ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» հուլիս 2024 թ.

N 233-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել քաղաքացիներին զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական հետազոտություններ իրականացնելու ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 27-ից:

 

 

24.07.2024

Ա. Ավանեսյան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

«24» հուլիս 2024 թ.

N 233-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են քաղաքացիներին (այսուհետ` անձանց) զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ՝ ԱԱՊ) բժշկական կազմակերպություններում բժշկական հետազոտությունների իրականացման, այլ բժշկական կազմակերպություններ ուղեգրման և բժշկական հետազոտությունների արդյունքների տվյալները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական հետազոտություններն իրականացվում են.

1) քաղաքային բնակչության համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով գրանցված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին,

2) գյուղական բնակչության համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները և համաձայն բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ բժշկական կազմակերպություններում գրանցված բնակչությանը մատուցվող դիսպանսերային բժշկական օգնության ծառայությունների կցագրումների ցանկերը հաստատող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրաման)` Հայաստանի Հանրապետության բնակչությանը մատուցվում են հոգեբուժական և թմրաբանական ծառայություններ:

3) օտարերկրացիների համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով վերջիններս գրանցված են կամ ցանկացած այլ ԱԱՊ բժշկական կազմակերպությունում,

4) հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

(2-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

3. Անձը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար ԱԱՊ բժշկական կազմակերպություն է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (իսկ օտարերկրացիների դեպքում՝ նաև կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ կամ որևէ այլ փաստաթուղթ, որում նշված կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածը):

4. Զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացու բժշկական հետազոտությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

5. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական հետազոտություններն իրականացվում են վճարովի հիմունքներով:

6. Բժշկական հետազոտությունների համար անձը դիմում է այն ԱԱՊ բժշկին, ում մոտ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով գրանցված է:

7 . ԱԱՊ բժիշկը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 505-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկով, անձին էլեկտրոնային եղանակով ուղեգրում է ակնաբանական, վիրաբուժական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական խորհրդատվությունների, հոգեբուժական և թմրաբանական բժշկական զննության կամ ախտորոշման` համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:

(7-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

8. Հայաստանի Հանրապետության մարզային այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, այդ ծառայությունները մատուցվում են բժշկական կենտրոնների պոլիկլինիկաների հոգեբուժական և թմրաբանական կաբինետների համապատասխան բժշկի կողմից: Հոգեբույժը կամ թմրաբանը կամ ԱԱՊ բժիշկը անձի դիմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկությունը` անձի հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հաշվառված լինելու կամ չլինելու վերաբերյալ, մուտքագրում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ): ԱԱՊ կազմակերպության տնօրենի (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի) կողմից այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է:

(8-րդ կետը խմբ. 22.05.26 N 41-Ն)

9. Անձի ԱԱՊ կազմակերպություն դիմելուց հետո բացվում է այց Համակարգում:

(9-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

10. Այցը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ անձի հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, բժշկական զննության իրականացման ամսաթիվը, ախտորոշումը (ըստ ՀՄԴ-10 ծածկագրի), Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայությունը կամ բացակայությունը, բժշկական կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

11. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական կազմակերպություններում բժշկական հետազոտությունների արդյունքները ձևավորվում են սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում սահմանված տվյալների ծավալով:

12. Անձի անձնական տվյալները ներբեռնվում են Բնակչության պետական ռեգիստրից` ՀԾՀ-ով հարցման արդյունքում, իսկ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարով։

13. Բժշկական հետազոտությունների ընթացքում, Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված ակնաբանական կամ վիրաբուժական կամ նյարդաբանական կամ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններից կամ վիճակներից որևէ մեկը ախտորոշվելու դեպքում, բժշկական տվյալները հետազոտության արդյունքները ստանալու օրը մուտքագրվում են Համակարգ այն բժշկի կողմից, որի մասնագիտական խորհրդատվության ընթացքում ախտորոշվել է հիվանդությունը:

14. Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդություններից կամ վիճակներից որևէ մեկի առկայության դեպքում, բժշկական հետազոտությունների հետագա իրականացումը դադարեցվում է:

15. Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ եղանակով հասանելի են դառնում ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենին (այսուհետ` տնօրեն) (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձին): Համակարգում տնօրենի (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի) հաստատումից հետո թույլտվությունը տալու մերժման մասին տեղեկատվությունն ամրագրվում է Համակարգում։

16. Եթե ԱԱՊ բժշկական կազմակերպությունում իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքում չի արձանագրվում Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված որևէ ակնաբանական կամ վիրաբուժական կամ նյարդաբանական կամ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություն կամ վիճակ, ԱԱՊ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կամ հոգեբույժի կամ թմրաբանի կողմից անձը էլեկտրոնային եղանակով ուղեգրվում է հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 24-ի N 03-Ն հրամաններով սահմանված կցագրումների (Հայաստանի Հանրապետության մարզերի այն բնակավայրերում, որտեղ չեն գործում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, անձը կարող է էլեկտրոնային եղանակով ուղեգրվել մարզի այլ տարածաշրջանում կամ մոտակա Հայաստանի Հանրապետության մարզում գործող հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» կամ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ)` նշելով ուղեգրման նպատակը:

(16-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

17. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բժշկական հետազոտություններն իրականացնող «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջներին համապատասխան ստեղծված հոգեբուժական հանձնաժողովի կողմից, առաջնորդվելով Որոշմամբ սահմանված ցանկով, իրականացվում են բժշկական հետազոտություններ, որոնց արդյունքում կայացած եզրակացությունը՝ հոգեկան խանգարումների առկայության կամ բացակայության մասին, հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում է Համակարգ և հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից։

(17-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

18. Հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում իրականացվում է անձի կենսամիջավայրում (մեզում) թմրամիջոցների հայտնաբերման համար նախատեսված արագ թեստավորում՝ առնվազն երեք առավել տարածված թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով (ափիոնի խումբ, կանաբինոիդներ, խթանիչներ):

(18-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

19․ Թեստերի զգայունությունը պետք է լինի՝

1) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ մետամֆետամինի նվազագույն 300 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար,

2) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ ափիոնի խմբի թմրալկալոիդների նվազագույն 100 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար,

3) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ տետրահիդրոկաննաբինոլի նվազագույն 20 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար:

20․ Անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բժշկական փաստաթղթերը (այդ թվում արագ թեստի ստրիպի արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը) արխիվացվում են թեստն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածով սահմանված պահանջները:

(20-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

21․ Թեստի բացասական արդյունքի` մեզում թմրամիջոցներ չհայտնաբերելու մասին արդյունքները թեստավորում իրականացնող հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության թեստավորումն իրականացնողի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Համակարգ, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից։

(21-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

22. Թեստավորման արդյունքում մեզում թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքում արդյունքները հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության թեստավորումն իրականացնողի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Համակարգ, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից, իսկ քաղաքացին ուղեգրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` մեկ աշխատանքային օրվա ընթացքում կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով թունաքիմիական հետազոտություններ իրականացնելու համար: Սույն կետով սահմանված ուղեգրումից բացառություն է կազմում այն դեպքը, երբ անձի սույն ընթացակարգի 18-րդ կետով սահմանված արագ թեստավորումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, որի դեպքում թունաքիմիական հետազոտություններն իրականացվում են անմիջապես տեղում` թեստավորման արդյունքներից հետո:

(22-րդ կետը խմբ. 22.05.26 N 41-Ն)

23. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում անձի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով, իրականացվում են թունաքիմիական հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա Որոշմամբ սահմանված ցանկի թմրաբանական հիվանդությունների կամ վիճակների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում է Համակարգ:

(23-րդ կետը փոփ. 22.05.26 N 41-Ն)

23.1. Գյուղական բնակչության վերաբերյալ Համակարգ մուտքագրված տեղեկությունները ինքնաշխատ եղանակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցվում են տվյալ բնակավայրը սպասարկող հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայություններ մատուցողներին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրամանով հաստատված կցագրումների:

(23.1-ին կետը լրաց. 22.05.26 N 41-Ն)

24. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող առցանց հարցման դեպքում, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկությունը ինքնաշխատ եղանակով փոխանցվում է Համակարգից՝ գործընթացի արդյունքում մուտքագրված տվյալների հիման վրա, սույն ընթացակարգի Ձև 1-ով հաստատված եզրակացության տվյալներից գեներացված դրական կամ բացասական պատասխանի տեսքով։

(24-րդ կետը խմբ. 22.05.26 N 41-Ն)

25. Թեստավորման արդյունքում մեզում թմրամիջոցներ հայտնաբերելիս անձի կողմից սույն ընթացակարգի 22-րդ կետով սահմանված կարգով հետազոտություններ

իրականացնելուց հրաժարվելու, ինչպես նաև թունաքիմիական հետազոտությունների իրականացման արդյունքում կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման դեպքում`

 1) կրկնակի թունաքիմիական հետազոտություններն իրականացվում են միայն մեկ տարի հետո` «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, և այս ժամկետում անձի` զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու նպատակով այլ ընթացակարգով թեստավորում չի իրականացվում.

 2) սույն կետով նշված մեկ տարվա ընթացքում անձի նկատմամբ սահմանվում է հսկողություն և բժշկական դիտարկում հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայություններ մատուցողների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կցագրումների ցանկերը հաստատող հրամանով հաստատված հոգեբուժական և թմրաբանական դիսպանսերային ծառայությունների կցագրումների:

(25-րդ կետը լրաց. 22.05.26 N 41-Ն)

 26. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն ընթացակարգի 25-րդ կետում նշված հետազոտության արդյունքների հիման վրա Որոշմամբ սահմանված ցանկի թմրաբանական հիվանդությունների կամ վիճակների առկայության կամ բացակայության մասին տեղեկությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են Համակարգ, որը հիմք է հանդիսանում զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար:

(26-րդ կետը լրաց. 22.05.26 N 41-Ն)

 27. Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու նպատակով քաղաքացու պահանջով վերջինիս տրամադրվում է նաև Համակարգից գեներացված եզրակացության թղթային տարբերակը՝ սույն ընթացակարգի Ձև 1-ով հաստատված ձևաչափով։ Թղթային տարբերակը տրամադրվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից՝ քաղաքացու դիմումի ներկայացման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում։

(27-րդ կետը լրաց. 22.05.26 N 41-Ն)

Աղյուսակ 1

ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ
(աղյուսակն ուժը կորցրել է  22.05.26 N 41-Ն)

 

Ձև 1

 

Բժշկական կազմակերպության անվանումը (լոգոն, եթե առկա է)

ՀՎՀՀ, Հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ

 

 

1. Անուն, ազգանուն -----------------------------------------------------------------------------

2. ՀԾՀ -----------------------------------------------------------------------------------------------

3. Ծննդյան ամսաթիվ ---------------------------------------------------------------------------

4. Սեռը ----------------------------------------------------------------------------------------------

5. Բնակության հասցեն ------------------------------------------------------------------------

6. Հեռախոսահամար ---------------------------------------------------------------------------

7. Աշխատանքի վայր ---------------------------------------------------------------------------

8. Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ

 

□ առկա է

□ առկա չէ

 

 

 

ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ (ՀԱՍՏԱՏՈՂԻ)-------------------------------------------------------------

 

Տրման ամսաթիվ ------------------------

(ձևը լրաց. 22.05.26 N 41-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 22.05.26 N 41-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2026, N 41-Ն 24.07.2024, N 233-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան