ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» մայիսի 2026 թ. |
N 15-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող՝ https://hayt.emis.am/՝ «Դպրոց ընդունվելու հայտագրման համակարգ»-ի (այսուհետ՝ «Համակարգ») միջոցով ներկայացրած դիմումի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:».
2) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ)» բառերը փոխարինել «ԿՏԱԿ-ի» բառով.
3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Սովորողի ընդունելությունը հաստատություն մեկնարկում է՝
1) առաջին դասարանի դեպքում՝ տվյալ տարվա հունիս ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը.
2) տասներորդ դասարանի դեպքում՝ տվյալ տարվա հուլիս ամսվա չորրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը:».
4) 11-րդ և 11.1.-ին կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«11. Պետական ուսումնական հաստատության առաջին դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ, իսկ ընդունելությունը կատարվում է տնօրենի հրամանով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։
11.1. Պետական ուսումնական հաստատության տասներորդ դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ուսումնական հաստատության սովորողները մանկավարժական խորհրդի որոշմամբ և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի համաձայն փոխադրվում են նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:».
5) 11.1.-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11.2.-րդ և 11.3.-րդ կետերով.
«11.2. Սահմանված ժամկետից ուշ տասներորդ դասարան ընդունելությունը, ինչպես նաև սույն կարգի 29-րդ և 31-րդ կետերով նախատեսված հատուկ դեպքերն իրականացվում են բացառապես նշված կետերի պահանջներին համապատասխան:
11.3. Կրթության 3-րդ աստիճանում սովորողների ընդունելության համար ներքին ընթացակարգեր սահմանած հանրակրթական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ մասնագիտացված) սովորողների ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգի:».
6) 13-րդ, 13.1.-ին և 17-րդ կետերում «դասարան» բառից առաջ լրացնել «կամ տասներորդ» բառերը.
7) 14-րդ կետում «համակարգի» բառը փոխարինել «Համակարգի» բառով, «հայտագրման» բառից առաջ լրացնել «առաջին կամ տասներորդ դասարան» բառերը.
8) 16-րդ կետում «համակարգում ստեղծված haytru.emis.am կայքէջի միջոցով» բառերը փոխարինել «Համակարգի միջոցով» բառերով.
9) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«18. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ առաջին դասարան կամ տասներորդ դասարան ընդունված սովորողի դեպքում սույն կարգի 25-րդ կետով սահմանված պարտադիր փաստաթղթերը (տասներորդ դասարան ընդունվելու դեպքում՝ նաև հիմնական կրթության վկայականը) հաստատություն չներկայացվելու դեպքում ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։».
10) 19-րդ կետից հանել «ուսումնական պլանով նախատեսված» բառերը, «ուսումնական պարապմունքների» բառերից առաջ լրացնել «համար ժամանակացույցով սահմանված» բառերով.
11) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 19.1.-ին և 19.2.-րդ կետերով.
«19.1. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն սովորողների տեղափոխման դեպքում (ուսումնական հաստատությանը լիցենզիայով տրված սահմանային տեղերի շրջանակում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար սահմանված տեղերը լրացված են) առաջնահերթություն է տրվում տվյալ հաստատությունում սովորող քույր կամ եղբայր ունեցող սովորողներին։
19.2. Եթե երկյակ, եռյակ, քառյակ կամ ավելի սովորողներից առնվազն մեկը տեղափոխվել է հաստատություն, մնացած սովորողների դիմելու դեպքում՝ նրանց ընդունելությունն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված լրացուցիչ տեղերի շրջանակում: Սույն ենթակետով նախատեսված կարգավորումը կիրառվում է անկախ սույն կարգի 8-րդ կետի պահանջներից:».
12) 25-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «տնօրենին» բառից հետո լրացնել «(ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով)» բառերը.
բ. 2-րդ ենթակետում «տեղեկանքի պատճենը,» բառերը և կետադրական նշանը փոխարինել «տեղեկանքը (ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով)՝» բառերով.
գ. 7-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
13) 25-րդ կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8) այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դեպքում թղթային եղանակով ներկայացվում է նաև փաստաթուղթ՝ ուսումնական գործընթացին մասնակցության, առաջադիմության և բացակայությունների վերաբերյալ տվյալներով, ինչպես նաև (առկայության դեպքում, եթե ուսումը շարունակվում է կրթական 3-րդ աստիճանում) հիմնական կրթության վկայականը կամ տվյալ երկրում ստացված համարժեք փաստաթուղթը՝ թղթային եղանակով։ Փաստաթղթերի բացակայության դեպքում դասարանի համապատասխանությունը որոշվում է սույն կարգի 22-րդ և 30-րդ կետերով սահմանված կարգով:».
14) 29-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«բ. իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, եթե երեխան երկարատև հիվանդության կամ առողջական վիճակի պատճառով ուսումնական գործընթացին մասնակցելու անհնարինություն է ունեցել, ինչը հաստատված է բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան տեղեկանքով կամ եզրակացությամբ՝ սովորողի առողջական վիճակի կամ բուժման կազմակերպման ձևի վերաբերյալ, կամ «Հանրակրթության մասին» օրենքի 17.2.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմամբ բացահայտվել է ինտելեկտուալ (մտավոր), հաղորդակցման կամ լսողության խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության կարիք.».
բ. 1-ին ենթակետը լրացնել նոր՝ «գ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«գ. սույն ենթակետի «ա.» ենթակետով սահմանված դեպքում, եթե մինչև ընդունումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված գնահատում չի իրականացվել, ապա հանրակրթության մեջ ընդգրկվելու օրվանից հաշված 30-օրյա ժամկետում «Հանրակրթության մասին» օրենքի 17.2.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմամբ բացահայտվել է ինտելեկտուալ (մտավոր), հաղորդակցման կամ լսողության խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա սովորողի ուսումն իր տարիքային խմբին համապատասխան դասարանում կամ իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր շարունակվելու վերաբերյալ որոշումը կայացվում է մանկավարժահոգեբանական աջակցության մասնագիտական եզրակացության հիման վրա՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությունը: Ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր անհամաձայնության դեպքում սովորողը շարունակում է սովորել իր տարիքային խմբին համապատասխան դասարանում։».
գ. 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը)՝
ա. հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան.
բ. հիմնական կրթության վկայական չունենալու դեպքում ուսումնառությունը շարունակում է 9-րդ դասարանում.
գ. այլ երկրում հիմնական կրթությունն ավարտելու, սակայն տվյալ երկրի կրթական քաղաքականությունից ելնելով հիմնական կրթության վկայական չստանալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում՝ ուսումը շարունակում է այն դասարանում, որը որոշվում է տվյալ երկրի և Հայաստանի Հանրապետության կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ եզրակացությամբ՝ տրված «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն»-ի կողմից:».
դ. 5-րդ ենթակետում «51-53» թվերը փոխարինել «42-44» թվերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելու պահին մեկնարկած առաջին և տասներորդ դասարանների ընդունելության գործընթացները շարունակվում են նախկին իրավակարգավորմամբ:
|
Նախարար`
5/19/2026 |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական: