ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 1994 թ. N 474
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման առանձնահատկությունը և կայանի հետագա անվտանգ ու հուսալի շահագործման կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ՀԱԷԿ-ի էներգաբլոկների վերագործարկման հայեցակարգը (կցվում է)։
|
Հայաստանի Հանրապետության |
վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն
2. Կազմակերպչական-տեխնիկական հարցեր, որոնց լուծումը անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար նրա նախապատրաստական և վերագործարկման աշխատանքների ժամանակ
3. ՀԱԷԿ-ի նախապատրաստման և վերագործարկման աշխատանքների կանոնակարգը
4. Էներգաբլոկների շահագործման պայմանները թողարկումից հետո
1. Ներածություն
Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) կազմի մեջ մտնում են ՎՎԷՌ-440 (B-270 տիպի ռեակտորներով) երկու էներգաբլոկներ։
ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թ. դեկտեմբերի 22-ին, երկրորդը՝ 1980 թ. հունվարի 5-ին։ Յուրաքանչյուր էներգաբլոկի տեղակայված հզորությունը կազմում է 407,5 մվտ (է):
Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է։
ՀԱԷԿ-ի հրապարակը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, Արարատյան դաշտավայրի արևմտյան մասում, Արմավիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, ք. Երևանից 28 կմ դեպի արևմուտք և Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա։
ՀԱԷԿ-ի առաջին հերթի նախագիծը մշակվել է 1969 թ., որպես հիմք ընդունելով ատոմակայանների առաջին սերնդի նախագիծը B - 230 տիպի ռեակտորներով (ներկայումս նմանատիպ էներգաբլոկներ են շահագործվում Նովովորոնեժի ԱԷԿ-ում՝ 2 բլոկ, Կոլայի ԱԷԿ-ում՝ 2 բլոկ, «Կոզլոդույ» ԱԷԿ-ում՝ 4 բլոկ, «Բոգունիցի» ԱԷԿ-ում՝ 2 բլոկ), որը վերանայվել է՝ հաշվի առնելով ԱԷԿ-ի հրապարակի առանձնահատկությունները։
ՀԱԷԿ-ի հրապարակը բնութագրվում է երկու հիմնական առանձնահատկություններով.
- սեյսմիկությամբ ПЗ 7 բալ, МРЗ 8 բալ.
- տեխնիկական ջրի աղբյուրի հեռավորությամբ։
ՀԱԷԿ-ի էներգաբլոկները պատկանում են ԱԷԿ-ների առաջին սերնդին և լրիվ չեն բավարարում կայանների թողարկելուց հետո մտցված անվտանգության և սեյսմակայունության նորմերի և կանոնների պահանջներին։
ԽՍՀՄ ատոմէներգո նախարարության, միջին մեքենաշինության նախարարության և պետատոմհսկողության 01.05.94 թ. համատեղ որոշման համաձայն ՀԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման ժամկետը ընդունվեց 1990-1991 թթ.։
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը առանձին շրջաններում 10 բալից բարձր էր։ ՀԱԷԿ-ի հրապարակում գրանցված սեյսմիկ ինտենսիվության տատանումը համապատասխանել է 4,5 մինչև 6 բալի МСК - 64 սանդղակով։ էներգաբլոկները մնացին աշխատանքի մեջ (ռեակտորի ավտոմատ անջատումը նախատեսված է երկրաշարժի 6 և ավելի բալերի դեպքում)։ Միջգերատեսչական հանձնաժողովը, որը երկրաշարժից հետո հետազոտեց կայանը, հանգեց այն եզրակացության, որ ՀԱԷԿ-ը երկրաշարժին դիմացավ։ Սակայն, հաշվի առնելով ընդհանուր սեյսմիկ իրավիճակը, ԽՍՀՄ նախարարների խորհուրդը ընդունեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր միջգերատեսչական գիտատեխնիկական խորհրդի (ՄԳԽ) և Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի առաջարկությունը՝ Հայկական ԱԷԿ-ը կանգնեցնել ավելի շուտ, քան նախատեսված էր։
25.02.89 թ. ժամը 14 անց 20 րոպեին կանգնեցվեց առաջին էներգաբլոկը, 18.03.89 թ. ժամը 14 անց 22 րոպեին՝ երկրորդը։
Աշխատանքի ընթացքում ՀԱԷԿ-ի էներգաբլոկները արտադրեցին 44. 231. 046. 347 կվտ. ժամ էլեկտրաէներգիա։
Միևնույն ժամանակ, 07.12.88 թ. երկրաշարժը վերլուծելուց հետո, ՄԳԽ-ը նշեց, որ այն չի փոխել ՀԱԷԿ-ի շրջանի սեյսմիկ իրավիճակը և հիմք չի կարող հանդիսանալ ՀԱԷԿ-ի հրապարակի սեյսմիկ մակարդակը փոխելու համար։
Ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում գործող ՎՎԷՌ տիպի ռեակտորներով առաջին սերնդի ԱԷԿ-ների շահագործման փորձը ենթարկվել է մանրակրկիտ վերլուծության, ի հայտ են բերվել անվտանգության հիմնական դեֆիցիտներ և նշվել են դրանց հաղթահարման ուղիները ժամանակակից տեսանկյունից։ Հաշվի առնելով նաև այն, որ նշված էներգաբլոկներին բնորոշ են անվտանգության այն հատկությունները, որոնք առկա են ժամանակակից ռեակտորներին, ռուսական և միջազգային կոմպետենտ կազմակերպությունները գտնում են, որ հնարավոր է շարունակել դրանց շահագործումը մինչև նախագծային ժամկետը, անվտանգությունը փուլ առ փուլ բարձրացնելու պայմանով։
ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման ամբողջ ժամանակաշրջանում արդեն կատարվել են բազմաթիվ միջոցառումներ անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, որոնք նախատեսված էին Նովովորոնեժի N 3,4 և Կոլայի N 1,2 էներգաբլոկների անվտանգության բարձրացման հայեցակարգում, որպես առաջնահերթ։ Նշված միջոցառումներից հիմնականները հետևյալն են՝
- սարքավորումների և խողովակների հետազոտումը և դրանց ամրացումը սեյսմակայունությունը ապահովելու համար նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին (ՆՏՓ) համապատասխան, որը գործում է մինչև էներգաբլոկի թողարկումը, սեյսմակայուն սարքավորումների տեղադրում։ Զգալի աշխատանք է տարվել շինությունների և շենքերի հակասեյսմիկ ամրացումների ուղղությամբ, սեյսմակայուն ԱԷԿ-ների շինարարական նոր նորմերը բավարարելու համար։
Շահագործման է հանձնված՝
- վթարային հովացման համակարգը և շոգեգեներատորները ջրով սնող լրացուցիչ վթարային համակարգը.
- ГЦН- 317 տիպի իներցիոն գլխավոր ցիրկուլյացիոն պոմպերը.
- տեխնիկական ջրամատակարարման համակարգը, ակտիվ էլեմենտների և խողովակագծերի 100% պահուստավորումով.
- անվտանգության համակարգը (բարձր ճնշման վթարային հովացման, ցայտաջրմուղային տեղակայում բաղկացած երկու խմբից), որը բաժանված է բարձր ճնշման մեծ արտադրողականություն ունեցող վթարային հովացման համակարգից.
- լրացուցիչ վթարային հովացման (ԼՎՀ) համակարգը անվտանգության սպառիչների հուսալիությունը բարձրացնելու համար, որոնք աշխատում են էքստրեմալ պայմաններում (հրդեհ գլխավոր մասնաշենքում), ռեակտորային տեղակայանքի հիմնական պարամետրերի լրացուցիչ ստուգիչ վահանակը.
- հակասեյսմիկ ինդուստրիալ պաշտպանիչ համակարգը, որը ապահովում է նաև ռեակտորի աշխատանքի արագ կանգնեցումը երկրաշարժի ժամանակ։
Այսպիսով, կարելի է նշել, որ ՀԱԷԿ-ի վերագործարկումը հնարավոր է անվտանգության բարձրացման միջոցառումները փուլ առ փուլ իրականացումով, հաշվի առնելով նաև ԱԷԿ-ի հրապարակի առանձնահատկությունները և այն, որ սարքավորումները և խողովակները ավելի քան չորս տարի գտնվել են պահպանողական ռեժիմում: Հաշվի առնելով երկրորդ էներգաբլոկի աշխատանքների կատարման բարձր պատրաստականությունը, առաջին հերթին, անհրաժեշտ է որոշել նրա թողարկման կոմպլեքսի ծավալը։
2. Կազմակերպչական-տեխնիկական հարցեր, որոնց լուծումը անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ի անվտանգությունը բարձրացնելու համար նրա նախապատրաստական և վերագործարկման աշխատանքների ժամանակ
Համաշխարհային հանրության պրակտիկայում ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր անկախ պետություն ինքնուրույն է կարգավորում ԱԷԿ-ի անվտանգության հարցերը, երաշխավորում է բնակչության անվտանգությունը և պատասխանատվություն է կրում անվտանգության ապահովման պայմանների ստեղծման համար։
Այդ իսկ պատճառով պետական մակարդակով անհրաժեշտ է կազմակերպել (ստեղծել)՝
- շահագործող կազմակերպություն.
- միջուկային և ռադիացիոն անվտանգությունը հսկող ազգային մարմին.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտացիոն խորհուրդ:
Բացի դրանից, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (ՆՏՓ) ատոմային էներգետիկայի անվտանգության վերաբերյալ բացակայում են, անհրաժեշտ է ընդունել որոշում, որպեսզի ՀԱԷԿ-ի վրա տարածվեն Ռուսաստանի Դաշնությունում գործող ՆՏՓ-ը և որոշել այն ձեռնարկությունները և մասնագիտացված կազմակերպությունները, որոնք իրավունք ունեն աշխատանք կատարելու ատոմային էներգետիկայի բնագավառում և ապահովելու ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանությունը:
Մինչև ատոմակայանում լայնածավալ աշխատանքների սկսումը անհրաժեշտ է անցկացնել նաև անձնակազմի գիտելիքների նախնական ստուգում, ատոմային էներգետիկայի անվտանգության նորմերի և կանոնների մասով և աշխատանքներ կատարելու համար ստանալ թույլտվություն ՀՀ հսկող մարմնից։
ՀԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքները ժամանակին և որակով ապահովելու համար, որակյալ կադրերով համալրելու և դրա հիման վրա ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար ՀՀ կառավարության որոշումով ՀԱԷԿ-ի վերագործարկման հետ կապված աշխատանքների համար ստեղծվում են անհրաժեշտ սոցիալ-տնտեսական պայմաններ։
3. ՀԱԷԿ-ի նախապատրաստման և վերագործարկման աշխատանքների կանոնակարգը
Համաշխարհային պրակտիկայում կորպուսային տիպի ռեակտորների երկարատև (4 տարուց ավելի) կանգնողական վիճակից հետո վերագործարկելու փորձի բացակայությունը, անվտանգության գործող ՆՏՓ-ի չհամապատասխանող 1-ին սերնդի ՎՎԷՌ տիպի ատոմակայանների անվտանգ շահագործման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև ՀԱԷԿ-ի աշխատանքի և կանգնողական վիճակի պատմությունը պայմանավորում են աշխատանքի հետևյալ հերթականությունը`
- հրապարակի սեյսմիկ պայմանների ճշտում, սարքավորումների և համակարգերի վիճակի զննում և էներգաբլոկի վերագործարկման հնարավորության հաստատում.
- վերանորոգման-վերականգնման աշխատանքների կատարում, ՀԱԷԿ-ի սարքավորումների, համակարգերի, շենքերի և շինությունների նախագծային վիճակի բերում.
- էներգաբլոկների անվտանգության բարձրացման անհրաժեշտ միջոցառումների կատարում.
- թողարկման-կարգավորման աշխատանքների կատարում էներգաբլոկների վիճակից ելնելով.
- վերահսկող օրգաններից ժամանակավոր թույլտվության ստացում էներգաբլոկների շահագործման համար.
- էներգաբլոկների հանձնումը շահագործման.
- էներգաբլոկների անվտանգության միջոցառումների փուլային իրագործում։
3.1. Սարքավորումների, համակարգերի, շենքերի և շինությունների հետազոտումը (զննումը) և էներգաբլոկի վերագործարկման տեխնիկական հնարավորության հաստատումը։
3.1.1. Այս փուլում կատարվում է սարքավորումների, համակարգերի, շենքերի և շինությունների վիճակի զննում, որի նպատակն է ի հայտ բերել սարքերի և համակարգերի իրական վիճակը, ստուգել դրանց համապատասխանությունը նախագծին, տեխնիկական փաստաթղթերին, էներգաբլոկի վերագործարկման հնարավորության սահմանափակումների բացակայությունը և որպես արդյունք վերագործարկման-վերականգնման աշխատանքների ծավալի ճշտում։
3.1.2. Զննման աշխատանքները պետք է կատարի ՀԱԷԿ-ի անձնակազմը՝ ներգրավելով մասնագիտացված կազմակերպություններ, կոորդինացնող պլանի և աշխատանքային ծրագրերի համաձայն, ПНЭ Г - 7008 - 89 7-րդ գլխի պահանջներին և մյուս գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան։
3.1.3. Առաջին հերթին պետք է զննվեն հիմնական սարքավորումների առանձին հանգույցներ, որոնցում անթույլատրելի թերությունների առկայությունը կարող է որոշիչ լինել էներգաբլոկի վերագործարկման վերջնական որոշումը ընդունելու համար։
Այդպիսի սարքավորումներից են՝
- ռեակտորը.
- շոգեգեներատորը.
- ծավալի կոմպենսատորը.
- տուրբոգեներատորները։
Զննման ծավալը համաձայնեցվում է համապատասխան կոնստրուկտորական կազմակերպությունների հետ։
3.1.4. Նախորդ (3.1.3.) կետում նշված սարքավորումների զննման արդյունքներից ելնելով կատարվում է փորձաքննական եզրակացություն էներգաբլոկի շահագործման վերագործարկման հնարավորության մասին, որը քննարկվում է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունում և հսկող օրգանում։ Վերջնական որոշումը կայացնում է ՀՀ կառավարությունը։ Փորձաքննական եզրակացությունը տալիս է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային և ռադիացիոն անվտանգության կոնսուլտացիոն խորհուրդը։
3.2. Վերանորոգման-վերականգնման աշխատանքների կատարումը, սարքավորումների և խողովակների տեխնիկական զննման և բլոկների թողարկվող համալիրի արդիականացման աշխատանքները։
3.2.1. Այս փուլում կատարվում են հետևյալ աշխատանքները.
- սարքավորումների պրոֆիլակտիկ (կանխարգիչ) վերանորոգումը կապիտալ վերանորոգման ծավալով.
- զոդման կարերի ստուգում այն ծավալով, որը որոշվում է ПН АЭ Г 7- 008 - 89 և ПН АЭ Г 7-010-89-ով հետմոնտաժային պայմանների համար.
- հիմնական սարքավորումների և խողովակների մետաղի ստուգումը շահագործման ռեժիմի ստուգումների հրահանգներին համապատասխան.
- սարքավորումների և խողովակների տեխնիկական քննում.
- նախագծային ծավալով էլեմենտների և համակարգերի վերականգնում, համակարգերի էլեմենտների ռեսուրսի երկարացում, որոնց ժամկետը անցել է.
- սարքավորումների և համակարգերի հուսալիության միջոցառումների իրականացում, որոնց ցուցակը բերված է սույն հայեցակարգի 3.5. գլխում, ներառյալ բոքսերի հերմետիկացումը։
3.2.2. Վերանորոգման-վերականգնման աշխատանքները կազմակերպվում և կատարվում են «ԱԷԿ-ի սարքավորումների վերանորոգման և սպասարկման տեխնիկական կազմակերպման կանոնների» РД - 53.025.002.88 պահանջներին համապատասխան և մյուս գործող փաստաթղթերի հիման վրա։
3.2.3. Համակարգերի մոդեռնիզացիայի (արդիականացման) ընթացքում դրանց մեջ փոփոխությունների կատարումը իրականացվում է նախագծային և կոնստրուկտորային փաստաթղթերի հիման վրա, բլոկների գործող Նախագծային-Հաշվարկային Փաստաթղթով (ՆՀՓ) համապատասխան փոփոխությունից և հսկող օրգաններից թույլտվություն ստանալուց հետո, այսինքն անվտանգության և հուսալիության բարձրացման միջոցառումների իրականացումը կատարվում է համաձայնեցված և հաստատված նախագծերի հիման վրա սահմանված կարգով կամ գործող փաստաթղթերի հիման վրա համաձայնեցնելով հսկող օրգանների հետ, ընդգրկելով իր կազմի մեջ բացատրական մաս և միջոցառումների ազդեցության վերլուծությունը էներգաբլոկների անվտանգության վրա։ Նախագծային փաստաթղթերի համաձայնեցման կարգը և մշակման փուլերը որոշվում են պատվիրատուի և նախագծային կազմակերպության կողմից և նշվում են տեխնիկական առաջադրանքների մեջ։
Անվտանգության համար կարևոր համակարգերի տեխնիկական վերազինման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հսկող մարմնի կողմից համաձայնեցված և շահագործող կազմակերպության կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա: Գոյություն ունեցող սարքավորումների վրա տարածվում են այն կանոնները և նորմերը, որոնց ժամանակ դրանք նախագծվել և մոնտաժվել են: Նոր տեղակայված սարքավորումները և համակարգերը նախագծվում և մոնտաժվում են նոր ՆՏՓ-ով։
3.2.4. Վերանորոգման-վերականգնման աշխատանքները, ինչպես նաև անվտանգության բարձրացման միջոցառումները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների մասնակցությամբ։
3.2.5. Վերանորոգման-վերականգնման աշխատանքների կատարման ընթացքում միաժամանակ իրագործվում է՝
- շահագործող անձնակազմի համալրում, ուսուցում և պարբերաբար մարզում, ինչպես նաև վերապատրաստում Նովովորոնեժյան ուսումնամարզական կենտրոնում, Ռուսական և Արևմտյան ԱԷԿ-ներում.
- շահագործման փաստաթղթերի վերանայում, գործող կանոնակարգի համաձայն (վթարների վերացման հրահանգ, շահագործող և պաշտոնական հրահանգներ, շահագործման սխեմաներ, ստորաբաժանումների կառուցվածքի դրույթներ և այլն).
- համակարգերի և սարքավորումների ֆունկցիոնալ փորձարկում, ամեն մի կոնկրետ համակարգի զննումից և վերանորոգման-վերականգնման աշխատանքներ կատարելուց հետո։
Համակարգերի պատրաստ լինելը, նրանց համար փորձարկման թույլտվություն ստանալու և փորձարկման կարգը որոշվում է գործող ՆՏՓ-ով։
3.3. Թողարկման-կարգաբերման աշխատանքների փուլերը։
3.3.1. էներգաբլոկի վիճակը (ակտիվ զոնայում վառելիքի առկայությունը, ջրաքիմիական ռեժիմի վարումը), ինչպես նաև մինչև թողարկումը անվտանգության բարձրացման համար կատարվող առաջնահերթ միջոցառումները, պայմանավորում են հետևյալ, թողարկման-կարգաբերման աշխատանքների փուլերը`
- համակարգերի և սարքավորումների ֆունկցիոնալ փորձարկումով, հաշվի առնելով վերանորոգման-վերականգնման աշխատանքները և սարքավորումների ու համակարգերի արդիականացումը.
- վառելիքի լիցքավորումով և 1 ու 2 կոնտուրների հավաքումով.
- 1 և 2 կոնտուրների հիդրավլիկ փորձարկումով.
- հերմետիկ ծավալի փորձարկումով.
- կոնտուրների տաքացմամբ և ռեակտորի վերահսկվող մինիմալ մակարդակի դուրսբերումով, ֆիզիկական փորձարկումներով.
- ռեակտորի էներգետիկ թողարկումով՝ հզորության որոշակի մակարդակներում սարքավորումների փորձարկումով, էներգաբլոկների շահագործման անվտանգության տեխնոլոգիական կանոնակարգը պահպանելով։
3.3.2. Աշխատանքները պետք է կատարվեն մշակված ծրագրերով։
3.3.3. Աշխատանքները կատարվում են ՀԱԷԿ-ի կողմից, ընդգրկելով անհրաժեշտ մասնագիտացված կազմակերպությունները։
3.3.4. Նախքան ռեակտորը վառելիքով լիցքավորելը, շահագործող կազմակերպությունը պետք է հսկող օրգաններից ստանա էներգաբլոկները շահագործելու թույլտվություն։
3.4. Էներգաբլոկների վերագործարկման աշխատանքների կարգը։
3.4.1. Հաշվի առնելով, որ ՀԱԷԿ-ի էներգաբլոկները նախագծվել և կառուցվել են ներկայումս գործող ատոմային էներգետիկայի անվտանգության կանոններից և նորմերից առաջ, հսկող օրգաններից ատոմային կայանը ժամանակավոր շահագործելու թույլտվություն ստանալու հայտը հիմնավորող փաստաթղթերի ցանկը ներկայացվում է հետևյալ ծավալով՝
- ԱԷԿ-ի բլոկի անվտանգության տեխնիկական հիմնավորման կամ դրան փոխարինող փաստաթղթով.
- ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման տեխնոլոգիական կանոնակարգով.
- ԱԷԿ-ի բլոկի ռեակտորային տեղակայման անձնագրով.
- ԱԷԿ-ի վթարների վերացման հրահանգով.
- ոչ նախագծային վթարների կառավարման ցանկով.
- ԱԷԿ-ի վթարների դեպքում անձնակազմի պաշտպանության միջոցառումների ծրագրով.
- ԱԷԿ-ի շահագործման ժամանակ որակի ապահովման ծրագրով.
- իր ռեսուրսը աշխատած ատոմային կայանի բլոկը շահագործումից դուրս բերելու, ռադիացիոն ազդեցությունից քաղաքացիների առողջության և ունեցվածքի վնասը հատուցելու, ինչպես նաև ԱԷԿ-ի բլոկների անվտանգությունը բարձրացնելու համար անհրաժեշտ գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորային և ուրիշ աշխատանքներ կազմակերպելու և կատարելու համար ՀՀ կառավարության կողմից հաստատված ֆինանսական միջոցների կուտակման ֆոնդի կազմավորման առաջարկություններով.
- Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների վերագործարկման հայեցակարգով.
- բլոկների թողարկումից հետո անվտանգության փուլ առ փուլ բարձրացման ծրագրով.
- ԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների պլանով.
- թողարկումից հետո էներգաբլոկների շահագործման պայմաններով.
- գործող կարգով ԱԷԿ-ի անձնակազմի ատեստավորման մասին ինֆորմացիայով.
- սանիտարական անձնագրով.
- շինարարությունից հետո բլոկը շահագործման հանձնելու ակտով։
3.4.2. Պետական ընդունող հանձնաժողովի ընդունելուց հետո էներգաբլոկները աշխատանքի մեջ են մտցվում նույն կարգով, ինչպես կապիտալ վերանորոգումից հետո, համապատասխան ծրագրով, որը հաշվի է առնում երկարաժամկետ դադարի ռեժիմում ՀԱԷԿ-ի շահագործման հետ կապված առանձնահատկությունները։
3.5. Հայկական ԱԷԿ-ի բլոկների անվտանգության բարձրացումը։
3.5.1. Բլոկների անվտանգությունը բարձրացվում է ՀՀ շահագործող կազմակերպության կողմից մշակված, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության կողմից հաստատված և ՀՀ հսկող օրգանի հետ համաձայնեցված անվտանգության փուլ առ փուլ բարձրացման միջոցառումների ցուցակով, որը հաշվի է առել հետևյալը՝
- երկրաշարժից հետո 07. 12. 88 թ. ՀԱԷԿ-ի էներգաբլոկների հետազոտման միջկառավարական հանձնաժողովի երաշխավորումները (ակտ N 237 Ծ. Օ. Հ. 16.12.88 թ. )
- Ֆրամատոմի և էլեկտրոսիտե դե Ֆրանս ֆիրմաների փորձագետների երաշխավորումները (ՀԱԷԿ-ի անվտանգության վիճակի գնահատման հաշվետվությունը).
- Նովովորոնեժի ԱԷԿ-ի 4-րդ և Կոլայի ԱԷԿ-ի 1, 2 էներգաբլոկների անվտանգության բարձրացման հայեցակարգի մշակման փորձը.
- Նիժնի Նովգորոդի գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորային «Ատոմէներգոնախագիծ» ինստիտուտի «Հիդրոպրես» փորձակոնստրուկտորական բյուրոյի, Ռուսաստանի գիտական կենտրոնի` Կուրչատովի ինստիտուտի, Ատոմակայանների շահագործման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի առաջարկությունները։
Միջոցառումները կատարվում են 2 փուլով.
I. - միջոցառումներ, որոնք կատարվում են բլոկների վերագործարկման աշխատանքները սկսելու պահից 3 - 4 տարվա ընթացքում։
II. - միջոցառումներ, որոնք կատարվում են I փուլի աշխատանքները կատարելուց հետո։
I փուլից I* առանձնացված միջոցառումներ, որոնք ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների սահմաններում, կատարվում են մինչև բլոկների թողարկումը։
Ծանոթություն. Ֆինանսների առկայության և տեխնիկական հնարավորության դեպքում մինչև բլոկների թողարկումը, կարող են կատարվել միջոցառումներ ինչպես I փուլից, այնպես էլ II փուլից։
3.5.2. Անվտանգության բարձրացման միջոցառումներ, որոնք նախատեսվում են իրագործել, մինչև էներգաբլոկների թողարկումը (I* միջոցառումների ցանկը).
- վերլուծություն կատարել նախագծային և ոչ նախագծային վթարների ամբողջ սպեկտրով, ընդգրկելով վթարներ կապված ջերմատարի կորստի հետ, հաշվի առնելով մեկական խափանման սկզբունքը՝ հիմնված ժամանակակից մեթոդիկայի վրա։ Ոչ նախագծային վթարների վերացման ձեռնարկի մշակում և ներդրում.
- միջոցառումների կատարում՝ կապված ռեակտորի իրանի մետաղի վիճակի հսկման և փխրունացման հարցերի լուծման հետ.
- իրանների և 100 մմ-ից ավելի տրամագծով խողովակների դիագնոստիկ միջոցների ներդրումը «Հոսք քայքայումից առաջ» հայեցակարգի կիրառման համար.
- նախատեսել մի շարք բլոկիրովկաներ և պաշտպանություն, շոգեգեներատորի մակարդակի և ճնշման կոմպենսատորի մակարդակի ու ճնշման բարձրացման համար.
- գոյություն ունեցող ցայտաջրմուղային համակարգը բաժանել երկու կանալի.
- կատարել ջերմամեխանիկական լարվածության և հնարավոր ռեակտիվական վթարների վերլուծություն, շոգեխողովակների պատռման դեպքում.
- տեղադրել արագագործ փակիչ փական (БЗОК) ДУ-400 թարմ գոլորշու շոգեխողովակների վրա, որոնք շոգեգեներատորներից գնում են դեպի տուրբին (անհրաժեշտության հիմնավորման դեպքում).
- գլխավոր ցիրկուլյացիոն օղակների (1, 3, 5) վրա իրականացնել ցամաքեցման (дренирование) հիդրոփական.
- կազմակերպել շոգեգազային խառնուրդի փչամաքրում ռեակտորի կափարիչի միջից և շոգեգեներատորի կոլեկտորից, վթարային իրավիճակների ժամանակ.
- իրագործել ԱԷԿ-ի հրապարակի, շենքերի և սարքավորումների սեյսմիկ հետազոտություն և ճշտել հրապարակի սեյսմիկությունը.
- հաստատել I և II կարգի սեյսմակայուն սարքավորումների սեյսմակայունությունը.
- կատարել ռեակտորային բաժնի ոչ հերմետիկ մասի, ռեզերվային դիզելային էլեկտրակայանի, տեխնիկական ջրի և այլ շինարարական կառուցվածքների սեյսմաուժեղացում.
- կատարել, անվտանգության տեսանկյունից կարևոր, ատոմային տեխնիկայի, խողովակային համակարգերի, սարքավորումների հուսալիության վերլուծություն, վեր հանելով նրանց համապատասխանությունը նորմերին և կանոններին.
- կատարել հետազոտություն, որի արդյունքը պետք է ցույց տա, թե գոյություն ունեցող սարքավորումներից, որը պետք է փոխարինվի, քանի որ նախագծի թողարկման պահից մշակվել են կաբելների և սարքավորումների հաշվման նոր մեթոդիկաներ, որոնք թույլ են տալիս նախագծում օգտագործել կարճ միացման դեմ կայուն սարքավորումներ և կաբելներ, որոնք ապահովում են պաշտպանության պահուստավորումը և կարճ միացումից անջատումը.
- ԱԷԿ-ի շրջակայքի օդային տարածքի իրավիճակի վերլուծություն և առաջարկության ներկայացում ինքնաթիռի անկման ռիսկի փոքրացման համար.
- բոքսի հերմետիզացիան.
- ժամկետանց սարքավորումների փոխարինումը կամ ժամկետի երկարացումը.
- վթարի ժամանակ օպերատորների ճիշտ գործողությունների մշակում և ներդրում։
4. էներգաբլոկների շահագործման պայմանները թողարկումից հետո
4.1. Ամեն տարի, մինչև բլոկների պլանանախազգուշական վերանորոգումը (ՊՆՎ), մշակել և հաստատել շահագործող կազմակերպությունում և համաձայնեցնել հսկող օրգաններում ընթացիկ տարվա «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների անվտանգության բարձրացման աշխատանքների ծրագիրը», նրա մեջ ընդգրկելով կայանի շահագործման և շահագործումը կատարելագործող աշխատանքները։
4.2. ՀԱԷԿ-ի հերթական ՊՆՎ-ի վերջանալուց հետո աշխատանքների կատարման մասին, ինչպես նաև «Ծրագրի...» կատարման հաշվետվությունները ուղարկել շահագործող կազմակերպություն և հսկող օրգաններ։
4.3. ՊՆՎ-ը հետո, էներգաբլոկները թողարկելու և շահագործելու համար թույլտվությունը պետք է տա շահագործող կազմակերպությունը՝ այն համաձայնեցնելով հսկող օրգանների հետ։
5. Օգտագործված հապավումներ
| МРЗ | Մինիմալ հաշվարկային երկրաշարժ |
| ПЗ | Նախագծային երկրաշարժ |
| ГЦН | Գլխավոր ցիրկուլյացիոն պոմպ |
| ПНАЭ |
Ատոմային էներգետիկայի կանոնները և նորմերը |
| ԾՕՀ | Ծառայողական օգտագործման համար |