ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 806-Ն
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի «դ.18»-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը գործող ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները պետք է կնքեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամիս ժամկետում, իսկ նոր բացվող ֆիթնես կենտրոնները կամ մարզասրահները՝ բացվելուց հետո մեկ ամիս ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամիս տևողությամբ ժամկետի ավարտը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
05.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 806-Ն որոշման |
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության ամրապնդմանը, զարգացնել մարզաառողջարարական ոլորտը, կազմակերպել Հայաստանի Հանրապետության բնակչության ակտիվ ժամանցը, պայքարել մարդկանց վնասակար սովորությունների դեմ և կանխել մարդկանց հիվանդությունների զարգացումը:
2. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության ժամանակ մարզվողների առողջության համար հնարավորինս նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով:
3. Ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են անձի առողջության ամրապնդմանն ու մարմնի բարեձևությանը նպատակաուղղված՝ ֆիթնեսի տեսակ համարվող մարզական գործունեության համար՝ շեյփինգ, աերոբիկա, ջրային աերոբիկա, զումբա, ուժային վարժություններ, մարզասարքերով վարժություններ, մարզաառողջարարական լող, ինչպես նաև մարզական այլ գործունեության համար՝ յոգա, պիլատես, բոդիֆլեքս, ստրետչինգ և այլն:
ԳԼՈՒԽ 2
ՖԻԹՆԵՍ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
4. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ունենա ցուցանակ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
5. Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերը, ինչպես նաև մարզագույքը պետք է լինեն սերտիֆիկացված` արտադրողի կողմից իր նպատակին համապատասխանության փորձաքննության անցած, չպետք է լինեն ինքնաշեն:
6. Ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում բոդիֆլեքս պարապելու համար սրահի բարձրությունը պետք է լինի առնվազն 3 մետր:
7. Ծանրաձողերով մարզումների համար ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում պետք է առկա լինի մասնագիտացված ծածկույթ:
8. Եթե ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում իրականացվող պարապմունքը ներառում է գետնին պառկած կամ նստած դիրքերում վարժություններ, ապա մարզման սրահի հատակին պետք է առկա լինի հատուկ՝ սպորտային մարզումների համար մասնագիտացված փափուկ ծածկույթ՝ գորգ: Թույլատրելի է, որ հատակի մասնագիտացված փափուկ ծածկույթը զբաղեցնի մարզման սրահի հատակի միայն մի մասը: Մասնագիտացված փափուկ ծածկույթի՝ գորգի բացակայության դեպքում հատակին նստած կամ պառկած դիրքերով վարժություններ չեն կատարվում:
9. Ֆիթնես կենտրոններում կարող է առկա լինել լողավազան, որը կարող է օգտագործվել մարզական լողի, սինքրոն լողի, ջրագնդակի, ջրացատկի համար: Ջրային աերոբիկան կարող է իրականացվել մարզաառողջարարական տիպի լողավազանում: Ջրային մարզագոտիների սպասարկումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
10. Ֆիթնես կենտրոնը կամ մարզասրահը պետք է ապահովված լինեն`
1) սանհանգույցով և ջրամատակարարմամբ, այդ թվում՝ խմելու ջրով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.
2) բնական կամ արհեստական լուսավորությամբ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.
3) օդափոխելու հնարավորություններով՝ բնական համակարգերով կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.
4) միկրոկլիմայի կարգավորման հնարավորությամբ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.
5) պարապմունքն անցկացնող մարզչի կամ պարապողի կարծիքով ծագած անհրաժեշտության դեպքում հասանելի բժշկական ծառայությամբ, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, պետք է առկա լինի ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի և որևէ՝ բժշկական ծառայություն մատուցող կազմակերպության միջև կնքված պայմանագիր՝ ֆիթնես կենտրոնում կամ մարզասրահում մարզման ժամանակ առողջական խնդիրներ ծագելու դեպքում բժշկական օգնություն և համապատասխան ծառայություններ մատուցելու մասին:
11. Ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների տարածքները, գույքը և սարքավորումները պետք է ախտահանվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
12. Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի մարզիչները պետք է ունենան ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի մարզիչ աշխատելու համար հավաստագիր, որը պետք է ստացած լինեն Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
05.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2026 թվական: