ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 1994 թ. N 159

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեն ընդունել կատարման ըստ հաշվարկային եկամուտների` 20355543,3 հազար դրամ, ըստ ծախսերի` 27767857,7 հազար դրամ, 7412314,4 հազար դրամ բյուջեի դեֆիցիտով, համաձայն N 1 հավելվածի:*)

2. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեն ընդունել կատարման եկամուտների գծով` 15050669,9 հազար դրամ, ծախսերի գծով` 22462984,3 հազար դրամ, և դրանք նախատեսել ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, առանձին ոլորտների և ուղղությունների, համաձայն N 2 հավելվածի:  

3. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը նախատեսել 7412314,4 հազար դրամ:

4. Նախատեսել 1994 թվականին Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին մասհանումներ`

հողի հարկից` 100,0 տոկոս, պետական պահուստի հողերի և արոտավայրերի վարձակալության վճարից` 50,0 տոկոս.

ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից, համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և իրավապահ մարմինների պահպանման ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն N 4 հավելվածի:

6. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեում լուսավորության, մշակույթի և գիտության գծով ծախսերն ըստ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:

7. Սահմանել Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեներին Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեից հատկացվող դոտացիաների ու նպատակային սուբվենցիաների չափերը, համաձայն N 8 հավելվածի:

8. 1994 թվականին ՀՀ կապի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարության երկաթգծի, ՀՀ պետական առևտրային բաժնետիրական բանկերի, ապահովագրական մարմինների, ոչ պետական վիճակախաղեր կազմակերպող ձեռնարկությունների, ՀՀ կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության հայկական ինստիտուտի, «Հայավտոսերվիս» ՊՁ-ի, «Մոսկվիչ» տեխսպասարկման կայանի, «Արարատ-Լադա» բաժնետիրական ընկերության, «Ավտոտեխսպասարկում ԻԺ» ԱՄ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» ՊՁ-ի, արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհրդի, ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության, տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի, ինչպես նաև ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ենթակայության ձեռնարկությունների շահութահարկն ու հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարն ամբողջությամբ հաշվանցել հանրապետական բյուջե:

9. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1994 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ`

ա) թույլատրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1994 թվականին առանձին օրենքներ ընդունելու դեպքում փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում և դրան համապատասխան հանրապետական ու տեղական բյուջեների միջև սահմանազատել այդ հարկերը.

ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի կուրսի փոփոխությունից, անհրաժեշտության դեպքում վերահաշվակել և ճշտել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հաշվարկային ծավալները.

մինչև 1995 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1993 թվականին Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված 1493,0 հազար դրամ գումարով միջպետական վարկի մարումը.

բ) սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնում է փաստացի ստացված եկամուտների սահմաններում` ելնելով բյուջեի կառուցվածքի համամասնություններից.

գ) սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական և տեղական բյուջեներով ընթացիկ պահպանությանն ուղղվող հատկացումներից պաշտպանության են ենթակա և բյուջեների կատարման ընթացքում ամբողջությամբ են ֆինանսավորվում հետևյալ հոդվածները` 

աշխատավարձ (դրամական ապահովում), հաշվի առած սոցիալական ապահովության հատկացումները.

թոշակներ և կրթաթոշակներ.

նպաստներ.

սննդի ձեռքբերման ծախսեր (մթերային ապահովում).

դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերման ծախսեր.

միջազգային պայմանագրերով նախատեսված ծախսեր.

դ) սահմանել է Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեից պետական կենտրոնացված կապիտալ ներդրումների ֆինանսավորման գծով լրացուցիչ հատկացումների գումարը` 1,4 մլրդ դրամ, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրականացնի բյուջեի կատարման ընթացքում լրացուցիչ հայթայթվող եկամուտների հաշվին.

ե) սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների բյուջեների համար բյուջետային տարին սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին.

զ) թույլատրել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացնել 4,7 մլրդ դրամ վարկ` մեկ տարի ժամկետով, հետագայում վերանայելու պայմանով, վարկի օգտագործման համար տոկոսավճարը սահմանելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 50,0 տոկոսի չափով.

է) հանձնարարել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ապահովել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դրամարկղային պլանի սահմանված կարգով կատարումը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար բյուջետային միջոցները հատկացնել ելնելով փաստացի ստացված եկամուտների սահմաններում հաստատված բյուջեի կառուցվածքի համամասնություններից, ընդ որում, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, սոցիալական ապահովության հատկացումների, թոշակների, կրթաթոշակների, սննդի ու դեղորայքի, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված ծախսերի գծով հատկացումները կատարել բյուջեով նախատեսված չափերով` առաջնային կարգով.

բ) ուժեղացնել պետական բյուջեով հատկացվող միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը, լուրջ ուշադրություն դարձնել 1993 թվականի ընթացքում վարկային էմիսիայից ձեռնարկություններին և կազմակերպություններին տրամադրված վարկերի դիմաց տոկոսավճարի ժամանակին ու ամբողջությամբ բյուջե հավաքագրմանը և հատկացված վարկերի մարման գծով նրանց պարտավորությունների կատարմանը.

գ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1994 թվականին Հայաստանի Հանրապետության ներքին շահող փոխառության և գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի (868,0 մլն դրամ ընդհանուր գումարով) թողարկման կազմակերպման համար և դրանց իրացումից ստացված եկամուտները ամբողջությամբ հաշվանցել հանրապետական բյուջե` դեֆիցիտի ծածկման նպատակով.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հանրապետական բյուջեի միջոցների հաշվին հատկացնել 653,4 մլն դրամ միջպետական վարկ.

ե) ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի կուրսի փոփոխությունից, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի վերահաշվարկման վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին դոտացիաները և նպատակային սուբվենցիաները բյուջեի կատարման ընթացքում հատկացնել հաշվի առնելով տեղական բյուջեների եկամուտների փաստացի մակարդակը, բայց սույն որոշման N 8 հավելվածում նախատեսված հատկացումներից ոչ ավելի.

է) «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1994 թվականին առանձին օրենքների ընդունման դեպքում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում և դրան համապատասխան հանրապետական ու տեղական բյուջեների միջև սահմանազատել այդ հարկերը.

ը) Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի հետ կնքել պայմանագրեր`

Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով մեկ տարի ժամկետով 4,7 մլրդ դրամ վարկ ստանալու վերաբերյալ, հետագայում վերանայելու պայմանով, բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի 50,0 տոկոսի չափով վարկի օգտագործման դիմաց տոկոսավճարով.

Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող ոսկու պահուստը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վաճառելու վերաբերյալ.

թ) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծածկել հետևյալ աղբյուրների հաշվին`

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից 1993 թվականին տրամադրված վարկի իրացումից ստացվող եկամուտների` 854000.0 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկի միջոցների` 4700000,0 հազ. դրամ.

1994 թվականի գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի իրացումից եկամուտների` 835000,0 հազ. դրամ.

պետական ներքին շահող փոխառության պարտատոմսերի իրացումից եկամուտների` 33000,0 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության տնօրինության տակ գտնվող ոսկու պահուստի վաճառքից եկամուտների` 990314,4 հազ. դրամ:

11. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1994 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտները ժամանակին և ամբողջությամբ բյուջե հավաքագրելու համար:

12. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`

ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել համապատասխան համակարգի ձեռնարկությունների կողմից պետական բյուջեով նախատեսված` հարկային վճարումների գծով պարտավորությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու, ինչպես նաև բյուջեից նրանց հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործումն ապահովելու համար.

բ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի ցուցանիշներով համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության գծով նախատեսված ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռները (ֆինանսական պլանները) և ծախսերի նախահաշիվները` տարեկան ու եռամսյակային բաշխումով:

13. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի մասին» որոշումը կիրարկելու օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել, քննարկել և հաստատել համապատասխան շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեները.

բ) տեղական բյուջեներում դոտացիաներն ու սուբվենցիաները, ինչպես նաև հանրապետական հարկերից` ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից մասհանումները նախատեսել սույն որոշման N 8 հավելվածով նախատեսված չափերով.

գ) տեղական բյուջեների եկամուտների թերակատարման դեպքում բյուջեով նախատեսված ծախսերի կատարումն ապահովել ստացված եկամուտների և իրենց տրամադրության տակ եղած ֆինանսական ռեսուրսների սահմաններում:

 

_________

*) Հավելվածները չեն բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ