ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 874-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՄԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային պարտավորությունների կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 874-Ն որոշման |
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՄԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն հավելվածով կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված մաքսային պարտավորությունների կանխավճարներից մարման եղանակների և հերթականության հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային պարտավորություններ վճարողը մաքսային պարտավորությունների մարման նպատակով կարող է մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնուրույն սահմանել այդպիսի պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ նախանշելով այն մաքսային փաստաթղթերի տվյալները, որոնցում հաշվարկված պարտավորությունները պետք է մարվեն առաջնահերթության կարգով:
3. Մաքսային պարտավորություններ վճարողի կողմից մաքսային պարտավորությունների մարման առաջնահերթությունն ընտրված չլինելու պարագայում՝ մաքսային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ վճարման ժամկետ ունեցող պարտավորությունների առաջնահերթության սկզբունքի:
4. Այն դեպքում, երբ մաքսային պարտավորությունների՝ օրենսդրությամբ սահմանված վճարման ժամկետները նույնն են, ապա այդպիսի պարտավորությունների մարումն իրականացվում է ըստ ավելի վաղ ծագած պարտավորությունների կատարման առաջնահերթության սկզբունքի:
5. Միևնույն մաքսային փաստաթղթի հիման վրա ծագած մաքսային անձնական հաշվի քարտում հաշվառված պարտավորությունները կանխավճարի գումարներից մարվում են հետևյալ հերթականությամբ՝
1) մաքսատուրքերի գծով պարտավորություններ.
2) հարկերի գծով պարտավորություններ.
3) ներքին շուկայի պաշտպանության միջոցների գծով պարտավորություններ.
4) մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի գծով պարտավորություններ.
5) պետական տուրքի գծով պարտավորություններ.
6) մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի և վճարների մասով տոկոսների գումարներ․
7) մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի և վճարների մասով տույժերի գումարներ.
8) մաքսային կանոնների խախտման մասով արձանագրված վարչական տուգանքների գումարներ։
6. Անկախ սույն հավելվածի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգավորումներից, այն դեպքում, երբ մաքսային պարտավորությունների վճարողին մաքսային մարմնի կողմից անբողոքարկելի դարձած վարչական ակտով առաջադրվել է մաքսային վճարների և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների վճարման պարտավորություն, կամ առկա է վերջինիս կողմից չմարված վարչական տուգանքի պարտավորություն, ապա առաջնահերթ մարվում են տվյալ վարչական տուգանքի, իսկ այնուհետև վարչական ակտով առաջադրված վճարների պարտավորությունները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: