ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-194-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) կամ ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր) ստացած անձը։».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Հավաստագրի համար կարող է դիմել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:».

3) 9-րդ մասի «սույն օրենքով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված հավաստագրի գործողության դադարեցման դեպքերի» բառերը փոխարինել «օրենքներով սահմանված հավաստագրի գործողությունը դադարեցնելու դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով.

«17.1) հաստատում է ոչ պետական ուսումնական հաստատության և մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերը.»։

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի իրավասությունները

1. Հանրակրթության բնագավառում մարզպետի՝ մարզի տարածքում, իսկ Երևանի քաղաքապետի՝ Երևան քաղաքում գործող ուսումնական հաստատությունների (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների) գործունեությունը կազմակերպելու իրավասություններն են`

1) իրականացնում են մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության (անշարժ և շարժական գույքի) նպատակային օգտագործման և պատշաճ պահպանության գործընթացների համակարգումը.

2) հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ուսումնական հաստատությունների վարչատնտեսական գործառույթներին առնչվող տեղեկատվությունը.

3) որպես գործատու՝ մարզի տարածքում (Երևան քաղաքում) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են պետական ուսումնական հաստատությունների համակարգողի հետ աշխատանքային հարաբերությունների կազմակերպման աշխատանքները.

4) իրականացնում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկումը.

5) աջակցում են մարզի տարածքում (Երևան քաղաքում) կրթական ծրագրերի, դպրոցականների մասնակցությամբ մարզական և մշակութային միջոցառումների անցկացման, հանդիպումների կազմակերպման գործընթացներին.

6) մասնակցում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.

7) շինարարության ծրագրերի շրջանակներում համակարգում են դպրոցների ուսումնական գործընթացն այլ ուսումնական հաստատությունում իրականացնելու, անհրաժեշտ տրանսպորտային ծառայություններ ձեռք բերելու աշխատանքները.

8) աջակցում են ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.

9) աջակցում են մանկավարժների ատեստավորման գործընթացների կազմակերպմանը.

10) համակարգում են դասագրքերի հայտերի ձևավորման և բաշխման գործընթացները.

11) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026թ. մայիսի 21

Երևան

ՀՕ-194-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան