ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2023 թվականի N 57-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 18.06.26 N 844-Ն)
«Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին ենթակետին և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացը պատվիրակելու կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 18.06.26 N 844-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ
(վերնագիրը խմբ. 18.06.26 N 844-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական գործընթացն ամբողջությամբ կամ դրա մի մասը պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 18.06.26 N 844-Ն)
2. Հաստատության վարչատնտեսական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար իրավաբանական անձին կարող են պատվիրակվել առնվազն 3 հաստատության վարչատնտեսական գործառույթներ:
3. Իրավաբանական անձին կարող են պատվիրակվել «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով պետական հաստատության վարչատնտեսական գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
4. Հաստատության վարչատնտեսական գործառույթների հիմնական ուղղություններն են՝
1) հաշվապահություն.
2) գնումների գործընթաց.
3) սննդի կազմակերպում.
4) մաքրության ապահովում․
5) անվտանգության ծառայություն․
6) ընթացիկ տեխնիկական սպասարկում:
(4-րդ կետը փոփ. 16.05.24 N 704-Ն)
5. Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող հաստատությունների վարչատնտեսական մասի համակարգողները (այսուհետ՝ համակարգող) հաստատություններում վարչատնտեսական գործառույթները պատվիրակելու մասին հայտերը ներկայացնում են լիազոր մարմնին գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կենտրոնացված գնումների համար սահմանված կարգով և ժամկետներում, որոնց հիման վրա լիազոր մարմինը հայտարարում է համապատասխան գնման ընթացակարգեր:
(5-րդ կետը խմբ. 16.05.24 N 704-Ն)
6. Վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ կնքվում է պայմանագիր:
7. Այն դեպքում, երբ վարչատնտեսական գործառույթների՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմնական ուղղություններից որևէ մեկի պատվիրակման՝ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մրցույթը չի կայանում, չեղյալ է համարվում, հաղթող չի ճանաչվում, կամ դատական կարգով բողոքարկվում են մրցույթի արդյունքները, ապա այդ գործառույթներն իրականացնող աշխատողների համակարգման աշխատանքներն իրականացնում է հաստատության համակարգողը, մինչև օրենքով սահմանված կարգով այդ գործառույթի պատվիրակումը։
8. Անկախ պատճառներից մրցույթը չկայանալու դեպքում պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն մրցույթում հաղթող ճանաչվելը:
9. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակման դեպքում, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կամ որոշմամբ նշանակվում է համապատասխան գնման ընթացակարգի պատասխանատու ստորաբաժանում և իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատու ստորաբաժանմանը վերապահված լիազորությունները։
10. Սույն կարգի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանվում են գործընթացի առանձնահատկությունները, իսկ գնումների գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման պահանջներին համապատասխան:
11. Իրավաբանական անձը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում համապատասխանաբար՝ լիազոր մարմինը կամ հաստատության վարչատնտեսական մասի համակարգողն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ, սույն կարգով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանման, ինչպես նաև հաստատությունում սովորողների և աշխատողների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
12. Իրավաբանական անձը ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը համակարգողին է ներկայացնում իրեն պատվիրակված գործառույթների՝ նախորդ ամսվա ընթացքում կատարման վերաբերյալ ընդունման-հանձնման արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի N 230-Ն հրամանով սահմանված ձևաչափի:
13. Համակարգողն արձանագրությունն ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն և դրա հիման վրա լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություն՝ կցելով տվյալ ամսվա արձանագրությունը։
14. Եզրակացության և արձանագրության հիման վրա լիազոր մարմինը կարող է որոշում կայացնել տվյալ իրավաբանական անձի հետ կնքված պայմանագրի գործողությունը շարունակելու կամ այն լուծելու վերաբերյալ։
15. Համակարգողը՝ իրավաբանական անձին պատվիրակված գործառույթները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում լիազոր մարմին՝ օրենսդրությամբ սահմանված վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու համար:
(հավելվածը փոփ., խմբ. 16.05.24 N 704-Ն, խմբ. 18.06.26 N 844-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.06.2026, N 844-Ն | 12.01.2023, N 57-Ն | |
| 16.05.2024, N 704-Ն | 12.01.2023, N 57-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|