ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ ԲԴԽ-32-Ն-7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-43-Ն-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.05.2026
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԲԴԽ-43-Ն-10

2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ ԲԴԽ-32-Ն-7 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 9-րդ և 18-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը» բառերով,

3) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման կարգը և մանրամասները» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները» բառերով,

4) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման կարգը և մանրամասները» բառերով,

5) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի,

6) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի,

7) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ


2026 թ. մայիսի 18
ք. Երևան

 

Հավելված 1

 Բարձրագույն դատական խորհրդի

2026 թ. մայիսի 18-ի թիվ

ԲԴԽ-43-Ն-10 որոշման

 

 

«Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի թիվ

ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՈՂ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունների), որոնք՝

1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.

2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն.

2. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու (այսուհետ նաև՝ Թեկնածու) առաջադրելու համար ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի մասին, ինչպես նաև՝ պարունակի թեկնածուի անուն-ազգանունը։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնության վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման (հաշվառման) վկայականի կամ պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքի, կանոնադրության, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակներում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

3) Թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը.

4) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

5) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

6) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

7) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

8) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին.

9) Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատվում է ուսումնական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ, կամ տեղեկանք), որը վկայում է, որ անձը կրթություն է ստացել հայերենով կամ ավարտել է կրթական ծրագրով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունը և անցել ամփոփիչ ատեստավորում.

10) Բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

11) Իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

12) Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

13) Նախկին դատավոր լինելու դեպքում՝ Դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում կարգապահական խախտում թույլ տալու հիմքով նրա լիազորությունները դադարեցված չլինելու, ինչպես նաև նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով լիազորությունները դադարած չլինելու վերաբերյալ:»:

 

Հավելված 2

 Բարձրագույն դատական խորհրդի

2026 թ. մայիսի 18-ի թիվ

ԲԴԽ-43-Ն-10 որոշման

 

 

«Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի թիվ

ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրությունն իրականացվում է Մրցույթի միջոցով, որը կազմակերպում և անցկացնում է Մրցութային հանձնաժողովը։

2. Մրցութային հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով։

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Մրցութային հանձնաժողովը կազմված է 3 անդամից, որի կազմում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների երկու ղեկավարներ:

4. Մրցութային հանձնաժողովի անհատական կազմն ընտրվում և հաստատվում է Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով, որով ընտրվում է նաև Մրցութային հանձնաժողովի քարտուղար՝ Մրցութային հանձնաժողովի նիստերի գործունեությունն ապահովելու նպատակով:

5. Մրցութային հանձնաժողովի որևէ անդամի Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության անհնարինության դեպքում Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով Մրցութային հանձնաժողովի կազմում տեղի է ունենում փոփոխություն նույնական պաշտոն զբաղեցնող անդամով։

6. Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունից առնվազն քառասուն օր առաջ:

7. Մրցութային հանձնաժողովի գործունեության ժամանակահատվածում Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի մյուս պաշտոնը թափուր դառնալու դեպքում Մրցութային հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է նաև այդ պաշտոնի համար թեկնածուի ընտրության մրցույթ։

 

3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Մրցութային հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է Մրցույթը.

2) ըստ անհրաժեշտության՝ հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին և կազմակերպություններին.

3) ամփոփում է Մրցույթի արդյունքները.

4) Մրցույթի արդյունքում ընտրված թեկնածուին ներկայացնում է Ընդհանուր ժողով։

 

4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

9. Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն ի պաշտոնե Մրցութային հանձնաժողովի նախագահն է:

10. Մրցութային հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է Մրցութային հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է Մրցութային հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) ստորագրում է Մրցութային հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.

4) իրականացնում է Մրցութային հանձնաժողովի գործառույթների ապահովմանն ուղղված այլ գործողություններ։

11. Մրցութային հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը.

2) ուսումնասիրում է Մրցութային հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը.

3) ստորագրում է Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք.

5) իրականացնում է Մրցութային հանձնաժողովի գործառույթների ապահովմանն ուղղված այլ գործողություններ։

 

5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մրցութային հանձնաժողովն ընդունում է որոշումներ։

13. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են Մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները:

14. Որոշումներն ընդունվում են նիստերի ընթացքում՝ բաց քվեարկությամբ, Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների առնվազն 2/3-ով։

15. Մրցութային հանձնաժողովի նիստն անցկացվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի նստավայրում:

16. Մրցութային հանձնաժողովի նիստն արձանագրվում է։ Նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստին մասնակցած բոլոր անդամների և քարտուղարի կողմից։

17. Նիստի արձանագրությունները, որոշումները և թեկնածուների վերաբերյալ ստացված բոլոր փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովի կողմից պահպանության են հանձնվում Դատական դեպարտամենտի՝ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեությունն ապահովող ստորաբաժանմանը և դրանք պահպանվում են մեկ տարի։

 

6. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

18. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն ապահովում է Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված հրամանով ընտրված Մրցութային հանձնաժողովի քարտուղարը:

19. Մրցութային հանձնաժողովի քարտուղարն ապահովում է՝

1) Մրցութային հանձնաժողովի կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացումը.

2) Մրցութային հանձնաժողովի անդամների տեղեկացումը նիստերի անցկացման մասին.

3) Մրցութային հանձնաժողովին ներկայացված նյութերի տրամադրումն անդամներին.

4) Նիստերի արձանագրումը.

5) Ըստ անհրաժեշտության ապահովում է Մրցութային հանձնաժողովի գործունեությանն առնչվող տեղեկությունների հրապարակումը.

6) Մրցութային հանձնաժողովի գործառույթների իրականացմանն առնչվող այլ անհրաժեշտ գործողությունների կատարումը:

 

7. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թափուր պաշտոնը Ընդհանուր ժողովի կամ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համալրվելու պահից։»:

 

Հավելված 3

 Բարձրագույն դատական խորհրդի

2026 թ. մայիսի 18-ի թիվ

ԲԴԽ-43-Ն-10 որոշման

 

 

«Հավելված 3

Բարձրագույն դատական խորհրդի

2020 թ. հունիսի 3-ի թիվ

ԲԴԽ-32-Ն-7 որոշման

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով իրականացվող Մրցույթն անցկացվում է Կազմակերպությունների և նրանց կողմից առաջադրված թեկնածուների իրավահավասարության և Մրցույթի հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

2. Մրցութային հանձնաժողովի կազմավորվելուց հետո մեկօրյա ժամկետում Դատական դեպարտամենտը հայտարարում է Մրցույթ։

3. Մրցույթի մասին հայտարարությունն առնվազն ներառում է՝

1) Մրցույթը հայտարարող մարմնի անվանումը.

2) պաշտոնի անվանումը, որի համալրման նպատակով հայտարարվել է Մրցույթը.

3) Կազմակերպություններին ներկայացվող պահանջները, որոնք կարող են Մրցույթին մասնակցելու համար թեկնածու առաջադրել.

4) Թեկնածուին ներկայացվող պահանջները.

5) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

6) Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակը, վայրը և վերջնաժամկետները։

4. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում։

 

3. ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

 

5. Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները: Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորություններն առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

6. Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից Թեկնածու կարող է առաջադրվել տասնօրյա ժամկետում։

7. Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ փոստով։

8. Յուրաքանչյուր Կազմակերպություն կարող է առաջադրել մեկական Թեկնածու։

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Մրցույթն իրականացվում է Թեկնածուների և նրանց առաջադրած Կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով և սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգմամբ:

10. Թեկնածու առաջադրելու ժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում Մրցութային հանձնաժողովը ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն որոշման Հավելված 1-ով, ինչպես նաև՝ թեկնածուի համապատասխանությունը սույն Հավելվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին:

11. Փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում Մրցութային հանձնաժողովը կայացնում է դիմումը վերադարձնելու մասին որոշում և անհրաժեշտության դեպքում վերադարձնում է համապատասխան փաստաթուղթը (փաստաթղթերը)՝ սահմանելով երկօրյա ժամկետ՝ թերի ներկայացված փաստաթղթերը շտկելու և կրկին ներկայացնելու համար: Որոշումը ուղարկվում է նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սահմանված ժամկետում չշտկելու, ինչպես նաև կրկին ներկայացված փաստաթղթերը սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում Մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության հիմքով դիմումի ընդունումը մերժելու մասին:

12. Մրցութային հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին հաջորդող յոթնօրյա ժամկետում կայացնում է որոշում՝ Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Ընդհանուր ժողով Թեկնածուներ ներկայացնելու կամ Մրցույթը չկայացած ճանաչելու մասին։

13. Մրցութային հանձնաժողովի կողմից Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Հավելված 3-ի 12-րդ կետով սահմանված՝ Ընդհանուր ժողով Թեկնածուներ ներկայացնելու որոշման կայացման դեպքում, Դատական դեպարտամենտի ղեկավարը սույն որոշման 1-ին Հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը՝ մեկօրյա ժամկետում, ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քսանօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

14. Մրցույթը չկայացած է ճանաչվում, եթե՝

1) որևէ Թեկնածու չի առաջադրվել կամ առաջադրվել է սահմանված ժամկետի ավարտից հետո կամ որևէ Թեկնածու չի համապատասխանում սույն որոշմամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

2) Թեկնածու առաջադրող բոլոր Կազմակերպությունները սահմանված ժամկետում չեն շտկել փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները։

15. Մրցույթը չկայացած ճանաչելու հիմքերի առկայության դեպքում Մրցութային հանձնաժողովն անհապաղ, բայց ոչ ուշ, քան հաջորդ օրը որոշում է կայացնում Մրցույթը չկայացած ճանաչելու մասին։ Մրցույթը չկայացած ճանաչելու մասին որոշումը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Մրցույթը չկայացած ճանաչելու մասին որոշումը հրապարակելու օրվան հաջորդող օրը հայտարարվում է նոր մրցույթ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:

16. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Ընդհանուր ժողովին Թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ որոշումը, ինչպես նաև Կազմակերպության և Թեկնածուների վերաբերյալ Մրցութային հանձնաժողովում առկա փաստաթղթերը, ներառյալ Մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները ուղարկվում են Ընդհանուր ժողովին՝ որոշման կայացումից հետո ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։

17. Ընդհանուր ժողովին Թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները և Թեկնածուի կենսագրությունը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Ընդհանուր ժողովին Թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ որոշման կայացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

18. Մրցութային հանձնաժողովի որոշումն ուղարկվում է Կազմակերպության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին՝ որոշումը կայացնելուց հետո մեկօրյա ժամկետում։

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՉԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

 

19. Ընդհանուր ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամ չընտրվելու դեպքում անդամի ընտրությունն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված ժամկետում։

20. Բարձրագույն դատական խորհուրդն Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ընդհանուր ժողով ներկայացված թեկնածուներից։

21. Ընդհանուր ժողով ներկայացված թեկնածուն չի կարող Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել, եթե նա կամ իրեն առաջադրած Կազմակերպությունը մինչև ընտրությունը հետ է կանչել նրա թեկնածությունը։

 

6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

22. Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:

23. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրությունից հետո՝ եռօրյա ժամկետում, դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի վերաբերյալ բարեվարքության խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը, նրա կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և նրա գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան