ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-231-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքը (այսուհետ՝ Օրենք) շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքները, սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաև կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման և համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, կարգավիճակի, պաշտոնից ազատման և ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Դիվանագիտական ծառայության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է դիվանագիտական ծառայության մարմինների և դրանցում դիվանագիտական պաշտոններ և դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:

2. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում օտարերկրյա քաղաքացիների կամ այդ պետության մշտական բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով նաև տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև այդ պետության հետ կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համապատասխան պահանջները:

3. Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմի պաշտոնների անվանացանկը և դրույքաչափը սահմանվում են արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 3. Դիվանագիտական ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Դիվանագիտական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 4. Դիվանագիտական ծառայության խնդիրները

 

1. Դիվանագիտական ծառայության խնդիրներն են միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացնելը, միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ ու հետևողական ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը:

 

Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) դիվանագետ՝ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոն կամ դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձ.

2) դիվանագիտական ծառայություն` մասնագիտական գործունեություն, որը դիվանագիտական ծառայության մարմիններում իրականացնում են դիվանագետները սույն օրենքով և այլ իրավական ակտերով այդ մարմիններին վերապահված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման նպատակով.

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավար՝ արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցիչներ), գլխավոր հյուպատոս, գործերի հավատարմատար.

4) դիվանագիտական աստիճան՝ հատուկ դասային աստիճան, որը դիվանագետին շնորհվում է դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում.

5) ռոտացիա՝ արտաքին գործերի նախարարությունում կամ արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմնում (այսուհետ՝ ենթակա մարմին) և օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում իրար հաջորդող աշխատանքային փուլերով պաշտոնավարություն.

6) դիվանագետի ընտանիքի անդամ՝ ամուսին և մինչև 18 տարեկան երեխա:

 

Հոդված 6. Դիվանագիտական ծառայության մարմինները

 

1. Դիվանագիտական ծառայության մարմիններն են`

1) արտաքին գործերի նախարարությունը.

2) արտաքին գործերի նախարարությանը ենթակա մարմինը.

3) արտաքին գործերի նախարարությանը ենթակա` օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (այսուհետ՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին)`

ա. դեսպանությունները,

բ. միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները (այսուհետ՝ մշտական ներկայացուցչություն),

գ. հյուպատոսական հիմնարկները:

2. Օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ կարող է գործել դիվանագիտական գրասենյակ (այսուհետ՝ գրասենյակ):

3. Սույն հոդվածում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են արտաքին գործերի նախարարության համակարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Արտաքին գործերի նախարարությունը

 

1. Արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է Կառավարության արտաքին քաղաքականությունը` սույն օրենքով և այլ օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

 

Հոդված 8. Արտաքին գործերի նախարարության ղեկավարումը

 

1. Արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է արտաքին գործերի նախարարը:

2. Արտաքին գործերի նախարարի հրամանով արտաքին քաղաքականության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմնի գործունեության համակարգումը կարող է վերապահվել նախարարին, ինչպես նաև նախարարի տեղակալներին։

3. Արտաքին գործերի նախարարի տեղակալը գործում է արտաքին գործերի նախարարի կողմից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները իրեն հանձնարարված բնագավառներում:

4. Արտաքին գործերի նախարարի և տեղակալների լիազորությունները, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող հարցերը սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, սույն օրենքով և արտաքին գործերի նախարարության կանոնադրությամբ:

 

Հոդված 9. Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և նրա տեղակալը

 

1. Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ գլխավոր քարտուղար) պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:

2. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է:

 

Հոդված 10. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինները

 

1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմիններն իրականացնում են պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ և ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունն այդ պետությունում և (կամ) միջազգային կազմակերպությունում:

2. Մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպությունում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` մշտական ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն և այլն:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է արտաքին գործերի նախարարին:

4. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները և գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի կանոնադրությունը հաստատվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

5. Կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով կցորդներ, ռազմական և առևտրական կցորդներ կամ ներկայացուցիչներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչներ:

6. Պաշտպանության հարցերով կցորդները, ռազմական կցորդները և ներկայացուցիչները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:

7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնին կից Կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ և ներկայացուցիչներ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:

8. Սույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների և ներկայացուցիչների տեղակալների և օգնականների հաստիքները սահմանվում են վարչապետի որոշմամբ՝ իրավասու մարմնի ներկայացմամբ՝ համաձայնեցված արտաքին գործերի նախարարության հետ:

9. Սույն հոդվածում նշված կցորդները և ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների և ներկայացուցիչների տեղակալները և օգնականները՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով՝ համաձայնեցված արտաքին գործերի նախարարության հետ:

10. Սույն հոդվածում նշված կցորդները և ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

11. Սույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության հարցերով կցորդների, ռազմական կցորդների և ներկայացուցիչների տեղակալների ու օգնականների պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, ծառայության անցնելու և ծառայությունը դադարեցնելու, ինչպես նաև կարգավիճակի, գործունեության և լիազորությունների շրջանակի, նրանց և նրանց ընտանիքների անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:

 

Հոդված 11. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ստեղծումը և լուծարումը

 

1. Դեսպանությունն ստեղծվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

2. Դեսպանությունը կարող է լուծարվել Կառավարության որոշմամբ` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:

3. Մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:

4. Հյուպատոսական հիմնարկն ստեղծվում և լուծարվում է Կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ և պայմաններով:

5. Գրասենյակն ստեղծվում և լուծարվում է վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

6. Դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և (կամ) միջազգային կազմակերպություններում:

7. Դեսպանությունը և մշտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով անհրաժեշտության դեպքում կարող են որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:

8. Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության հետ փոխադարձ համաձայնությամբ կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

 

Հոդված 12. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները

 

1. Դեսպանության գործառույթներն են`

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան օտարերկրյա պետությունում (այսուհետ` դեսպանընկալ պետություն) և ապահովել պաշտոնական հարաբերություններն այդ պետության հետ.

2) խրախուսել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության ու դեսպանընկալ պետության միջև բարեկամական հարաբերությունները և նպաստել փոխշահավետ կապերի զարգացմանը քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում.

3) պաշտպանել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը դեսպանընկալ պետությունում.

4) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.

5) նպաստել դեսպանընկալ պետության հետ կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

6) վարել բանակցություններ դեսպանընկալ պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ.

7) իրականացնել միջազգային իրավունքի նորմերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործառույթներ.

8) օրինական միջոցներով հավաքել, մշակել ու Կառավարությանը տրամադրել տեղեկություններ դեսպանընկալ պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին:

2. Մշտական ներկայացուցչության գործառույթներն են`

1) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջազգային կազմակերպությունում և ապահովել պաշտոնական հարաբերություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպություններում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

2) պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը տվյալ միջազգային կազմակերպությունում.

3) պարզաբանել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը.

4) նպաստել միջազգային կազմակերպության հետ կամ դրա շրջանակում կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը.

5) վարել բանակցություններ միջազգային կազմակերպության հետ, ինչպես նաև այդ միջազգային կազմակերպությունում օտարերկրյա պետությունների մշտական ներկայացուցչությունների հետ.

6) օրինական միջոցներով հավաքել, մշակել և Կառավարությանը տրամադրել տեղեկություններ տվյալ միջազգային կազմակերպությունում տեղի ունեցող գործընթացների մասին:

3. Դեսպանությունը և մշտական ներկայացուցչությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով իրենց վերապահված այլ գործառույթներ:

 

Հոդված 13. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարումը

 

1. Դեսպանության ղեկավար կարող է լինել արտակարգ և լիազոր դեսպանը կամ գործերի հավատարմատարը` տվյալ պետության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իսկ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար՝ մշտական ներկայացուցիչը:

2. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում և հետ են կանչվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Դիվանագիտական ներկայացուցիչները պաշտոնավարում են առավելագույնը հինգ տարի ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո դիվանագիտական ներկայացուցիչները կարող են նշանակվել այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում: Երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել ութ տարին: Դիվանագիտական ներկայացուցիչները կարող են հետ կանչվել սույն մասում նշված ժամկետից շուտ:

4. Դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվելուց հետո կարող են հրավիրվել Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով՝ հանդիպման կամ աշխատանքային քննարկման։

5. Դիվանագիտական ներկայացուցիչները ծառայության ընթացքում կարող են կանչվել խորհրդակցությունների առավելագույնը վեց ամիս ժամկետով: Մեկ ամսից ավելի ժամկետով խորհրդակցությունների կանչվելու դեպքում դիվանագիտական ներկայացուցիչներին չի տրամադրվում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի (տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա տրամադրվող) փոխհատուցումը։

6. Գործերի հավատարմատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է արտաքին գործերի նախարարը:

7. Հյուպատոսական հիմնարկը ղեկավարում է գլխավոր հյուպատոսը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է արտաքին գործերի նախարարը:

8. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի, իսկ անհնարինության դեպքում արտաքին գործերի նախարարի հրամանով կատարում է տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետներից մեկը՝ որպես գործերի ժամանակավոր հավատարմատար:

 

Հոդված 14. Դիվանագիտական ներկայացուցչի նշանակումը և հետկանչը

 

1. Դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, նշանակման դեպքում՝ կից հավատարմագրով:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին՝ նշանակման դեպքում ստորագրելով հավատարմագիրը:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, դիվանագիտական ներկայացուցիչը նշանակված կամ հետ կանչված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում և ստորագրում նշանակման հավատարմագիրը: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և այն հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում:

7. Դիվանագիտական ներկայացուցչին պաշտոնավարման ժամկետից շուտ հետ կանչելու ընթացակարգերի վրա տարածվում են սույն հոդվածի դրույթները:

 

Հոդված 15. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի` իր պարտականությունների կատարմանն անցնելու սկիզբը և ավարտը

 

1. Արտակարգ և լիազոր դեսպանն իր պարտականությունների կատարմանն է անցնում դեսպանընկալ պետության ղեկավարին այդ պաշտոնում իր նշանակվելու մասին հավատարմագիրը հանձնելուց կամ այդ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին իր նշանակվելու մասին հավատարմագրի պատճենը հանձնելուց հետո` դեսպանընկալ պետությունում ընդունված կարգի համաձայն:

2. Գործերի հավատարմատարն իր պարտականությունների կատարմանն է անցնում այդ պաշտոնում իր նշանակվելու մասին արտաքին գործերի նախարարի նամակը դեսպանընկալ պետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին հանձնելուց անմիջապես հետո կամ այդ պետությունում ընդունված կարգի համաձայն:

3. Միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչն իր պարտականությունների կատարմանն է անցնում միջազգային կազմակերպության ղեկավարին (գլխավոր քարտուղարին) իր նշանակման մասին արտաքին գործերի նախարարի նամակը հանձնելուց հետո:

4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ դադարեցնում է դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունները հետևյալ դեպքերում.

1) գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

2) միջազգային իրավունքով նախատեսված դեպքերում.

3) սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-րդ կետերում, ինչպես նաև 3-րդ մասի 1-7-րդ կետերում նշված դեպքերում:

5. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո գրանցվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետին գրանցելու և ռեզերվից հանելու կարգին համապատասխան:

6. Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն չզբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո չի կարող նշանակվել արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոնի, բացառությամբ արտաքին գործերի նախարարի համապատասխան որոշման:

 

Հոդված 16. Հատուկ հանձնարարություններով դեսպանը և հատուկ առաքելությունները

 

1. Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք:

 

Հոդված 17. Հյուպատոսական հիմնարկի գործունեության կարգավորումը

 

1. Հյուպատոսական հիմնարկն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է արտաքին գործերի նախարարությանը:

2. Հյուպատոսական հիմնարկը տվյալ օտարերկրյա պետությունում իր գործունեությունն իրականացնում է դեսպանության անմիջական քաղաքական ղեկավարությամբ:

3. Հյուպատոսական հիմնարկների գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները

 

1. Արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների և դիվանագիտական ծառայության պաշտոնների:

2. Քաղաքական պաշտոններն են՝

1) արտաքին գործերի նախարար.

2) արտաքին գործերի նախարարի տեղակալ:

3. Վարչական պաշտոններն են՝

1) արտակարգ և լիազոր դեսպան.

2) միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ.

3) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավար.

4) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ:

4. Հայեցողական պաշտոններն են՝

1) հատուկ հանձնարարություններով դեսպան.

2) արտաքին գործերի նախարարի խորհրդական.

3) արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար.

4) արտաքին գործերի նախարարի օգնական.

5) արտաքին գործերի նախարարի տեղակալի օգնական:

5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերում նշված պաշտոնները, սույն օրենքի իմաստով, համարվում են դիվանագիտական պաշտոններ, և այդ պաշտոններում նշանակված անձանց պաշտոնավարման ժամանակահատվածը հավասարեցվում է դիվանագիտական ծառայությանը, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն սույն օրենքին համապատասխան շնորհված դիվանագիտական աստիճան:

6. Արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝

1) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարչության պետ).

2) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի խորհրդական.

3) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի վարիչ (պետ).

4) արտաքին գործերի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կամ ենթակա մարմնի բաժնի խորհրդական.

5) առաջին քարտուղար.

6) երկրորդ քարտուղար.

7) երրորդ քարտուղար.

8) կցորդ:

7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոններն են՝

1) գործերի հավատարմատար.

2) գլխավոր հյուպատոս.

3) դեսպանորդ-լիազոր նախարար.

4) խորհրդական.

5) հյուպատոս.

6) առաջին քարտուղար.

7) փոխհյուպատոս.

8) երկրորդ քարտուղար.

9) երրորդ քարտուղար.

10) կցորդ:

8. Արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ այդ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք քաղաքացիական ծառայողներ են:

 

Հոդված 19. Դիվանագիտական աստիճանները

 

1. Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական:

2. Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են`

1) արտակարգ և լիազոր դեսպան.

2) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:

3. Դիվանագիտական աստիճաններն են`

1) ավագ խորհրդական.

2) խորհրդական.

3) առաջին քարտուղար.

4) երկրորդ քարտուղար.

5) երրորդ քարտուղար.

6) կցորդ:

 

Հոդված 20. Դիվանագիտական ծառայության պաշտոնների և դիվանագիտական աստիճանների հարաբերակցությունը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանների ցանկը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 21. Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք

 

1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ:

2. Վարչապետի առաջարկությանը կցվում է համապատասխան դիվանագիտական աստիճան շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում համապատասխան դիվանագիտական աստիճան շնորհելու վերաբերյալ:

6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, դիվանագիտական աստիճանը շնորհված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը, և այն հրապարակվում է Կառավարության պաշտոնական կայքէջում:

7. Դիվանագիտական աստիճանները շնորհում է արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

8. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց, որոնք մինչև տվյալ պաշտոնների նշանակվելն զբաղեցրել են դիվանագիտական ծառայության պաշտոններ և չունեն բարձրագույն դիվանագիտական աստիճան, արտաքին գործերի նախարարի հրամանով կարող է շնորհվել հերթական, ժամկետից շուտ, արտահերթ՝ մինչև երկու ավելի բարձր դիվանագիտական աստիճան:

 

Հոդված 22. Դիվանագիտական աստիճանի շնորհումը

 

1. Սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված մրցույթի հիման վրա, ինչպես նաև սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված կարգով պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանն անցնելուց հետո:

2. Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում.

1) խորհրդական` առնվազն չորս տարի.

2) առաջին, երկրորդ և երրորդ քարտուղարներ` առնվազն երեք տարի.

3) կցորդ՝ առնվազն երկու տարի:

Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված կարգով պաշտոնի նշանակված անձանց կարող է շնորհվել երրորդ քարտուղար դիվանագիտական աստիճան՝ կցորդ դիվանագիտական աստիճանի շնորհումից մեկ տարի հետո:

3. Հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման նպատակով ատեստավորումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նշված ժամկետը լրանալուց հետո՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում: Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մինչև երկու ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճան կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան կարող է շնորհվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:

 

Հոդված 23. Դիվանագիտական աստիճանը պահպանելը և դրանից զրկելը

 

1. Դիվանագիտական աստիճանները շնորհվում են ցմահ:

2. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 3-րդ մասի 2-րդ և 4-8-րդ կետերով սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման կամ դիվանագիտական ծառայության դադարման դեպքում Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ, կամ արտաքին գործերի նախարարը կարող է տվյալ ազատված անձին զրկել իր շնորհած դիվանագիտական աստիճանից:

3. Դիվանագիտական աստիճանից զրկելու վերաբերյալ հրամանագիրը Հանրապետության նախագահի կողմից չստորագրվելու դեպքում ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ

 

Հոդված 24. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն, բավարարում է համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները, և չկան նրան պաշտոնի նշանակելու համար սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նկարագիրը և դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը սահմանվում են արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները։

 

Հոդված 26. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-8-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու նպատակով՝ այդ պաշտոններն արտամրցութային կարգով չհամալրվելու դեպքում:

2. Մրցույթ անցկացնելու մասին մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարությունը, մրցույթի դրվող պաշտոնի նկարագիրը և մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հրապարակվում են մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ արտաքին գործերի նախարարության կայքէջում:

3. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի դրված պաշտոնի նկարագրի պահանջներին համապատասխան մասնագիտություն և անհրաժեշտ աշխատանքային ստաժ ունեցողները:

4. Մրցույթի անցկացման կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 27. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու այլ կարգը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնը կարող է համալրվել արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնն արտամրցութային կարգով համալրվում է հետևյալ դեպքերում.

1) արտաքին գործերի նախարարության միևնույն կառուցվածքային ստորաբաժանումում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան.

2) արտաքին գործերի նախարարության ենթակա մարմնից կառուցվածքային ստորաբաժանումում, կառուցվածքային ստորաբաժանումից ենթակա մարմնում կամ մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանումում հավասարազոր կամ ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում.

3) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում ավելի բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է այդ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան.

4) սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-5-րդ կետերում նշված պաշտոններից ազատվելիս արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում պաշտոնի նշանակվելու դեպքում, եթե դիվանագետը բավարարում է տվյալ պաշտոնի նկարագրի պահանջները և ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան.

5) սույն օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկով ծառայությունը վաղաժամկետ դադարելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում.

6) սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն գործուղված դիվանագետին արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում՝ գործուղման ժամկետի ավարտից հետո.

7) սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիվանագիտական ակադեմիայում պատրաստում անցած և բարձր ցուցանիշներով ավարտած անձանց արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում.

8) սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում.

9) սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց պաշտոնի նշանակվելու դեպքում:

3. Դիվանագիտական ծառայության պաշտոնը համալրվում է ռոտացիայի սկզբունքով՝ սույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնից արտաքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումում կամ ենթակա մարմնում հավասարազոր պաշտոնի նշանակվելու դեպքում:

 

Հոդված 28. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակումը կատարվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 29. Փորձաշրջանը

 

1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով:

2. Փորձաշրջանի ընթացքում ստուգվում է անձի մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին:

3. Փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ եզրակացություն է տալիս համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, որի վերաբերյալ տեղեկացվում է փորձաշրջան անցնող անձը:

4. Փորձաշրջան անցնելու կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 30. Դիվանագետի երդումը

 

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված փորձաշրջանի ավարտից հետո առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված անձը մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նիստում արտաքին գործերի նախարարի ներկայությամբ տալիս է հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության դիվանագետի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել դիվանագետի բարձր կոչումը»:

2. Դիվանագետն ստորագրում է երդման տեքստը, և նրան հանդիսավորությամբ շնորհվում է Հայաստանի Հանրապետության դիվանագետի վկայական, որի ձևը սահմանում է արտաքին գործերի նախարարը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ. ՌՈՏԱՑԻԱՆ, ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ

 

Հոդված 31. Դիվանագետի ռոտացիան

 

1. Առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետի ծառայությունն սկսվում է արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում:

2. Դիվանագետի ծառայությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով՝ արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն 18 ամիս, այնուհետև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երկու տարի իրար հաջորդող աշխատանքային փուլերով:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

4. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության ընթացքում դիվանագետի համաձայնությամբ թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության այլ մարմին ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով, պայմանով, որ պահպանվեն սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետները:

5. Գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելիս ռոտացիան ընթանում է արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն մեկ տարի, այնուհետև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում՝ երեք տարի ժամկետով ծառայելու սկզբունքով: Գլխավոր հյուպատոսի պաշտոնավարման ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

6. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նշանակումն օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մեկ այլ մարմին:

7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել`

1) անձնական դիմումի համաձայն.

2) գործառույթները կատարելու անհնարինության դեպքում.

3) միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ հանգամանքներ առաջանալու դեպքում.

4) ծառայողական անհրաժեշտության դեպքում:

8. Ռոտացիայի կարգը և դրա համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանվում են արտաքին գործերի նախարարի հրամանով:

9. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-5-րդ կետերում նշված պաշտոններից օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում նշանակում կատարվում է, եթե դիվանագետն ունի այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճան:

 

Հոդված 32. Կարճաժամկետ գործուղումը

 

1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատանքներին աջակցելու նպատակով դիվանագետն իր համաձայնությամբ կարող է գործուղվել օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին: Կարճաժամկետ գործուղումը չի կարող գերազանցել վեց ամիսը:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին կարճաժամկետ գործուղված դիվանագետին, աշխատավարձից բացի, վճարվում են ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություն մեկնած դիվանագետի համար նախատեսված փոխհատուցումը, բնակարանային փոխհատուցումը, Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, անհետաձգելի դեպքերում տրամադրվում է նաև բժշկական ապահովագրություն:

3. Եթե օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին գործուղումը գերազանցում է երկու ամիսը, ապա դիվանագետին վճարվում են նաև սույն օրենքով դիվանագետի ընտանիքի անդամների համար նախատեսված փոխհատուցումները։

4. Կարճաժամկետ գործուղման ընթացքում պահպանվում է դիվանագետի աշխատավարձը արտաքին գործերի նախարարությունում:

 

Հոդված 33. Գործուղումը

 

1. Դիվանագետն իր համաձայնությամբ արտաքին գործերի նախարարությունից կամ ենթակա մարմնից կարող է գործուղվել Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ՝ արտաքին գործերի նախարարության և համապատասխան մարմնի միջև գրավոր համաձայնության դեպքում:

2. Գործուղման ժամանակահատվածում դիվանագետը համարվում է դիվանագիտական ծառայության մեջ, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:

3. Հանրապետության նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովի աշխատակազմից, վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք կարող են գործուղվել արտաքին գործերի նախարարության համակարգ՝ արտաքին գործերի նախարարության և համապատասխան մարմնի միջև գրավոր համաձայնության դեպքում:

4. Արտաքին գործերի նախարարությունից կամ ենթակա մարմնից Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային ժողովի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմից, Ազգային ժողովի աշխատակազմից, վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից արտաքին գործերի նախարարության համակարգ գործուղման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

Հոդված 34. Դիվանագետի ատեստավորումը

 

1. Դիվանագետի ատեստավորումն իրականացնում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովը սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-8-րդ կետերում և 7-րդ մասի 4-10-րդ կետերում նշված դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետին դիվանագիտական աստիճան շնորհելու, ինչպես նաև սահմանված կարգով իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով:

2. Ատեստավորումն իրականացվում է հարցազրույցի միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ատեստավորումն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության միջոցով, եթե մրցութային-ատեստավորող հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:

4. Դիվանագետի արտահերթ ատեստավորում կարող է իրականացվել դիվանագետի հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արտահերթ կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհելու դեպքում:

5. Դիվանագետի ատեստավորման կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 35. Դիվանագետի վերապատրաստումը

 

1. Դիվանագետի վերապատրաստումն իրականացվում է դիվանագետի դիմումով կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն իրականացված ատեստավորման արդյունքով մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշման հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում, օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում կազմակերպվող դասընթացներին մասնակցության միջոցով:

2. Դիվանագետի վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են արտաքին գործերի նախարարության` պետական բյուջեով հաստատված միջոցների հաշվին, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին` իրենց հրավերով, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով:

3. Դիվանագետի վերապատրաստման կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

4. Մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման դեպքում պահպանվում է դիվանագետի աշխատավարձը:

 

Հոդված 36. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են այն դիվանագետները, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոնից հետևյալ հիմքերից որևէ մեկով.

1) արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ միջազգային կազմակերպությունում աշխատանքի անցնելը՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը.

2) արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ մինչև երեք տարի ժամկետով ուսանելը կամ գիտական գործունեությամբ զբաղվելը.

3) սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի.

4) սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հիմքով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելը՝ մինչև մեկ տարի ժամկետով.

5) սույն օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձը՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը.

6) սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձինք՝ մինչև մեկ տարի ժամկետով։

2. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում մինչև մեկ տարի ժամկետով կարող են գրանցվել նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

3. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետին գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 37. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը

 

1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքով դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:

2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանվում են արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 38. Դիվանագետի էթիկայի հանձնաժողովը

 

1. Դիվանագետի վարքագծի կանոնները (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) կամ անհամատեղելիության պահանջները կամ դիվանագետի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է դիվանագետի էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով):

2. Դիվանագետի վարքագծի կանոնները սահմանում է արտաքին գործերի նախարարը։

3․ Էթիկայի հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանում է արտաքին գործերի նախարարը։

4․ Էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:

5․ Էթիկայի հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե նա, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով, վարույթի մասնակցի հետ փոխկապակցված անձ է կամ առնչվում է քննարկվող հարցին և դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ կամ որևէ կերպ շահագրգռված է տվյալ գործի ելքով։

6․ Դիվանագետը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար։

 

Հոդված 39. Էթիկայի հանձնաժողովի լիազորությունները

 

1․ Էթիկայի հանձնաժողովը՝

1) քննում է դիվանագետի վարքագծի կանոնների (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների), անհամատեղելիության պահանջների, դիվանագիտական ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների և շահերի բախման կանոնների վերաբերյալ ենթադրյալ խախտումները․

2) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին՝ ուղղված դիվանագետի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների վերաբերյալ խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը․

3) վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների, ինչպես նաև անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

2․ Եթե ծառայողական քննության ընթացքում էթիկայի հանձնաժողովը պարզում է, որ խախտումն իր բնույթով չի հանդիսանում դիվանագետի նկատմամբ վարքագծի կանոնի, անհամատեղելիության պահանջի, այլ սահմանափակման և շահերի բախման կանոնի խախտում, և կատարված արարքը կարող է պարունակել այլ խախտման հատկանիշներ, ապա հանձնաժողովը դադարեցնում է ծառայողական քննությունը և միջնորդություն է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

 

Հոդված 40. Էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը

 

1․ Ծառայողական քննության արդյունքով էթիկայի հանձնաժողովն ընդունում է եզրակացություն խախտման առկայության կամ բացակայության մասին, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները։ Խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունը ներառում է դիվանագետին կարգապահական տույժի ենթարկելու մասին առաջարկություն։ Եզրակացությունը մեկօրյա ժամկետում ուղարկվում է ծառայողական քննության կողմերին և արտաքին գործերի նախարարին։

2․ Դիվանագետն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով նախարարին։

3․ Արտաքին գործերի նախարարը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է այն և արդյունքների հիման վրա ընդունում է դիվանագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում: Որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիվանագետին և էթիկայի հանձնաժողովին։

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 41. Դիվանագետի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

 

1. Ծառայողական պարտականությունները, հատուկ առաջադրանքները լավագույնս կատարելու, երկարամյա ծառայության, անբասիր աշխատանքի, ծառայության մեջ ունեցած նվաճումների համար դիվանագետի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրում.

4) հուշանվերով պարգևատրում.

5) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

6) կարգապահական տույժի հանում.

7) օրենքով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

2. Խրախուսանքի միջոցները կիրառում է արտաքին գործերի նախարարը:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը արտաքին գործերի նախարարի համաձայնությամբ կարող է կիրառել սույն հոդվածում նշված խրախուսանքի միջոցները:

4. Արտաքին գործերի նախարարության հուշամեդալով, մեդալով պարգևատրման կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Հոդված 42. Դիվանագետի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ անպատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները գերազանցելու կամ կարգապահական կանոնները կամ վարքագծի կանոնները (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) կամ անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելու դեպքում դիվանագետի նկատմամբ կարող է կիրառվել հետևյալ կարգապահական տույժերից որևէ մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) ծառայության դադարեցում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվում է բացառապես անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում:

3. Կարգապահական տույժերը կիրառում է արտաքին գործերի նախարարը:

4. Մինչև կարգապահական տույժ կիրառելը կարգապահական խախտում թույլ տված անձից պահանջվում է գրավոր բացատրություն:

5. Կարգապահական տույժը չի կիրառվում, եթե կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից անցել է երեք ամիս, իսկ կարգապահական խախտում կատարելու օրվանից՝ վեց ամիս:

6. Կարգապահական տույժ կիրառելու մասին անձին տեղեկացվում է կարգապահական տույժ կիրառելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

8. Եթե կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժ չի կիրառվել, ապա անձը համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

 

Հոդված 43. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման և ծառայության դադարման հիմքերը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատման հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.

3) հաստիքների կրճատումը.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը (բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի).

5) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

6) մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացությունը՝ ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին.

7) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը:

2. Դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատում է արտաքին գործերի նախարարը:

3. Դիվանագիտական ծառայության դադարման հիմքերն են՝

1) դիվանագետի մահը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.

3) ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությամբ տառապելը.

4) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելը.

5) ազատազրկման դատապարտելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը.

6) անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

7) դատական կարգով դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը.

8) դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու` սույն օրենքով սահմանված կարգը խախտելը:

4. Դիվանագիտական ծառայությունը դադարեցվում է արտաքին գործերի նախարարի հրամանով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 44. Դիվանագետի իրավունքները

 

1. Դիվանագետի իրավունքներն են`

1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված իրավունքները.

2) իր իրավասության շրջանակում որոշումներ ընդունելը՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով անմիջական ղեկավարի հետ, և հարցերի քննարկումներին մասնակցելը.

3) աշխատանքի, աշխատավարձի, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններով ապահովվածությունը.

4) սոցիալական ապահովությունը.

5) սահմանված կարգով դիվանագիտական աստիճանի բարձրացումը.

6) վերապատրաստումը, եթե չի իրականացվում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

7) ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

8) դիվանագիտական ծառայության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։

 

Հոդված 45. Դիվանագետի պարտականությունները

 

1. Դիվանագետի պարտականություններն են`

1) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պարտականությունները.

2) մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները մշտապես կատարելագործելը.

3) իր իրավասության շրջանակում մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելը.

4) իր իրավասության շրջանակում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելն ու օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

5) պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքը օրենքով սահմանված կարգով պահպանելը, այդ թվում` դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` օրենքով նախատեսված ժամկետի ընթացքում.

6) դիվանագետի էթիկայի և կարգապահական կանոնները պահպանելը:

 

Հոդված 46. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը

 

1. Դիվանագիտական ծառայության և դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանվում է արտաքին գործերի նախարարի հրամանով։

 

Հոդված 47. Դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները

 

1. Դիվանագետն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

4) խախտելու «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները, պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում` հրաժարվելու գաղտնիքին առնչվելու թույլտվության ձևակերպման սահմանված ընթացակարգն անցնելուց:

2. Դիվանագետին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու եղբայր, քույր, ծնող և զավակ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

3. Դիվանագետը պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման:

4. Դիվանագետն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտներ:

 

Հոդված 48. Դիվանագետի սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը դիվանագետի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայելու ընթացքում բժշկական ապահովագրություն, ներառյալ իր ընտանիքի անդամների համար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին` ըստ բժշկական ապահովագրության պայմանագրերի.

5) ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ստացած հաշմանդամության դեպքում՝ դիվանագետին, իսկ զոհվելու դեպքում իր ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան նպաստներով ապահովում` պատճառված վնասի միաժամանակյա փոխհատուցմամբ.

6) կենսաթոշակի անցնելիս, կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու հիմքով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն, դիվանագիտական աստիճանի համար տրվող հավելավճարի պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դիվանագետի դիմումի հիման վրա, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, իր և իր ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցումը.

9) օրենքով սահմանված այլ սոցիալական երաշխիքներ:

 

Հոդված 49. Դիվանագետի վարձատրությունը և դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը

 

1. Դիվանագետի վարձատրության հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին, աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ ըստ տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Կառավարության սահմանած չափով:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:

4. Դիվանագետի ամուսնու համար սույն հոդվածի 3-րդ մասում նշված փոխհատուցումը չի վճարվում, եթե նա օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում զբաղեցնում է դիվանագիտական ծառայության պաշտոն կամ եթե, սույն օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, անցնում է աշխատանքի դեսպանընկալ պետությունում:

5. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող իր երեխաների` հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվում է փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով, մինչև նրանց 18 տարին լրանալը:

6. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարանի համար փոխհատուցում` Կառավարության սահմանած չափով:

7. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը, փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին՝ ծառայության յուրաքանչյուր տարվա ընթացքում մեկ անգամ, իսկ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը:

 

Հոդված 50. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին մեկնած դիվանագետի ամուսնու իրավունքները

 

1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին մեկնող դիվանագետի հետ կարող են մեկնել դիվանագետի ընտանիքի անդամները:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին մեկնող դիվանագետ ամուսնու հետ մեկնելիս պետական մարմնում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետի ամուսինը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձին ներկայացնում է դիմում՝ իր դիվանագետ ամուսնու հետ օտարերկրյա պետություն մեկնելու մասին: Օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակահատվածում դիվանագետի ամուսնու՝ պետական մարմնում զբաղեցրած համապատասխան պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր:

3. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո պետական մարմնում վերականգնվում (նշանակվում) է հանրային ծառայության իր զբաղեցրած պաշտոնում, իսկ անհնարինության դեպքում՝ այլ հավասարազոր պաշտոնում: Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնու՝ օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակահատվածը դիվանագետի ամուսնու աշխատանքային ստաժում հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Դիվանագետի ամուսինը կարող է աշխատել դեսպանընկալ պետությունում, որտեղ ծառայում է նրա ամուսինը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլատրվում է տվյալ երկրի օրենսդրությամբ՝ նախապես տեղեկացնելով արտաքին գործերի նախարարությանը:

 

Հոդված 51. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի ապահովումը

 

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

 

Հոդված 52. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը (այսուհետ` դիվանագիտական անձնագիր) դիվանագետի և սույն օրենքով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթուղթ է, որը նախատեսված է օտարերկրյա պետություններում պաշտոնական կամ դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար:

2. Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

3. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով:

 

Հոդված 53. Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք

 

1. Դիվանագիտական անձնագիր տրվում է՝

1) Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.

2) Հանրապետության պաշտոնաթող նախագահին.

3) 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետին.

4) Սահմանադրական դատարանի դատավորներին.

5) Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Անվտանգության խորհրդի անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին.

6) դիվանագետին, դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարին.

7) դիվանագետի, դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի հետ օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մարմին մեկնելիս նրանց ամուսիններին և մինչև 21 տարեկան չամուսնացած զավակներին.

8) արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց` գործուղվելու նպատակով.

9) սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված կցորդներին, ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ամուսիններին և մինչև 21 տարեկան չամուսնացած զավակներին՝ նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս.

10) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձանց.

11) Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային կառույցներում նշանակված կամ ներկայացված այն պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, որոնց տրվում են դիվանագիտական կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավասարեցված արտոնություններ, ինչպես նաև նրանց ամուսիններին և մինչև 21 տարեկան չամուսնացած զավակներին՝ նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 54. Դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորումը

 

1. Դիվանագիտական ծառայության մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

2. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմինները, պետական բյուջեի միջոցներից բացի, կարող են ֆինանսավորվել նաև այլ աղբյուրներից` Կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ

 

Հոդված 55. Դիվանագիտական ակադեմիան

 

1. Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան (այսուհետ՝ դիվանագիտական ակադեմիա) պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Դիվանագիտական ակադեմիայի կառուցվածքը և գործունեությունը կարգավորվում են սույն օրենքով, ակադեմիայի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

2. Դիվանագիտական ակադեմիան, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`

1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը.

2) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անձանց պատրաստումը.

3) գիտական, վերլուծական ուսումնասիրությունների իրականացումը.

4) վերլուծական կենտրոնների հետ փոխգործակցությունը.

5) արտաքին քաղաքականության հիմնահարցերի շուրջ միջոցառումների (քննարկման հարթակների, համաժողովների, սեմինարների) կազմակերպումը.

6) արտաքին քաղաքականության հիմնահարցերի թեմաներով ուսումնական ծրագրերի մշակումը.

7) ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը.

8) միջազգային և տարածաշրջանային գործընթացների զարգացման հեռանկարների շուրջ քննարկումների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը.

9) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

3. Դիվանագիտական ակադեմիան իր գործունեության և նպատակների իրականացման համար կարող է իրականացնել կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն:

4. Դիվանագիտական ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

5. Դիվանագիտական ակադեմիայի տնօրենի պաշտոնում դիվանագետի նշանակման դեպքում այդ պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժում, և նրա վրա տարածվում են սույն օրենքով դիվանագետի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա առաջին օրվանից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն կադրերի ռեզերվում գրանցման իրավունք ունեցող կամ իրավունք ձեռք բերած անձինք կադրերի ռեզերվում գրանցվում են Օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետներով, որի հաշվարկն սկսվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և դիվանագիտական ծառայության պաշտոնում մինչև երեք տարի ժամկետով պաշտոնավարող դիվանագետները շարունակում են պաշտոնավարել անժամկետ:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

5. Օրենքի 52-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ուժը կորցրած ճանաչել 2026 թվականի մայիսի 7-ին Ազգային ժողովի ընդունած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հունիսի 2

Երևան

 ՀՕ-231-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան