ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 541-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 700-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «Labour» բառը փոխարինել «Labor» բառով.
2) որոշման հավելվածի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Նախարարության նպատակներն են`
1) աշխատանքի, կամավոր աշխատանքի և զբաղվածության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության ձևավորումն ու դրա իրականացման ապահովումը.
2) ընտանիքի, կանանց, երեխաների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը.
3) պետական կենսաթոշակային և ժամանակավոր անաշխատունակության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
4) սոցիալական աջակցության, այդ թվում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման կազմակերպումը․
5) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման ապահովումը.
6) սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումը և ղեկավարումը:
10. Նախարարության խնդիրներն են՝
1) աշխատանքի պետական կարգավորման, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների օրենսդրական հիմքերի մշակումը և դրա իրականացման համակարգումը.
2) զբաղվածության ոլորտի օրենսդրական հիմքերի մշակումը և իրականացման ապահովումը.
3) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ստեղծման օրենսդրական հիմքերի մշակումը և դրա իրականացման ապահովումը.
4) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացման ծրագրերի մշակման և ծառայությունների մատուցման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
5) մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
6) երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
7) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը սոցիալական ներառմանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
8) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար նախադրյալների ստեղծումը.
9) բնակչության ծերացման հետևանքների հաղթահարումը, տարեցների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծառայությունների և պետական ծրագրերի մշակումն ու դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
10) պետական կենսաթոշակային ապահովության միասնական քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
11) պետական նպաստների քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
12) ժամանակավոր անաշխատունակության դեպքում պետական նպաստների քաղաքականության մշակման և վարման ապահովումը.
13) սոցիալական աջակցության բնագավառի սոցիալական ծառայությունների ու պետական ծրագրերի մշակումը և դրանց տրամադրման կամ իրականացման աշխատանքների ապահովումը.
14) ազգային և տեղական մակարդակներում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում՝ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի միջև համագործակցության համակարգումը.
15) Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված սոցիալական ծառայությունների ու պետական ծրագրերի մշակումը և դրանց տրամադրման կամ իրականացման ապահովումը.
16) ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումն ու դրանց իրականացման ապահովումը.
17) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց (ընտանիքների) բնակարանային ապահովության պետական ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը.
18) պետական սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնումը և պետական սոցիալական բնակարանային ֆոնդի պայմանների բարելավումը.
19) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման կազմակերպումը և կառավարումը։
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մշակում է առաջարկություններ աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի վարձատրության (բացառությամբ պետական մարմիններում), կամավոր աշխատանքի բնագավառների օրենսդրության, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման վերաբերյալ.
2) մշակում է առաջարկություններ աշխատանքային օրենսդրության միասնական կիրառության նկատմամբ պետական վերահսկողության բնագավառի վերաբերյալ.
3) մշակում է առաջարկություններ աշխատանքի վայրում աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կարգավորումների կատարելագործման, այդ թվում՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերով և մասնագիտական հիվանդություններով պայմանավորված աշխատողի սոցիալական պաշտպանության վերաբերյալ.
4) մշակում է առաջարկություններ սոցիալական փաթեթի տրամադրման բնագավառի օրենսդրության վերաբերյալ.
5) մշակում է կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև միջոցառումներ կամ ապահովում է դրանց իրականացումը.
6) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տրամադրում է տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցություն.
7) մշակում է զբաղվածության ոլորտի պետական քաղաքականությունը, այդ թվում՝ պետական ծրագրերն ու միջոցառումները.
8) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.
9) հաստատում է զբաղվածության ոլորտի քաղաքականության շրջանակներում պահանջվող փաստաթղթերի օրինակելի ձևերը.
10) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.
11) ստեղծում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.
12) վերահսկում է զբաղվածության պետական ծրագրերի, սոցիալական պաշտպանության ոլորտի պետական այլ ծրագրերի և սոցիալական ծառայությունների կատարման ընթացքը, իրականացնում է այդ ծրագրերի ու ծառայությունների մոնիթորինգ (մշտադիտարկում) և գնահատում.
13) մշակում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը.
14) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառները, պայմանները և հետևանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված պետական ծրագրեր.
15) վերահսկում է Կառավարության սահմանած ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող ապաստարանի և աջակցության կենտրոնների գործունեությունը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին, ապաստարանի և աջակցության կենտրոնների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջների պահպանումը.
16) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացը.
17) ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինների և հատուկ կառույցների հետ մշակում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը և ապահովում դրա իրականցումը.
18) ապահովում է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի նույնացման գործընթացը, վերջիններիս համար օրենքով նախատեսված աջակցության տրամադրումը և համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների և կազմակերպությունների գործողությունները (ներառյալ՝ կրթական և բժշկական հաստատությունները)՝ ուղղված մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը.
19) գենդերային հավասարության քաղաքականության ապահովման, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման դեմ պայքարի շրջանակում մշակում է պետական ռազմավարական փաստաթղթեր և ապահովում է դրանց իրականացումը.
20) մշակում է որդեգրման, խնամատարության և երեխաների այլընտրանքային խնամքի ապահովման ընթացակարգերը, ուսումնասիրում է, ապահովում օրենսդրության միասնական կիրառությունը.
21) ապահովում է ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմաններ՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում տարեց անձանց ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ.
22) մշակում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի նախագիծը.
23) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման, այդ թվում՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրաստման գործընթացը.
24) իր իրավասությունների շրջանակներում աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման հետ կապված խոչընդոտների վերացմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը.
25) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման վերաբերյալ մշակում և հաստատում է մեթոդական ուղեցույցներ.
26) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների, հասարակական կյանքին նրանց լիարժեք մասնակցության ապահովման համար նախադրյալների ստեղծումը.
27) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
28) վերահսկում է պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականությունը.
29) իրականացնում է կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու մեթոդական ղեկավարումը.
30) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների և հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրեր և ծառայություններ.
31) հաստատում է սոցիալական պաշտպանության և ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգերը.
32) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններին վերաբերող վերապատրաստման դասընթացների մոդուլները և դրանց բովանդակությունը.
33) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.
34) Կառավարության սահմանած կարգով հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեությունն իր կամ իր կողմից ընտրված կամ լիազորված կազմակերպության եզրակացության հիման վրա.
35) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի քաղաքականության շրջանակում «Սոցիալական աջակցության մասին» օրենքից բխող ընթացակարգերը, ծրագրերը, ուղեցույցները, մեթոդաբանությունները և ձևաթղթերը.
36) հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից.
37) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունումն ազգային մակարդակում.
38) մշակում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված սոցիալական ծառայությունները և պետական ծրագրերը և կազմակերպում է դրանց տրամադրման կամ իրականացման աշխատանքները.
39) կազմակերպում և ապահովում է ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրման և վերլուծության գործընթացը, մշակում է ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ու ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում՝ ակտիվ ծերացման խթանմանն ուղղված պետական ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի գործարկումը.
40) ապահովում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումը, տիրապետումը, ձեռնարկում է միջոցներ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսավորման արդյունքում պետական սոցիալական բնակարանային ֆոնդերի շենքերի թվի ավելացման, դրանց կացարանների պայմանների բարելավման ուղղությամբ.
41) սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության առաջնահերթությունները սահմանելու նպատակով իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկում և գնահատում.
42) իրականացնում է սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական ծրագրերի մաս կազմող` սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածի մշակումը, վերլուծությունը և ամփոփումը.
43) ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը, տիրապետումը, շահագործումը և վարումը.
44) կազմակերպում և ապահովում է միջազգային պայմանագրերով, միջազգային կառույցներին և կազմակերպություններին անդամակցությամբ, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գործընկերությամբ պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ապահովման, պետության ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների իրականացումը, ապահովում է երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերով և այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է համապատասխան ծրագրեր և ապահովում է այդ ծրագրերի իրականացումը.
45) համակարգում է սոցիալական պաշտպանության «Թեժ գծի» աշխատանքները.
46) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է բյուջետային գործընթացին.
47) տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված դեպքերում կատարում է օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված լիազորությունները.
48) կազմակերպում և ապահովում է սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև քանակական և որակական ցուցանիշների ամփոփ վերլուծությունների իրականացումը.
49) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։»:
2. Որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքում՝
1) աշխատանքի և զբաղվածության վարչությունից առանձնացման ձևով ստեղծել զբաղվածության քաղաքականության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում և այդ կապակցությամբ աշխատանքի և զբաղվածության վարչությունն անվանափոխել աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության.
2) ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչությունից առանձնացման ձևով ստեղծել ժողովրդագրության քաղաքականության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում և այդ կապակցությամբ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչությունն անվանափոխել սոցիալական աջակցության և ինտեգրման քաղաքականության վարչության.
3) հավասար հնարավորությունների ապահովման վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. երեխաների հիմնահարցերի քաղաքականության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,
բ. գենդերային հիմնահարցերի քաղաքականության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,
գ. հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
4) կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչությունն անվանափոխել կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության.
5) ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչությունը բաժանել՝ ստեղծելով՝
ա. մոնիթորինգի և գնահատման բաժին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,
բ. ռազմավարական պլանավորման բաժին հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
6) ստեղծել որակի կառավարման վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
7) մոնիթորինգի և գնահատման բաժինը միացնել որակի կառավարման վարչությանը.
8) քարտուղարությունից առանձնացման ձևով ստեղծել քաղաքացիների ընդունելության բաժին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
9) քաղաքացիների ընդունելության բաժինը միացնել որակի կառավարման վարչությանը.
10) իրավաբանական բաժինը վերակազմավորել օրենսդրության մշակման և փորձաքննության վարչության.
11) գնումների համակարգման բաժինը և տնտեսական հարցերի բաժինը միաձուլել՝ ստեղծելով նյութատեխնիկական և գնումների վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
12) անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել մարդկային ռեսուրսների կառավարման վարչության.
13) արտաքին կապերի վարչությունն անվանափոխել միջազգային հարաբերությունների վարչության.
14) ստեղծել առաջին բաժին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
15) դադարեցնել սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչության գործունեությունը:
3. Այդ կապակցությամբ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչություն.
2) զբաղվածության քաղաքականության վարչություն.
3) սոցիալական աջակցության և ինտեգրման քաղաքականության վարչություն.
4) ժողովրդագրության քաղաքականության վարչություն.
5) հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
6) երեխաների հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
7) գենդերային հիմնահարցերի քաղաքականության վարչություն.
8) կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչություն.
9) ռազմավարական պլանավորման բաժին։».
2) 33-րդ կետի՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) որակի կառավարման վարչություն.
2) միջազգային հարաբերությունների վարչություն.»,
բ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն.»,
դ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7) նյութատեխնիկական և գնումների վարչություն.»,
ե. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) օրենսդրության մշակման և փորձաքննության վարչություն.»,
զ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9) առաջին բաժին.».
3) 33-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ ենթակետերով.
«9.1) մոնիթորինգի և գնահատման բաժին.
9.2) քաղաքացիների ընդունելության բաժին.».
4) ուժը կորցրած ճանաչել 33-րդ կետի 9.1-ին և 9.2-րդ ենթակետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 7-րդ և 9-րդ ենթակետերի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |