«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
24 նոյեմբերի 2010 թ. |
N 1640-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 619-Ն, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1350-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.05.20 N 06-Ն)
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 13, 14-րդ և 17 կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի ա) ենթակետով
Հրամայում եմ`
1. Հաստատել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը»` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 15.05.20 N 06-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել «ՀՀ պետական հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն և «Այլ երկրներից 11-ամյա հանրակրթական ծրագրով իրականացվող ուսուցումը ընդհատած և Հայաստան տեղափոխված սովորողների դասարանի համապատասխանությունը որոշելու մասին» 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները:
3. (կետն ուժը կորցրել է 17.02.22 N 07-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 17.02.22 N 07-Ն)
|
|
Ա. Աշոտյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 15.05.20 N 06-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդունման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:
2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ (ԸՆԴՈՒՆՈՒՄԸ)
2. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
3. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող՝ https://hayt.emis.am/՝ «Դպրոց ընդունվելու հայտագրման համակարգ»-ի (այսուհետ՝ «Համակարգ») միջոցով ներկայացրած դիմումի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը խմբ. 19.05.26 N 15-Ն)
4. Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները հաստատության տնօրենը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»։
(4-րդ կետը փոփ. 19.05.26 N 15-Ն)
5. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:
5.1. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է նաև հավելվածի 23-րդ և 24-րդ կետով սահմանված կարգավորման դեպքում:
(5.1-ին կետը լրաց. 25.10.23 N 132-Ն)
6. Բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների ուսուցման լեզուն գրական հայերենն է:
7. Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում իրենց երեխայի ուսուցման լեզուն:
8․ Հայաստանի Հանրապետության մարզերի բոլոր այն բնակավայրերում (քաղաքներում, գյուղերում), որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատությունն է կամ տվյալ բնակավայրում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից։
(8-րդ կետը խմբ. 13.06.25 N 49-Ն)
9. Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, տվյալ տարվա մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար:
(9-րդ կետը փոփ. 25.10.23 N 132-Ն)
10. Սովորողի ընդունելությունը հաստատություն մեկնարկում է՝
1) առաջին դասարանի դեպքում՝ տվյալ տարվա հունիս ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը.
2) տասներորդ դասարանի դեպքում՝ տվյալ տարվա հուլիս ամսվա չորրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը:
(10-րդ կետը խմբ. 19.05.26 N 15-Ն)
10.1. Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը։ Նոր ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել օգոստոսի 1-ից:
(10.1-ին կետը լրաց. 13.06.25 N 49-Ն)
11. Պետական ուսումնական հաստատության առաջին դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ, իսկ ընդունելությունը կատարվում է տնօրենի հրամանով՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։
(11-րդ կետը խմբ. 16.06.23 N 56-Ն, 19.05.26 N 15-Ն)
11.1. Պետական ուսումնական հաստատության տասներորդ դասարան սովորողի ընդգրկումն իրականացվում է Համակարգի միջոցով՝ հայտագրմամբ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ուսումնական հաստատության սովորողները մանկավարժական խորհրդի որոշմամբ և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումի համաձայն փոխադրվում են նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:
(11.1-ին կետը լրաց. 16.06.23 N 56-Ն, 13.06.25 N 49-Ն, խմբ. 19.05.26 N 15-Ն)
11.2. Սահմանված ժամկետից ուշ տասներորդ դասարան ընդունելությունը, ինչպես նաև սույն կարգի 29-րդ և 31-րդ կետերով նախատեսված հատուկ դեպքերն իրականացվում են բացառապես նշված կետերի պահանջներին համապատասխան:
(11.2-րդ կետը լրաց. 19.05.26 N 15-Ն)
11.3. Կրթության 3-րդ աստիճանում սովորողների ընդունելության համար ներքին ընթացակարգեր սահմանած հանրակրթական ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ մասնագիտացված) սովորողների ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգի:
(11.3-րդ կետը լրաց. 19.05.26 N 15-Ն)
12. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է՝
1) տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող և՝
ա․ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաներին կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաներին․
բ․ խնամակալության տակ գտնվող երեխաներին․
գ․ հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին:
3) տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին.
4) տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
(12-րդ կետը խմբ. 28.07.22 N 28-Ն, 13.06.25 N 49-Ն)
12.1 Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները կիրառվում են ուսումնական հաստատությանը լիցենզիայով տրված սահմանային տեղերի շրջանակում, եթե տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։
(12.1-ին կետը լրաց. 25.10.23 N 132-Ն)
13. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են առաջին կամ տասներորդ դասարան հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում:
(13-րդ կետը խմբ. 16.06.23 N 56-Ն, փոփ. 13.06.25 N 49-Ն, լրաց. 19.05.26 N 15-Ն)
13.1. Սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված առաջնահերթությունը տրվում է, եթե սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին կամ տասներորդ դասարան հայտագրման մեկնարկի օրը Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկում է դիմում և սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջները հաստատող տեղեկանք։ Դիմումը և տեղեկանքը ստանալու պահից հաշված տասնօրյա ժամկետում Նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում իր որոշումը ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում նույն ժամկետում այն գրավոր տրամադրում է դիմումատուին։ ԿՏԱԿ-ը սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում իրականացնում է սովորողի հայտագրումը՝ Նախարարության որոշման հիման վրա։
(13.1-ին կետը լրաց. 16.06.23 N 56-Ն, խմբ. 13.06.25 N 49-Ն, լրաց. 19.05.26 N 15-Ն)
14. Սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) իրենց երեխաներին Համակարգի միջոցով հայտագրում են առաջին կամ տասներորդ դասարան հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:
(14-րդ կետը փոփ., լրաց. 19.05.26 N 15-Ն)
15. Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից:
16. Սույն կարգի 5-րդ և 7-րդ կետերով սահմանված անձինք իրենց երեխաների հայտագրումն իրականացնում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած՝ Համակարգի միջոցով։
(16-րդ կետը փոփ. 28.07.22 N 28-Ն, 25.10.23 N 132-Ն, 19.05.26 N 15-Ն)
17. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) սույն կարգի 13-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ հաստատության առաջին կամ տասներորդ դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում՝ իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի 14-րդ կետում ամրագրված ժամկետում:
(17-րդ կետը փոփ. 28.07.22 N 28-Ն, 16.06.23 N 56-Ն, 13.06.25 N 49-Ն, լրաց. 19.05.26 N 15-Ն)
18. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ առաջին դասարան կամ տասներորդ դասարան ընդունված սովորողի դեպքում սույն կարգի 25-րդ կետով սահմանված պարտադիր փաստաթղթերը (տասներորդ դասարան ընդունվելու դեպքում՝ նաև հիմնական կրթության վկայականը) հաստատություն չներկայացվելու դեպքում ընդունման վերաբերյալ հայտագրումը չեղարկվում է։
(18-րդ կետը խմբ. 19.05.26 N 15-Ն)
3. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, սույն կարգի 20-րդ կետով սահմանված, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև տվյալ ուսումնական տարվա համար ժամանակացույցով սահմանված ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Տեղափոխումը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Նշված ժամկետից հետո տեղափոխում կարող է իրականացվել միայն սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշման առկայության դեպքում:
(19-րդ կետը փոփ. 25.10.23 N 132-Ն, խմբ.13.06.25 N 49-Ն, փոփ., լրաց. 19.05.26 N 15-Ն)
19.1. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն սովորողների տեղափոխման դեպքում (ուսումնական հաստատությանը լիցենզիայով տրված սահմանային տեղերի շրջանակում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար սահմանված տեղերը լրացված են) առաջնահերթություն է տրվում տվյալ հաստատությունում սովորող քույր կամ եղբայր ունեցող սովորողներին։
(19.1-ին կետը լրաց. 19.05.26 N 15-Ն)
19.2. Եթե երկյակ, եռյակ, քառյակ կամ ավելի սովորողներից առնվազն մեկը տեղափոխվել է հաստատություն, մնացած սովորողների դիմելու դեպքում՝ նրանց ընդունելությունն ապահովվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված լրացուցիչ տեղերի շրջանակում: Սույն ենթակետով նախատեսված կարգավորումը կիրառվում է անկախ սույն կարգի 8-րդ կետի պահանջներից:
(19.2-րդ կետը լրաց. 19.05.26 N 15-Ն)
20. Հանրակրթական հիմնական կրթության հիմքով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ ՄՈՒՀ) հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է սույն կարգի 25-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝
1) 1-ին կուրսից` 10-րդ դասարան.
2) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան.
3) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու, կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՄՈՒՀ չունեցող, կամ ՄՈՒՀ չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում: Սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության այլ դեպքերում տեղափոխումն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ Նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:
(20-րդ կետը փոփ. 25.10.23 N 132-Ն, խմբ. 03.05.24 N 26-Ն, փոփ. 13.06.25 N 49-Ն)
21. Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 25-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր:
(21-րդ կետը փոփ. 28.07.22 N 28-Ն)
22. Առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերի պահանջներին համապատասխան:
23. 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:
24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:
24.1. Սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձած և ուսումը օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում շարունակած երեխաները Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխվելիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:
(24.1-ին կետը լրաց. 13.06.25 N 49-Ն)
4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
25. Սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին (ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով),
2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքը (ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Համակարգի միջոցով)՝ բացառությամբ պետական հաստատության 1-ին դասարան ընդունվելու դեպքի։
3) լուսանկար՝ 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
4) տեղեկանք՝ տրված Միասնական սոցիալական ծառայություն տրամադրող կենտրոնի կողմից՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների վերաբերյալ՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար (ըստ անհրաժեշտության), եթե տեղեկատվական համակարգերի միջոցով հնարավոր չէ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակում,
5) ՄՈՒՀ-երից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաև ընթացիկ և կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,
6) (ենթակետն ուժը կորցրել է 16.06.23 N 56-Ն)
7) սույն կարգի 29-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից,
8) այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դեպքում թղթային եղանակով ներկայացվում է նաև փաստաթուղթ՝ ուսումնական գործընթացին մասնակցության, առաջադիմության և բացակայությունների վերաբերյալ տվյալներով, ինչպես նաև (առկայության դեպքում, եթե ուսումը շարունակվում է կրթական 3-րդ աստիճանում) հիմնական կրթության վկայականը կամ տվյալ երկրում ստացված համարժեք փաստաթուղթը՝ թղթային եղանակով։ Փաստաթղթերի բացակայության դեպքում դասարանի համապատասխանությունը որոշվում է սույն կարգի 22-րդ և 30-րդ կետերով սահմանված կարգով:
(25-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 16.06.23 N 56-Ն, փոփ. 03.05.24 N 26-Ն, 13.06.25 N 49-Ն, լրաց., փոփ. 19.05.26 N 15-Ն)
5. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
26. Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝
1) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
27. (կետն ուժը կորցրել է 25.10.23 N 132-Ն)
28. Ոչ պետական կամ մասնագիտացված հաստատությունից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և տվյալ հաստատության միջև պայմանագիր չկնքելու կամ կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից չպահպանվելու դեպքում:
(28-րդ կետը լրաց. 25.10.23 N 132-Ն)
6. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ
29. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`
1) 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան՝
ա. իր տարիքային խմբին համապատասխան դասարան.
բ. իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, եթե երեխան երկարատև հիվանդության կամ առողջական վիճակի պատճառով ուսումնական գործընթացին մասնակցելու անհնարինություն է ունեցել, ինչը հաստատված է բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան տեղեկանքով կամ եզրակացությամբ՝ սովորողի առողջական վիճակի կամ բուժման կազմակերպման ձևի վերաբերյալ, կամ «Հանրակրթության մասին» օրենքի 17.2.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմամբ բացահայտվել է ինտելեկտուալ (մտավոր), հաղորդակցման կամ լսողության խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության կարիք.
գ. սույն ենթակետի «ա.» ենթակետով սահմանված դեպքում, եթե մինչև ընդունումը սույն ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված գնահատում չի իրականացվել, ապա հանրակրթության մեջ ընդգրկվելու օրվանից հաշված 30-օրյա ժամկետում «Հանրակրթության մասին» օրենքի 17.2.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմամբ բացահայտվել է ինտելեկտուալ (մտավոր), հաղորդակցման կամ լսողության խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների 3-րդ կամ 4-րդ աստիճանի աջակցության կարիք, ապա սովորողի ուսումն իր տարիքային խմբին համապատասխան դասարանում կամ իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր շարունակվելու վերաբերյալ որոշումը կայացվում է մանկավարժահոգեբանական աջակցության մասնագիտական եզրակացության հիման վրա՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությունը: Ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր անհամաձայնության դեպքում սովորողը շարունակում է սովորել իր տարիքային խմբին համապատասխան դասարանում։
2) մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 9-ից մինչև 15 տարին լրանալու դեպքում մեկ տարի կամ ավելի ուսումն ընդհատած կամ հաստատություն չհաճախած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր` գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,
3) կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը)՝
ա. հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան.
բ. հիմնական կրթության վկայական չունենալու դեպքում ուսումնառությունը շարունակում է 9-րդ դասարանում.
գ. այլ երկրում հիմնական կրթությունն ավարտելու, սակայն տվյալ երկրի կրթական քաղաքականությունից ելնելով հիմնական կրթության վկայական չստանալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում՝ ուսումը շարունակում է այն դասարանում, որը որոշվում է տվյալ երկրի և Հայաստանի Հանրապետության կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ եզրակացությամբ՝ տրված «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն»-ի կողմից:
4) 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից,
5) ուսումնական տարվա ընթացքում ուսումն ընդհատած և նույն ուսումնական տարում հաստատություն դիմած սովորողի ընդունելությունն իրականացնելիս հաստատությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի հավելվածի 42-44-րդ կետերով:
(29-րդ կետը լրաց. 16.06.23 N 56-Ն, փոփ. 25.10.23 N 132-Ն, խմբ., փոփ. 03.05.24 N 26-Ն, խմբ. 13.06.25 N 49-Ն, խմբ., լրաց., փոփ. 19.05.26 N 15-Ն)
30. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 20-րդ և 22-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով սովորողի փաստացի առարկայական գիտելիքների վերաբերյալ մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:
31. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած անձը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգի պահանջներին համապատասխան հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կարող է ուսումը շարունակել 10–րդ դասարանում կամ ՄՈՒՀ-ում:
(31-րդ կետը փոփ. 03.05.24 N 26-Ն, 13.06.25 N 49-Ն)
32. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 19 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով և Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 22.07.11 N 861-Ն, խմբ. 09.12.13 N 1365-Ն, փոփ. 01.07.14 N 705-Ն, խմբ. 15.05.20 N 06-Ն, 17.02.22 N 07-Ն, խմբ., փոփ. 28.07.22 N 28-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.06.23 N 56-Ն, լրաց., փոփ. 25.10.23 N 132-Ն, խմբ., փոփ. 03.05.24 N 26-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.06.25 N 49-Ն, 19.05.26 N 15-Ն)