ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
26 մայիսի 2026 թ. |
ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 237-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆԻՍ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
դատավորներ` |
Ա րման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
դիմողի՝ ներկայացուցիչ՝ պատասխանողի՝ ներկայացուցիչ՝ |
Արմանուշ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դիմող) փաստաբան Լարիսա Բաղդասարյանի, Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող) Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արմանուշ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, նյութերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերջինիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արմանուշ Հարությունյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 19-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի՝ այն մասով, որ մասով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով չի նախատեսել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումով պահանջը՝ որպես հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:
(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2025 թվականի որոշմամբ և թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2025 թվականի որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դիմումով պահանջը հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ չի դիտարկվել՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
Օրենսգրքի՝ «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը» վերտառությամբ 237-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է.
«3. Դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր»:
Հիշյալ դրույթը չի փոփոխվել և/կամ լրացվել:
3. Գործի քննության առիթը Արմանուշ Հարությունյանի՝ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
4. Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2026 թվականի հունվարի 22-ի ՍԴԴԿՈ-10 որոշմամբ Արմանուշ Հարությունյանի դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության:
5. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 6-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի ապրիլի 14-ին:
6. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 3-ի ՍԴԱՈ-43 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել է և նշանակվել 2026 թվականի մայիսի 19-ին:
7. Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 20-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշմամբ, հաշվի առնելով, որ 2026 թվականի մայիսի 19-ին նշանակված հիշյալ գործի դատաքննությունը չի կայացել, գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի մայիսի 26-ին:
8. Սահմանադրական դատարանի՝ 2026 մայիսի 26-ի ՍԴԱՈ-91 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, մասերով, կարճվել է:
Գործի դատավարական նախապատմությունը
9. Թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), ուսումնասիրելով Արմանուշ Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, 2025 թվականի հունիսի 16-ին որոշել է.
«Արմանուշ Հուլյանոսի Հարությունյանի կողմից ներկայացված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին դիմումի ընդունումը մերժել:
(...)»:
Դիմումին կից ներկայացվել են նաև 26.02.2020 թ. տեղեկանքը Հովհաննես Վոլոդյայի Ավետիսյանի մահվան ակտի գրանցման վերաբերյալ, որի համաձայն՝ նա մահացել է 02.12.2015 թ., ինչպես նաև Հովհաննես Վոլոդյայի Ավետիսյանի վերաբերյալ համապատասխան տվյալների մուտքագրմամբ Ժառանգական գործերի շտեմարանում արդյունք չգտնվելու մասին՝ համապատասխան կայքից արտահանված նյութը (https://www.e-notary.am/inheritCases):
Դատարանի վերոնշյալ որոշման մեջ նշված է.
«(...) Դատարանը եզրահանգում է, որ հատուկ վարույթի կարգով կարող է քննվել միայն սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող փաստի հաստատման վերաբերյալ այնպիսի գործ, որում առկա չէ որևէ անձի ուղղված նյութաիրավական պահանջ, փաստացի առկա չեն հակադիր շահերով օժտված կողմեր, առկա չէ իրավունքի մասին վեճ, ինչպես նաև դիմողն ունի համոզմունք, որ որևէ այլ անձ վիճելի գույքի վերաբերյալ հավակնություն չունի և բացառվում է իրավունքի վերաբերյալ վեճի ծագման հնարավորությունը կամ սեփականատերն անհայտ է:
Արմանուշ Հուլյանոսի Հարությունյանը հատուկ վարույթի կարգով քննության նպատակով Դատարան է ներկայացրել դիմում՝ Դատարանից խնդրելով Անշարժ Գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը։
Տվյալ դեպքում դիմող Արմանուշ Հարությունյանը հատուկ վարույթով քննության համար Դատարան է ներկայացվել դիմում՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով՝ Դատարանից խնդրելով Անշարժ Գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը։
Վերոգրյալը հիմք ընդունելով՝ Դատարանը, սույն գործով դիմումի ընդունելության հարցը որոշելու նպատակով առերևույթ ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը, արձանագրում է, որ դիմող Արմանուշ Հարությունյանն իր դիմումում շարադրել է փաստական հանգամանքներ այն մասին, որ Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.2024 [1994] թ. թիվ 29 որոշմամբ Անշարժ Գույքը հատկացվել է քաղաքացի Հովհաննես Վոլոդիայի Ավետիսյանին: Անշարժ Գույքի նկատմամբ Հովհաննես Վոլոդիայի Ավետիսյանի սեփականության իրավունքը չի գրանցվել: 2002 թ. Հովհաննես Ավետիսյանն Անշարժ Գույքը տրամադրել է Արմանուշ Հարությունյանին, իսկ որոշ ժամանակ անց Հովհաննես Ավետիսյանը Անշարժ Գույքը 3.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Արմանուշ Հարությունյանին: Անշարժ Գույքի արժեքը վճարելուց հետո Արմանուշ Հարությունյանը Անշարժ Գույքը իրենն է համարել և շուրջ 20 տարի բնակվում է այդ գույքի հասցեում: Դիմող Արմանուշ Հարությունյանը դիմումին կից Դատարան է ներկայացրել նաև արխիվային տեղեկանք այն մասին, որ Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.2024 [1994]թ. թիվ 29 որոշմամբ Անշարժ Գույքը հատկացվել է քաղաքացի Հովհաննես Վոլոդիայի Ավետիսյանին:
Այսպիսով, դիմումում Արմանուշ Հարությունյանի կողմից վկայակոչված փաստերից և դիմումին կից վերջինիս կողմից Դատարան ներկայացված փաստաթղթերից ուղղակիորեն հետևում է, որ դիմողին հայտնի է եղել այն հանգամանքը, որ Անշարժ Գույքի նկատմամբ իրավունքներ կրող անձ է հանդիսացել Հովհաննես Ավետիսյանը, և դիմողը կարող էր կանխատեսել սույն գործով իրավունքի մասին վեճի ծագման հնարավորությունը: Ավելին, նույնիսկ այն դեպքում, եթե Հովհաննես Ավետիսյանը չի վիճարկում դիմողի կողմից վիճելի գույքը բարեխիղճ, բացահայտ, տասը տարի անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետելու փաստերը, նշվածը չի բացառում իրավունքի մասին վեճի առկայությունը: Այլ կերպ ասած, անկախ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերի անվիճելի լինելու հանգամանքից, չի կարող բացառվել իրավունքի մասին վեճի հնարավորությունը:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա են հակադիր շահերով օժտված կողմեր՝ դիմողը և Հովհաննես Ավետիսյանը՝ ում Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.2024 [1994]թ. թիվ 29 որոշմամբ հատկացված է եղել Անշարժ Գույքը: Ուստի Դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում իրականում առկա է իրավունքի մասին վեճ, ընդ որում էական չէ, թե արդյոք հակադիր շահով օժտված կողմը ընդունում է դիմողի վկայակոչած փաստերը, թե՝ ոչ, կարևոր է, որ վերջինս դիմումի նկատմամբ առարկելու իրավունք ունի:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ դիմողի կողմից ներկայացված պահանջը կարող է քննվել միայն հայցային վարույթի կարգով, քանի որ վիճելի գույքի նկատմամբ հնարավոր հավակնություններ ունեցող անձը դիմողին հայտնի է, ուստի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք ապահովելու անհրաժեշտությունից և դատական ռեսուրսներն արդյունավետ կերպով օգտագործելու պահանջից ելնելով՝ դիմողն իր իրավունքների դատական պաշտպանությունը պետք է նախաձեռնի և իրականացնի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելով տվյալ գույքի նկատմամբ հնարավոր հավակնություններ ունեցող անձի նկատմամբ, ուստի Դատարանը գտնում է, որ դիմողի պահանջը հատուկ վարույթի կարգով քննվել չի կարող:
Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով թվարկված են հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերը, սակայն նշված նորմով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործերի հատուկ վարույթի կարգով քննության ընթացակարգ նախատեսված չէ։
Դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի բովանդակությունից, ինչպես նաև թիվ ԵԿԴ/2333/02/16 քաղաքացիական գործով 27.07.2021 թ. կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունից հետևում է, որ ի թիվս այլ փաստերի, հատուկ վարույթի կարգով կարող է հաստատվել նաև անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու փաստը:
Տվյալ դեպքում դիմող Արմանուշ Հարությունյանը Դատարան ներկայացված դիմումով խնդրել է ոչ թե հաստատել Անշարժ Գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք իր կողմից տիրապետելու փաստը, այլ Դատարանից խնդրել է ճանաչել իր սեփականության իրավունքը Անշարժ Գույքի նկատմամբ՝ Անշարժ Գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք իր կողմից տիրապետելու փաստը ներկայացնելով որպես գոյություն ունեցող և իր պահանջի հիմք հանդիսացող փաստացի տվյալներ:
Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ սույն գործը քաղաքացիական դատավարության կարգով (հատուկ վարույթի կարգով) քննության ենթակա չէ, ուստի, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումը, Դատարանը գտնում է, որ սույն դիմումի ընդունումը պետք է մերժել: Ընդ որում, Դատարանի այս որոշումը չի կարող ընկալվել որպես անձի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակում, այն հաշվառմամբ, որ դիմողը զրկված չէ հայցային վարույթով դատարան դիմելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»:
10. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով Դատարանի՝ 2025 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ Արմանուշ Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, 2025 թվականի հուլիսի 29-ին որոշել է.
«1. Արմանուշ Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։ Թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2025 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
(...)»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ որոշման մեջ նշված է.
«Քննարկվող պարագայում հայցվորը հատուկ վարույթի շրջանակներում դիմում ներկայացնելով Դատարան խնդրել է անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը Դատարան է դիմել դիմումի միջոցով, այսինքն՝ վերջինս ակնկալում է գործի քննության իրականացում կա՛մ հատուկ վարույթի, կա՛մ դատավարական օրենսգրքով նախատեսված այլ վարույթի կարգով, սակայն ոչ հայցային վարույթի կարգով:
(...)
Տվյալ դեպքում, դիմողը ներկայացրել է «ձեռքբերման վաղեմության ուժով ՀՀ, ք Գյումրի, Անի թաղամաս, 9-րդ փողոց, շենք 5, թիվ 38 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու» պահանջ, և վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ սեփականության իրավունքի երեք իրավազորություններին վերաբերող գործերը հանդիսանում են իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր, որոնք քննվում են հատուկ վարույթի կարգով, իսկ ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի տիրապետման ճանաչումը հանդիսանում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, որի ճանաչման պայմաններում դիմողը կարող է անշարժ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք։
(...)
Այսպիսով, վերոգրյալից հետևում է, որ քաղաքացիական դատավարության հատուկ վարույթը գործերի քննության այնպիսի դատավարական ընթացակարգ է, որն իրավունքի մասին դատարանի քննությանը ենթակա վեճի բացակայությամբ ուղղված է քաղաքացիների օրենքով պահպանվող և իրավական բնույթ ունեցող շահերի պաշտպանությանը: Ընդ որում, իրավաբանական փաստերը նյութական իրավունքի նորմերի կողմից արժևորվող այն հանգամանքներն ու իրադարձություններն են, որոնց առկայության կամ բացակայության հետ նույն նյութական իրավունքի նորմերը կապում են որոշակի իրավական հետևանքներ` քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների ծագման, փոփոխման կամ դադարման հետ: Մասնավորապես` դատարանն իրավունք ունի քննել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումը, եթե փաստը դիմողի համար ունի իրավաբանական նշանակություն, այսինքն` տվյալ կոնկրետ դեպքում կարող է իրավական հետևանքներ առաջացնել, փոփոխել, դադարեցնել անձնական կամ գույքային իրավունքներ: Միևնույն ժամանակ, որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի տեսակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է հատուկ վարույթի կարգով այնպիսի գործ քննելու դատարանի պարտականությունը, որը վերաբերում է սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից բխում է, որ հատուկ վարույթի կարգով հաստատման է ենթակա սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը, այսինքն, արդեն իսկ ծագած սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը, այլ ոչ թե անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման/ծագման փաստի հաստատումը։ Այսինքն, հատուկ վարույթի կարգով կարող է հաստատվել սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստն այն դեպքում, երբ այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն արդեն իսկ գոյություն ունի, սակայն իրավատերը քաղաքացիաիրավական շրջանառությունում հնարավորություն չունի հանդես գալու որպես գույքի սեփականատեր ինչ-ինչ պատճառներով /օրինակ, սեփականության իրավունքի առկայության մասին վկայող փաստաթղթի ոչնչացում, կորուստ, վնասում և այլն/, մինչդեռ Դատարանն այս ընթացակարգով չի հաստատում սեփականության իրավունքի ծագումը։ Իրավական իմաստով սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու կառուցակարգը կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրավաբանորեն արձանագրել իրավական վիճակը, սակայն այս դատավարական կառուցակարգը կիրառելի չէ նոր իրավունքի ստեղծման համար։
Ուստի, սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող դիմումները, որոնք բովանդակային առումով կապված են ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հետ, կարող են ներկայացվել անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու փաստերի հաստատման համար:
Այսինքն, դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի թույլատրելի շրջանակում անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու վերաբերյալ գործերը ներառված չեն։ Այլ կերպ ասած՝ գործող դատավարական օրենսդրությամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն ընդհանուր հայցային վարույթի կարգով։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմողը ներկայացրել է այնպիսի պահանջ, որն իր հերթին չի հանդիսանում հատուկ վարույթի կարգով քննարկման ենթակա, քանի որ այդպիսի պահանջով գործի տեսակ նախատեսված չէ հատուկ վարույթի կարգով քննարկման ենթակա գործերի ցանկում: Ընդ որում, նման իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է ամփոփիչ հետևության առ այն, որ վերաքննիչ բողոքում բերված պնդումներն ու փաստարկները չեն ծառայում Դատարանին վերագրված դատական սխալների առկայությունն արձանագրելու բողոք բերած անձի նպատակին, հետևաբար վերաքննիչ բողոքը բավարարվել չի կարող: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ Վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ»:
Դիմողի դիրքորոշումները
11. Դիմողը, ներկայացնելով թիվ ՇԴ/3260/02/22 և ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, մասնավորապես, նշում է. «Թիվ ՇԴ/3260/02/22 քաղաքացիական գործով (...) Դատարանը 27.10.2023 թվականի վճռով գտել է, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը պետք է ներկայացվի վեճի առարկա անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ դեմ, որպիսի պայմաններում միայն դատարանը հնարավորություն կունենա պատշաճ կերպով գնահատել կողմերի դրսևորած վարքագիծը՝ բարեխղճության ծագման փաստի հաստատման տեսանկյունից։ Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ անշարժ գույքը ունի գրանցված սեփականատեր և, ըստ այդմ, կողմերի միջև առկա է իրավունքի մասին վեճ։ Դատարանի համոզմամբ, այլ է իրավունքի պաշտպանության եղանակը, երբ գույքը չունի գրանցված սեփականատեր, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռել նման իրավահարաբերության մասնակիցներին իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինել հատուկ վարույթների միջոցով»:
12. Դիմողը հավելում է. «Հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված պատճառաբանությունները՝ (…) 05.06.2025թ. հատուկ վարույթով դիմում է ներկայացրել Դատարան՝ Բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով»:
13. Դիմողը նշում է. «Թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով Դատարանը 16.06.2025 թվականին կայացրել է որոշում Դիմումի ընդունումը մերժելու մասին՝ արձանագրելով, որ Արմանուշ Հարությունյանի կողմից վկայակոչված փաստերից և դիմումին կից վերջինիս կողմից Դատարան ներկայացված փաստաթղթերից ուղղակիորեն հետևում է, որ դիմողին հայտնի է եղել այն հանգամանքը, որ Անշարժ Գույքի նկատմամբ իրավունքներ կրող անձ է հանդիսացել Հովհաննես Ավետիսյանը, և դիմողը կարող էր կանխատեսել սույն գործով իրավունքի մասին վեճի ծագման հնարավորությունը: Ավելին, նույնիսկ այն դեպքում, եթե Հովհաննես Ավետիսյանը չի վիճարկում դիմողի կողմից վիճելի գույքը բարեխիղճ, բացահայտ, տասը տարի անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետելու փաստերը, նշվածը չի բացառում իրավունքի մասին վեճի առկայությունը: (...) Դատարանը գտել է, որ դիմողի կողմից ներկայացված պահանջը կարող է քննվել միայն հայցային վարույթի կարգով(...):
Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով թվարկված են հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերը, սակայն նշված նորմով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործերի հատուկ վարույթի կարգով քննության ընթացակարգ նախատեսված չէ»:
14. Դիմողը նշում է նաև, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 29.07.2025 թ. որոշմամբ իր վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ դատարանը հատուկ վարույթի ընթացակարգի շրջանակներում չի հաստատում սեփականության իրավունքի ծագումը, այլ միայն կարող է արձանագրել իրավական վիճակը:
15. Դիմողը, մեջբերելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և Օրենսգրքի համապատասխան դրույթները, այդ թվում՝ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը («Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր ևս»), ընդգծում է. «(...) հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերում՝ քննության առարկա է հանդիսանում միայն դիմողի որևէ գույքային կամ ոչ գույքային իրավունքի ճանաչումը, փոփոխումը և դադարումը: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասը չի սահմանում, որ դատարանը քննում է այն գործերը, որոնք վերաբերում են գույքի սեփականության իրավունքի ճանաչմանը, օրենսդրի կողմից հատուկ շեշտադրում է կատարվել՝ այն գործերը, որոնք վերաբերում են շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերին և սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը՝ թողնելով իրավական անորոշություն նշված գործերի քննության կապակցությամբ, թե արդյո՞ք նշված գործերի մեջ ենթադրվում է նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջը ձեռքբերման վաղեմության ուժով՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործ»:
16. Դիմողը նշում է. «(…) մի դեպքում Դատարանը, քննության առնելով Արմանուշ Հարությունյանի հայցային վարույթով ներկայացված հայցապահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, վերջինիս հայցը մերժել է և փաստել է, որ Արմանուշ Հարությունյանը ընտրել է սխալ դատական պաշտպանության եղանակ՝ հաշվի առնելով, որ չունի շահագրգիռ անձի հետ վեճ՝ հայցային վարույթով նման պահանջ ներկայացնելիս և պետք է պահանջը ներկայացներ հատուկ վարույթի շրջանակներում, իսկ երբ Արմանուշ Հարությունյանը դիմել է դատական պաշտպանության հատուկ վարույթի շրջանակներում՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումի պահանջով, վերջինիս դիմումի ընդունումը մերժվել է Դատարանի կողմից»:
17. Դիմողը հավելում է. «Այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված գործերը թերի են սահմանված, արձանագրել է նաև Վճռաբեկ դատարանը, 27.07.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/2333/02/16 քաղաքացիական գործով, անդրադառնալով դատական կարգով հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակին՝ նշելով, որ թեև ինչպես Նախկին օրենսգրքով, այնպես էլ՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է այդ փաստերի հնարավոր շրջանակը, սակայն այն սպառիչ չէ, և դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կարող է քննել իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ: Նման օրինակ կարող է հանդիսանալ անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից համապատասխան դիմումի ներկայացումը դատարան՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու վերաբերյալ փաստերի հաստատման մասին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը թվարկված հանգամանքներն իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր են, որոնց միաժամանակյա առկայությունը հանգեցնում է տվյալ անշարժ գույքի նկատմամբ շահագրգիռ սուբյեկտի սեփականության իրավունքի ծագմանը։ (...)
Այսինքն՝ թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով Արմանուշ Հարությունյանի դիմումը ընդունումը մերժվելիս և վերջինիս դատարան դիմելու իրավունքը սահմանափակվելիս հաշվի չի առնվել դատաիրավական պրակտիկայում Վճռաբեկ դատարանի վերը նշված գործով վկայակոչված իրավական դիրքորոշումները, որով անձի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը դիտարկվել է որպես հատուկ վարույթով ընդունելի պահանջ այն դեպքերում, երբ իրապես անշարժ գույքը սեփականատեր չունի և որևէ այլ անձ նշված գույքով ենթադրյալ հավակնություններ չունի և առկա չէ իրավունքի մասին վեճ, ինչը որ սույն դեպքում և առկա է։ (...)»:
18. Դիմողը եզրահանգում է. «Նման պայմաններում գտնում եմ, որ սահմանափակվել է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, քանի որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դատական պաշտպանության կառուցակարգը լիարժեք չի նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով և առաջնահերթ տարբերակված մոտեցում է դրսևորել տիրազուրկ շարժական գույքի և տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննության միջև՝ չնախատեսելով տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի հատուկ վարույթ, մյուս դեպքում տարբերակված մոտեցում է դրսևորել անշարժ գույքի սեփականության իրավունքի տիրապետման՝ որպես հատուկ վարույթով նախատեսված իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ գործի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ գործերի միջև, ինչն ակնհայտորեն սահմանափակում է դատական պաշտպանություն հայցող անձի` սույն դեպքում Դիմողի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանափակել՝ Դիմողի սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության իրավունքների իրացումը, քանի որ մի դեպքում շահագրգիռ անձին օրենսդիրը տվել է իրավունք իր՝ անշարժ գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթով դիմելու, իսկ մի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջով հատուկ վարույթով դիմելու իրավունք չի նախատեսել, նման պայմաններում առաջանում է իրավական անորոշություն, անհամաչափություն և ոչ արդարացված մոտեցում, այդ թվում օրենսդրական բաց, որը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջով անձի՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ հատուկ վարույթի գործերով նշված գործերի չնախատեսմամբ»:
Պատասխանողի դիրքորոշումները
19. Ազգային ժողովը, վկայակոչելով Սահմանադրության 60, 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածները, մեջբերելով վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումներ, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումներում արտացոլված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(...) Դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների մեկնաբանությունը, հաշվի առնելով այդ ամբողջ հոդվածի (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի տարածքային ընդդատությունը), գլխի (Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթը), բաժնի (Հատուկ վարույթներ) կարգավորման համատեքստը, ցույց է տալիս, որ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և դրանց հաստատման ընթացքը քննվում են հատուկ վարույթի շրջանակներում: Հետևաբար անձը զրկված չէ՝ գույքի փաստացի տիրապետման հանգամանքի՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթի շրջանակներում դիմում ներկայացնելու իրավունքից: Ասվածից բխում է, որ սույն դեպքում անձը քննարկվող գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով իրավունք ունի դիմելու դատարան, որի հաստատման պարագայում վերջինս ձեռք կբերի սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմության հիմքով):
(...)
(...) Դիմողը, վիճարկվող դրույթի շրջանակներում զրկված չի եղել ներկայացնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման դիմում, որտեղ կարող էր նշել, թե ինչ նպատակի համար է նրան անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը (այն է՝ սեփականության իրավունքի ձեռքբերում (ձեռքբերման վաղեմություն)), որի հաստատման արդյունքում անձը ձեռք կբերեր սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)՝ իր կողմից տիրապետվող գույքի նկատմամբ:
Ասվածից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հանգամանքից կարող են ծագել իրավունքներ, որը սույն դեպքով անձի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերումն է: Այստեղ խոսքը չի վերաբերում արդեն իսկ գոյություն ունեցող սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը (Դատավարության օրենսգրքի հոդված 237, մաս 2, կետ 8), այլ տվյալ դեպքում անձի մոտ ծագում է սեփականության իրավունքը՝ Դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ փաստերի հաստատման արդյունքում, երբ դատարանը հաստատում է այնպիսի փաստ, որի հետևանքով անձի մոտ ծագում է գույքային իրավունք: Սեփականության իրավունքը ինքնին չի հանդիսանում փաստ, այլ՝ որոշակի փաստերի հաստատումն ու ամրագրումն է հանգեցնում սեփականության իրավունքի ծագմանը:
(...)
(...) Դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթների համակարգային համատեքստում ակներև է այն հանգամանքը, որ չկա որևէ արգելք, անձի կողմից տվյալ գույքի փաստացի տիրապետման փաստի ուժով, տվյալ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք՝ հատուկ վարույթի շրջանակներում:
Վերոնշյալի լույսի ներքո կարելի է արձանագրել, որ վիճարկվող դրույթներն իրենց իրավակարգավորիչ դերով ոչ միայն չեն սահմանափակում անձի սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքները, այլև հանդիսանում են արդյունավետ երաշխիքներ դրանց պատշաճ իրացման համար: Մասնավորապես, վիճարկվող դրույթների ուժով անձը հնարավորություն է ստանում ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերել սեփականության իրավունք՝ այդպիսով անխոչընդոտ կերպով իրացնելով իր սահմանադրական իրավունքները»:
20. Պատասխանողը հավելում է. «(...) հատուկ վարույթի շրջանակներում անձը զրկված չէ փաստի հաստատման ուժով ձեռք բերել սեփականության իրավունք: Այլ կերպ՝ վիճարկվող դրույթները թույլ են տալիս անձի կողմից գույքի փաստացի տիրապետման փաստի հաստատումը:
Տվյալ դեպքում հաստատված փաստը կարող է հետագայում հիմք հանդիսանալ իրավունքի առաջացման համար, և այդ դեպքում դատարանը ոչ թե ճանաչում է իրավունքը, այլ միայն հաստատում է փաստը:
(...)
Ուստի, եթե իրավունքի վեճը փաստացի բացակայում է, եթե հատուկ վարույթով հաղթահարվելու է իրավական անորոշությանը, ապա տվյալ դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով անձի սեփականության՝ որպես հետևանք ծագող իրավունքը հանդիսանում է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի, այդ թվում՝ սեփականության իրավունքի պատշաճ իրացման համար կարևոր երաշխիք: Ընդ որում, նշված պայմանների առկայությունը կամ բացակայությունը գնահատվում է դատարանի կողմից՝ այդ մասին կայացնելով դատական ակտ: Ինչն էլ իր հերթին ինքնանպատակ չէ, քանի որ անձի կողմից կոնկրետ գույքի տիրապետումը, դրա բացահայտ կերպով լինելը, անձի բարեխիղճ լինելը, գույքի տիրապետման անընդհատությունը գնահատողական իրավական կատեգորիաներ են և դատարանն այս պայմաններում իրականացնում է իրավական որակավորում, որոշելով քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև առերևույթ փոխադարձ կապի առկայությունը կամ բացակայությունը»:
21. Պատասխանողը գտնում է, որ «(...) օրենսդիրը քննարկվող իրավակարգավորումը սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը և այդպիսի ընթացակարգի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը, մասնավորապես՝ փաստի հաստատման հիմքով օրենսդրական կառուցակարգերի համատեքստում ապահովված է ձեռքբերման վաղեմության հիմքով ծագող սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը»:
22. Պատասխանողը պնդում է, որ տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ, քանի որ վիճարկվող դրույթների համատեքստում անձը հատուկ վարույթի շրջանակներում հնարավորություն ունի գույքը տիրապետելու փաստի հաստատման պահանջով դիմելու դատարան, որի հաստատման արդյունքում ձեռք բերել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք:
23. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Սահմանադրական վեճի քննության շրջանակը
24. Սույն գործով սահմանադրական վեճը հանգում է Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության սահմանադրականությանը, որի համաձայն՝ դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործերի թույլատրելի դատավարական շրջանակում տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու վերաբերյալ քաղաքացիական գործերն ուղղակիորեն ներառված չլինելու հետևանքով գործող դատավարական օրենսդրությամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն ընդհանուր հայցային վարույթի կարգով:
25. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն սահմանադրական վեճը դիտարկել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված այն մեկնաբանության պայմաններում, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ դիմումները քննվում են հատուկ վարույթի կարգով՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման շրջանակներում:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
26. Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.
- արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված վերոնշյալ մեկնաբանությունը չի խախտում Դիմողի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորության ապահովման համատեքստում:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
27. Սահմանադրական դատարանը սույն գործով վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշման շրջանակում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ սեփականության իրավունքը՝ որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն (կետ 4.1):
28. Սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգում ունեցած ընդգծված կարևորությունն արձանագրված է, առաջին հերթին, Սահմանադրության՝ սահմանադրական կարգի հիմունքների ներքո արտացոլված՝ «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
29. Սեփականության հիմնական իրավունքի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներն ամրագրված են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածում։
30. Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել են սեփականության իրավունքի բովանդակությանը, այդ համատեքստում՝ «օրինական ակնկալիք» եզրույթի բովանդակության բացահայտմանը:
31. Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշմամբ արձանագրված է. «(...) Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (8-րդ կետ):
32. Սահմանադրական դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման 14-րդ կետում արձանագրված է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։
33. Սահմանադրական դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 որոշմամբ արձանագրված է. «(...) սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ.
- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,
- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (6-րդ կետ):
34. Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում նշել է. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը: Միևնույն ժամանակ, սահմանադիրը նշված իրավունքների իրականացումը երաշխավորելու` պետության պոզիտիվ պարտականության կատարումը պայմանավորում է բացառապես օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությամբ: Հետևաբար, միայն օրինական հիմքով ձեռք բերված սեփականության դեպքում անձը հանրային իշխանություններից կարող է պահանջել սեփականության հիմնական իրավունքի մաս կազմող` վերը նշված իրավունքների իրականացման երաշխավորում» (6-րդ կետ):
35. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները ևս վկայում են, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (Trgo v. Croatia, գանգատ թիվ 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, § 44):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «օրինական ակնկալիք» (J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. The United Kingdom, գանգատ թիվ 44302/02, 30.08.2007, § 61): «Ակնկալիքը» համարվում է օրինական, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (Saghinadze and others v. Georgia, գանգատ թիվ 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, § 103):
36. Պետության պոզիտիվ պարտավորությունն է երաշխավորել ինչպես արդեն իսկ օրենքով սահմանված կարգով ճանաչված սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը, այնպես էլ անձի՝ օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի անխոչընդոտ կենսագործումը, ինչի հետ խաչվում է նաև ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման ինստիտուտը:
37. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով։
38. Որպես սեփականության իրավունքի ձեռքբերման ինքնուրույն հիմք՝ օրենսդիրը դիտարկում է նաև ձեռքբերման վաղեմությունը:
Օրենսգրքի՝ «Ձեռքբերման վաղեմություն» վերտառությամբ 187-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք:
39. Սահմանադրական դատարանն իր՝ 2006 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-667 որոշմամբ, անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական բովանդակությանը, արձանագրել է. «Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի՝ որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում։
Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև՝ բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք։ Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները։ ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը։ Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն»։
40. Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է վերը թվարկված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
41. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:
42. Այսպիսով, ձեռքբերման վաղեմությունը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող քաղաքացուն կամ իրավաբանական անձին ժամանակի ընթացքում գույքի նկատմամբ ձևավորված փաստացի տիրապետությունը, եթե այն ապահովված է կայունությամբ, զերծ է իրավական միջամտությունից և երրորդ անձանց շրջանակներում ճանաչելի է սոցիալական վարքագծով, փոխակերպել սեփականության իրավունքի:
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական հնարավորությունը սերտորեն փոխկապակցված է գույքը տիրապետողի՝ վերջինիս տիրապետմանն ուղղված վարքագծի հետ, քանզի այդ ինստիտուտի կիրառմամբ անձը (գույքը տիրապետողը) կարող է ձեռք բերել սեփականության իրավունք, եթե դրսևորել է օրենքով սահմանված համապատասխան վարքագիծ: Այնուամենայնիվ, նշված ինստիտուտի կիրառումը պետք է իրականացվի քաղաքացիաիրավական հարաբերությունների համապատասխան մասնակիցների շահերի ողջամիտ հավասարակշռվածության ապահովման պայմաններում, որպեսզի երաշխավորվի նաև գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող անձանց իրավական պաշտպանությունը, իսկ անշարժ գույքի տիրազուրկ լինելու պարագայում առանձնակի կարևորվում են նաև քաղաքացիա-դատավարական արդյունավետ ընթացակարգերի սահմանումն ու կիրառումը:
43. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր՝ 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է.
«(...)
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման» (4.1-ին կետ):
44. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Տիրազուրկ գույք» վերտառությամբ 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
(...)
3. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:
4. Տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի Օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Օրենսգրքի 2-րդ բաժինը սահմանում է առաջին ատյանի դատարանում վարույթների տեսակներն ու դրանց իրականացման ընթացակարգերը, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգը (հայցային վարույթ), հատուկ հայցային վարույթները և հատուկ վարույթները:
45. Վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով 2016 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ, անդրադառնալով հայցային վարույթի և հատուկ վարույթի կարգով գործերի քննության առանձնահատկություններին, նշել է.
«(...) յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատարանի գործողությունը, որը կարգավորվում է քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերով: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով:
Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը»:
46. Թիվ ԵԴ/3061/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է.
«(...) հատուկ վարույթի, այդ թվում նաև՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի հիմնական նպատակն այնպիսի փաստերի վեր հանումը և հստակեցումն է, որոնց հետ օրենսդիրը կապում է դիմումատուի որոշակի իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը և դադարումը: Այլ կերպ ասած՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի (հատուկ վարույթ) վարույթը կոչված է վերացնել այն փաստական հանգամանքների անորոշությունը, որոնք անմիջականորեն կապված են դիմողի՝ օրենքով պաշտպանվող շահերի հետ: Ըստ այդմ էլ՝ այդ վարույթում ենթակա չէ քննության որևէ նյութաիրավական պահանջ, այլ՝ տվյալ վարույթում հաստատման են ենթակա այնպիսի փաստեր, որոնք անհրաժեշտ են դիմումատուին՝ օրենքով իրեն վերապահված իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Հատուկ վարույթի վերջնական նպատակը նույնպես նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, բայց այդ նպատակն այս վարույթում իրականացվում է ոչ թե խախտված կամ վիճարկվող իրավունքը վերականգնելու միջոցով, ինչպես դա կատարվում է հայցային վարույթում, այլ՝ իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացիների որոշակի իրավական վիճակը, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այս կամ այն իրավունքը հաստատելու միջոցով, որի հիման վրա դիմողը հնարավորություն է ստանում իրավասու մարմիններում (ոչ դատական) իրացնել իր իրավունքները և օրինական շահերը: Հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ` իրավունքի մասին վեճի բացակայությունը։ Դատարանը հետևություններ չի անում դիմողի խնդրանքով հաստատված փաստերից բխող իրավունքների և պարտականությունների մասին: Այդ փաստերի հիման վրա ծագող իրավունքների իրականացման հարցը լուծում են իրավասու անձինք և մարմինները՝ սոցիալական ապահովության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլ մարմինները: Հատուկ վարույթի կարգով քննվող գործերով հնարավոր է ծագի համապատասխան փաստի հաստատման վերաբերյալ վեճ, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փաստի հաստատումն իր հերթին պահանջում է համապատասխան ապացույցների կազմ»:
47. Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թ.)՝ «Գույքը տիրազուրկ ճանաչելու գործերի վարույթը» վերտառությամբ 33-րդ գլխի ներքո արտացոլված 186-րդ հոդվածով սահմանված էր.
«(…) Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան»:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերին վերաբերում էր 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածը:
48. Օրենսգրքի՝ «Հատուկ վարույթի կարգով քննվող գործերը»վերտառությամբ 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.
1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը.
2) շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը.
(...)»:
49. Օրենսգրքի՝ «Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը» վերտառությամբ 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է, ի թիվս այլնի, քաղաքացիների գույքային իրավունքների ծագումը: Օրենսգրքի հիշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի քննությանը ենթակա գործերի շրջանակը: Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
50. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերը հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքում թեև ուղղակիորեն ամրագրված չեն, իրավակիրառ պրակտիկայում դրանք դիտարկվում են որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման շրջանակներում քննվող գործեր՝ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում դիտարկվելով որպես «այլ փաստեր»:
51. Այսպես՝ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2333/02/16 քաղաքացիական գործով 2021 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ արձանագրել է. «Անդրադառնալով դատական կարգով հաստատման ենթակա իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի շրջանակին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ինչպես Նախկին օրենսգրքով, այնպես էլ՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է այդ փաստերի հնարավոր շրջանակը, սակայն այն սպառիչ չէ, և դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կարող է քննել իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ: Նման օրինակ կարող է հանդիսանալ անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից համապատասխան դիմումի ներկայացումը դատարան՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու վերաբերյալ փաստերի հաստատման մասին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերը թվարկված հանգամանքներն իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր են, որոնց միաժամանակյա առկայությունը հանգեցնում է տվյալ անշարժ գույքի նկատմամբ շահագրգիռ սուբյեկտի սեփականության իրավունքի ծագմանը։ Ընդ որում, այն դեպքում, երբ նշված փաստերի հաստատման վերաբերյալ դիմումը հատուկ վարույթի կարգով քննելիս վեճ է ծագում իրավունքի մասին, դատարանը պարտավոր է դիմումը թողնել առանց քննության։ Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիմքով շահագրգիռ անձի դատական պաշտպանության իրավունքը կարող է իրականացվել թե ընդհանուր հայցային, և թե հատուկ վարույթի կարգով։ Հատուկ վարույթի կարգով դատական պաշտպանության իրավունքի իրականացումն այս դեպքում կարող է կենսագործվել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վարույթում՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու մասին փաստերի հաստատման դիմումի ներկայացմամբ և քննությամբ։ Նման կառուցակարգը պետք է կիրառելի լինի բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը համոզմունք ունի առ այն, որ որևէ այլ անձ տվյալ գույքի վերաբերյալ հավակնություն չունի և բացառվում է իրավունքի վերաբերյալ վեճի ծագման հնարավորությունը կամ սեփականատերն անհայտ է։
Հակառակ պարագայում, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք ապահովելու անհրաժեշտությունից և դատական ռեսուրսներն արդյունավետ կերպով օգտագործելու պահանջից ելնելով՝ շահագրգիռ անձն իր իրավունքների դատական պաշտպանությունը պետք է նախաձեռնի և իրականացնի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելով տվյալ գույքի նկատմամբ հնարավոր հավակնություններ ունեցող անձանց նկատմամբ»:
52. Հաշվի առնելով խնդրո առարկա հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ գործերով փաստերի հաստատումը, որոնցից կախված է օրենքով նախատեսված՝ քաղաքացիների գույքային իրավունքների ծագումը, դատարանի կողմից ենթակա է քննության հատուկ վարույթի կարգով՝ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան1:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178 և 187-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերել տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ, եթե ձեռքբերման վաղեմության շրջանակներում անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող քաղաքացու կամ իրավաբանական անձի՝ այդ գույքի տիրապետումը համապատասխանի օրենքով նախատեսված պահանջներին, այն է՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետի այդ գույքը որպես իր սեփականը, որպիսի փաստերի հաստատումն իրականացվում է Օրենսգրքի 236 և 237-րդ հոդվածներով՝ հատուկ վարույթի կարգով քննվող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերով:
Հետևաբար՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորությունն իրավակիրառ պրակտիկայում իրացվում է Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ չշեղվելով մարդու իրավունքների գերակայությունը երաշխավորող սահմանադրական հունից:
53. Փաստորեն, օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու հավակնություն ունեցող անձը, հատուկ վարույթի կարգով դիմում ներկայացնելով, կարող է պահանջել՝ այդ գույքը որպես իր սեփականը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, որոնց միաժամանակյա առկայությունը հանգեցնելու է նշված անշարժ գույքի նկատմամբ շահագրգիռ անձի սեփականության իրավունքի ծագմանը:
54. Վերոնշյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանը փաստում է.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով) 2025 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ արձանագրել է. «Ուստի, սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը վերաբերող դիմումները, որոնք բովանդակային առումով կապված են ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հետ, կարող են ներկայացվել անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու փաստերի հաստատման համար:
Այսինքն, դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի թույլատրելի շրջանակում անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու վերաբերյալ գործերը ներառված չեն։ Այլ կերպ ասած՝ գործող դատավարական օրենսդրությամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն ընդհանուր հայցային վարույթի կարգով»։
55. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ Օրենսգրքի 237-րդ հոդվածի վերաբերյալ վերոնշյալ մեկնաբանության առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գույքի տիրապետմանը վերաբերող դիմումները, որոնք բովանդակային առումով կապված են ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հետ, ներկայացվում են անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու իրավաբանական նշանակության փաստերի հաստատման գործերի քննության կարգով՝ հատուկ վարույթի շրջանակներում:
56. Միևնույն ժամանակ, Դիմողի՝ դիմումի խնդրամասում արտացոլված խնդրանքը՝ «անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը» ձևակերպվելու արդյունքում մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի թույլատրելի շրջանակում անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու վերաբերյալ գործերը ներառված չեն։ Այլ կերպ ասած՝ գործող դատավարական օրենսդրությամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջները կարող են ներկայացվել միայն ընդհանուր հայցային վարույթի կարգով», ինչի առնչությամբ հարկ է նշել, որ գործող դատավարական օրենսդրությամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջները չեն կարող ներկայացվել ընդհանուր հայցային վարույթի կարգով, երբ առկա չէ նյութաիրավական վեճ:
57. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի հիշյալ մեկնաբանությունից հետևում է, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելու վերաբերյալ գործերը, ներառված չլինելով դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի թույլատրելի դատավարական շրջանակում, ենթակա չեն քննության հատուկ վարույթի կարգով:
Միաժամանակ, հայցային վարույթի կարգով գործերի քննությանը ներհատուկ հատկանիշի՝ նյութաիրավական վեճի բացակայության պայմաններում դրանք, փաստորեն, չեն կարող քննության ենթակա լինել նաև հայցային վարույթների շրջանակում:
58. Սահմանադրական դատարանը գտնում է, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ գործերով դատարան դիմող անձի պահանջի ձևակերպման ոչ բավարար հստակությունը դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ինքնին, չի կարող դառնալ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմք. դատարանների կողմից պահանջի ձևակերպման մասով ձևապաշտական մոտեցման որդեգրումը խաթարում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրական բովանդակությունը: Այն դեպքերում, երբ դիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ անձը փաստացի պահանջում է վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար օրենքով նախատեսված պարտադիր պայմանների միաժամանակյա առկայության հաստատում, դատարանը դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս իր սահմանադրական առաքելության շրջանակներում պետք է առաջնորդվի դիմումի իրական նպատակով և դիմումի բովանդակության, նյութական պահանջի էության բացահայտմամբ, այլ ոչ թե պահանջի բառացի ձևակերպման թերություններով։ Դատավարական ձևի գերակայությունը իրավունքի նկատմամբ չի կարող դիտարկվել որպես արդարացված սահմանափակում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին։
59. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի, այն է՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ անձի կողմից որպես իր սեփական գույքը տիրապետելու փաստերի հաստատման ուժով այդ իրավունքի ճանաչմանն ուղղված հատուկ ընթացակարգի վերջնարդյունք է. ուստի՝ գույքային իրավունքի ճանաչումը որևէ պարագայում չի նույնացվում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ, և գույքային իրավունքի ճանաչումը ներառում է մի շարք իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, առանց որոնց հնարավոր չէ լուծել այդ իրավունքի ճանաչման հարցը: Հետևաբար՝ Օրենսգրքի 236 և 237-րդ հոդվածներով՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ Դիմողի կողմից սեփականության իրավունք ձեռք բերելու վերաբերյալ գործերը՝ հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքում նախատեսված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության շրջանակներում փորձ է արվել երաշխավորելու ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված նյութական իրավունքի դատավարական (ընթացակարգային) պաշտպանության կառուցակարգ՝ նշված իրավունքի արդյունավետ իրացման և դատական պաշտպանության միջոցով ապահովման համար: Նման պայմաններում իրավակիրառ պրակտիկայում տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ գործերով դատարան դիմող անձի կողմից՝ «անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի» ձևակերպմամբ հատուկ վարույթի կարգով դատարան ներկայացված դիմումը վարույթ ընդունելը ձևականացված մոտեցմամբ մերժելը խոչընդոտում է նշված նյութական իրավունքի արդյունավետ իրացմանը դատական պաշտպանության միջոցով:
60. Դատարանների կողմից դիմումի պահանջի ձևակերպման շուրջ ձևական մոտեցման որդեգրումը փաստացի հանգեցնում է անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման։ Հետևաբար՝ իրավակիրառ պրակտիկայում պահանջի հստակ ձևակերպման մասով խիստ ձևականացված մոտեցման դրսևորումը չպետք է վերածվի նյութական իրավունքի իրացման արգելքի:
61. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ գործերով դատարանը հատուկ վարույթի կարգով իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի շարքում իրավասու է քննելու նաև օրենքով նախատեսված պարտադիր պայմանների՝ անշարժ գույքը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելու հանգամանքների համակցված առկայության հաստատման վերաբերյալ դիմողի պահանջը։
Միևնույն ժամանակ, իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա նյութական իրավունքի նկատմամբ դատավարական ձևականության գերակայության հաղթահարման միտումով՝ ապահովելով դիմումը վարույթ ընդունելու փուլում ներկայացված պահանջի բովանդակային գնահատումը։ Այն դեպքերում, երբ դիմումի էությունից ակնհայտ է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով ներկայացված պահանջը, թեև ձևակերպված է որպես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ, այնուամենայնիվ, ըստ էության ենթադրում է ձեռքբերման վաղեմության իրավական նախադրյալների՝ նշված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի միաժամանակյա հաստատման անհրաժեշտություն, դատարանները պետք է առաջնորդվեն դիմումի նյութական նպատակով՝ հաղթահարելով պահանջի ձևակերպման խստությունը և ապահովելով դրանց ըստ էության քննությունը՝ երաշխավորելով դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը: Ընթացակարգային որևէ խոչընդոտ չի կարող գերակայել արդարադատության շահին:
62. Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերով դատարան դիմող անձի պահանջի ձևակերպման ոչ բավարար հստակությունը դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ինքնին, չի կարող դառնալ անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմք, որպիսի պայմաններում դատարանը պետք է առաջնորդվի դիմումի բուն էությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերով դատարան դիմող անձի պահանջի ձևակերպման ոչ բավարար հստակությունը դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ինքնին, չի կարող դառնալ անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմք, որպիսի պայմաններում դատարանը պետք է առաջնորդվի դիմումի բուն էությամբ:
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է վերոնշյալ մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
__________________________
1 Օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի առնչությամբ իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղով, որի պայմաններում նշված դրույթը մեկնաբանվում և կիրառվում է այնպես, որ հատուկ վարույթի կարգով հաստատման է ենթակա արդեն իսկ ծագած սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը, այլ ոչ թե անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման/ծագման փաստը։
Նախագահող 26 մայիսի 2026 թվականի ՍԴՈ-1830
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|