ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
| «Հոդված 1․ | Հիմնական հասկացությունները |
1․ Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) սպառող՝ ֆիզիկական անձ, որը հանդես է գալիս և գործում է իր առևտրային գործունեության, գործարարության, արհեստի կամ մասնագիտական գործունեության շրջանակներից դուրս.
2) սպառողների անորոշ շրջանակ` ապրանքի (աշխատանքի, ծառայության) հնարավոր սպառողներ.
3) արտադրող` իրացման համար ապրանքներ արտադրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ.
4) կատարող` աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ․
5) վաճառող` սպառողներին ուղղակի կամ միջնորդավորված ձևով ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ․
6) նորմատիվ փաստաթուղթ` օրենքներ, օրենքով սահմանված կարգով նախատեսված այլ իրավական ակտեր (տեխնիկական կանոնակարգեր), որոնցով սահմանված են պարտադիր պահանջներ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ.
7) ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերություն` ապրանքի (աշխատանքի, ծառայության) անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, պայմանագրի պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին սովորաբար ներկայացվող պահանջներին, իսկ սույն օրենքի 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ հոդվածների իմաստով ապրանքի թերությունը ապրանքի անհամապատասխանությունն է տվյալ հոդվածներով նախատեսված պահանջներին.
8) ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակի էական խախտում` ապրանքի (աշխատանքի, ծառայության) որակին առաջադրվող պահանջների էական խախտումներ (չվերացվող, ինչպես նաև այնպիսի խախտումներ, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ խախտումներ), որոնց դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը կամ պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) փոխարինել պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով (աշխատանքով, ծառայությամբ).
9) ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգություն` սպառողի կյանքի, առողջության, գույքի և շրջակա միջավայրի համար ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվտանգությունը սովորական պայմաններում դրա օգտագործման, պահման, փոխադրման, օգտահանման ժամանակ, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գործընթացի անվտանգությունը.
10) ծառայության ժամկետ` ապրանքի շահագործման տևողությունը շահագործման կամ նորոգումից հետո շահագործումը վերսկսելու օրից մինչև իր նշանակությամբ օգտագործման անհնարինությունը: Այն կարող է հաշվարկվել ժամանակի, ինչպես նաև չափման այլ միավորներով (կիլոմետրերով, տարիներով և այլն).
11) պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ.
12) երաշխիքային ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է բավարարել սույն օրենքով սահմանված սպառողի պահանջները.
13) տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ կամ անձանց միություն.
14) միջին սպառող՝ սոցիալական, մշակութային, լեզվական և այլ գործոնների հաշվառմամբ կամ սպառողների որոշակի խմբի պատկանելու պայմաններում ողջամտորեն իրազեկված անձ.
15) սպառողների խումբ՝ որոշակի հատկանիշով անհատականացվող խումբ.
16) խոցելի սպառող՝ մտավոր, ֆիզիկական խնդիրների, տարիքի կամ այլ առանձնահատկություններով պայմանավորված առավել զգայուն սպառող.
17) էլեկտրոնային առևտրային հարթակ՝ կիրառվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի իմաստով․
18) վարկանիշ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում ապրանքներին (աշխատանքներին, ծառայություններին) տրված հարաբերական գնահատական՝ հավաքված, ներկայացված և հասցեագրված վաճառողի կողմից՝ անկախ օգտագործվող տեխնոլոգիական միջոցներից.
19) սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպ՝ տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն, անգործություն, վարքագիծ, առևտրային հաղորդակցություն, գովազդ և ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացմանն ուղղված այլ միջոցառումներ, որոնք անմիջականորեն կապված են ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) սպառողին գովազդելու, վաճառելու, մատակարարելու, ծառայությունը մատուցելու կամ աշխատանքը կատարելու հետ.
20) սպառողի վարքագծի վրա ազդեցություն՝ սպառողի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի առևտրային գործելակերպի դրսևորում, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է կամ կարող է ազդել սպառողի՝ տեղեկացված որոշում կայացնելու գործընթացի վրա՝ դրանով իսկ սպառողին դրդելով կայացնելու գործարքի վերաբերյալ այնպիսի որոշում, որն այլ պարագայում չէր կայացնի.
21) վարքագծի կանոնագիրք՝ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների խմբի սահմանած վարքագծի կանոնների ամբողջություն կամ համաձայնագիր, որին միացած տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է պահպանել վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնները սպառողի նկատմամբ իր առևտրային գործելակերպի շրջանակում.
22) առևտրային հաղորդակցություն՝ հաղորդակցության ցանկացած ձև, որն ուղղված է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության խթանմանը.
23) գնման հրավեր՝ առևտրային հաղորդակցություն, գովազդ, որը կիրառվող առևտրային հաղորդակցության միջոցին համապատասխան եղանակով մատնանշում է տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) առանձնահատկություններն ու գինը՝ դրանով իսկ սպառողին գնում կատարելու հնարավորություն ընձեռելով.
24) անհարկի ազդեցություն՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի նկատմամբ ճնշման գործադրում, որը կարող է դրսևորվել նաև առանց ֆիզիկական ուժ գործադրելու կամ ֆիզիկական ուժ գործադրելու սպառնալիքի, այնպիսի եղանակով, որը սահմանափակում է կամ կարող է սահմանափակել սպառողի՝ կամավոր որոշում կայացնելու ունակությունը.
25) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի յուրաքանչյուր որոշում, որը վերաբերում է ապրանքի (աշխատանքի, ծառայության) ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, ապրանքի (աշխատանքի, ծառայության) վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի (աշխատանքի, ծառայության) հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը՝ անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), թե ոչ.
26) մարկետինգային բուրգ՝ սխեմա, որի շրջանակում սպառողի՝ նյութական օգուտ ստանալու հնարավորությունն առավելապես պայմանավորված է նոր սպառողներ ներգրավելով, քան ապրանքի (աշխատանքի, ծառայության) վաճառքով.
27) էկոլոգիական հավաստում՝ առևտրային հաղորդակցության շրջանակում տեքստային, պատկերային, գրաֆիկական կամ ցանկացած այլ եղանակով, այդ թվում՝ պիտակների, ապրանքի (աշխատանքի, ծառայության) անվանման, ֆիրմային անվանումների, ապրանքային նշանի տեսքով հավաստում, որը սահմանում կամ տպավորություն է ստեղծում, որ վաճառողը, ապրանքը (աշխատանքը, ծառայությունը), ապրանքախումբը, ապրանքային նշանի իրավատերն ունեն դրական կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի վրա կամ ավելի քիչ բնապահպանական վնաս են հասցնում, քան այլ վաճառողներ, ապրանքներ (աշխատանքներ, ծառայություններ), ապրանքային նշանների իրավատերեր կամ ապրանքախմբեր, կամ վերջիններս ժամանակի ընթացքում բարելավել են իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
28) ֆունկցիոնալություն` ապրանքի՝ իր նպատակային նշանակությանը ծառայելուն ուղղված գործառույթներ իրականացնելու հատկություն.
29) ֆունկցիոնալ տարր՝ ապրանքի ցանկացած բաղադրիչ, այդ թվում՝ պահեստամաս, որը պարբերաբար անհրաժեշտ է թարմացնել կամ փոխարինել՝ ապահովելու ապրանքի ֆունկցիոնալության անհրաժեշտ մակարդակը․
30) անարդար պայմաններ՝ սույն օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված պայմաններ.
31) սպառողի պահանջներին համապատասխան պատրաստված ապրանքներ՝ ապրանքներ, որոնք պատրաստվում են բացառապես սպառողի անհատական ընտրության կամ որոշման հիման վրա.
32) ծառայությունների մատուցման պայմանագիր՝ յուրաքանչյուր պայմանագիր, որով կատարողը սպառողին մատուցում է կամ պարտավորվում է մատուցել ծառայություն, այդ թվում` թվային ծառայություն, իսկ սպառողը վճարում է կամ պարտավորվում է վճարել դրա գինը.
33) հեռակա պայմանագիր՝ յուրաքանչյուր պայմանագիր, որը կնքվում է վաճառողի և սպառողի միջև կազմակերպված հեռավար վաճառքի կամ ծառայությունների մատուցման սխեմայի շրջանակում՝ առանց վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայության՝ հեռավար հաղորդակցության մեկ կամ մի քանի միջոցների օգտագործմամբ, մինչև պայմանագրի կնքման պահը ներառյալ.
34) ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր՝ վաճառողի և սպառողի միջև կնքված պայմանագիր, որը՝
ա. կնքվել է վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում,
բ. կնքվել է սպառողի կողմից վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում ներկայացված առաջարկության հիման վրա,
գ. կնքվել է վաճառողի ձեռնարկության շենքում կամ հեռակա հաղորդակցության ցանկացած միջոցով՝ վաճառողի ձեռնարկության շենք չհանդիսացող վայրում սպառողին անձամբ և անհատապես դիմելուց անմիջապես հետո՝ վաճառողի և սպառողի միաժամանակյա ֆիզիկական ներկայությամբ,
դ. կնքվել է վաճառողի կողմից ապրանքները կամ ծառայությունները գովազդելու և սպառողին վաճառելու նպատակով կազմակերպված շրջայցի ընթացքում.
35) ձեռնարկության շենք՝ ցանկացած անշարժ արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը մշտապես իրականացնում է իր գործունեությունը, կամ ցանկացած շարժական արտադրական, առևտրային կամ սպասարկման տարածք, որտեղ վաճառողը պարբերաբար իրականացնում է իր գործունեությունը.
36) կայուն կրիչ՝ ցանկացած միջոց, որը հնարավորություն է տալիս սպառողին կամ վաճառողին պահպանել իրեն հասցեագրված տեղեկատվությունն այնպես, որ այն հասանելի լինի հետագայում դրան հղում կատարելու համար՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեղեկատվության օգտագործման նպատակով, և որը թույլ է տալիս պահպանված տեղեկատվության անփոփոխ վերարտադրությունը.
37) թվային բովանդակություն՝ թվային եղանակով ձևավորված և տրամադրված տվյալներ.
38) թվային ծառայություն՝ ծառայություն, որը թույլ է տալիս սպառողին ստեղծել, մշակել, պահպանել, հասանելիություն ունենալ, կիսվել կամ ցանկացած այլ փոխազդեցություն ունենալ թվային տվյալների հետ, որոնք ներբեռնվել կամ ստեղծվել են սպառողի կամ տվյալ ծառայությունից օգտվող այլ անձանց կողմից.
39) թվային տարր պարունակող ապրանք՝ ապրանք, որը ներկառուցված կամ փոխկապակցված է թվային բովանդակության կամ թվային ծառայության հետ այնպես, որ տվյալ թվային բովանդակության կամ թվային ծառայության բացակայությունը կհանգեցնի տվյալ ապրանքից պահանջվող գործառույթների իրականացման անհնարինության.
40) համատեղելիություն՝ ապրանքի հատկությունը՝ գործելու այն ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որի հետ սովորաբար օգտագործվում են նույն տեսակի ապրանքները՝ առանց տվյալ ապրանքը կամ ապարատային կամ ծրագրային ապահովումը փոփոխելու անհրաժեշտության.
41) փոխգործունակություն՝ ապրանքի հատկությունը՝ գործելու այն ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որը տարբերվում է նույն տեսակի ապրանքների հետ սովորաբար օգտագործվող ապարատային կամ ծրագրային ապահովումից.
42) առևտրային երաշխիք՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից սպառողի հանդեպ ստանձնած կամավոր պարտավորություն՝ ի լրումն վաճառողի կամ արտադրողի (երաշխավորի)՝ համապատասխանության երաշխիքի հետ կապված պարտավորության, փոխհատուցել վճարված գինը կամ փոխարինել, վերանորոգել կամ ցանկացած այլ եղանակով սպասարկել ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), եթե դրանք չեն համապատասխանում երաշխիքային հայտարարությամբ տրված կամ մինչև պայմանագրի կնքումը կամ այն կնքելու պահին սպառողին հասանելի դարձած՝ համապատասխան գովազդում սահմանված բնութագրերին կամ երաշխիքում նշված՝ օրենքով սահմանված համապատասխանության հիմնական պահանջների հետ չկապված այլ պահանջների.
43) դիմացկունություն՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության)՝ բնականոն օգտագործման ընթացքում պահանջվող գործառույթները և կատարողական հատկանիշները պահպանելու հատկություն.
44) վերանորոգման ունակության միավոր՝ միավոր կամ գնահատական, որը արտահայտում է ապրանքի վերանորոգման հնարավորությունը՝ կախված ապրանքի բարդությունից, ապրանքի պահեստամասերի առկայությունից, ինչպես նաև ապրանքի վերանորոգման համար անհրաժեշտ այլ միջոցներից.
45) ծրագրային ապահովման թարմացում՝ անհատույց թարմացում, ներառյալ՝ անվտանգության թարմացումը, որն անհրաժեշտ է թվային տարրեր պարունակող ապրանքները, թվային բովանդակությունը և թվային ծառայությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահելու համար:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 1-ին և 2-րդ մասերը համապատասխանաբար համարակալել «1.» և «2.» թվերով.
2) 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն oրենքի II.1-ին գլխի դրույթները չեն տարածվում հետևյալ պայմանագրերի վրա․
1) սոցիալական ծառայությունների մատուցման, այդ թվում՝ սոցիալական բնակարանային ապահովմանը, խնամքի ծառայությունների տրամադրմանը և սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված այլ պայմանագրեր.
2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցման պայմանագրեր.
3) «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ խաղերի կազմակերպիչների և խաղացողների միջև կնքվող պայմանագրեր.
4) Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող և վերահսկվող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման կամ փոխանցման, նոր շենքերի կառուցման, գոյություն ունեցող շենքերի վերակառուցման և բնակելի նպատակներով կացարանների վարձակալության, վերավաճառքի և փոխանակման պայմանագրեր.
6) «Զբոսաշրջության մասին» օրենքով սահմանված զբոսաշրջային փաթեթների պայմանագրեր.
7) պայմանագրեր, որոնք, օրենքներին համապատասխան, կնքվում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով.
8) ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ կապված նպատակներով ձեռք բերվող ապրանքների մատակարարման պայմանագրեր, որոնք պարբերաբար մատակարարվում են սպառողի նշած վայր.
9) վաճառքի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով կնքվող պայմանագրեր.
10) ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, բացառությամբ սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի.
11) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կնքվող գործարքներ.
12) «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված՝ հարկադիր կատարման շրջանակներում իրականացվող գործարքներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ հոդվածներով.
| «Հոդված 5.1. | Ապրանքի համապատասխանությունը |
1. Սույն օրենքի 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ հոդվածների կարգավորումները տարածվում են միայն այն առք ու վաճառքի պայմանագրերի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, սահմանափակ ծավալով և որոշակի քանակով իրացման համար նախատեսված ջրին, գազին և էլեկտրաէներգիային, սպառողի կամ ծառայության այլ օգտատերերի կողմից վերբեռնվող կամ ստեղծվող էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորություն տվող ծառայություններին:
2. Վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել ապրանք, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին:
3. Եթե ապրանքի համապատասխանության նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված են այլ պարտադիր պահանջներ, ապա վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:
4. Կնքված առք ու վաճառքի պայմանագրին համապատասխան՝ վաճառողի (արտադրողի) կողմից սպառողին հանձնվող ապրանքը պետք է՝
1) համապատասխանի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պայմաններին, այդ թվում՝ ապրանքի նկարագրությանը, տեսակին, քանակին, որակին, ֆունկցիոնալությանը, համատեղելիությանը, փոխգործունակությանը և այլ հատկանիշների վերաբերող պայմաններին.
2) համապատասխանի այն նպատակներին, որոնց մասին սպառողը տեղեկացրել է վաճառողին (արտադրողին) մինչև առք ու վաճառքի պայմանագրի կնքումը, և որոնց վերաբերյալ վաճառողի (արտադրողի) կողմից տրվել է համաձայնություն.
3) առաքվի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված բոլոր պարագաներով և հրահանգներով, այդ թվում՝ ապրանքի տեղադրման համար նախատեսված բոլոր պարագաներով և հրահանգներով.
4) տրամադրվի առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված թարմացումներով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված պահանջներից բացի, ապրանքը պետք է՝
1) պիտանի լինի այն նպատակների համար, որոնց համար նույն տեսակի ապրանքները սովորաբար օգտագործվում են` հաշվի առնելով օրենսդրության, տեխնիկական ստանդարտների կամ այդպիսի տեխնիկական ստանդարտների բացակայության դեպքում կիրառելի ոլորտային արդյունաբերական վարքագծի կանոնագրքերի գործող պահանջները.
2) համապատասխանի այն նմուշի կամ մոդելի նկարագրին, որը վաճառողը (արտադրողը) հասանելի է դարձրել սպառողին մինչև պայմանագրի կնքումը.
3) առաքվի այնպիսի պարագաներով, ներառյալ՝ փաթեթավորմամբ, տեղադրման հրահանգներով կամ այլ հրահանգներով, որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել ստանալ.
4) ունենա քանակական, որակական և այլ հատկանիշներ, ներառյալ՝ դիմացկունությունը, ֆունկցիոնալությունը, համատեղելիությունը և անվտանգությունը, որոնք բնորոշ են նույն տեսակի ապրանքներին, և որոնք սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել՝ հաշվի առնելով ապրանքների բնույթը և վաճառողի (արտադրողի) կամ նրա անունից կամ գործարքների շղթայի նախորդող օղակներում այլ անձանց, ներառյալ՝ արտադրողի կողմից արված յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն, մասնավորապես գովազդում կամ պիտակավորման մեջ:
6. Սույն հոդվածով և սույն օրենքի 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարման պայմանագրերի վրա, բացառությամբ՝
1) երբ թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը ներկառուցված է կամ փոխկապակցված է ապրանքին և տրամադրվում է ապրանքի հետ առք ու վաճառքի պայմանագրի շրջանակում՝ անկախ նրանից, թե այդպիսի թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը մատակարարում է վաճառողը (արտադրողը) կամ երրորդ անձը.
2) երբ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ ներկառուցված կամ փոխկապակցված թվային բովանդակության կամ ներկառուցված կամ փոխկապակցված թվային ծառայության մատակարարումը կազմում է առք ու վաճառքի պայմանագրի մաս:
7. Սույն հոդվածով և սույն օրենքի 5.2-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում նաև հետևյալ ապրանքների վրա.
1) յուրաքանչյուր նյութական կրիչ, որը բացառապես ծառայում է որպես թվային բովանդակության կրիչ․
2) յուրաքանչյուր ապրանք, որը վաճառվում է դատական ակտի հիման վրա կամ այլ կերպ՝ օրենքի ուժով.
3) «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով նախատեսված աճուրդների միջոցով վաճառվող օգտագործված ապրանք.
4) կենդանիներ:
| Հոդված 5.2. | Վաճառողի (արտադրողի) պարտականությունները և սպառողի իրավունքները թվային տարր պարունակող ապրանքների առք ու վաճառքի դեպքում |
1. Վաճառողը (արտադրողը) թվային տարրերով ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր է ապահովել, որ սպառողը տեղեկացված լինի և հնարավորություն ունենա ստանալու անհրաժեշտ թարմացումները, այդ թվում՝ անվտանգության թարմացումները և դրանց նշանակության վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք անհրաժեշտ են ապրանքի համապատասխանության պահպանման համար այն ժամանակահատվածի ընթացքում՝
1) որը սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել՝ հաշվի առնելով ապրանքի և թվային տարրերի բնույթը, նպատակը, կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, եթե այն նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության մատակարարում մեկ գործողությամբ, կամ
2) երբ առք ու վաճառքի պայմանագիրը նախատեսում է թվային բովանդակության կամ թվային ծառայության շարունակական մատակարարում որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
2. Սպառողն իրավունք ունի ստանալու վաճառողի (արտադրողի) տրամադրած թարմացումները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում, օգտագործելու թվային տարր պարունակող ապրանքն առք ու վաճառքի պայմանագրի պահանջներով սահմանված ֆունկցիոնալությամբ և համապատասխանությամբ:
3. Եթե սպառողը ողջամիտ ժամկետում չի տեղադրում վաճառողի (արտադրողի) տրամադրած թարմացումները, վաճառողը (արտադրողը) պատասխանատվություն չի կրում անհամապատասխանության համար, որը բացառապես տվյալ թարմացման բացակայության հետևանք է, եթե՝
1) վաճառողը (արտադրողը) տեղեկացրել է սպառողին թարմացման առկայության և սպառողի կողմից այն չտեղադրվելու հետևանքների մասին.
2) սպառողի կողմից թարմացումը չտեղադրելը կամ սխալ տեղադրելը պայմանավորված չի եղել սպառողին տրամադրված թարմացումների տեղադրման հրահանգների թերություններով:
4. Ապրանքի անհամապատասխանություն առկա չէ այն դեպքերում, երբ առք ու վաճառքի պայմանագրի կնքման պահին սպառողը գրավոր տեղեկացվել է այն մասին, որ ապրանքների որոշակի հատկանիշ շեղվում է ապրանքի՝ օրենքով նախատեսված համապատասխանության պահանջներից, և սպառողը ընդունել է այդ շեղումը առք ու վաճառքի պայմանագիրը կնքելիս:
| Հոդված 5.3. | Ապրանքների սխալ տեղադրումը |
1. Ապրանքների սխալ տեղադրման հետևանքով առաջացած անհամապատասխանությունն առկա է, երբ՝
1) ապրանքի տեղադրումը առք ու վաճառքի պայմանագրի անբաժանելի մաս է և իրականացվել է վաճառողի (արտադրողի) կողմից կամ վերջինիս պատասխանատվությամբ.
2) ապրանքի տեղադրումը նախատեսված է եղել իրականացնել սպառողի կողմից կամ փաստացի իրականացվել է վերջինիս կողմից, սակայն վաճառողի (արտադրողի) կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգների պատճառով սխալ է տեղադրվել.
3) թվային տարրերով ապրանքների դեպքում՝ տեղադրման սխալը պայմանավորված է վաճառողի (արտադրողի), թվային բովանդակության, թվային ծառայության մատակարարի կողմից տրամադրված թերի կամ անբավարար տեղադրման հրահանգներով:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ և 8-րդ մասերով.
«5.1. Վաճառողը պարտավոր է սահմանել սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների, այդ թվում՝ թվային բովանդակությամբ ապրանքների համար առնվազն երկու տարվա երաշխիքային ժամկետ, որի ընթացքում այդ ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում վաճառողը պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, բացառությամբ սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված՝ ապրանքների բնույթով պայմանավորված երաշխիքային ժամկետ սահմանելու անհնարինության դեպքերի:
5.2. Եթե թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ առք ու վաճառքի պայմանագիրը նախատեսում է շարունակական մատակարարում ավելի քան երկու տարով, վաճառողը (արտադրողը) պատասխանատու է յուրաքանչյուր անհամապատասխանության համար առք ու վաճառքի պայմանագրով նախատեսված մատակարարման ժամանակահատվածում:»․
«8. Վաճառողը օգտագործված ապրանքի համար իրավունք ունի սահմանելու առավել կարճ երաշխիքային ժամկետ, որը սակայն չի կարող պակաս լինել, քան մեկ տարին:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2-րդ և 10.3-րդ հոդվածներով.
| «Հոդված 10.2. | Սպառողների հետ կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները |
1. Սպառողների հետ կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչև պայմանագրի կնքումը սպառողին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) վաճառողի ֆիրմային անվանումը, գործունեության իրականացման վայրի, էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.
2) պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները, այդ թվում՝ վճարման պայմանները, ապրանքների առաքման գինը, ներառյալ՝ էկոլոգիապես մաքուր առաքման տարբերակները (առկայության դեպքում), ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, պայմանագրից հրաժարվելու պայմանները, պայմանագրի գործողության ժամկետը, իսկ եթե պայմանագիրը կնքվելու է անորոշ ժամկետով, կամ դրա ժամկետը երկարաձգվելու է ինքնաշխատ եղանակով, ապա տրամադրվում են նաև պայմանագրի դադարեցման պայմանները.
3) ապրանքների կամ ծառայությունների հիմնական բնութագրերն այնքանով, որքանով դա համապատասխանում է կայուն կրիչին և ապրանքների կամ ծառայությունների բնույթին.
4) այն տնտեսավարողի գտնվելու վայրը, որի անունից վաճառողը գործում է, և որտեղ սպառողը կարող է հասցեագրել բողոք.
5) ապրանքի կամ ծառայության գինը, իսկ առկայության դեպքում` առաքման և այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը՝
ա. եթե ապրանքների կամ ծառայությունների բնույթն այնպիսին է, որ դրանց գինը հնարավոր չէ նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել գնի հաշվարկման եղանակի, ինչպես նաև առկայության դեպքում առաքման կամ փոստային բոլոր հավելյալ վճարների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: Եթե հնարավոր չէ այդ վճարները նախապես հաշվարկել, ապա վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վճարման ենթակա հավելյալ ծախսերի առկայության մասին՝ նշելով առաքման կամ այլ ծախսերի հնարավոր առավելագույն սահմանաչափը,
բ. անորոշ ժամկետով կնքվող պայմանագրի կամ բաժանորդագրություն պարունակող պայմանագրի դեպքում ընդհանուր գինը պետք է ներառի հաշվարկային ժամանակահատվածի ընդհանուր ծախսերը: Եթե նման պայմանագրով սահմանված վճարները գանձվում են ֆիքսված սակագնով, ընդհանուր գինը նաև ներառում է ամսական ընդհանուր ծախսերը: Եթե ընդհանուր ծախսերը չեն կարող նախապես խելամտորեն հաշվարկվել, պետք է նշվի գնի հաշվարկման եղանակը․
6) ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքը՝ տրամադրելով դրա իրականացման պայմանների, ժամկետի և ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն.
7) ապրանքի երաշխիքային ժամկետը և առևտրային երաշխիքը (առկայության դեպքում): Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային ժամկետ, վաճառողը սպառողին տեղեկացնում է ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնելու սպառողի իրավունքի մասին.
8) թվային տարր պարունակող ապրանքների ֆունկցիոնալությունը, ներառյալ՝ տեխնիկական պաշտպանության կիրառելի միջոցները.
9) թվային բովանդակության համապատասխան փոխգործակցելիությունը ապարատային կամ ծրագրային ապահովման հետ, որի մասին վաճառողը տեղյակ է կամ ողջամտորեն կարող էր իմանալ.
10) ընդունելի վճարման եղանակը և պայմանները.
11) թվային տարրեր պարունակող ապրանքների, թվային բովանդակության կամ թվային ծառայությունների դեպքում՝ այն ժամանակահատվածը, որի ընթացքում արտադրողը կամ մատակարարը պարտավորվում է տրամադրել ծրագրային ապահովման թարմացումներ.
12) անհրաժեշտության դեպքում՝ ապրանքների վերանորոգման ունակության գնահատականը.
13) առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.
14) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև սպառողների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
15) ապրանքի առաքման սահմանափակումները (առկայության դեպքում).
16) այն դեպքում, երբ սպառողը պետք է կրի ապրանքը վերադարձնելու ծախսերը, ապա տրամադրվում է տեղեկատվություն ապրանքը վերադարձնելու ծախսերի մասին.
17) այն դեպքում, երբ ապրանքը վերադարձնելու իրավունք նախատեսված չէ, ապա ներկայացվում է ապրանքը վերադարձման ենթակա չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, կամ ներկայացվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում սպառողը զրկվում է ապրանքը վերադարձնելու իրավունքից.
18) այն դեպքում, երբ վաճառողը սպառողից պահանջում է պարտավորությունների կատարման՝ օրենքով սահմանված որևէ ապահովման միջոց, ապա մինչև պայմանագրի կնքումը սպառողին ներկայացվում են պարտավորությունների կատարման ապահովման միջոց ներկայացնելու պայմանները.
19) գնի անհատականացման միջոցների կիրառման մասին (առկայության դեպքում):
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները կազմում են սպառողների հետ կնքվող պայմանագրերի անբաժանելի մասը և ենթակա չեն փոփոխման, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններին ներկայացվող պահանջների պահպանման ապացուցման բեռը կրում է վաճառողը:
| Հոդված 10.3. | Սպառողի և վաճառողի միջև հեռախոսային հաղորդակցությունը |
1. Եթե վաճառողը կամ ծառայություն մատուցողը սպառողին տրամադրում կամ հրապարակում է հեռախոսահամար, ապա սպառողի և վաճառողի կամ ծառայություն մատուցողի միջև կնքված պայմանագրի հետ կապված հարցերով, ներառյալ՝ պայմանագրի կատարման, փոփոխման, լուծման, բողոքների ներկայացման կամ երաշխիքային սպասարկման հետ կապված հարցերով վաճառողի հետ հեռախոսային կապ հաստատելիս սպառողից գանձվող վճարը չպետք է գերազանցի հեռախոսազանգի համար հիմնական սակագինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի սահմանափակում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով սահմանելու իրենց կողմից մատուցվող հեռախոսային ծառայությունների սակագները:
3. Վաճառողի կողմից սույն հոդվածի պահանջների խախտմամբ սահմանված պայմանները համարվում են առ ոչինչ և չեն առաջացնում իրավական հետևանքներ սպառողի համար:»:
Հոդված 6. Օրենքի 11.1-ին հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-19-րդ կետերով.
«9) սպառողը պարտավորվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել նախքան պայմանագիր կնքելը.
10) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում առանց հիմնավոր պատճառի փոփոխելու տրամադրվող ապրանքի կամ ծառայության ցանկացած բնութագիրը.
11) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի լուծելու պայմանագիրն այն դեպքում, երբ պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունք նախատեսված չէ սպառողի համար.
12) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում ապրանքի գինը որոշելու կամ փոփոխելու մատակարարման պահին առանց սպառողին պայմանագրից հրաժարվելու իրավունք տալու.
13) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում պայմանագրով ստանձնած իր իրավունքներն ու պարտականություններն այլ անձի փոխանցելու այն դեպքում, երբ դա կարող է սպառողի համար առաջացնել երաշխիքների նվազեցում, և սպառողը չի տվել իր համաձայնությունը.
14) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում սպառողի՝ պայմանագրով ստանձնած իր պարտականությունների չկատարման դեպքում պահանջելու պայմանագրի գնի համեմատ անհամաչափ բարձր փոխհատուցում.
15) սպառողի համար պայմանագիրը պարտադիր է դառնում այն դեպքում, երբ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորությունների կատարումը պայմանավորվում է այնպիսի հանգամանքով, որն ամբողջությամբ կախված է արտադրողի (կատարողի, վաճառողի) կամքից.
16) արտադրողին (կատարողին, վաճառողին) իրավունք է վերապահվում միակողմանի մեկնաբանելու պայմանագրի պայմանները.
17) սահմանափակվում է արտադրողի (կատարողի, վաճառողի)՝ վերջինիս ներկայացուցիչների կողմից սպառողի հանդեպ ստանձնած պարտավորության կատարումը, կամ արտադրողի (կատարողի, վաճառողի) պարտավորության կատարումը պայմանավորվում է ձևական պահանջների պահպանմամբ.
18) սահմանափակվում է սպառողի՝ պայմանագրի լուծման իրավունքն այն դեպքում, երբ արտադրողը (կատարողը, վաճառողը) չի կատարում իր պարտավորությունները.
19) սահմանափակվում է արտադատական, դատական կամ օրենքով սահմանված այլընտրանքային պաշտպանության սպառողի իրավունքը:»․
2) 2-րդ մասի «1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Ցանկացած դեպքում սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում չի կարող ներառվել այնպիսի պայման, երբ, բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքներին հակառակ, այն անհավասարակշռություն է առաջացնում կողմերի իրավունքների և պարտավորությունների միջև՝ ի վնաս սպառողի, և սպառողը, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը:
2.2. Սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերում կամ պայմանագրի ընդհանուր պայմաններում սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգավորումները չեն կիրառվում ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագրերի նկատմամբ՝ ողջամիտ ժամկետում սպառողին տրված համապատասխան ծանուցման և սպառողի կողմից պայմանագրից հրաժարվելու իրավունքի պայմանով:»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Սպառողը, որին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`» բառերը փոխարինել «Սպառողը, որին վաճառվել է սույն օրենքի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ ապրանք, ոչ պատշաճ որակի ապրանք, և եթե վաճառողը (արտադրողը) դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջելու`» բառերով․
2) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) առք ու վաճառքի պայմանագրի լուծում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է վերադարձնել թերություններով ապրանքը, իսկ վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին և այն ստանալուն պես կամ սպառողի կողմից ապրանքները հետ ուղարկելու մասին ապացույց ներկայացնելուն պես վերջինիս վերադարձնի ապրանքների համար վճարված գումարը: Սպառողն իրավունք ունի պահանջելու ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով սահմանված ժամկետներում: Ապրանքի թերության աննշան լինելու դեպքում սպառողը չի կարող պահանջել առք ու վաճառքի պայմանագրի լուծում: Թերության աննշան լինելու ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ մասերով.
«3.1. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերով սահմանված միջոցների միջև ընտրելիս հաշվի է առնում այդ միջոցի կիրառման հնարավորությունը և ընտրված միջոցի այլընտրանքի համեմատ այդ միջոցի՝ վաճառողի (արտադրողի, կոմիսիոների) համար անհամաչափ ծախսեր չառաջացնելու հանգամանքը՝ հաշվի առնելով իրեն հասանելի տեղեկատվությունը:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանների չպահպանման դեպքում վաճառողը (արտադրողը, կոմիսիոները) իրավունք ունի մերժելու սպառողի ներկայացրած պահանջը:
3.3. Սպառողը սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված միջոցը կիրառելու իրավունքը կարող է իրացնել վաճառողին (արտադրողին) այդ մասին հայտարարություն ներկայացնելու միջոցով:
3.4. Այն դեպքում, երբ պայմանագրի առարկա ապրանքների միայն մի մասի մոտ է առկա անհամապատասխանություն, և սպառողից ողջամտորեն չի կարելի ակնկալել վաճառված (մատակարարված) պատշաճ որակի ապրանքների ընդունում, սպառողը կարող է լուծել առք ու վաճառքի պայմանագիրն ամբողջությամբ, ներառյալ՝ պատշաճ որակի ապրանքների մասով:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ հոդվածներով.
| «Հոդված 17.1. | Ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկացումը |
1. Ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում սպառողը գրավոր կարող է վաճառողին (արտադրողին) ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հայտնաբերել է այդպիսի անհամապատասխանությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ պահանջ ներկայացվելու դեպքում վաճառողը (արտադրողը) պարտավոր է սպառողին անհապաղ գրավոր պարզաբանել ապրանքի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում պահանջների ներկայացման կարգը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանելը չի կարող դիտվել որպես սպառողի իրավունքներից հրաժարում, եթե վերջինս ապացուցի, որ անհամապատասխանության մասին սահմանված ժամկետում ծանուցելը անհնար է եղել անհաղթահարելի ուժի, երրորդ անձանց գործողությունների կամ վաճառողի (արտադրողի) կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականության խախտման հետևանքով:
| Հոդված 17.2. | Ապրանքի անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցումը |
1. Սպառողին ապրանքի, այդ թվում՝ թվային տարր պարունակող ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում ապրանքի ցանկացած անհամապատասխանություն հայտնի դառնալու պարագայում ապրանքի անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցման պարտականությունը կրում է վաճառողը (արտադրողը):»:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ապրանքում հայտնաբերված թերությունները առանց լրացուցիչ վճարման պայմանի պետք է վերացնի արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրվանից քսան օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ողջամիտ ժամկետում և առանց սպառողին որևէ զգալի անհարմարություն պատճառելու՝ հաշվի առնելով ապրանքի բնույթը և այն նպատակը, որի համար սպառողը պահանջել է այն:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Սպառողն ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար պետք է այն վերադարձնի վաճառողին (արտադրողին) կամ կոմիսիոներին, որն այն պետք է հետ վերցնի իր հաշվին:
1.2. Այն դեպքում, երբ ապրանքի հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք տեղադրվել էին իրենց բնույթին և նպատակին համապատասխան՝ նախքան անհամապատասխանությունն ակնհայտ դառնալը, կամ եթե այդ ապրանքները պետք է փոխարինվեն, ապա ապրանքների վերանորոգման կամ փոխարինման պարտավորությունը ներառում է անհամապատասխան ապրանքների հեռացումը և փոխարինող ապրանքների կամ վերանորոգված ապրանքների տեղադրումը կամ այդ հեռացման և տեղադրման ծախսերի կրումը: Սպառողը պարտավոր է վճարել մինչև փոխարինումն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքների բնականոն օգտագործման համար:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերությունները «կամ կոմիսիոները» բառերից հետո լրացնել «առանց լրացուցիչ վճարման պայմանի» բառերով, իսկ առաջին պարբերությունից հետո՝ հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սպառողը պետք է փոխարինման ենթակա ապրանքը վերադարձնի վաճառողին (արտադրողին), որն ապրանքը պետք է հետ վերցնի իր հաշվին:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին, 19.2-րդ և 19.3-րդ հոդվածներով.
| «Հոդված 19.1. | Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում գնման գնի համաչափ իջեցման և առք ու վաճառքի պայմանագրի լուծման պահանջ ներկայացնելու պայմանները |
1. Սպառողն իրավունք ունի պահանջելու գնի համաչափ իջեցում կամ առք ու վաճառքի պայմանագրի լուծում հետևյալ դեպքերում.
1) վաճառողը (կատարողը) չի իրականացրել ապրանքի թերությունների անհատույց վերացումը կամ նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը կամ մերժել է այդ պահանջները՝ դրանց իրագործման անհնարինության պատճառաբանությամբ.
2) անհամապատասխանությունն ի հայտ է գալիս, չնայած վաճառողի (կատարողի)՝ ապրանքի թերությունների անհատույց վերացման փորձին.
3) անհամապատասխանությունն այնքան լուրջ բնույթ ունի, որ հիմնավորվում է գնի անհապաղ իջեցումը կամ առք ու վաճառքի պայմանագրի լուծումը.
4) վաճառողը (կատարողը) հայտարարել է, կամ ակնհայտ է, որ վաճառողը (կատարողը) չի կարողանա վերացնել ապրանքի թերությունները կամ ապահովել նմանօրինակ նմուշի ապրանքով ապրանքի փոխարինումը ողջամիտ ժամկետում, կամ դրանց իրագործումը սպառողին զգալի անհարմարություն կպատճառի:
2. Գնի իջեցումը պետք է համաչափ լինի սպառողի ստացած ապրանքի արժեքի նվազմանը՝ համեմատած այն արժեքի հետ, որը ապրանքները կունենային ապրանքի համապատասխանության դեպքում:
| Հոդված 19.2. | Առևտրային երաշխիքի բովանդակությունը և դրա պահպանման պարտավորությունը |
1. Վաճառողի կողմից առևտրային երաշխիք կարող է տրամադրվել սույն օրենքի 5.1-ին և 5.2-րդ հոդվածներով նախատեսված ապրանքների համար, որը պարտադիր է այն տրամադրողի համար՝ առևտրային երաշխիքի հայտարարության մեջ և դրա հետ կապված գովազդում սահմանված պայմաններով, որոնք հասանելի են պայմանագրի կնքման պահին կամ դրանից առաջ:
2. Առևտրային երաշխիքը չի կարող սահմանափակել սպառողի՝ օրենքով նախատեսված իրավունքները:
3. Եթե արտադրողը սպառողին առաջարկում է որոշակի ապրանքի դիմացկունության առևտրային երաշխիք որոշակի ժամանակահատվածի համար, ապա արտադրողը դիմացկունության առևտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջև ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:
4. Առևտրային երաշխիքով հանձնված ապրանքի համար վաճառողն առևտրային երաշխիքի ողջ ժամանակահատվածում ուղղակիորեն պատասխանատու է սպառողի առջև ապրանքների վերանորոգման կամ փոխարինման համար:
5. Վաճառողն իրավունք ունի սպառողին առաջարկելու արտադրողի սահմանած առևտրային երաշխիքի ավելի բարենպաստ պայմաններ: Վաճառողի սահմանած առևտրային երաշխիքի ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնելու պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով:
6. Եթե առևտրային երաշխիքի պայմաններն ավելի քիչ շահավետ են սպառողի համար, քան դրա հետ կապված գովազդում սահմանված պայմանները, ապա առևտրային երաշխիքը պարտադիր է գովազդում նշված պայմաններով, եթե մինչև պայմանագրի կնքումը դրա հետ կապված գովազդը չի ուղղվել նույն կամ համանման այն եղանակով, ինչ եղանակով արվել էր:
7. Առևտրային երաշխիքը պետք է տրամադրվի սպառողին կայուն կրիչի միջոցով ոչ ուշ, քան ապրանքի մատակարարման պահը:
8. Առևտրային երաշխիքը պետք է շարադրված լինի պարզ, հայերենով և պարունակի`
1) հստակ հայտարարություն այն մասին, որ սպառողն իրավունք ունի անվճար իրավական պաշտպանության միջոցներ ստանալու վաճառողից ապրանքի անհամապատասխանության դեպքում, և որ այդ միջոցները չեն սահմանափակվում առևտրային երաշխիքով.
2) վաճառողի (արտադրողի) անվանումը, գտնվելու վայրը, այն կազմակերպության (կազմակերպությունների) գտնվելու վայրը, որը լիազորված է վաճառողի (արտադրողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը նորոգելու ու տեխնիկական սպասարկում իրականացնելու համար.
3) տեղեկատվություն ընթացակարգի վերաբերյալ, որին սպառողը պետք է հետևի առևտրային երաշխիքի իրականացումն ստանալու համար.
4) ապրանքի անվանումը, որի վրա տարածվում է առևտրային երաշխիքը.
5) առևտրային երաշխիքի պայմանները:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջների չպահպանումը չի ազդում առևտրային երաշխիքի պարտադիր բնույթի վրա:
| Հոդված 19.3. | Գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց պատասխանատվությունը վաճառողի առջև |
1. Այն դեպքում, երբ ապրանքի անհամապատասխանությունը առաջացել է գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց գործողություններից կամ անգործությունից (ներառյալ՝ թվային տարր պարունակող ապրանքների թարմացումներ չտրամադրելը), վաճառողն իրավունք ունի փոխհատուցման պահանջ ներկայացնելու գործարքների շղթայի նախորդող օղակների անձանց նկատմամբ:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ II.1-ին գլխով․
«Գ Լ ՈՒ Խ II.1
ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱԿԱ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
| Հոդված 24.1. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության պահանջները |
1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում վաճառողը պարտավոր է առավելագույն դյուրին եղանակով մինչև պայմանագրի կնքումը, բացի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններից, սպառողին տրամադրել էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը:
2. Եթե հեռավար եղանակով կնքվող պայմանագրերի կնքումը նախատեսում է խիստ նույնականացում կամ էլեկտրոնային ստորագրություն, որը համարժեք է ձեռագիր ստորագրությանը, ապա այդ գործընթացում կիրառվող տեխնիկական և օրինական պահանջները պետք է համապատասխանեն կառավարության սահմանած չափորոշիչներին կամ դրանցից բխող իրավական ակտերին:
| Հոդված 24.2. | Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները |
1. Ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի դեպքում վաճառողը պարտավոր է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերով սահմանված տեղեկատվությունը հնարավորինս պարզ և հասկանալի ձևով սպառողին տրամադրել թղթային եղանակով կամ սպառողի համաձայնության դեպքում՝ այլ կայուն կրիչով:
2. Վաճառողը պարտավոր է ստորագրված պայմանագիրը կամ պայմանագրի պատճենը սպառողին տրամադրել թղթային տարբերակով կամ սպառողի համաձայնության դեպքում՝ այլ կայուն կրիչով:
| Հոդված 24.3. | Հեռակա պայմանագրերին ներկայացվող պահանջները |
1. Հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը կայուն կրիչի վրա հնարավորինս պարզ և ընթեռնելի ձևով սպառողին է ներկայացնում սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերով սահմանված տեղեկությունները կամ այդ տեղեկությունները հասանելի է դարձնում սպառողին հեռակա հաղորդակցության միջոցներին համապատասխան եղանակով:
2. Եթե էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրով սպառողի վրա դրվում է վճարելու պարտավորություն, ապա վաճառողը սպառողին հստակ և տեսանելի եղանակով մինչև սպառողի կողմից պատվերի ձևակերպումը պետք է տրամադրի սույն օրենքի 10.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված տեղեկությունները:
3. Էլեկտրոնային եղանակով կնքվող հեռակա պայմանագրերի դեպքում վաճառողը պետք է ապահովի, որ սպառողն իր պատվերը կատարելիս ընդունի վճարման պարտավորությունը: Եթե պատվերը կատարվում է կոճակի ակտիվացման կամ համանման գործառույթի միջոցով, ապա կոճակը կամ համանման գործառույթը պետք է ընթեռնելի եղանակով պիտակավորված լինի «վճարման պարտավորությամբ պատվեր» բառերով կամ համապատասխան ոչ երկիմաստ ձևակերպմամբ, որով նշվում է, որ պատվերի կատարումն առաջացնում է վճարելու պարտավորություն: Ընդ որում, եթե վաճառողը չի կատարում սույն կետով սահմանված պահանջը, ապա սպառողը վճարային որևէ պարտավորություն վաճառողի նկատմամբ չի կրում:
4. Էլեկտրոնային հարթակը մինչև հեռակա եղանակով պայմանագիր կնքելը պետք է հստակ և ընթեռնելի ձևով պարունակի առաքման սահմանափակման կամ դրա առկայության պայմաններում վճարման արժեքի և ընդունման միջոցների մասին տեղեկատվություն:
5. Եթե վաճառողը սպառողի հետ հեռակա պայմանագիրը կնքում է հեռախոսազանգի միջոցով, ապա վաճառողը պետք է սպառողի հետ զրույցում բացահայտի իր անձը կամ այն անձի ինքնությունը, որի անունից նա կատարում է հեռախոսազանգը, և հեռախոսազանգի առևտրային նպատակը: Վաճառողը հեռախոսազանգի միջոցով պետք է իր առաջարկը ներկայացնի սպառողին, որը պարտավորություն է ստանձնում առաջարկն ստորագրելուց կամ կայուն կրիչով իր գրավոր համաձայնությունն ուղարկելուց հետո:
6. Վաճառողը պայմանագրի կնքման առաջարկը հաստատում է կայուն կրիչով հեռակա պայմանագիրը կնքելուց հետո՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման պահին կամ մինչև ծառայությունների մատուցումն սկսելը: Պայմանագիրը հաստատելիս վաճառողը ներկայացնում է սույն օրենքի 10.2-րդ հոդվածի և 24.1-ին հոդվածի 1-ին մասերում նշված բոլոր տեղեկությունները, եթե վաճառողն այդ տեղեկությունները կայուն կրիչի վրա չի տրամադրել սպառողին մինչև հեռակա պայմանագրի կնքումը:
7. Եթե պայմանագիրը կնքվում է այնպիսի հեռակա հաղորդակցության միջոցով, որը թույլ է տալիս տեղեկատվությունը ցուցադրել սահմանափակ ժամանակով կամ ծավալով, ապա վաճառողը պարտավոր է պայմանագիրը կնքելուց առաջ նույն հաղորդակցության միջոցով սպառողին տրամադրել առնվազն հետևյալ տեղեկությունները՝ ապրանքի կամ ծառայության հիմնական բնութագրերը, վաճառողի ինքնությունը, ընդհանուր գինը, պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին տեղեկությունը, պայմանագրի տևողությունը, իսկ անորոշ ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում՝ նաև պայմանագրի դադարեցման պայմանները:
| Հոդված 24.4. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքը |
1. Բացառությամբ սույն օրենքի 24.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության հրաժարվելու հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրերից 14 օրվա ընթացքում, որը հաշվարկվում է՝
1) ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում՝ պայմանագրի կնքման օրվանից.
2) առք ու վաճառքի պայմանագրի դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքը փաստացի ընդունելու պահից, իսկ մեկ պատվերի շրջանակներում մի քանի ապրանք պատվիրելու և դրանք առանձին առաքելու դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից վերջին ապրանքը փաստացի ընդունելու պահից: Մի քանի խմբաքանակի ապրանքների առաքման դեպքում պայմանագիրը կատարելուց հրաժարվելու ժամկետը հաշվարկվում է սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից ապրանքների վերջին խմբաքանակը փաստացի ընդունելու պահից.
3) ապրանքների կանոնավոր (որոշակի պարբերականությամբ) առաքման դեպքում՝ սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից առաջին ապրանքը փաստացի ընդունելու պահից:
| Հոդված 24.5. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի իրացումը |
1. Եթե վաճառողը սույն օրենքի պահանջներին համապատասխան՝ նախքան պայմանագրի կնքումը սպառողին չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
2. Եթե վաճառողը սույն օրենքի 24.4-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում, սպառողին տեղեկացնում է պայմանագրից հրաժարվելու իրավունքի մասին, ապա սպառողը պայմանագրից կարող է հրաժարվել տեղեկանալու պահից 14 օրվա ընթացքում:
3. Մինչև հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագրից հրաժարվելու՝ օրենքով սահմանված ժամկետի լրանալը սպառողը պետք է տեղեկացնի վաճառողին պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:
4. Վաճառողը կարող է սպառողին հնարավորություն տալ էլեկտրոնային եղանակով լրացնելու և ներկայացնելու՝ պայմանագրից հրաժարվելու ստանդարտ ձևաթուղթ կամ ներկայացնելու իր կայքում տեղադրված հայտարարություն: Այդ դեպքում վաճառողը պարտավոր է կայուն կրիչի վրա սպառողին անհապաղ տրամադրել հաստատում այն մասին, որ ստացել է պայմանագրից հրաժարվելու մասին տեղեկությունը:
5. Սույն հոդվածով սահմանված՝ պայմանագրից հրաժարվելու փաստի ապացուցման պարտականությունը կրում է սպառողը:
| Հոդված 24.6. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու հետևանքները |
1. Պայմանագրից հրաժարվելու դեպքում դադարում են կողմերի հետևյալ պարտավորությունները․
1) կատարել հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիրը կամ
2) կնքել հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքված պայմանագիր, երբ առաջարկը կատարել է սպառողը:
| Հոդված 24.7. | Վաճառողի պարտավորությունները հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում |
1. Վաճառողը վերադարձնում է սպառողից ստացած բոլոր վճարները ոչ ուշ, քան սույն օրենքի 24.4-րդ հոդվածին համապատասխան պայմանագիրը կատարելուց հրաժարվելու՝ սպառողի որոշման մասին տեղեկանալու օրվանից 14 օրվա ընթացքում:
Սույն մասով սահմանված վճարների վերադարձը վաճառողի կողմից իրականացվում է՝ օգտագործելով նույն վճարման եղանակը, որը սպառողն օգտագործել է կնքված գործարքի համար, եթե սպառողը համաձայնություն չի տվել այլ վճարման եղանակ օգտագործելու համար, և վաճառողը հնարավորություն ունի տեխնիկապես ապահովել դրա իրականացումը: Սպառողի համաձայնությամբ այլ եղանակով վճարման վերադարձի իրականացման պարագայում պետք է պահպանվեն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով նախատեսված սահմանաչափերը:
2. Վաճառողը պարտավոր չէ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, եթե սպառողն ընտրել է վաճառողի կողմից առաջարկվող՝ ստանդարտ առաքման տեսակից տարբերվող առաքման այլ տեսակ:
3. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքը, վաճառողը կարող է հետաձգել վճարների վերադարձը մինչև ապրանքը հետ ստանալը, կամ մինչև սպառողը չներկայացնի ապրանքը հետ ուղարկելու վերաբերյալ ապացույցներ:
4. Վաճառողը չի կարող օգտագործել այն նյութերը կամ տվյալները, որոնք սպառողը ստեղծել կամ տրամադրել է թվային բովանդակություն կամ թվային ծառայություն օգտագործելիս, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները չունեն որևէ օգտակար նշանակություն վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության համար.
2) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները վերաբերում են միայն սպառողի գործունեությանը և կապված են վաճառողի կողմից մատուցվող թվային բովանդակության կամ թվային ծառայության գործընթացի հետ.
3) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները վաճառողի կողմից համախմբվել են այլ տվյալների հետ և չեն կարող տարանջատվել.
4) սպառողի ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները ստեղծվել են սպառողի կողմից այլ անձանց հետ համատեղ, որոնք կարող են շարունակել այդ նյութերի կամ տվյալների օգտագործումը:
5. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված դեպքերի, վաճառողը պարտավոր է սպառողի պահանջով վերջինիս հասանելի դարձնել ցանկացած տվյալ կամ նյութ, որը տրամադրել կամ ստեղծել է սպառողը վաճառողի մատուցած թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելիս:
6. Սպառողն իրավունք ունի անհատույց, առանց վաճառողի կողմից խոչընդոտների, ողջամիտ ժամկետում ստանալու իր ստեղծած կամ տրամադրած նյութերը կամ տվյալները:
7. Պայմանագրից հրաժարվելու դեպքում վաճառողը կարող է արգելել թվային բովանդակության կամ թվային ծառայության հետագա օգտագործումը սպառողի կողմից՝ թվային բովանդակությունը կամ թվային ծառայությունը սպառողի համար անհասանելի դարձնելով՝ չխախտելով սույն հոդվածի 6-րդ մասը:
| Հոդված 24.8. | Սպառողի պարտավորությունները հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու դեպքում |
1. Եթե վաճառողը չի առաջարկել անձամբ վերցնել ապրանքները, սպառողը պարտավոր է հետ վերադարձնել ապրանքները կամ հանձնել դրանք վաճառողին ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ սպառողը վաճառողին տեղեկացրել է պայմանագրից հրաժարվելու իր որոշման մասին:
2. Սպառողի կողմից հեռակա կամ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերից հրաժարվելու դեպքում սպառողը կարող է կրել միայն ապրանքը վերադարձնելու ծախսերը, ինչպես նաև այն ծախսերը, որոնք հետևանք են ապրանքի՝ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու հետևանքով առաջացած արժեքի նվազեցման: Ընդ որում, սպառողը չի կրում ապրանքի վերադարձի հետ կապված ծախսերը, եթե, սույն օրենքի պահանջներին համապատասխան, վաճառողը նախքան պայմանագրի կնքումը չի տեղեկացրել պայմանագրից հրաժարվելու սպառողի իրավունքի կամ ապրանքը վերադարձնելու հետ կապված ծախսերը կրելու մասին:
3. Եթե վաճառողի և սպառողի միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է վճարել միայն փաստացի ստացած ծառայությունների համար:
4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, սպառողը որևէ պատասխանատվություն չի կրում պայմանագիրը կատարելուց հրաժարվելու համար:
5. Պայմանագրից հրաժարվելու դեպքում սպառողը պարտավոր է ձեռնպահ մնալ թվային բովանդակությունից կամ թվային ծառայությունից օգտվելուց և այն այլ անձանց հասանելի դարձնելուց:
| Հոդված 24.9. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրից հրաժարվելու իրավունքից բացառությունները |
1. Սպառողի՝ պայմանագրից հրաժարվելու՝ սույն օրենքի 24.4-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի գործում հետևյալ դեպքերում.
1) եթե վաճառողն ամբողջ ծավալով և պատշաճ որակով մատուցել է ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ծառայությունները, ծառայությունների մատուցումն սկսել է սպառողի համաձայնությամբ և սպառողը տեղեկացվել է, որ ծառայության ամբողջական մատուցումից հետո զրկվում է պայմանագրից հրաժարվելու իրավունքից.
2) այն ապրանքների առք ու վաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի դեպքում, որոնց գինը կախված է ֆինանսական շուկայի տատանումներից, որոնք չեն կարող վերահսկվել վաճառողի կողմից և կարող են տեղի ունենալ պայմանագրից հրաժարվելու ժամկետի ընթացքում.
3) մեքենաների վարձույթի ծառայությունների, սննդի մատակարարման կամ հանգստի կազմակերպման հետ կապված ծառայությունների դեպքերում, եթե պայմանագրով նախատեսված է կատարման որոշակի ժամանակահատված.
4) սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:
| Հոդված 24.10. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների առաքման ժամկետը |
1. Եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, վաճառողն ապրանքներն առաքում է սպառողին պայմանագիրը կնքելուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
2. Եթե վաճառողը սպառողի հետ համաձայնեցված ժամկետում կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում ապրանքներն առաքելու իր պարտավորությունը, ապա սպառողը վաճառողից կարող է պահանջել, որ առաքումն իրականացվի համաձայնեցված լրացուցիչ ժամկետի ընթացքում: Եթե վաճառողը լրացուցիչ ժամկետի ընթացքում չի առաքում ապրանքները, ապա սպառողն իրավունք ունի դադարեցնելու պայմանագիրը և պահանջելու վերադարձնել ապրանքի (աշխատանքի, ծառայության) համար վճարված գումարը՝ պահանջելով փոխհատուցում պատճառված վնասների համար:
3. Պայմանագրի դադարեցումից հետո վաճառողն անհապաղ վերադարձնում է պայմանագրով վճարված բոլոր գումարները:
| Հոդված 24.11. | Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերով ապրանքների կորստի և վնասվածքի ռիսկը |
1. Հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի դեպքում ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ ապրանքներն սպառողի կամ վերջինիս նշած անձի կողմից փաստացի ընդունելը կրում է վաճառողը:
2. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը փոխանցվում է սպառողին ապրանքը փոխադրողին հանձնելու պահից, եթե սպառողը փոխադրողին է պատվիրել ապրանքները տեղափոխել, և պահպանվել են սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:
Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագիրը «(աշխատանքների, ծառայությունների)» բառերից հետո լրացնել «համապատասխանության,» բառով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-178-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: