ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի՝

ա. 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված՝ գրանցման հայտը և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված՝ անձնավորված հաշվարկը ձևավորելու և հարկային մարմին ներկայացնելու, ինչպես նաև գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության կազմի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որը աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.

2) քաղաքացիաիրավական պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագիր.

3) աշխատավարձ` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, պայմանագրային եկամուտ.

4) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) պայմանագրային աշխատող` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուի համար աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող քաղաքացի.

6) քաղաքացի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, փախստականի կարգավիճակ ունեցող անձ.

7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր.

8) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ.

9) թափուր աշխատատեղ` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի:

3. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորվում են եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի համապատասխան ծրագրային ապահովման միջոցով: Ծրագրային ապահովումը հասանելի է https://file-online.taxservice.am հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով:

4. Գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ձևավորելու նպատակով գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնողը առցանց եղանակով համակարգ է մուտք գործում օգտվողի անվան, ՀՎՀՀ-ի և գաղտնաբառի միջոցով:»,

բ. 6-րդ կետի առաջին նախադասությունը հանել,

գ. 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ԳԼՈՒԽ 3. ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

 

18. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում անձնավորված հաշվարկ ներկայացնում են՝

1) հարկային գործակալը.

2) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողը.

3) հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած պայմանագրային աշխատողը.

4) անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը և եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձը:

19. Լրացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում համակարգն այդ մասին ծանուցում է հաշվարկը ներկայացնողին:

20. Անձնավորված հաշվարկում անճշտությունների բացակայության դեպքում անձնավորված հաշվարկը ներկայացնողի` «գրանցել» հրահանգի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ, որի վրա դրվում է հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությունը` փաստաթղթին տալով եզակի համար:

21. Անձնավորված հաշվարկը ներկայացնողը էլեկտրոնային փաստաթղթի վրա դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը:

22. Համակարգն ստուգում է ներկայացված փաստաթղթի և նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը և ընդունում է անձնավորված հաշվարկը կամ մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը:

23. Համակարգը մերժում է անձնավորված հաշվարկն ընդունելը, եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական չեն` մերժման պատճառների մասին ծանուցելով անձնավորված հաշվարկը ներկայացնողին:

24. Եթե ներկայացված փաստաթուղթը կամ նրա վրա առկա էլեկտրոնային ստորագրությունները վավերական են, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով՝

1) գրանցում է ներկայացված փաստաթուղթը` նրան հատկացնելով հարկային մարմնում փաստաթղթի գրանցման համար.

2) անձնավորված հաշվարկը ներկայացնողին ծանուցում է անձնավորված հաշվարկն ընդունելու մասին:

25. Էլեկտրոնային ծանուցումն արտացոլվում է հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժնում:

26. Համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստացականն անմիջապես ներբեռնելու և տպելու:

27. Էլեկտրոնային ստացական են ներառվում՝

1) անձնավորված հաշվարկը ներկայացնողի ՀՎՀՀ-ն, անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

2) հաշվարկի տեսակը.

3) հաշվետու ժամանակահատվածը (ամիսը և տարեթիվը կամ տարեթիվը).

4) անձնավորված հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

5) անձնավորված հաշվարկը հարկային մարմնում գրանցելու համարը:

28. Էլեկտրոնային ստացականի ձևը սահմանում է հարկային մարմինը:

29. Գործատուի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին և ամիսը.

2) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

3) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնված անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը (անկախ գործատուի կողմից նրանց համար աշխատավարձ հաշվարկելու, պայմանագրային եկամուտ կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստ վճարելու հանգամանքից).

4) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ չգտնված այն անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը, որին գործատուն հաշվետու ամսվա ընթացքում դատարանի վճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարել է աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ կամ նպաստ.

5) կուտակային բաղադրիչի մասնակից՝ մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), նրա համար գործատուի կողմից հաշվարկված սոցիալական վճարի գումարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).

6) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) և սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների, գործատուի (բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների) մոտ առկա թափուր աշխատատեղերի թվաքանակը.

7) հաշվետու ամսվա ընթացքում փաստացի վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը` ըստ պայմանագրային աշխատողների.

8) հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը` ըստ վարձու աշխատողների.

9) ամփոփ տեղեկություններ հաշվետու ամսվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

10) ամփոփ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ.

11) ամփոփ տեղեկություններ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց վճարված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

30. Սույն կարգի 29-րդ կետի 3-8-րդ ենթակետերում նշված տվյալներն անձնավորված չեն ներկայացվում, եթե գործատուի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող (գտնված) անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի է, քաղաքացիություն չունեցող անձ է, կամ նրան վերաբերող` սույն կարգի 8-րդ կետում նշված (գրանցման հայտում ներառվող) տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

31. Եթե հաշվետու ժամանակահատվածում գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է՝ մինչև սույն կետում նշված ժամկետը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա գործատուն որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացնում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու օրը (առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը):

32․ Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որևէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների մեջ և որևէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):

33. Լուծարման գործընթացում գտնվող գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է ընդհանուր հիմունքներով:

34. Հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում աշխատավարձ ստացած վարձու աշխատողի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին և ամիսը.

2) աշխատանքային հարաբերություններն սկսելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) քաղաքացիաիրավական պայմանագրի սկիզբը.

4) աշխատանքային հարաբերությունները հաշվետու ամսվա ընթացքում դադարելու դեպքում` դադարելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) հաշվարկը ներկայացնելու օրվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտված (պայմանագիրը լուծված, դադարած) լինելու դեպքում` ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվը.

6) վարձու աշխատողի (պայմանագրային աշխատողի) անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը.

7) գործատուի ՀՎՀՀ-ն, անվանումը.

8) հաշվետու ամսվա` տվյալ գործատուի վճարած աշխատավարձի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

9) հաշվետու ամսվա ընթացքում գործատուի վճարած նպաստի գումարը, նպաստի տեսակը, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային ժամանակահատվածի սկիզբը և վերջը, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը.

10) հաշվետու ամսվա ընթացքում տվյալ գործատուից փաստացի ստացված պայմանագրային եկամտի չափը, հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը:

35. Հարկային գործակալի պարտականություններից ազատված յուրաքանչյուր գործատուի կողմից հաշվարկված աշխատավարձի, վճարված նպաստի և պայմանագրային եկամուտների, դրանցից հաշվարկված եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով առանձին հաշվարկները վարձու աշխատողը ներառում է մեկ հաշվարկում:

36. Հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված վարձու աշխատողն ազատվում է անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտականությունից, եթե ժամանակավոր անաշխատունակության, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, չվճարվող արձակուրդում գտնվելու հետևանքով գործատուն հաշվետու ամսվա համար աշխատավարձ չի հաշվարկել կամ նպաստ չի վճարել:

37. Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացման ենթակա` շահութահարկի հարկման օբյեկտ, հարկման բազա համարվող եկամտի, հաշվարկված շահութահարկի չափը.

5) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

6) ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարի դեպքում` նոտարական գործունեությունից) ստացման ենթակա եկամուտների հետ անմիջականորեն կապված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափը.

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

38. Ինքնազբաղված անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի (բացառությամբ հարկային գործակալի միջոցով հարկված), հաշվարկված եկամտային հարկի չափը.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների, հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) վճարված կամավոր կենսաթոշակային վճարի չափը (առկայության դեպքում).

7) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված սոցիալական վճարի չափը:

39. Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝

1) հաշվետու տարին.

2) անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

3) ՀՎՀՀ-ն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտները, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված այն նվազեցվող (չհարկվող) եկամուտների, որոնք ենթակա չեն հայտարարագրման.

5) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հարկվող եկամուտ համարվող հարկման բազայի մասով հաշվարկված եկամտային հարկի չափը.

6) հաշվետու տարվա ընթացքում իր կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված և հարկային հաշիվներով կամ հաշիվ-վավերագրերով հիմնավորված սոցիալական ծախսերը, ինչպես նաև այդ ծախսերի առավելագույն չափերը չգերազանցող՝ փոխհատուցման ենթակա գումարները։

40. Սույն հավելվածի 8-րդ կետում և 29-րդ կետի 6-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական և համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տևողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) և համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:

41. Սույն հավելվածի 40-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան:».

2) N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն).»,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝

«1.1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը).»,

գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝

«5.1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը.»,

դ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ ենթակետերով՝

«7) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում։»,

ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝

«7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դրույթից անկախ՝ հարկային մարմնին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ անչափահաս համարվող)՝ սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված տվյալները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 2-ը։»,

զ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Ծառայությունը՝

1) հարկային մարմնին է տրամադրում հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (այդ թվում՝ կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների, պատվովճարների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի) վերաբերյալ տեղեկատվություն.

2) վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում՝

ա. նպաստառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

բ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկի նույնականացման համարը,

գ. ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը,

դ. նպաստի տեսակը,

ե. նպաստի չափը, վարձու աշխատողի դեպքում՝ առանձնացված ըստ գործատուների, ինչպես նաև ըստ գործատուի միջոցներից վճարվող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստի չափերի,

զ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը։»,

է. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Ծառայության ներկայացրած՝ սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի տվյալները 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի անհատական հաշիվ:»,

ը. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով՝

«18.1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը հարկային մարմնին է տրամադրում էլեկտրոնային գրանցամատյանում առկա ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)) ազգանունը, անունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը։»,

թ. 18.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.2-րդ կետով՝

«18.2) միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում Բնակչության պետական ռեգիստրում առկա ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)) ազգանունը, անունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը։»,

ժ. 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ կետով՝

«23. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն։»․

3) N 3 հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն առաջացած՝ մինչև նույն ժամկետը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավել վճարված նպաստի չափը,».

4) N 3 հավելվածի 6.1-ին կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն առաջացած՝ մինչև սույն պարբերությամբ նշված նույն ժամկետը գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավել վճարված նպաստի չափը,»։

2․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համատեղ միջոցներ ձեռնարկել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու ուղղությամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» և «թ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

4. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» և «ը» պարբերությունները գործում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված տվյալները 2025 թվականի մասով հարկային մարմնին տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: