բարձր իրացվելի ակտիվներ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ով սահմանված վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվների հաշվեկշռային արժեքը,
բ. «Ընթացիկ պարտավորություններ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության` Կանոնակարգ 17/02-ով սահմանված ընթացիկ պարտավորությունների հաշվեկշռային արժեքը,
գ. «Վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանց հանդեպ ֆինանսական պարտավորություններ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանց հանդեպ՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով որոշվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանց հանդեպ ֆինանսական պարտավորությունների մեծությունը:
դ. «Բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունը» սյունակում լրացվում է բարձր իրացվելի ակտիվների` Կանոնակարգ 17/02-ով սահմանված նվազագույն մեծությունը,
ե. «Խախտում» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից իրացվելիության նորմատիվը խախտելու կամ չխախտելու փաստը. Ընդ որում՝ այս սյունակում լրացվում է «Խախտում առկա է», եթե ամսվա միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվների մեծությունը փոքր է բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունից և լրացվում է «Խախտում առկա չէ», եթե ամսվա միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվների մեծությունը փոքր չէ բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունից:»:
3) Կանոնակարգի 26.2-րդ կետի 2-5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «ընդամենը ֆինանսական պարտավորություններ»՝ լրացվում են տվյալ օրվա դրությամբ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման շրջանակներում վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանցից ստացված, այդ թվում՝ թողարկված էլեկտրոնային փողի դիմաց, սակայն շահառուներին (գումարի փոխանցման (վճարման) վերջնական հասցեատիրոջը) կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) դեռևս չվճարված դրամական միջոցները.
3) «Տվյալ օրվան նախորդող օրերին ստանձնած ֆինանսական պարտավորությունների՝ տվյալ օրվա ավարտի դրությամբ դեռևս չմարված մաս»՝ լրացվում է տվյալ օրվան նախորդող ժամանակահատվածում վճարահաշվարկային ծառայությունների մատուցման շրջանակներում վճարահաշվարկային ծառայություններից օգտվող անձանցից ստացված, այդ թվում՝ թողարկված էլեկտրոնային փողի դիմաց, և մինչև տվյալ օրվա ավարտը շահառուներին (գումարի փոխանցման (վճարման) վերջնական հասցեատիրոջը) կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) դեռևս չվճարված դրամական միջոցների մեծությունը.
4) «Հատուկ բանկային հաշիվներին առկա միջոցների մեծությունը» լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշիվներին փաստացի առկա դրամական միջոցների մեծությունը՝ ֆինանսական պարտավորությունների ստանձնման օրվան հաջորդող աշխատանքային օրվա վերջի դրությամբ: Տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.
ա. «Բոլոր հատուկ բանկային հաշիվներին առկա ընդհանուր մնացորդը»՝ լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված բոլոր հատուկ բանկային հաշիվներին փաստացի առկա դրամական միջոցների մեծությունը՝ ֆինանսական պարտավորությունների ստանձնման օրվան հաջորդող աշխատանքային օրվա վերջի դրությամբ:
բ. «Առավել խոշոր մնացորդ ունեցող հատուկ բանկային հաշիվներին առկա մնացորդներն՝ ըստ առանձին բանկերի»՝ լրացվում են այն բանկերի տվյալները, որոնցում տվյալ օրվա ավարտին առկա է հատուկ բանկային հաշիվների առավել խոշոր մնացորդ: Տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.
բ1. «տվյալ բանկում վարվող հատուկ բանկային հաշիվներին առկա մնացորդը»՝ լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված՝ տվյալ բանկում վարվող հատուկ բանկային հաշիվներին փաստացի առկա դրամական միջոցների մեծությունը՝ ֆինանսական պարտավորությունների ստանձնման օրվան հաջորդող աշխատանքային օրվա վերջի դրությամբ:
բ2. «բանկի անվանումը»՝ նշվում է տվյալ բանկի անվանումը,
բ3. «բանկի վարկանիշը»՝ եթե հատուկ բանկային հաշիվը վարվում է ոչ ռեզիդենտ բանկում, լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպության կողմից վերջինիս տրված վարկանիշը՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով:
5) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է ապահովագրություն»՝ ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ու դեռևս չմարված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա երաշխիքի գումարի տարբերության չափով ապահովագրված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.
ա. «Ընդամենը ապահովագրական գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ու դեռևս չմարված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա երաշխիքի գումարի տարբերության չափով՝ բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված ընդհանուր գումարի չափն է,
բ. «Առավել խոշոր ապահովագրական գումարները՝ ըստ առանձին ապահովագրական ընկերությունների»՝ լրացվում են այն ապահովագրական ընկերությունների տվյալները, որոնց գծով տվյալ օրվա ավարտին առկա է ապահովագրական գումարների առավել խոշոր մեծություն: Տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.
բ1. «ապահովագրական գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա երաշխիքի գումարի տարբերության չափով՝ տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրված գումարի չափն է,
բ2. «ապահովագրական ընկերության անվանում»՝ նշվում է ապահովագրություն իրականացրած ընկերության անվանումը:
բ3. «ընկերության վարկանիշը»՝ եթե ապահովագրությունը ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության միջոցով է իրականացվել, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպության կողմից վերջինիս տրված վարկանիշը՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով:»:
4) Կանոնակարգի 26.2-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«6) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է երաշխիք»՝ ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ու դեռևս չմարված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա ապահովագրության գումարի տարբերության չափով երաշխիքի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.
ա. «Ընդամենը երաշխիքի գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ու դեռևս չմարված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա ապահովագրության գումարի տարբերության չափով՝ բոլոր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքի գումարի ընդհանուր մեծության չափն է,
բ. «Առավել խոշոր երաշխիքի գումարները՝ ըստ առանձին բանկերի և վարկային կազմակերպությունների»՝ լրացվում են այն բանկերի և վարկային կազմակերպությունների տվյալները, որոնց կողմից տվյալ օրվա ավարտին առկա է տրամադրված երաշխիքի գումարի առավելագույն մեծություն: Տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.
բ1. «երաշխիքի գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա ավարտին՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվի փաստացի մնացորդի ու առկա ապահովագրության գումարի տարբերության չափով՝ տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքի գումարի մեծության չափն է,
բ2. «բանկի (վարկային կազմակերպության) անվանում»՝ նշվում է երաշխիք տված բանկի կամ վարկային կազմակերպության անվանումը,
բ3. «բանկի (վարկային կազմակերպության) վարկանիշը»՝ եթե երաշխիքը տրամադրվել է ոչ ռեզիդենտ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպութան կողմից վերջինիս տրված վարկանիշը՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված կարգով:»:
5) Կանոնակարգի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
6) Կանոնակարգի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի մեկից: Սույն որոշումը տարածվում է 2026 թվականի սեպտեմբերի մեկից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվետվությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-27 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|