ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«30» ապրիլ 2026 թվականի |
N 35-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման (թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա) ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
30.04.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլ «30»-ի թիվ 35-Ն հրամանի |
|
«Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվար «16»-ի թիվ 13-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԼԽՈՒՂԵՂԻ ՍՈՒՐ ԿԱՄ ԵՆԹԱՍՈՒՐ ԻՇԵՄԻԿ ԿԱԹՎԱԾՆԵՐԻ ԷՆԴՈՎԱՍԿՈՒԼՅԱՐ ԲՈՒԺՄԱՆ (ԹՐՈՄԲՈԼԻՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԹՐՈՄԲԷԿՏՈՄԻԱ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն չափորոշիչով սահմանվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման (թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա) ծառայությունների (այսուհետ` կաթվածի անհետաձգելի ծառայությունների) կազմակերպման և իրականացման նորմերը` ապահովագրված անձանց և բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար:
2. Կաթվածի անհետաձգելի ծառայություններն իրականացնում են նյարդաբանական, նյարդավիրաբուժական և անոթանեյրովիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակների գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` կաթվածի կենտրոն), իսկ էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչի կիրառմամբ միայն թրոմբոլիտիկ բուժման իրականացման դեպքում` նյարդաբանական կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տեսակների գործունեության լիցենզիա ունեցող մարզերում գործող բժշկական կազմակերպությունները (այսուհետ` մարզային բժշկական կազմակերպություններ):
3. Կաթվածի անհետաձգելի ծառայությունների կազմակերպման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը կաթվածի կենտրոնում ներառում է.
1) արյան ընդհանուր քննություն․
2) մեզի ընդհանուր քննություն․
3) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն, միջազգային նորմավորված գործակից, C-ռեակտիվ սպիտակուց)․
4) արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում.
5) էլեկտրասրտագրություն (այսուհետ` ԷՍԳ)․
6) գլխուղեղի համակարգչային շերտագրում (այսուհետ` ՀՇ) կամ գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (այսուհետ` ՄՌՏ)․
7) արտագանգային և ներգանգային զարկերակների համակարգչային շերտագրում (այսուհետ` ՀՇ-անգիոգրաֆիա) կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային անգիոգրաֆիա (այսուհետ` ՄՌՏ- անգիոգրաֆիա):
4. Թրոմբոլիտիկ բուժման կազմակերպման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նվազագույն ծավալը մարզային բժշկական կազմակերպություններում ներառում է.
1) արյան ընդհանուր քննություն․
2) արյան բիոքիմիական քննություն (գլյուկոզա, կրեատինին, միզանյութ, պրոթրոմբին, ֆիբրինոգեն, միջազգային նորմավորված գործակից, C-ռեակտիվ սպիտակուց)․
3) արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում.
4) ԷՍԳ․
5) ՀՇ-անգիոգրաֆիա կամ ՄՌՏ կամ ՄՌՏ- անգիոգրաֆիա:
5. Կաթվածի անհետաձգելի ծառայությունների իրականացման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը, գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն տեղափոխման ժամանակահատվածը:
6. Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածի կասկածով անձանց տեղափոխումը կաթվածի կենտրոններ կամ մարզային բժշկական կազմակերպություններ իրականացվում է հետևյալ ընթացակարգերով.
1) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում` շտապ օգնության ծառայության միջոցով, որն ապահովում է «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման կասկածով պացիենտի առաջին բժշկական օգնությունը, ճշտում է գլխուղեղի կաթվածի նշանների ի հայտ գալու ժամանակը` «երբ եք պացիենտին վերջին անգամ տեսել իր նորմալ վիճակում» հարցադրմամբ, «ստանդարտացված արագ կլինիկական քննություն»` FAST (ֆասթ) սանդղակի դրական արդյունքների հիման վրա գնահատում է դեպքը որպես սուր կամ ենթասուր կաթված և սույն չափորոշիչի 5-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում իրականացնում է պացիենտի տեղափոխումը շտապ օգնության կանչն իրականացնող վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն․
2) Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում կամ նյարդավիրաբուժական էնդովասկուլյար բուժման ծառայություն չիրականացնող կազմակերպություններում պացիենտի «գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշման և սույն չափորոշիչի 5-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում, շտապ օգնության ծառայության միջոցով տվյալ բժշկական կազմակերպության տնօրինության կողմից պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի համաձայնությամբ կազմակերպվում (կազմակերպման գործընթացն իրականացվում է առավելագույնը 30 րոպե ժամանակահատվածում) և ապահովվում է պացիենտի տեղափոխումը տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն:
7. Մինչ կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն տեղափոխումը շտապ օգնության ծառայության բուժաշխատողը հեռախոսազանգով կապվում է պացիենտի գտնվելու վայրին տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոնի կամ մարզային բժշկական կազմակերպության ընդունարանի հերթապահ բուժաշխատողի հետ` նշելով ժամանման կանխատեսվող ժամանակահատվածը:
8. Շտապ բժշկական օգնության ծառայություն իրականացնող հերթապահ բուժաշխատողը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին նախապես բանավոր տեղեկացնում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների հիմնական դրույթների մասին: Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից կաթվածի անհետաձգելի ծառայություններից հրաժարվելու պարագայում այդ փաստը գրավոր ամրագրվում է շտապ բժշկական օգնության կանչի թերթիկում կամ հիվանդության պատմագրում, որը հաստատվում է ավագ բուժաշխատողի և պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի ստորագրությամբ։
9. Առանց շտապ օգնության ծառայության պացիենտի անմիջականորեն կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն դիմելու կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից պացիենտի կաթվածի կենտրոն կամ մարզային բժշկական կազմակերպություն տեղափոխելու դեպքում կաթվածի կենտրոնի կամ մարզային բժշկական կազմակերպության ընդունարանի ավագ բուժաշխատողը կամ նյարդաբանը իրականացնում է պացիենտի բժշկական զննություն, և սույն չափորոշիչի 5-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում բանավոր տեղեկացնում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների հիմնական դրույթների մասին:
10. Կաթվածի կենտրոնը կամ մարզային բժշկական կազմակերպությունը պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին ապահովում է կաթվածի անհետաձգելի ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
11. Սույն չափորոշիչի 5-րդ կետի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր դեպքի ընդունման մասին տեղեկանալուն պես` կաթվածի կենտրոնում մինչև 30 րոպեի ընթացքում ապահովվում է կաթվածի անհետաձգելի ծառայություններում ընդգրկված ավագ բուժաշխատողների` նյարդաբանի, նյարդավիրաբույժի, անոթային նյարդաբանի, անեսթեզիոլոգի և բուժքրոջ ներկայությունը, իսկ մարզային բժշկական կազմակերպությունում մինչև 15 րոպեի ընթացքում ապահովվում է կաթվածի անհետաձգելի ծառայություններում ընդգրկված ավագ բուժաշխատողների` նյարդաբանի կամ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի (Էմերջենսի) ավագ բուժաշխատողի և բուժքրոջ ներկայությունը:
12. Պացիենտը տեղափոխվում է ՀՇ կամ ՄՌՏ ախտորոշման կաբինետ` պացիենտին կաթվածի կենտրոն ընդունվելուց առավելագույնը մինչև 20 րոպեների ընթացքում, իսկ մարզային բժշկական կազմակերպություն ընդունվելուց առավելագույնը մինչև 45 րոպեների ընթացքում: Գլխուղեղի սուր կամ ենթասուր կաթվածով պացիենտներն ունեն ՀՇ կամ ՄՌՏ հետազոտության իրականացման առաջնահերթություն բոլոր մնացած պացիենտների նկատմամբ, բացառությամբ կյանքին անմիջականորեն վտանգ սպառնացող իրավիճակում գտնվող պացիենտների:
13. Կաթվածի կենտրոնի կաթվածի անհետաձգելի ծառայություններում ընդգրկված նյարդաբանը, գնահատում է պացիենտի կլինիկական վիճակը և ճշտում նախնական ախտորոշումը` օգտագործելով կաթվածի ծանրության սանդղակը` NIHSS (էն, այ, էյջ, էս, էս): Հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները՝ իրականացվում են հետևյալ միջոցառումները.
1) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 0-4.5 ժամի և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները < 6-ի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտություն և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա: Ավագ բուժաշխատողի ցուցումով իրականացվում է նաև ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա, որով խոշոր ուղեղային անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա (այսուհետ` ԱՑԱ): ԱՑԱ-ի ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա` հակացուցումների բացակայության դեպքում.
2) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 0-4.5 ժամի և կաթվածի ծանրության սանդղակով գնահատման տվյալները > 6-ի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ կամ ՄՌՏ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտ կամ այտուց) բացակայության և սուր կամ ենթասուր կաթվածի բուժման այլ հակացուցումների բացակայության դեպքում, կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: Անկախ ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով թրոմբի առկայությունից և հակացուցումների բացակայության դեպքում, իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա: ՀՇ կամ ՄՌՏ անգիոգրաֆիայով խոշոր ուղեղային անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա` հակացուցումների բացակայության դեպքում.
3) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 4.5-6 ժամի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտի կամ այտուցի) բացակայության դեպքում, ավագ բուժաշխատողի ցուցումով իրականացվում է ՄՌՏ կամ ՀՇ պերֆուզիոն հետազոտություն: ՀՇ պերֆուզիոն և ՄՌՏ հետազոտությունների արդյունքներով իշեմիկ վնասված փոքրածավալ կորիզի և համեմատաբար մեծ պենումբրայի առկայության դեպքում կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով խոշոր ցերեբրալ անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա.
4) կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը 6-24 ժամի դեպքում իրականացվում է ոչ կոնտրաստ ՀՇ հետազոտություն, որից հետո գլխուղեղի իշեմիկ վնասման նշանների (միջին ուղեղային զարկերակի ավազանի կամ ուղեղիկի կիսագնդի 1/3-ից մեծ հատվածի վաղ ինֆարկտի կամ այտուցի) բացակայության դեպքում, պարտադիր իրականացվում է գլխուղեղի ՄՌՏ կամ ՀՇ պերֆուզիոն հետազոտություն: ՀՇ պերֆուզիոն և ՄՌՏ հետազոտությունների արդյունքներով իշեմիկ վնասված փոքրածավալ կորիզի և համեմատաբար մեծ պենումբրայի առկայության դեպքում կատարվում է ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիա: ՀՇ կամ ՄՌՏ-անգիոգրաֆիայով խոշոր ցերեբրալ անոթի (ներքին քնային զարկերակի, միջին ուղեղային զարկերակի М1 (էմ մեկ) կամ М2 (էմ երկու) հատվածի, առաջային ուղեղային զարկերակի A1 (ա մեկ) կամ A2 (ա երկու) հատվածի, հիմային զարկերակի, հետին ուղեղային զարկերակի P1 (պե մեկ) հատվածի) թրոմբի հայտնաբերման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումների բացակայության դեպքում պացիենտը շտապ կարգով տեղափոխվում է համապատասխան բաժանմունք և իրականացվում է ԱՑԱ: ԱՑԱ ընթացքում նշված անոթներում թրոմբի հայտնաբերման և հակացուցումների բացակայության դեպքում իրականացվում է մեխանիկական թրոմբէկտոմիա:
14. Մարզային բժշկական կազմակերպությունները կատարում են ներերակային թրոմբոլիտիկ թերապիա` սույն չափորոշիչի 13-րդ կետով նախատեսված պահանջների համաձայն` տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոնի մասնագետների ցուցումով՝ կիրառելով էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող հեռաբժշկության բաղադրիչը, որից հետո` հետագա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով, պացիենտը տեղափոխվում է տարածքային առումով ամենամոտ տեղակայված կաթվածի կենտրոն:
15. Սույն չափորոշիչով կարգավորվող կաթվածի բուժման կլինիկական ուղեցույցները հաստատված են Առողջապահության նախարարի 2018 թվականի նոյեմբերիի 23-ի N 3021-Ա հրամանով:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|