ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍԵՌԱԽՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.05.2026
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2026

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» մայիս 2026 թ.

N 39-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍԵՌԱԽՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել սեռախտաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2026 թվականի մայիս «19»-ի

թիվ 39-Ն հրամանի

 

ՍԵՌԱԽՏԱԲԱՆԻ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սեռախտաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն սեռախտաբանության ոլորտում ստացիոնար հիվանդանոցային, արտահիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր ծառայություններում:

2. Սեռախտաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն հոգեբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) և սեռախտաբանի նեղ մասնագիտացում, և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Սեռախտաբանը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Սեռախտաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության սեռախտաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության սեռախտաբան.

3) Ամբուլատոր ծառայության սեռախտաբան.

4) Սեռախտաբանության բաժանմունքի վարիչ.

5) Ցերեկային ստացիոնարի սեռախտաբան.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն, փոխտնօրեն)՝ օրենքով սահմանված կարգով։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մասնագիտասկան գիտելիքներ և հմտություններ. սեռախտաբանը պետք է.

1) Ունենա սեքսոլոգիական գիտելիքներ.

ա. մարդու սեռական համակարգի անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոֆիզիոլոգիա.

բ. նյարդային, էնդոկրին, սրտանոթային, մարսողական, միզասեռական համակարգերի կառուցվածք և գործառույթ.

գ. մետաբոլիկ համախտանիշ, շաքարային դիաբետ, լյարդի հիվանդություններ և դրանց ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա.

դ. հորմոնային կարգավորման մեխանիզմներ (հիպոթալամուս–հիպոֆիզ–գոնադ համակարգ, անդրոգեն, էստրոգեն, պրոլակտին, թիրեոիդ հորմոններ և այլն).

ե. դեղաբանական գիտելիքներ սեռական ֆունկցիայի վրա ազդող դեղերի վերաբերյալ (հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ, հորմոններ, PDE5 ինհիբիտորներ և այլն).

զ. սեռավարակների, քրոնիկական բորբոքային և սոմատիկ հիվանդությունների սեռական հետևանքներ.

է. սեռական ռեակցիայի փուլերը և նորմալ սեռական արձագանքի ֆիզիոլոգիան.

ը. սեռական տարբերությունների կենսաբանական և հորմոնալ հիմքերը.

թ․ սեռական հասունացման, մենոպաուզայի և անդրոգեն դեֆիցիտի ֆիզիոլոգիան.

ժ. սեռական ֆունկցիայի վրա ազդող հիմնական օրգանային գործոնները (լյարդ, վահանագեղձ, նյութափոխանակություն, նյարդային համակարգ, անոթային համակարգ և այլն).

2) Ունենա հոգեբանական և հոգեվերլուծական գիտելիքներ.

ա. սեռական վարքի ձևավորման հոգեբանություն.

բ. տղամարդու և կնոջ հոգեսեռական զարգացում.

գ. սեռական դիսֆունկցիաների հոգեսոմատիկ մեխանիզմներ.

դ. անհատականության կառուցվածք, նևրոտիկ և աֆեկտիվ խանգարումներ.

ե. զույգերի փոխհարաբերությունների դինամիկա, սեռական կոնֆլիկտներ.

զ. հոգեթերապևտիկ մոտեցումներ՝ կոգնիտիվ-վարքային, ինտեգրատիվ.

է. հումանիստական, դինամիկ և այլն.

3) Ունենա նեյրոկենսաբանության և սեքսուալ նեյրոֆիզիոլոգիայի վերաբերյալ գիտելիքներ.

ա. սեռական կենտրոններ և ուղիներ գլխուղեղում և ողնուղեղում.

բ. նեյրոմեդիատորային համակարգեր՝ դոֆամին, սերոտոնին, օքսիտոցին, NO և այլն.

գ. սեռական ռեակցիայի փուլային կառուցվածք.

դ. նեյրոէնդոկրին փոխազդեցություններ.

4) Տիրապետի լաբորատոր և գործիքային հետազոտությունների մեթոդներին.

ա. հորմոնային ստուգումներ՝ testosterone, prolactin, estradiol, LH, FSH, TSH, cortisol և այլն.

բ. ուլտրաձայնային, դոպլերոգրաֆիկ, նեյրոֆիզիոլոգիական հետազոտություններ.

գ. հոգեբանական թեստեր (MMPI և այլն).

5) Կարողանա վերլուծել սեռական բողոքները և տարբերակել օրգանական, հոգեբանական և խառը բնույթի խանգարումները.

6) Կարողանա կազմել համապարփակ սեքսոպաթոլոգիական ախտորոշում.

7) Կարողանա կատարել զույգային սեքսոլոգիական խորհրդատվություն և միջամտություն.

8) Կարողանա նշանակել համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտություններ.

9) Կարողանա ընտրել և կիրառել դեղաբանական, հորմոնային, հոգեթերապևտիկ կամ համակցված բուժման մեթոդներ.

10) Կարողանա աշխատել տարբեր մասնագետների հետ՝ հոգեբան, հոգեբույժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, հեպատոլոգ, գինեկոլոգ, ուրոլոգ, թերապևտ և այլն.

11) Կարողանա կատարել սեռական դաստիարակության և կանխարգելիչ աշխատանքներ հասարակության մեջ.

12) Կարողանա պահպանել բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի սկզբունքները.

13) Կարողանա կատարել բուժական և ախտորոշիչ միջամտություններ.

14) Կարողանա ներառել տեղեկատվություն կոնկրետ պաթոլոգիաների վերաբերյալ, դրանց կանխարգելման, ընթացքի, հետազոտման մեթոդների և բուժման նորագույն մոտեցումների կիրառմամբ՝ ընդգծելով հետևյալը.

ա. հիվանդությունների միջազգային դասակարգմանը համապատասխան ախտորոշումների հստակեցում.

բ. վարման տարբերակված պլանի կազմում` համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

գ. հիվանդի անաշխատունակության կարգավիճակի հստակեցում.

դ. ապացուցողական բժշկության հիմունքների պահպանում.

15) Կարողանա ճանաչել, ախտորոշել և համապատասխան բուժօգնություն տրամադրել տերմինալ իրավիճակներում.

16) Կարողանա առաջին և շտապ բուժօգնություն տրամադրել անհետաձգելի վիճակներում.

17) Կարողանա արտակարգ իրավիճակներում կազմակերպել բուժտարհանման միջոցառումները։

6. Մասնագիտական hատուկ հմտություններ.

Սեռախտաբանը պետք է կարողանա.

1) Ախտորոշել և բուժել սեռական խանգարումները և ամուսնական զույգային սեքսուալ աններդաշնակությունները.

2) Հայտնաբերել սեռական ֆունկցիայի նյարդահումորալ բաղադրիչի խանգարման ախտանշանները.

3) Հայտնաբերել սեռական ֆունկցիայի հոգեկան բաղադրիչի խանգարման ախտանշանները.

4) Հայտնաբերել սեռական ֆունկցիայի էյակուլյատոր բաղադրիչի խանգարման ախտանշանները.

5) Հայտնաբերել սեռական ֆունկցիայի սեռասեգմենտար բաղադրիչի խանգարման ախտանշանները.

6) Հայտնաբերել ամուսնական զույգի սեքսուալ ներդաշնակության սոցիալական բաղադրիչի խանգարման երևույթները.

7) Հայտնաբերել ամուսնական զույգի սոցիալ-կուլտուրալ սեքսուալ դեզադապտացիայի երևույթները.

8) Հայտնաբերել ամուսնական զույգի տեղեկատվա-գնահատումային սեքսուալ դեզադապտացիայի երևույթները.

9) Հայտնաբերել ամուսնական զույգի սեքսուալ ներդաշնակության հոգեբանական բաղադրիչի խանգարման երևույթները.

10) Հայտնաբերել զույգերի անհատական բնավորության գծերի, գերիշխող մոտիվացիաների, արժեքային կողմնորոշումների, գործունեության ոճի ու եղանակների դեզադապտացիայի երևույթները.

11) Հայտնաբերել ամուսնական զույգի սեքսուալ ներդաշնակության սոցիալ-հոգեբանական բաղադրիչի խանգարման երևույթները.

12) Հայտնաբերել զույգի ամուսնա-ընտանեկան անձադերային համատեղ փոխգործունեության միջանձնային հարաբերությունների դեզադապտացիայի երևույթները.

13) Հայտնաբերել ամուսնական զույգի սեքսուալ ներդաշնակության հոգե-անատոմա- ֆիզիոլոգիական բաղադրիչի խանգարումները.

14) Հայտնաբերել զույգի սեռական կոնստիտուցիաների ու խառնվածքների դեզադապտացիայի երևույթները.

15) Հայտնաբերել սեռական ներդաշնակության սեքսուալ վարքային բաղադրիչի խանգարման երևույթները.

16) Հայտնաբերել զույգի տղամարդու կամ կնոջ ստերեոտիպային սեռադերային վարքի դեզադապտացիայի երևույթները.

17) Հայտնաբերել զույգի սեքսուալ կողմնորոշումների դեզադապտացիայի երևույթները.

18) Հայտնաբերել զույգի արական կամ իգական սեքսուալ-էրոտիկ ստերեոտիպային վարքի դեզադապտացիայի երևույթները.

19) Հայտնաբերել զույգի սեռական ներդաշնակության սեքսուալ-ֆիզիոլոգիական բաղադրիչի խանգարումները.

20) Հայտնաբերել զույգերից մեկի կամ երկուսի սեռական ֆունկցիայի խանգարումները ու վերջինով պայմանավորված զույգի սեքսուալ դեզադապտացիայի երևույթները.

21) Հայտնաբերել զույգերի սեռական օրգանների կենսաբանա-անատոմիական և սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիական անհամապատասխանության երևույթները.

22) Կատարել սեռական ֆունկցիայի բաղադրիչների կամ ամուսնական սեռական ներդաշնակության բաղադրիչների ախտահարումների օգտին վկայող հայտնաբերված համախտանիշների տարբերակված որակավորում.

23) Կատարել տարբերակիչ ախտորոշում ախտանիշային, համախտանիշային և նոզոլոգիական մակարդակներով.

24) Առաջնային սեքսոլոգիական խանգարումը տարբերակել երկրորդային (հոգեմարմնական որևիցէ հիվանդությամբ պայմանավորված) սեքսոլոգիական խանգարումից.

25) Տարբերակել հիվանդի (զույգի) սեքսոլոգիական խանգարման անմիջական պատճառ հանդիսացող սեռական ֆունկցիայի բաղադրիչի կամ ամուսնական սեքսուալ ներդաշնակության բաղադրիչի առանցքային մորբիդ առաջնակի խանգարումը.

26) Տարբերակել հիվանդի (զույգի) սեքսոլոգիական խանգարմանը նախատրամադրող ու նպաստող սեռական ֆունկցիայի ու ներդաշնակության բաղադրիչի կամ բաղադրիչների առաջնային պրեմորբիտ խանգարումը նրանց պրեմորբիտ խանգարումներից.

27) Սեռական խանգարման բուժման վիրաբուժական ձևերը տարբերակել նրանց թերապևտիկ ձևերից.

28) Կարողանա հայտնաբերել սեքսոլոգիական հիվանդի/զույգի/ սոցիալապես վտանգավոր պերվերզիոն միտումները:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Սեռախտաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. սեռախտաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական ունակություններ. սեռախտաբանը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Սեռախտաբանը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

7. ՍԵՌԱԽՏԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

11. Սեռախտաբանն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՍԵՌԱԽՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան