ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1832
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հունիսի 2026 թ.

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի (նախագահող),

Արտակ Զեյնալյանի (զեկուցող),

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի,

Արթուր Վաղարշյանի,

Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ`

Առողջապահության նախարարի 

առաջին տեղակալ Լենա Նանուշյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1996 թվականի մայիսի 3-ին ստորագրված՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2026 թվականի ապրիլի 18-ի N 511-Ա որոշմամբ հավանություն է տվել 1996 թվականի մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված խարտիայի 11-րդ հոդվածում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի ապրիլի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ խարտիան, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան (այսուհետ նաև՝ Խարտիա) ստորագրվել է 1996 թվականի մայիսի 3-ին՝ մարդու իրավունքների արմատական պաշտպանության և ազատության ամրապնդման միջոցով՝ Եվրոպական խորհրդի անդամների միջև ընդհանուր ժառանգություն հանդիսացող գաղափարների և սկզբունքների պահպանմանը և իրագործմանը, ինչպես նաև իրենց տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակով:

 

2. Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիան ստորագրվել է 2001 թվականի հոկտեմբերի 18-ին և վավերացվել է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ազգային ժողովի Ն-064-3 որոշմամբ՝ կից հայտարարությամբ (ՍԴՈ-460), Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտի 1-ից։

Խարտիան ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ առաջնորդվելով Խարտիայի 3-րդ Մասի Ա հոդվածի 1-ին կետի բ) և գ) ենթակետերի դրույթներով՝ իրեն պարտավորված է համարում 1, 5, 6, 7, 8, 17, 18, 19, 20, 22, 24, 27 և 28-րդ հոդվածներով, ինչպես նաև 2-րդ հոդվածի 1, 2, 3, 4, 5 և 6-րդ կետերով, 3-րդ հոդվածի 1-ին կետով, 4-րդ հոդվածի 2, 3, 4 և 5-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 14-րդ հոդվածի 2-րդ կետով և 15-րդ հոդվածի 2 և 3-րդ կետերով:

 

3. Սահմանադրական դատարանն իր՝ 2003 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-460 որոշմամբ արձանագրել է. «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայում ամրագրված իրավունքները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու և քաղաքացու համապատասխան իրավունքներին: Հայաստանի Հանրապետության օրենսդրական համակարգը պարունակում է իրավական անհրաժեշտ նախադրյալներ նշված իրավունքները Հայաստանում բնակվող կամ նրա իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձին երաշխավորելու համար»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ նկատառումը համահունչ է հիմնական իրավունքների ու ազատությունների և միջազգային իրավական պրակտիկայի՝ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին:

 

4. Կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 511-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի 11-րդ հոդվածը վավերացվելու է կից հայտարարությամբ, ըստ որի՝ համաձայն Խարտիայի 3-րդ Մասի Ա հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի 11-րդ հոդվածով:

 

5. Խարտիայի 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությունն առողջության պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով պարտավորվում է, ուղղակիորեն կամ պետական կամ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցելով, ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք, inter alia, ուղղված կլինեն հնարավորին չափ վերացնելու վատառողջության պատճառները, ապահովելու խորհրդատվական և կրթական հնարավորություններ՝ առողջությանը նպաստելու և առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով, հնարավորին չափ կանխելու համաճարակային, տեղական (էնդեմիկ) և այլ հիվանդությունները, ինչպես նաև դժբախտ պատահարները։

 

6. Սահմանադրական դատարանը Խարտիայի 11-րդ հոդվածով ստանձնվելիք պարտավորությունները դիտարկում է ՍԴՈ-460 որոշմամբ արդեն իսկ ուսումնասիրված դրույթների համատեքստում:

 

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայն Խարտիայի 5-րդ Մասի Ը հոդվածի՝ Խարտիայի դրույթները չպետք է վնասեն ներպետական օրենսդրության կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ պայմանագրի, կոնվենցիայի կամ համաձայնագրի դրույթների, որոնք ուժի մեջ են կամ կարող են ուժի մեջ մտնել, համաձայն որոնց՝ ավելի բարենպաստ վերաբերմունք կտրամադրվի պաշտպանված անձանց:

 

8. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խարտիայի 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնվելիք պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 25-րդ հոդվածի 1-ին մասին և 86-րդ հոդվածի 7, 8 և 16-րդ մասերով սահմանված՝ պետության քաղաքականության հիմնական նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1996 թվականի մայիսի 3-ին ստորագրված՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

16 հունիսի 2026 թվականի

ՍԴՈ-1832

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական: