ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 9․ | Ազգային անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները»․ |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ։ Արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով։»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․
«2․1․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ։»․
4) 4-րդ մասը «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար։»։
Հոդված 2․ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել։
Հոդված 3․ Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․
«5․ Արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով։
6․ Այն դեպքում, երբ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը։
7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է արտաքին հետախուզության ծառայության պետին:»։
Հոդված 4․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-224-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|